Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Դու արա քո քայլը, և ժամանակը քո հետևից կգա, եթե դու ճիշտ ես»

«Դու արա քո քայլը, և ժամանակը  քո հետևից կգա, եթե դու ճիշտ ես»
25.01.2013 | 01:14

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Այս պահին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանք գոյություն ունի՞, որքան էլ հարցը աբսուրդ է հնչում ընտրություններից առաջ:
-Իհարկե, գոյություն ունի: Քաղաքական կյանքը չի բնորոշվում միայն ակտիվությամբ, բնորոշվում է նաև պասիվությամբ: Պասիվությունն էլ քաղաքական իրավիճակի հետևանք է: Նորմալ երկրներում ընտրություններով քաղաքական ուժերը հաջորդափոխվում են, պայքարում են գաղափարների շուրջ, անհատներով:
-Նկատի ունեք ընդդիմությա՞նը:
-Մեր երկրում հասարակության մեծ մասը, նաև իշխանության մեջ ներգրավվածները կողմնակից են փոփոխությունների` իրենք են խոսում փոփոխություններից: Դժբախտաբար, առայժմ միայն խոսում են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյանախառը կոնգլոմերատ ձևավորվեց, որը հասարակությունը չէր կարող դիտել որպես փոփոխություն, որովհետև առաջին իսկ հարցը պատասխան չուներ` ինչը ինչո՞վ է փոխում այդ փոփոխությունը: Նաև դա էր պատճառը, որ այդ ուժերից որևէ մեկը նախագահական ընտրություններում հանդես չեկավ սեփական թեկնածուով կամ միասնական թեկնածուով: Հասկացան, որ հասարակությունն իրենց չի ընդունում իբրև փոփոխության ունակ ուժ: Այն դեպքում, երբ այդ ուժերը միմյանց ուղղակի հակադիր էին, պարզվեց, որ հանուն իշխանության կարող են միավորվել ու միմյանց փառաբանել:
-Դա անակնկա՞լ էր:
-Անակնկալ էր, թե ոչ, հետևանքը եղավ այն, որ հասարակությունը հույսը կտրեց ոչ միայն իշխանությունից, որի հետ հույսեր չէր էլ կապում, որն ուզում էր փոխել, այլև ընդդիմությունից` այնտեղ չտեսնելով մարդկանց, ովքեր սկզբունքային են, ովքեր իրական ու համակարգային փոփոխություններ են ուզում: Այս իրավիճակում որպես փոփոխություն բերող թեկնածուներ կարող էին հանդես գալ միայն այն մարդիկ, ովքեր մերժել էին կոնգլոմերատի ձևավորումը կամ կապ չէին ունեցել այդ կոնգլոմերատի հետ:
-Իսկ ո՞ւր են այդ մարդիկ:
-Այդ մարդկանց դեմ օբյեկտիվորեն գործեց ժամանակը, որ ուղղակի չկար, որ նրանց միջոց տար համախմբվելու, հասարակության հետ հաղորդակցվելու, հույս ու հավատ վերադարձնելու: Բացի այդ, այդ ուժերը, առաջադրված, թե չառաջադրված, լուրջ բարդությունների բախվեցին. մասնակցելով ընտրություններին` նրանք պայքարում են ոչ միայն իշխանության ու իշխանական քարոզչության դեմ, այլև նույն այդ կոնգլոմերատի ու նրա քարոզչության դեմ, որն ուղղակի ու անուղղակի իր լրատվամիջոցներով ու համացանցով վարկաբեկում է այդ թեկնածուներին:
-Չե՞ք կարծում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, այլև առաջին հերթին հասարակությունը հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, փիլիսոփայական իմաստավորման, Հայաստանում շատ քչերը գիտեն կամ համարյա ոչ ոք չգիտի` ո՞ւր գնալ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ: Կան անորոշ ցանկություններ, աղոտ պատկերացումներ ու գործնականում` ոչինչ:
-Իմ ընկեր Այդին Մորիկյանն ասել է` մեզանում բոլոր պատասխանները կան, հարցերը պիտի ճիշտ ձևակերպել:
-Ո՞վ պիտի ձևակերպի:
-Հասարակությունը հարցերը ձևակերպել է, քաղաքական ուժերն են, որ այդ հարցերը փորձում են քաղաքական ենթատեքստով ներկայացնել ու պայքարի միջոց դարձնել: Բայց հասարակության հարցը հենց հասարակության ձևակերպումով պետք է ներկայացնել:
-Իսկ ի՞նչ է ուզում հասարակությունը:
-Նորմալ կյանքով ապրելու իրավունք, աշխատելու, առողջության, հանգստի, ոչինչ արտառոց կամ առավել: Այդ իրավունքները Սահմանադրությամբ են նրան տրված, և հասարակությունն ուզում է իրեն հասանելիքն ունենալ, արդար ու արժանապատիվ: Սոցիալական խնդիրներից բացի, կան նաև բարոյական խնդիրներ, որ այսօր մարդկանց ստիպում են Հայաստանից հեռանալ: Խնդիրը իրավիճակից դուրս գալու քաղաքական բանաձևը գտնելը չէ, այլապես այսօր հասարակությունը միանշանակ իր ձայնը կտար Հրանտ Բագրատյանին, որ լավ, թե վատ, ընդունում եք, թե ոչ, բայց տնտեսությունն աշխատեցնելու գործնական 100 քայլ է առաջարկում: Կա թեկնածու, որ 3 քայլ է առաջարկում, որ քաղաքական իրավիճակի լուծումներ է պարունակում, բայց լռում է, թե ի՛նչ պիտի արվի ապագայում: Ոչ վաղ անցյալում հասարակությունն ասում էր` հետո ինչ կլինի, կլինի, միայն սա փոխվի, հիմա այնքան են սուտն ու ճիշտը խառնվել իրար` թե՛ իշխանության, թե՛, ցավոք, ընդդիմության, որ ժամանակ է պետք` թացը չորից տարբերելու: Պայքարի միջոցները` հացադուլները, ուլտիմատումները, չմասնակցությունը, նստացույցերը, հոգևոր ու բարոյական կոտրվածությունը այդ իրավիճակի հետևանք են: Ժամանակն է դա պահանջում, բայց ես համոզված եմ, որ այդ ժամանակը երկար չի տևի: Ընտրության հաջորդ օրից նոր գործընթաց է սկսվելու, որը հանգեցնելու է իրական քաղաքական ընդդիմադիր ուժերի ձևավորման, որոնք ժամանակի մեջ պատրաստ են մեկ ընտրություն զիջելու, նույնիսկ չզիջելու պարագայում նույն թիրախի դեմ աշխատելու, ոչ թե մեկը մյուսից առաջ ընկնելու: 2003 թ. բոլոր թեկնածուները, ներառյալ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, չէին ասում` մենք ենք հիմնական մրցակիցը, այսօր բոլոր թեկնածուներն իրենց հիմնական են համարում:
-Իրատեսության պակա՞սն է թելադրում:
-Խնդիր է փոխվել. այն ժամանակ բոլորը պայքարում էին մեկի դեմ, անկախ այն բանից, թե իրար ինչպես էին վերաբերվում, բայց նաև զիջեցին ու միավորվեցին, անհատի տեսակի հարց էլ կա:
-Կամքի, գործի, գաղափարի, չգիտեմ էլ ինչի շուրջ համախմբումից հրաժարվելու և եզրակացնելու ժամանակը չէ՞, որ մեզ պետք է ոչ թե կարապի, խեցգետնի ու գայլաձկան միասնությունը, որը, մեկ է, չի ստացվում, այլ առաջնորդ է պետք, և վերադարձել է վճռական մենակի ժամանակը:
-Ժողովրդի համախմբում վերջին մի քանի տարում մի քանի անգամ հաստատ հաջողվել է:
-Իսկ ի՞նչ է եղել ի հետևանս:
-Երբ կա արտաքին թշնամի, համախմբումը գործել է, ունենք ռազմական դեյուրե հաղթանակ, որը դեֆակտո պետք է քաղաքականապես ամրագրել: Երբ հասարակությունը համախմբվեց ի պաշտպանություն իր իրավունքների` իշխանություն փոխելու, պետք չէ նրան մեղադրել, որ արդյունքի չհասավ: Ամենաքիչ մեղավորը հասարակությունն է, որ ցանկացած վճռորոշ պահի իր տեղում է եղել, խնդիրն այն է, թե ինչպես է այդ համախմբվածությունն օգտագործվել, և ի՛նչ դիրքերից են հասարակության հետ հարաբերվել: Տարբերակները շատ չեն. հասարակությունը պարտադրում է իշխանությանն անցկացնել արդար ընտրություններ` մեկ, և երկու` արդար ընտրությունների միջոցով երկրում փոխվում են իշխանությունները:
-Դուք երկրորդ տարբերակը գործո՞ւն եք համարում:
-Արդար ընտրությունների միջոցով երկրում իշխանություն չի փոխվում` փաստորեն: Երբ հասարակությունը փորձում է իշխանությանը պարտադրել արդար ընտրություններ, իշխանությունն իր բարձրագույն դեմքով կրակում է ժողովրդի վրա: Ի՞նչ քայլեր պիտի անի հասարակությունը: Կամ լռի, հրաժարվի պայքարից, հնազանդվի ու համակերպվի իր վիճակին: Կամ` երկրի ներսում սկսում է բացարձակ առճակատումը` հեղափոխությունը: Նախորդ դեպքում ի սկզբանե հայտարարվեց, որ ՀԱԿ-ի բառապաշարից պիտի հանվի այդ բառը, հետևաբար մնում է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը, որոնց չեն հավատում ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը: Չկա երրորդ տարբերակ: Բանակցություններով իշխանություն չի փոխվելու: Եթե հասարակությունը պայքարում է իր իրավունքների համար, համախմբումի պահին պիտի գործողությունների գնա, ոչ թե տուն վերադարձվի: Այո, վտանգավոր է, անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, օրինակ, բացառված չէր, որ 2003 թ. փետրվարի 20-ին, երբ այդքան ժողովուրդ էր հավաքվել, նախագահի նստավայր գնայինք, գործող նախագահը կրակ չէր բացի: Բայց այլ տարբերակ չկա: Տրամաբանական չէ սպասել, որ այս իշխանությունը տարիների մեջ իր կուտակածից ժողովրդավարաբար հրաժարվելու է, ոչ, կենաց ու մահու պայքար է մղելու ունեցածը պահելու համար: Իսկ եթե դու պատրաստ չես պայքարի, իշխանափոխության մասին խոսակցությունները, քաղաքագիտական վերլուծությունները իրավիճակ չեն փոխելու:
-Այնուամենայնիվ, համախմբված, թե ոչ, մարդկանց առաջնորդ է պետք:
-Իսկ որքան խարիզմատիկ առաջնորդներ ենք ունեցել, ավելի խարիզմատիկ ո՞ւմ եք ուզում: Իշխանությունը կառչել է իր աթոռից, իր արյան շրջանառությունն աթոռի միջով է կատարվում, դրանով է ապրում ու շնչում, կյանքը դա է, չի տալու ուրիշին: Այլ հարց է, երբ իրավահաջորդին անցնելու ժամանակն է գալիս, սահմանադրական ժամանակը, և մտածելու խնդիր է ծագում` ո՞վ է լինելու հաջորդը: Նախորդ նախագահը չմտածեց ու կրակեց: Նա այդպիսին էր: Ինչպիսի՞ն է լինելու գործողը: Առաջին հինգ տարին անցավ: Երկրորդ հինգ տարին ի՞նչ պիտի լինի:
-Իսկ Դուք մտածո՞ւմ եք, թե անցնող հնգամյակներն ի՛նչ են տալիս ու ի՛նչ են տանում Ձեր կյանքի ժամանակից:
-2000 թվականին այս թեմայով խոսելիս` հաստատ այս խնդիրներին չէի անդրադառնա: Ժամանակը, իհարկե, ստիպում է մտածել, տարիքը ստիպում է մտածել` իսկ ի՞նչ եմ ես թողնելու: Ընդդիմադիր տեսակետից արտահայտված գաղափարնե՞ր, հանրահավաքներում ունեցած ելույթնե՞ր: Ոչ միայն, ցանկացած գաղափար պետք է տրամաբանական ավարտին հասցնել:
-Այդ դեպքում գործող նախագահը երեք ճանապարհ ունի. առաջին` իր իրավահաջորդը նա է, ումից ինքն է իշխանությունը ժառանգել, երկրորդ` հնարավորություն ստեղծել ժողովրդավարական նորմերի զարգացման, իսկ այդ դեպքում ընդդիմություն կձևավորվի ու կունենա իր առաջնորդը, երրորդ` ընտրել իր մերձավոր շրջապատից որևէ մեկին ու նրանից նախագահ կերտել: Ո՞րն է երեք տարբերակներից առավել հավանականը` նկատի ունենալով ներքին ու արտաքին հանգամանքները:
-Քննարկենք, թե այս տարբերակներից որն է նախընտրելի պետության համար: Այսօրվա ընտրությունները Սերժ Սարգսյանին չեն բավարարելու, չեն բավարարելու միջազգային հանրությանը, չեն բավարարելու հանրությանն ու պետությանը: Ինչո՞ւ: Որովհետև շատ նման են Ադրբեջանում անցկացվող ընտրություններին, իսկ մենք ադրբեջանցիներից բացարձակ տարբեր ենք` հավատով, լեզվով, պատմությամբ, մենթալիտետով: Հայ ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, որ չորս տարի հրապարակում է եղել: Հայաստանի տնտեսական իրավիճակն էլ տարբեր է Ադրբեջանից` մենք չունենք հանքահումքային ռեսուրսներ, մեր ներուժը մարդն է իր մտավոր կարողություններով: Այդ մարդն այսօր լքում է երկիրը: Անհնարին է այսպես շարունակելը: Այս իրավիճակով շատ դժվար է կառավարելը ոչ միայն հինգ տարի, այլև մեկ: Ես վստահ եմ, որ ամենից լավ Սերժ Սարգսյանն է դա հասկանում, հասկանում են նաև իր թիմում: Իշխանությունը պիտի լուրջ հետևություններ անի: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուղղակի ասվեց` կա՛մ քաղաքականություն, կա՛մ տնտեսություն, ես ընտրեցի քաղաքականությունը, և ինձ զրկեցին տնտեսական բոլոր հնարավորություններից, ներառյալ փոքր եղբորս սեփականությունը, որ ընդդիմությունը նյութական որևէ հնարավորություն չունենա: Քաղաքականությունն էնտուզիազմով չի կառուցվում, 10 տարի էնտուզիազմի հիմքով քաղաքական գործունեություն ծավալելը սխրանք է, որին քչերն են դիմանում: Ռոբերտ Քոչարյանը սահմանել է` ընդդիմությունը պետք է լինի աղքատ, որ պայքարի միջոցներ չունենա, որ չկարողանա ընտրագրավ վճարել, որ չկարողանա նախընտրական պայքար ֆինանսավորել, գրասենյակներ ունենալ: Եթե ընդդիմությունը կարողացել է այդ միջոցները հայթայթել, ունեզրկվել են աղբյուրները: Սերժ Սարգսյանի իշխանությունը ինչո՞վ է տարբերվելու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից: Տարբերությունը պետք է դրսևորվի ոչ թե հեռահար հարվածներով, երկրորդին ուղղված խոսք ու խայթերով, այլ գործողություններով, որ շահեկան են երկրի և իրենց համար: Պետք է մրցակից, ում հարգում են, ով արդար պայքարում է փորձելու հաղթել: Պետք է հնարավորություն տրվի, որ ընդդիմությունն աշխատանք ունենա: Ընդդիմադիր դաշտում ես հանգամանքների բերումով մշտապես ամենատարբեր շփումներն ունեցած մարդ եմ` սկսած Վազգեն Մանուկյանից մինչև Լևոն Տեր-Պետրոսյան, բոլորի հետ ինչ-որ ժամանակ ինչ-որ ճանապարհ եմ անցել` ցերեկվա ու գիշերվա միջով, գիտեմ բոլորի ամբիցիաներն ու հնարավորությունները, ուժեղ ու թույլ կողմերը, բոլորին էլ հարգում եմ ու քաղաքականությունից դուրս չեմ դնում` անկախ այսօր ինչ դերում ու դիրքում են: Բոլոր ժամանակներում ես տեսել եմ, որ ընդդիմադիրներից ոչ մեկը ոչ մի հնարավորություն չի ունեցել սեփական աշխատանքով կամ իր շրջապատի աշխատանքով նյութական միջոցներ ձևավորելու, որոնցով հնարավոր է լուրջ պայքար մղել: Միջոցներ առաջացել են միայն նախագահական ընտրությունների ժամանակ` բիզնեսից, երբ հույս է եղել, որ փոփոխությունները հնարավոր են:
-Դուք ուզում եք, որ իշխանությունն իր դեմ պայքարի միջոցնե՞ր ապահովի:
-Ձեր սխալը արմատական է. և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը միմյանց դեմ չպետք է պայքարեն, այլ իրենց գաղափարներն ու ծրագրերը իրականացնելու համար մարդկանց վստահությանն արժանանալու, մարդկանց, որ նրանց այդ հնարավորությունը պիտի տան իրենց ընտրությամբ: Հայաստանում է այդ պայքարը դարձել միմյանց դեմ` խրամատի տարբեր կողմերից, որը վերածվել է ընդդիմությանը իշխանության ու երկրի թշնամի դարձնելու մոլուցքի: Եթե ուզում ենք` Հայաստանի քաղաքական դաշտը կայանա, պետք է հրաժեշտ տալ այն մտայնությանը, որ ընդդիմությունը պիտի գործազուրկ ու աղքատ լինի: Իշխանությունը պիտի անի առաջին քայլը, եթե չի անում, ուրեմն հակված է կառավարման ադրբեջանական մոդելին. հորից` որդուն, որդուց` թոռանը, ծայրահեղ դեպքում` սեփական կլանից մեկին: Գաղտնիք չէ, որ իշխանական կուսակցությունները վերածվել են աշխատանքի տեղավորման գրասենյակների, կուսակցական ես դառնում աշխատանք ու սեփականություն ունենալու համար: Այդ պատճառով էլ թվում է, որ այս երկրում փոփոխություններ կարող են անել նրանք, ովքեր աշխատանք ու փող ունեն, կարողանում են մարդկանց փող ու աշխատանք տալ, բայց ժողովուրդն էլ հասկանում է, որ մեկին մյուսով փոխելը ոչինչ չի փոխում: Այլ հարց է, որ քաղաքական տարբեր ուժեր, հասկանալով հանդերձ, որ ոչինչ չի փոխվելու, փորձում էին օգտվել այդ իրավիճակից, ինչն այնքան աղտոտեց դաշտը, որ մաքրելու ժամանակ է պետք:
-Կա՞ այդ ժամանակը:
-Դու արա քո քայլը, և ժամանակը քո հետևից կգա, եթե դու ճիշտ ես:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ