Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սերժ Սարգսյանը նորմալ տոկոսներով հաղթելու է»

«Սերժ Սարգսյանը նորմալ տոկոսներով հաղթելու է»
25.01.2013 | 01:05

«Իրատես de facto»-ի հյուրը` ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, նախընտրական քարոզչության մի քանի օրերը նորմալ է գնահատում, սակայն որոշ թեկնածուների առումով վերապահում ունի. «Կան մի քանիսը, որ չգիտես` թեկնածո՞ւ են, թե՞ ինչ: Մեկը հացադուլ է հայտարարել, մյուսը նորից էպոսներ է գրում»:

-Պարոն Զոհրաբյան, ոմանք փորձում են հավատացնել, թե այս ընտրություններում գաղափարական պայքար չի ընթանում:
-Հենց Սերժ Սարգսյանը Սյունիքում մեր գաղափարախոսության՝ պահպանողականության, նժդեհյան յոթ պատվիրաններից է խոսել: Մենք, որպես այդ գաղափարը կրողներ, պարտավոր ենք առաջինը խոսել Նժդեհից, չնայած մեզ քննադատում են, թե նեղ քարոզչություն է ընթանում: Եթե մերը նեղ է, մյուսներն այդ ե՞րբ են Նժդեհի վերաբերյալ քարոզչություն արել:
-Սակայն այնպես էլ չէ, որ ողջ ՀՀԿ-ն նժդեհյան գաղափարների կրողն է:
-Գաղափարախոսները քիչ են, չեն էլ կարող շատ լինել, բայց ոչ բոլորն են ունակ խորանալու Նժդեհի գաղափարախոսության մեջ, սակայն մենք ներկայացնում ենք, իրենք էլ հավանություն են տալիս ու գալիս մեր հետևից: Մենք 161 հազար անդամ ունենք, և դրա փոքր մասը կարող է Նժդեհին ներկայացնել, մյուսները կրողներ են: Բոլոր կուսակցություններում էլ այդպես է:
-Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչությունը հստակ տարբերվում է մյուսներից՝ մեր քաղաքականությանը «խորթ» տարրերով: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում դահլիճային հանդիպումների պրակտիկայից ու չի կիրառում անմիջական շփման «տեխնոլոգիան»:
-Ես դեմ չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման կերպ է իրականացնում իր քարոզչությունը: ՈՒզում է ասել՝ ես հասարակ թեկնածու եմ: Բայց Սերժ Սարգսյանը չի կարող փողոցով ման գալ և մարդկանց ձեռքով բարևել: Ի վերջո, նա հանրապետության նախագահ է, և նախագահը երկրի խորհրդանիշն է, սահմանադրության երաշխավորը, գերագույն հրամանատարը, չի կարող փողոցներով այդպես ման գալ: Այսինքն, մենք ընտրել ենք քարոզչության դասական ձևը՝ դահլիճային մասսայական հանդիպումներ, ծրագրերի ներկայացում։ Նախագահը մի քիչ սոլիդ ձևով պիտի քարոզչություն անի: Ժողովրդավարությունը ոչ մի ձևով չի արգելում այս երկու տիպի քարոզչությունը: Մենք անգամ չենք նախատում այն թեկնածուներին, ովքեր առաջադրվելուց հետո հոխորտում են, թե կհանենք թեկնածությունը: Է, հանի՛ր, ո՞վ էր ասել` դնեիր, որ հիմա էլ հանում ես: Մյուսն էլ հացադուլ է անում ու պահանջում, թե Սերժ Սարգսյանը պիտի հանի իր թեկնածությունը: Է, հացադուլ հայտարարիր, ո՞վ է քեզ բան ասում: Մեզ նման վտանգավոր տարածաշրջանում գտնվող ժողովրդին հացադուլով ոչինչ չես կարող բացատրել: Մեզ պետք է ուժեղ, խարիզմատիկ լիդեր, որովհետև մենք չգիտենք` այսօր, թե վաղը պատերազմ կհայտարարի Ադրբեջանը, քանի որ այդ երկիրը մշտապես զինվում է: Պատկերացրեք, եթե Սերժ Սարգսյանը լսի ու իր թեկնածությունը հանի, ո՞վ է ընտրվելու նախագահ: Պատկերացրեք՝ ընտրվել է էպոսագետը կամ հացադուլ անողը, ովքեր ժողովրդի շրջանում վարկանիշ չունեն, իսկ հաջորդ օրն էլ պատերազմ են հայտարարելու, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Այսօր միայն մեկ թեկնածու կարող է երկիրը մեկ օրում ինքնակազմակերպել ու ռազմական ռելսերի վրա դնել:
Այ, շատ լավ եղավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրելուց՝ ենթագիտակցորեն հասկանալով, որ հնարավոր է պատերազմի վտանգ լինի: Ներկա թեկնածուների մեջ չկա ուժեղ այլընտրանք գործող նախագահին:
-Ինչո՞ւ Հայաստանում «ուժեղ այլընտրանք» չի ձևավորվում: Շատերը պնդում են, թե դա ՀՀԿ-ի «շնորհքն» է:
-Երբ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները կվերանան, կարող ենք եվրոպական պետությունների նման անգամ էպոսագետին ընտրել, քանի որ խաղաղ ժամանակներում երկիրը հեշտ է կառավարել: Այսօր Հայաստանում գործող ու գործած խարիզմատիկ լիդերներին մատների վրա կարող ենք հաշվել՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան:
-Վերլուծաբանների հավաստիացմամբ, այսօր ոչ թե 2013-ի, այլ 2018-ի նախագահական ընտրությունների պայքար է գնում: Կարծում եք, այդ ժամանակ երեք նախագահների ձևաչափը ավարտվա՞ծ պիտի համարել:
-Չեմ կարծում, որ այսօր այդպիսի պայքար է ընթանում: 2013-ը դեռ հոպ չասած, 2018-ի՞ց խոսենք: Այսօր անգամ երկրորդ փուլի մասին են խոսում, սակայն դա տեսական ոլորտից է: Վստահ եմ՝ Սերժ Սարգսյանը նորմալ տոկոսներով հաղթելու է: Սա չի նշանակում, որ մրցակից թեկնածուներ չկան: Րաֆֆի Հովհաննիսյանն արտգործնախարար է եղել և երկար տարիներ քաղաքական դաշտի լուրջ գործիչներից է: Բագրատյանը, որը հինգ տարի վարչապետ է եղել, հանրապետություն է ներկայացրել, շարքային չէ ու կարող է երկիր ներկայացնել, եթե կողքից մի քիչ «դզենք»:
-Դուք խոսում եք արտաքին մարտահրավերների մասին, ու որ դրա համար հզոր և ուժեղ նախագահ է պետք: Սակայն ներքին մարտահրավերներն էլ քիչ չեն: Ձեր թեկնածուն այս «ֆրոնտում» և՞ս ուժեղ է:
-ՈՒժեղ տնտեսությունը նշանակում է նաև հաղթել պատերազմում: Սոցիալական արդարությունը ևս կարևոր է, քանի որ ժողովուրդը քո թիկունքն է: Քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը բարձրաձայնած այդ հարցերին պատասխան տալիս է: Մեր քաղաքացին ոչ թե լավ, այլ շատ լավ է ուզում ապրել: Իհարկե, կան նաև աղքատներ, բայց սխալ է, որ ասում են` ժողովուրդը սոված է: Մեզ նման բոլոր պետություններում արտագաղթ լինում է, քանի որ տնտեսությունը թույլ է: Մեր տնտեսությունը կարող էր ուժեղ լինել, եթե չլիներ ռազմական այսպիսի վիճակ: Պիտի գոտիներս ձգենք, մի քանի զենք ավելի առնենք, որ Ադրբեջանի հետ հավասարակշռությունը կարողանանք պահել: Այստեղ էլ պիտի վկայակոչել Նժդեհին, որ անհրաժեշտ է ոչ միայն հացիվ, այլև հոգևոր:
-Ընտրությունից հետո վերադասավորումներ շա՞տ կլինեն:
-Ընտրություններից հետո ով հաղթում է, ժողովուրդը նրանից էլ պահանջում է մյուսների տված խոստումների կատարումը։ Վերադասավորությունների մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ