Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թունաբեր սնկերի տերևաթափը

Թունաբեր սնկերի տերևաթափը
01.02.2013 | 14:13

«Եվ նույն հայ վաճառականներն էին, որ բեռներով Վենետիկ վերադառնալիս նկատեցին իրենց մոտեցող ծովահենների նավերը, բացեցին Հակոբի գիրքն ու աղոթք կարդացին։
Եվ արևելքից հանկարծակի իջած մառախուղը փակեց ծովահենների տեսադաշտը` փրկելով հայ վաճառականներին կործանումից»։


«500», Արամ ՊԱՉՅԱՆ

ՄԱՇԿԱՀԱՆՈՒՄ
(ֆելիետոն-նախավարժանք)
Ցնծա՛, աշխարհ հայոց, դարձյալ քարոզարշավ է, ու դարձյալ տանուլ կտանք, եթե հենց էս պահին չպահանջենք երաշխիքներ թեկնածուներից, թե չէ քսան տարի է` մեզ մաշկահանում են, իսկ մենք գլխահակ մրմնջում ենք մեր մաշիկների ծակի մասին։ Բարի, Րաֆֆին (ո՛չ Հռաֆֆին) և Պարույրը «ցնծագին Հայաստանի» տեսլականներն են փաթաթում մեր պարանոցին, դիմանալ է պետք, և պետք է թաշկինակի փոխարեն երեսսրբիչ ունենալ ծոցագրպանում։ Զի երջանկության արդյունքները սելավի են վերածվում, և ոչ մի թաշկինակ դրա դեմն այլևս չի առնի։ Ինչպես տեսնում եք` Բագրատյանին որակազրկել ենք։ «ԼԼ» դոդոշների և կարմրախայտերի դաշինքը (ԴԿԴ) անբարո է համարում նրա մասին որևէ հիշատակում, զի անցյալը սույն գանգրահեր (արդեն նախկին) պարոնի, կներեք, շատ է մթին։ Դե, Րաֆֆին ու Պարույրը գոնե հանրային, ազգային և պետական մակարդակների տարերային աղետներ չեն ծնել։
Մի խոսքով` մեզ մաշկում են, իսկ մենք անմշակ հարցեր ու խնդիրներ ենք առաջ քաշում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ հիմնավոր խնդիրներն ու հարցերն այնքան շատ են, որ թող ու փախիր։ ՈՒ փախիր արդեն ոչ թե չորս, այլ տասնչորս ուղղությամբ։ Այնինչ մեզ մաշկել ու մաշկում են։ ՈՒ գլխավոր մաշկագործն ազգային-պետական օլիգարխիան է։ Եվ եթե նրանցից ամենակարկառունի վարքը քննենք, պետք է գլխի ընկնենք, որ խնդիրը մեկն է. կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Զորօրինակ, երբ վայրագ մենաշնորհատեր արգո Լֆիկը, մեծարգո Լիմինդրի որդին, հայտավորվում է որպես քաղաքական գործիչ և ի հայտ գալիս որպես սոցկարիքավոր, նա կացնով մաշկում է մեր բարոյականությունը։ Իսկ ի՞նչ անի, մեղա՞ գա։ ՈՒրեմն` ինչո՞ւ գլխավոր թեկնածուի հետ հանդիպելիս ի հայտ չբերել այն ամենը, ինչը հուզում է հանրությանը ոտն ի գլուխ, ինչը վտանգում է հանրապետության ապագան առհասարակ։ Այսինքն, ինչու չվստահեցնել ներկա ու գալիք նախագահին, որ հանրության ճնշող մեծամասնությունը նրան թև ու թիկունք է զօր ու գիշեր, կենաց-մահու պայքարի բոլոր ճակատներում, ու հենց նրա` Արցախի դիմակայության և հանրապետության կայացման գլխավոր պատասխանատուներից մեկի հետ ենք կապում երկրի ապահովությունը։ Եվ դրա համար էլ նրան կարգում ենք մեզ հրամանատար և ձախ ձեռքում պահած բութ դանակով մաշկում ենք մենաշնորհատերերի դասը, ամորձատում ենք վարչաչինովնիկական խավը։ Այսինքն` հառաչելու փոխարեն շառաչում ենք։
ՄԱՇԻԿՆԵՐ ԵՎ ԿՈՇԻԿՆԵՐ
(պամֆլետ-միջօրե)
Վերջերս անլռելի զանգակատան է վերածվել «ԼԼ» հեռախոսակապը։ Անկեղծ ասած, ուղղակի կապը կտրել է վաստակաշատ քաղաքական թամաշավոր տիար Սրապիոնը։ Մերթ ինձ` բազմավաստակ այլախոհ-ուզուրպատորիս, մեղադրում է սերժամետության մեջ և սպառնում քշել ուղիղ ՈՒլան Բատոր («Ես քեզ կքշեմ ՈՒլան Բատորի Բանգլադեշը», «Ես քո հակա-ՀԱԿ-ական գրիչը»), մերթ էլ աղաչում-պաղատում-թախանձում է ընդդիմության դիրքերից քարուքանդ անել իշխանությունների բարիկադները։ ՈՒ երբ հեռակա կարգով սառը թրջոց եմ դնում Սրապիոնի սեգ ճակատին և հուշի՜կ քորում եմ ոջլոտ գանգատուփը, քիչումիչ հանդարտվում է և առաջարկում ուշի ուշով ընթերցել Րաֆֆու թեզիսները։ Եվ խոստանում է ինձ հանրահռչակել ՀՀ գլխավոր այլախոհ և «բաբաթ» մի գործ տալ «Հնարավոր է»-ի կառավարությունում, եթե հրապարակավ խոստանամ ընտրել Րաֆֆուն։ Խոստացա, խոստովանեցի իշխանամետական մեղքերս (այսինքն` բազմաբույր հրապարակումներս) և խնդրեցի գործ տալ համաձայն կրթությանս։ Իսկ կրթությամբ ես չէ, որ քաղաքական ենթատեքստով բևեռախույզ-գինեկոլոգ եմ։ Հավանաբար, Սրապիոնի ծնոտն էր ինքնորոշվել, ժամուկես նրա փոխարեն ինձ հետ բանավիճում էր թութակը` օրիորդ Գյուլնարան։ Մի խոսքով, զուտ մարդասիրությունից դրդված խոստացա ընտրել Րաֆֆուն (ո՛չ Հռաֆֆուն), եթե չընտրեմ Ազատիչին։ Սակայն, եթե փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը երազում ճերմակ ագռավներ տեսնեմ, ապա կընտրեմ օրիորդ Գյուլնարային։

Անկեղծ ասած, ես Րաֆֆուն հարգում եմ։ Զի ո՛չ Հայրիկյանի նման տիեզերաշունչ ինքնահավան է, ո՛չ էլ Բագրատյանի պես ջերմեռանդ երեսպաշտ։ Սակայն որքան խորանում է հարգանքս, նույնքան կատաղում է տագնապս։ Նրա նախընտրական ծրագիրը ոտն ի գլուխ հավանում եմ։ Մանավանդ հետևյալ դրույթը. «600000 քաղաքացի վերջապես դուրս կգա աղքատության ճիրաններից»։ Հավանում եմ և հուսահատվում. արդյո՞ք ես 600000-ի մեջ եմ։ Երբեմն թվում է, թե ճիրաններում եմ (զորօրինակ, երբ հեռակա սիրուհուս, Թ. Ն.-ին, վարդերի փոխարեն միմոզա եմ նվիրում), երբեմն էլ թվում է, այնուհանդերձ, դուրս եմ ճիրաններից (զորօրինակ, երբ տրոլեյբուսի փոխարեն երթուղային եմ նստում)։ Սակայն ահաբեկում է ծրագրի նախերգանքը. «Ես քեզ հետ եմ»։ Եվ վերջաբանը. «Արի՛ ինձ հետ»։ Չէ՞ որ այս ձևով անտառապահն է անտառի խորքը կանչում մոլորված պախրային։ (Հետևանքների մասին դատեք ինքներդ)։ Չէ՞ որ այս ձևով են մեզ մոտենում կարմրաթուշ ու գանգրահեր բալզակյան տարիքի կանայք, ի ցույց են հանում պլպլան ինչ-որ գրքույկներ, խոսում են, դյութում են, կաքավում են, վերջնարդյունքում էլ ծաղկում է աղանդավորական բոստանը։
Բայց հոգիս բերանս բերեց դրույթներից վերջինը. «Արտագաղթը վերջապես կկասեցվի։ Րաֆֆու օրինակով համայն աշխարհից հարյուր հազարավոր հայեր կվերադառնան ազատ և արդար Հայաստան»։ «Ազատ և արդար Հայաստանի» տեսանկյունից Աստված ձենդ լսի։ Վերադարձի իմաստով` նույնպես։ Վախեցնող է «Րաֆֆու օրինակով»-ը։ Պատկերացնենք, որ ներգաղթյալները շենացնում են Հայաստանը, վաղ առավոտյան նախաճաշիկն են վայելում (1 հավկիթ գումարած 1 պաքսիմատ, հանած անձեռոցիկը), դուրս են ելնում փողոց և քայլում են` ով դեպի վեր, ով դեպի վար, ոմանք աջ, ոմանք էլ ձախ, ոմանք էլ ո՛չ աջ, ո՛չ ձախ, ո՛չ վեր ու ո՛չ էլ վար, այսինքն` պտտվում են հրապարակներում։ Սա, անշուշտ, կամակոր քայլարշավ է և շրջապտույտ։ Սրան մասնակցում են միայն ներգաղթյալները, որոնք կամակոր չեն բնավ, այսինքն` բոլորը բարևում են բոլորին, բոլորն անպատճառ վարսավիրանոց են մտնում և վարսահարդարին որևէ գումար չեն վճարում, պարզապես ճառում են. «Հնարավոր է։ Ես քեզ հետ եմ։ Արի ինձ հետ»։

Բայց գլխիս օյին եկավ։ Րաֆֆու մագնետիզմն այնքան զորեղ գտնվեց, որ առավոտյան զվարթ ողջունեցի հարևան մուտքի ամենահմայիչ տիկնոջը, ցենտներուկեսանոց տիկին Սիրվարդին. «Հնարավոր է»։ Արդյունքում ձախ ականջս աջին գերազանցում է երեք անգամ։ Հաջորդ օրը երեկոյան ծառուղում ժպտացի մի սիգաճեմ օրիորդի. «Ես քեզ հետ եմ»։ Պարզվեց` համասեռամոլ է։ Որոշեցի չշփվել այլևս մարդկանց հետ և երրորդ օրը ձայն տվեցի բակապահ, այսինքն` դվորնյաշկա Բողարին. «Արի ինձ հետ»։ Կորցրի ձեռքիս ապխտած երշիկն ու Բագրատյանի քարոզաթերթիկը։ Այնուամենայնիվ, տիար Րաֆֆու հնարավոր հաղթանակը ևս դիտարկենք, հարգելով նրա ընտրողների հույսերը։ Մեր տնտեսությունն աճ կարձանագրի։ Զի կզարգանա մաշիկների ու կոշիկների արտադրությունը։ Դե եթե շուրջ կես միլիոն մարդ ողջ օրը քարոզարշավում է, նրանց մաշիկ ու կոշիկ պե՞տք է, թե՞ ոչ։ Անշուշտ պետք է։ Մի խոսքով` հնարավոր է։
ԹՈՒՆԱԲԵՐ ԱՆՁՐԵՎՆԵՐ
(սարկաստիկ վերջաբան)
Մի քիչ երազենք։ Ասում են` առողջարար է։
«Եվ քսան երկա՜ր ու ձիգ տարիներ (մի երկու տարի էլ ավելի) հայ վաճառականները բեռներով Երևան վերադառնալիս չեն բացում ո՛չ Հակոբի, ոչ էլ Պաչյանի գրքերը։ Հակոբից Պաչյան 500 տարի է։ Բայց արգո Արամ, եթե արդի հայ վաճառականն այսօր բացի ու կարդա Խանջյան, Պաչյան, Շանթ Մկրտչյան կամ էլ «Իրատես de facto», նրա գործն ո՞վ անի, եղբայր իմ։ (Վիոլետ Գ. կարող են կարդալ, «քֆուրի» մասով)։ Եվ գիտե՞ս ինչու պետք չէ, որ կարդան, զի ընթերցումն արդի հեղինակի ծանրագույն հարված է մեր պետականությանը։ Ինչո՞ւ։ Քանզի երբ կարդան, ու հանկարծ դարձի գան, և հանկարծ ու հանկարծ արևելքից իջած մառախուղները պարուրեն նրանց ոտն ի գլուխ, և հանկարծ ու հանկարծ նրանք ապաշխարանքի տենդով համակվեն և վերադառնան ելման կետ, ո՞վ է ապահովելու հանրապետությունը հացով ու բրնձով, գոմշամսով և այլ անհրաժեշտ մանրամասներով։ Եվ թունաբեր անձրևները կպարարտացնեն մեր դաշտն ու արտը, և ծիրանի ու դեղձի, սալորի և ընկույզի փոխարեն թունաբեր սնկեր կբուսնեն, և դրանց տերևաթափն աղետալի կլինի մեզ և երկրի համար»։
Բայց վերադառնանք մեր հայրենիք դառն ու անուշ։ Օրիորդ Գյուլնարան ցասկոտ մռնչում է (բախտդ բերել է, սիրելի ընթերցող, որ թութակի մռնչյունը չես լսել։ Դա նույնքան հոգեզմայլ է, որքան, զորօրինակ, վագրի դայլայլը)։ Մռնչում է ու պահանջում անդրադառնալ Նժդեհի մասին ֆիլմին։ Անդրադառնում եմ։ Ո՞վ է ասում, օրիորդ Գյուլնարա, որ Քեշիշյանը Հրաչ իրավունք չունի Նժդեհին անդրադառնալու։ Էլ ինչո՞ւ ելանք անհավասար մարտի և դարձանք ազատ, անկախ ու միացյալ։ Չմոռանանք, թե ինչե՜ր կորցրինք խորհուրդների օրոք։ Փարաջանովը չկերտեց ո՛չ «Սասունցի Դավիթ», ո՛չ էլ «Արա Գեղեցիկ» ֆիլմերը։ Մալյանն անկատար թողեց իր «Կոմիտաս» կինոպատումը, Փելեշյանի «մուրազը փորում մնաց», բայց Քեշիշյանը հանդգնեց և շահեց։ Վա՞տ է։ Հարկավ ոչ։ Միայն թե Հրաչի անցյալն է մի քիչ տագնապ հարուցում։ Մասնավորապես նրա «Բանգլադեշ» նախագիծը «Հ1»-ի եթերում։ «Բանգլադեշ» նախագիծը, խառնափնթոր կրքերն ու Քեշիշյանի գեղագիտական ըմբռնումները հասան իրենց բարձրակետին։ Եվ ամբողջ խնդիրն այս է` տաճար պիտի մտնել մաքուր հոգով և մանրէազերծված մարմնով։ Քանզի «Սասունցի Դավիթ», «Արա Գեղեցիկ», «Կոմիտաս» և «Նժդեհ» նկարահանելը համազոր է տաճար մտնելուն։ ՈՒրիշ ոչինչ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Շատ տեղին կլիներ, եթե քարոզարշավի մասնակից թեկնածուները պարզաբանեին, թե ինչու են հուշիկ ու գողունի բարձրանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Ասենք, հավկիթը 65-70 դրամ է։ Վաճառատներում էլ վստահեցնում են` էլ ավելի է թանկանալու։ Հասկանալի է, շերխանները կրկին գրոհում են։ Այ հենց էս մասին էլ թող խոսեն պատվարժան տիարք։ Թե չէ «չոր հացադուլն» ու «խոնավ նստադուլը», հավատացնում եմ, այնքան էլ արդյունավետ չեն։ Մի խոսքով` թունավոր սնկերի տերևաթափ է։ Հառաչենք և շառաչենք։

Դիտվել է՝ 2761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ