Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երկրորդ փուլ հնարավոր է լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա «ձայների պատառիկ» պոկել»

«Երկրորդ փուլ հնարավոր է լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա «ձայների պատառիկ» պոկել»
23.01.2013 | 17:47

2013 թվականի հունվարի 18-19-ին «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցումները պարզել են, որ ընտրությունների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը աճել է 11 տոկոսով: Եթե դեկտեմբեր ամսին ընտրողների 60 տոկոսն էր հետաքրքրված ընտրություններով, հունվարին` արդեն 71 տոկոսը:
Այդ մասին այսօր լրագրողներին իրազեկեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով ազգաբնակչության շրջանում հարցում անցկացնելու պատվերն ստացել է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբից:
Ըստ պարոն Ադիբեկյանի, հարցման առաջարկ է արվել 2320 քաղաքացու, սակայն մասնակցել է 1650-ը: Հարցվածներից 670-ը հրաժարվել են պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում: Ինչպես բանախոսն է փաստում, բնակչության նախընտրական ակտիվությունն այսպիսին է. «Դեկտեմբերին հետաքրքրվել է հարցվածների 60 տոկոսը, չի հետաքրքրվել 40 տոկոսը, իսկ հունվարին ընտրություններով հետաքրքրվում է 71 տոկոսը և չի հետաքրքրվում 29 տոկոսը»:
Նախագահի թեկնածուների ճանաչվածության մակարդակն այսպիսին է. «Սերժ Սարգսյան` 89, Րաֆֆի Հովհաննիսյան`63, Պարույր Հայրիկյան` 50, Հրանտ Բագրատյան` 37, Արամ Հարությունյան` 10, Վարդան Սեդրակյան` 8, Արման Մելիքյան` 8,5, Անդրիաս Ղուկասյան` 4 տոկոս: Այն թեկնածուները, ովքեր հայտարարում են, թե կընտրվեն` ունենալով այսքան ցածր տոկոսներ, պարզ չէ, թե ինչպես են հաղթելու»,- տարակուսեց սոցիոլոգը` նշելով, որ առաջիկա նախագահական ընտրություններին հաստատ մասնակցելու որոշում կայացրած 58 տոկոս ընտրողների 41 տոկոսն արդեն որոշել է, թե ում է ընտրելու։ Վերջինիս դիտարկմամբ, եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, վերոնշյալ ընտրազանգվածի 72 տոկոսը ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 20 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը կհավաքեին 3,5-ական տոկոս ձայն:
Բանախոսի կարծիքով` 3,2 տոկոս ընտրողները, ովքեր դեռ չեն կողմնորոշվել` կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ, ընտրակաշառքի սպասողներն են, բայց, քանի որ այս «ընտրափուլի ելքը պարզ է, և ՀՀԿ-ն վստահ է իր հաղթանակի մեջ, ապա ընտրակաշառքի իմաստն ընկնում է»: Երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն, ըստ Ադիբեկյանի, կարող է լինել, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա «ձայների պատառիկ պոկել»: Այդուհանդերձ, բանխոսի գնահատմամբ, այսօրվա վիճակով գործող նախագահի հաղթանակը կանխատեսելի է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ