ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Իշխանը մտածում է»

«Իշխանը մտածում է»
25.01.2013 | 01:22

Գեո և տարածաշրջանային զարգացումները հայաստանյան նախագահական ընտրությունների շուրջ բավականին նուրբ բնույթ են կրում: Առայժմ:

Կենտրոնական երկու խաղացողներն էլ` Արևմուտքն ու Ռուսաստանը, ընդամենը երակ են ստուգում ու դեռ չեն բացում իրենց վերջնական խաղաքարտերը, բլիթ-մահակ «տանդեմում» սուփրան փռել, տաք-տաք «բլիններ» են առաքում Հայաստան: Ռուսաստանն էժան զենքի, ԱՄՆ-ը` «Հազարամյակների մարտահրավերի» երկրորդ ծրագրի տեսքով:
Խաղից հետ չմնաց նաև «լորդերի» երկիր Մեծ Բրիտանիան` յուր դեսպանուհու «տեսքով», որը քիչ էր մնացել խաղը փսորեր` ընդդիմադիրներին ու իշխանությանն ուղղված իր բավականին թափանցիկ ակնարկներով, բայց քանի որ դիտարկումն արվել էր ոչ դիվանագիտական «ցանցում», այլ սեփական բլոգում, փորձարկումն անցավ խիստ բարեհաջող:
Բայց ամենահետաքրքիրն այս ամենում Դմիտրի Մեդվեդևի, ասել է` Ռուսաստանի շարունակական պահվածքն էր: Նախ` վերջինս Դավոս գնալուց առաջ զանգեց ու խոսեց մեր վարչապետի հետ, ասաց` չհանդիպե՞նք։ Բա` հանդիպենք, պատասխանեց մեր վարչապետը, ինչն էլ իր հերթին նշանակում էր, որ շշուկները, թե Ռուսաստանը «լիչնի նեպրիյազն» ունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը: Ընդ որում, այնքան, որ Մեդվեդևը հատկապես նրա միջոցով էր «իր լավագույն բարեմաղթանքները հղել» Սերժ Սարգսյանին, ասել է` ընտրությունների այս թեժ փուլում նա (իսկ գուցե և Վլադիմիր Պուտինն էլ) հարկ էր համարել միջնորդավորված հաջողություն բարեմաղթել Սերժ Սարգսյանին։ Մտածելու բան է:
Մի խոսքով, դրանից հետո Դմիտրի Անատոլևիչը Դավոսում աշխարհի համար ասել էր շատ կարևոր մի միտք. «Իզուր են շշուկները, թե Ռուսաստանը ցանկանում է ԽՍՀՄ-ը վերականգնել։ Դա զառանցանք է»:
Կներեք, այնուհանդերձ, եթե մեր հիշողությունը չի դավաճանում, անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչն էր ամիսներ առաջ «Իզվեստիայում» հանդես եկել հոդվածով, ուր կարծես առաջ էր տարել համանման մի թեզ:
Ի՞նչ է սա: Աշխարհի համար լավ նորությո՞ւն: Խնդրի վերանայո՞ւմ: Դժվա՜ր:
Բայց մեզ համար հանգիստ շունչ քաշելու մասնակի հնարավորություն` առ այն, որ Ռուսաստանում ևս կարծես թե հասկանում են, որ եվրասիական մոդելը, որը համարյա թե ԽՍՀՄ-ի «թյունինգ» արած տարբերակն է, գլուխ եկող բան չէ: Քաշեցի՞ք ազատ շունչ:
Էլ մի քաշեք: Բանն այն է, որ նույն ռուսական փորձագիտական միտքն այս օրերին ևս մեկ թեզ ասպարեզ նետեց` մեզ վերաբերող. ռուսական խաղաղապահներ` Ղարաբաղում, Ստեփանակերտի օդանավակայանը հսկելու համար:
ՈՒ թե սա «ուղեղային մորմոք» ու «ֆիկցիա» չէ, ապա, հաստատ անչափ վտանգավոր ու հեռուն գնացող ծրագիր կարող է լինել: Ընդ որում, սրան զուգահեռ, ասպարեզ նետվեց նաև այն միտքը, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կարող է բխել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի շահերից, որոնք էլ, ըստ ամենայնի, գուցե և արդեն պայմանավորվել են «օդանավակայանի» շահագործման հարցում:
Նախ` ելնենք նրանից, որ ցանկացած միտք հնչելու իրավունք ունի: Եվ կարիք չկա որևէ կերպ սևեռվելու և հեռուն գնացող եզրակացություններ անելու:
Մյուս կողմից էլ` ինչո՞ւ հենց այս պահին նման «թեզեր»: Երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ նախապատրաստել ռազմատնտեսական-տեխնիկական նոր համաձայնագիր: Երբ Ռուսաստանը հեռանում է Գաբալայից: Երբ Սիրիայում զարգացումները չեն ավարտվում, բայց հերթում են հայտնվում Լիբանանն ու Իրանը: Երբ Թուրքիայում «Փեթրիոթներ» են տեղակայվում: Երբ…
Եվ վերջապես, երբ մեզանում նախագահական ընտրություններ են: Եվ Արևմուտքն իր արանց և տիկնանց ձեռամբ բլիթի չափաքանակի հետ նաև լուրջ ակնարկների փունջ է մատուցում: Երբ Ռուսաստանն էլ ոչ միայն պայմանագիր, այլև հեռախոսազանգ է անում նույն Դմիտրի Մեդվեդևի ձեռքով:
Մտածելու բան է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ