Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կան առերևույթ և ստորջրյա խաղացողներ»

«Կան առերևույթ և ստորջրյա խաղացողներ»
05.02.2013 | 00:31

Հայաստանի նախագահական ընտրությունները, թվում էր, բնականոն հունով կհասնեն իրենց վերջնագծին, սակայն թեկնածուներից Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը փոխեց շատերի ակնկալիքները: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ մեր զրույցը սկսեցինք այս դեպքի վերաբերյալ գնահատականներով:

-Շատ դժվար է հասկանալ, թե սա ինչի արդյունք է,- ասաց պարոն Շիրինյանը,- որովհետև Հայաստանում քրեածին իրավիճակ կա: Քանի որ ոտնձգությունը նախագահի թեկնածուի հանդեպ է կատարված, այն պիտի դիտարկել հետևյալ հարթությունում. սա իշխանության անձեռնմխելիության և հեղինակության նկատմամբ ոտնձգություն է: Այսինքն, ամեն մի բանդիտ կամ, ինչպես ժողովուրդն է ասում` գյադա-գյուդա, կարող է ցանկացած ժամանակ նախագահի թեկնածուի թևից քաշել, կրակել նրա վրա: Այս իրավիճակում մյուս բոլոր թեկնածուները կարող են համատեղ հայտարարություն անել և հետաքննությունը վերցնել իրենց հսկողության տակ` չքաղաքականացնելով կատարվածը:
-Ասել է` մահափորձի քաղաքական ենթատեքստը բացառո՞ւմ եք:
-Հնարավոր է, որ դա մի քրեական հանցագործ է կատարել (դե, Պարույրն է, հազար ու մի թշնամի կարող է ունենալ, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձ է): Իհարկե, պետք չէ բացառել նաև մահափորձի քաղաքական շերտը: Բայց եթե հիմա ամեն մեկը մի ենթադրություն անի, Հայաստանն իրար կխառնվի: Այժմ պիտի հույսը դնել միայն իրավապահ մարմինների բացահայտումների վրա, առավել ևս, որ վերջին շրջանում ոստիկանության աշխատանքների արդյունավետությունը մեծացել է:
-Ո՞Ւմ էր ձեռնտու սա:
-Դժվարանում եմ ասել, որովհետև ինձ համար Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ: Նա մեր քաղաքական մշակույթի մեջ իր յուրահատուկ տեղն ունի` այլախոհ գաղափարախոսության կրող է, որի համար Հայաստանում այսօր պարարտ հող չկա: Այս իսկ պատճառով նրա ընտրազանգվածը 90-ականներից հետո ոչ աճել է, ոչ նվազել: Ես անձնական համակրանք չունեմ ոչ դիսիդենտների նկատմամբ, ոչ էլ նրանց գաղափարախոսության, որովհետև Խորհրդային Միությունը մի քիչ լավ գիտեմ: Հիմա հասարակության միակ պահանջը պիտի լինի արդար հետաքննությունը: Այս իրադարձությունը նույնիսկ չպետք է ազդի ընտրական բնականոն գործընթացի վրա: Կար քաղաքակիրթ նախընտրական վիճակ: Ընդհանրապես պարտադիր էլ չէ միտինգներ լինեն, որ ընտրական գործընթացներն այդպիսին համարվեն: ԶԼՄ-ների դերն այնքան մեծ է այս ընտրություններում, որ մարդիկ, իրենց տանը հանգիստ նստած, կարող են հետևել բոլոր թեկնածուների քարոզչական աշխատանքներին: Ոչ միայն ինձ, այլև շատերի համար ավելի հաճելի է հենց այս ձևը:
-Համամիտ չե՞ք շատերի այն դիտարկմանը, թե ձանձրալի, միապաղաղ ընտրություններ են, ու ամեն ինչ կանխորոշված է:
-Քաղաքականությունն ամբողջովին կանխատեսել հնարավոր չէ, միշտ կա անկանխատեսելի տարր, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Քաղաքական էլիտան, դերակատարները պիտի հաշվի առնեն նաև, որ արդեն կա «Բիձինա Իվանիշվիլի» սինդրոմը:
-Հայաստանում «իվանիշվիլիների» տեսնո՞ւմ եք:
-Կան առերևույթ և ստորջրյա խաղացողներ: Հայաստանում քաղաքական զարգացումները ստորջրյա են: Աստված միայն կարող է կանխորոշել: Ո՞վ կմտածեր, որ Հայրիկյանի վրա կարող են կրակել:
-Քարոզարշավի այս հանդարտությունը պայմանավորված չէ՞ նաև այն հանգամանքով, որ քաղաքականության հիմնական դերակատար ուժերը մի կողմ են քաշվել:
-Անշուշտ: Կարծում եմ` Հայաստանում քաղաքական զարգացումների մի փուլն ավարտվում է: Դա անվանում եմ «Ղարաբաղ կոմիտե և նրա շուրջ»: ՈՒ լավ է, որ ավարտվում է: Ով գալիս-չի գալիս, գլխավոր դերակատարներն այս կամ այն կերպ կապված են «Ղարաբաղ կոմիտեի» հետ, որը մեր ժողովրդին ոչ մի լավ բան էլ չբերեց: Բայց եթե մի քաղաքական խումբ գնում է, պետք է սերնդափոխություն լինի, ու նոր ֆիգուրներ ասպարեզ գան: Այս ընտրություններն առանձնանում են հենց նրանով, որ «Ղարաբաղ կոմիտե և նրա շուրջ»-ից մարդ չկա: Բացի գործող նախագահից, որն աշխատող մարդ է ու նաև այդ անցման սիմվոլն է: Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական թևը, հանձինս ՀՅԴ-ի, հնչակների, «Հանրապետության» ու մնացածների, մտավ քաղաքական փակուղի: Փաստորեն, ի՞նչ կատարվեց. մշակ-բանվորը, որ աշխատավոր զանգվածն է, քաղաքական դերակատարների կողմից մնաց չներկայացված: Դժբախտաբար, հասարակությունն այսօր օտարված է` ոչ իր մեղքով: Նրան ներկայացնող կուսակցություններն իրենց գործը չեն անում: Սա աբսուրդ է: Կուսակցության տեսքով չկա ընդդիմադիր հիմնական բևեռը, որը իշխանությանը մշտապես կպարտավորեցնի հետամուտ լինելու սեփական ծրագրերի իրագործմանը: Պարարտ հող կար սոցալիստական, արհմիութենական շարժման ակտիվացման համար, որը տեղի չունեցավ: Ընդդիմության կուսակցական այս «օլիգարխիան» փակուղում է, որի համար պատճառաբանություններ են բերում` է՛լ լենինյան ապրիլյան թեզիսներ, է՛լ չգիտեմ ինչ: Այս բոլորը նահանջը ծածկելու նպատակ ունեն: Շահնուրը ցեղասպանությունից հետո գրեց «Նահանջ առանց երգի» ստեղծագործությունը, այս մարդիկ նահանջում են երգելով: Այս ընտրություններում ով էլ հաղթի, պիտի սկիզբ դնի երկրի նորացման: Գործող նախագահը դա կարող է անել: Կուսակցություններն էլ պիտի հավաքվեն, ընդհանուր խորհրդակցություններ անեն ու իրենց նոմենկլատուրաները փոխեն:
-Եթե այդ քայլին չդիմեն, ի՞նչ է սպասում այդ կուսակցություններին:
-Կուսակցությունները կդադարեն գոյություն ունենալուց, քանի որ իրենց գործառույթը չեն կատարում: Կուսակցությունները ստեղծվում են քաղաքական դերակատարներ լինելու համար, եթե այդ գործընթացից ինչ-ինչ պատրվակով «արանքը ճղում» են, ինչը նրանք արել են, դատապարտված են: ՈՒստի այդ կուսակցությունների լիդերները պետք է հրաժարական տան, ինչին ես քիչ եմ հավատում, նրանք ամուր կառչած են իրենց աթոռներին: Հայաստանին քաղաքական համակարգ է պետք, և առաջիկա հինգ տարում գործող իշխանության ջանքերով պիտի արդիականացման շրջափուլ սկսվի, բավարարվեն մեր մշակութային, պետական ժառանգության պահանջները, ապահովվի պետության անվտանգությունը: Մյուս կողմից էլ, այս կուսակցությունները պետք է մաքրվեն, որովհետև ժողովրդավարական համակարգը չի կարող կայացած լինել առանց կայացած կուսակցական համակարգի: Պիտի նաև օժանդակել ու առաջ մղել նոր սերնդին, էլիտաների խնդիրն այն չէ, որ միջավայր ոչնչացնեն ու իրենք խելոք, ազդեցիկ համարվեն, այլ արժանավորներին ասպարեզ թողնեն, որոնք պիտի ունենան բարոյականություն, գիտելիք և մշակույթ:
-Տեսակետ կա, թե այս ընտրություններում ով երկրորդ տեղը զբաղեցնի, 2018-ի ֆավորիտ է լինելու:
-Նրանք, ովքեր քաղաքագիտությամբ են զբաղվում, պետք է լինեն չեզոք և օբյեկտիվ: Թե չէ հիմա դպրոց չավարտածն էլ իրեն քաղաքագետի տեղ է դնում ու վերլուծություններ անում: Անդրադառնալով հարցին, նշեմ, որ չեմ կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղը կզբաղեցնի, թե ինչ տոկոսներ կասեն, դա արդեն այնքան էլ էական չէ: Րաֆֆին ոչ միայն պիտի լինի երկրորդն ու ֆավորիտը, այլև ընտրությունից հետո իր ձեռքը վերցնի ու ղեկավարի քաղաքական գործընթացները: Ֆավորիտն ընդդիմության թևը պիտի վերցնի ու սկսի միավորիչ աշխատանք ծավալել, հասարակությանն առաջ տանել: Երկրորդ էշելոնի թեկնածուների մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել ու մեր ժողովրդին խորհուրդ կտայի` նրանց վրա ոչ մի ուշադրություն չդարձնել, բացի կարեկցելուց: Ոչ մի ուշադրություն, ինչ ուզում են թող անեն, որովհետև քաղաքական խաղը կառուցված է գործող նախագահի, Րաֆֆի Հովհաննիսյանի, ազատական թևի` Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի շուրջը: Անձամբ շատ եմ կարեկցում Անդրիաս Ղուկասյանին և հարգում նրա քայլը, բայց ես պասիվ պայքարի և անհուսություն տարածելու կողմնակից չեմ. կհոգնեն, տուն կգնան ու իրենց վրա դրված գործառույթը չեն կարողանա իրականացնել: Այդպես էլ կարելի է սրանց հաղթել, որ ամեն ընտրությանը մի զավզակ չդրվի շրջանառության մեջ, ամեն ինչի մասին խոսի, բացի քաղաքական գործընթացից:
Մենք Կովկասյան տարածաշրջանում հավասարակշռությունը պահող երկիր ենք, չե՞նք ուզում այդ դերը տանել: Լավ, ինչքա՞ն պիտի խորոված ուտենք: Մշտապես խոսում են օլիգարխների դերի մասին: Հայաստանում ոչ թե օլիգարխներին պիտի «վերացնել», այլ նրանց օրենսդրական դաշտ մղել: Ավելին, օրենքով չպետք է նրանց պարտադրել, իրենք դաստիարակության ճանապարհ պիտի անցնեն: Մեզ ձեռնտու էլ չէ օլիգարխիայի աղքատացումը: Կարող է` մենք հարուստներ, մոնոպոլիաներ չունենանք, բա ԱՄՆ-ը, աշխարհն այդ ամենը ո՞նց են լուռումունջ տանում: Չեն ճզմում ու չեն ոչնչացնում նրանց: Գերմանիայի օրինակը շատ ցցուն է: Մենք էլ պիտի ունենանք, պարզապես բոլորը պիտի լինեն օրենքի շրջանակում: Մեր խնդիրը, գործող նախագահն էլ է բազմիցս ասել, իրավական պետություն ունենալն է: Երիտասարդներն էլ պիտի այս գործի մեջ մտնեն: Էլ չեմ խոսում սխալ քարոզների մասին, թե դարերով պետություն չենք ունեցել: Չի եղել մի շրջան, որ Հայկական լեռնաշխարհում ինքնիշխան միավորումներ ունեցած չլինենք: Տգետ-տգետ խոսում են, թե հազար տարի պետականություն չենք ունեցել. էդ ռուսների, բոլշևիկների «լցրած» ուղեղները պիտի մաքրել ու լինել մեր ժառանգության տերը: Պետականաշինությունը պիտի դիտենք որպես «իդեա-ֆիքս», Չարենցը կասեր` «ուղեղի մորմոք»:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ