Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»

«Վահագնի ծնունդը կամ  մեր Տեր Հիսուս Քրիստոսի  երկրորդ գալուստը»
05.02.2013 | 11:11

«Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տուր, և ինչ-որ մեկը քեզնից վերցնի, հետ մի պահանջիր»։ Հիսուս Քրիստոսի այս պատվիրանը, թերևս, առավել չափով հատկանշական է դրամատներին, որոնք առանց երաշխիքի ոչինչ չեն տալիս ու պահանջում են տվածից ավելին: Այս ոլորտի ծառայողներն էլ իրենց գործի բերումով, թվում է, կյանքում ավելի հաշվենկատ են և նյութական արժեքներին հետամուտ: Այո, նյութի գերիշխանության ներքո սպառողական մեր հասարակության մեջ առանց այն էլ հեշտ չէ հանդիպել հոգևոր արժեքներին մերձ գտնվողների, էլ ուր մնաց թե` փողի հետ գործ ունեցողների հավաքի շրջանակներում:
Բայց ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, լինելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի ֆինանսական տնօրենն ու իր գործի գիտակը, ապրում է նաև հոգևոր կյանքով, և դժվար է ասել, թե իրականում նժարի որ կողմն է ավելի ծանր կշռում իր էության մեջ: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում նա ամեն օր պարտադիր մասնակցում է առավոտյան ժամերգություններին, կազմակերպում է արշավներ դեպի լեռներում թաքնված մեր հրաշք եկեղեցիները: Իբրև ամենքիս ահազանգ` նախաձեռնում է վթարային վիճակի, խնամքի կարոտ և շատերին էլ անհայտ իր իսկ լուսանկարած եկեղեցիների պատկերներով օրացույցի տպագրությունը:
Վերջերս Գրիգոր Մովսիսյանը, հաճելի անակնկալ մատուցեց հանրությանը` նրա դատին հանձնելով «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը։ Փորձենք համառոտ ներկայացնել գրքի բուն նյութը:
Հեղինակին երկար ժամանակ հանգիստ չի տվել այն միտքը, որ «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը դյուցազներգություն է` նվիրված հեթանոսական աստծուն: Եվ ահա, Մեծ պահքի շրջանում, պահեցողությանը զուգահեռ, աստվածաշնչյան վերընթերցումները նրան հանգեցրել են այն մտքին, որ բանաստեղծությունը խտապատկերն է Սուրբ գրքի ողջ խորհրդի` այն հայտնությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, Նրա արդար դատաստանի իրականացման և լուսեղեն նկարագրի: Հեղինակը եզրակացնում է, որ հինավուրց բանաստեղծության մեջ նկարագրված երկնքի, երկրի ու ծիրանի ծովի երկունքն այն իմաստն է հետապնդում, ինչ Հիսուսի ավետարանական խոսքերը` պատերազմները, համաճարակներն ու երկրաշարժերը` Իր գալստյան և աշխարհի վախճանի «երկանց սկիզբը» հանդիսանալու մասին: Կարմիր եղեգնիկն ու այրվող եղեգնը խորհրդագիրն են պատվիրանազանցների նկատմամբ արդար դատաստանի, ինչի վկայությունն են նույն նշանակությամբ Հին կտակարանում տեղ գտած «եղեգնյա դյուրավառ նյութի նման պիտի այրվեն բոլոր պատվիրանազանցները», «Եսավի (Եդոմի) եղբայրասպան եղեգնյա տո՞ւն, հրո ճարակ պիտի դառնաս» և ուրիշ մարգարեություններ: Իսկ բոցից դուրս վազող հուր մազերով, բոց մորուքով, արեգակի պես լուսավոր աչքերով և Դավիթ թագավորի պես խարտյաշ պատանեկիկն էլ խորհրդանշում է տիեզերքի արդար Դատավորին, ով Հովհաննես առաքյալի Հայտնության` «նրա աչքերը` ինչպես կրակի բոց… և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը» նկարագրությանը համապատասխան աստվածային տիպար ունի:
Ընթերցելով այս գիրքը` նախ զարմանք ես ապրում, որ մինչ օրս որևէ անդրադարձ չի եղել բանաստեղծության առնչությանը Սուրբ գրքին, և ակամա արժևորում ես Մովսիսյանի կատարած գործը: Իսկ հետո արդեն սկսում ես խորհել, արդյո՞ք Աստվածաշունչն է իր ազդեցությունը թողել ստեղծագործության վրա, թե՞ երգ-բանաստեղծությունն առաջինը թղթին տված մեր Պատմահայրն է որոշակի սուրբգրային երանգավորում տվել նրան: Գուցե մարդկության բնօրրան բիբլիական մեր Արարատ երկրի մարդկանց խոսքն ու բա՞նն է իր միանգամայն հնարավոր հետքը թողել բուն Աստվածաշնչի վրա: Գրիգոր Մովսիսյանը նույնպես տեսակետ չի հայտնում այս առումով, այն թողնելով ընթերցողներիս, սակայն տպավորությունն այն է, թե, այնուամենայնիվ, նա հակված է կարծելու, որ, իր իսկ խոսքերով, «այս փոքրիկ բանաստեղծության միջոցով մեր շուրթերով անդադար հնչեցրած Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» մեր հինավուրց ժողովրդի ծոցից ելած մի մարգարեություն է:
Գրքի էջերը նկարազարդել է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը: Այստեղ պետք է հիշել շնորհաշատ նկարչի իրագործմամբ Գրիգոր Մովսիսյանի մեկ այլ ուշագրավ մտահղացման մասին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բեմի վարագույրն իր եզակի շքեղությամբ շատերին է հիացնում: Նրա վրա ասեղնագործված են հինգ հրեշտակներ` քերովբեներ և սերովբեներ` խոշոր, ամենատես աչքերով ու թռիչքի պատրաստվող վեցական թևերով: Վարագույրը եռագույն է` կարմիր, կապույտ ու ծիրանագույն, և հետաքրքիրն այն է, որ վարագույրի գունային այսպիսի ընտրությունը Մովսիսյանը կատարել է հենց Աստվածաշնչից, ուր Բարձրյալը պատվիրում է Մովսես մարգարեին կառուցել առաջին աղոթատեղին. «Նրբահյուս բեհեզից, կապույտ, ծիրանի և կրկնակի կարմիր կտավից տասը շերտանի վարագույրով խորան կպատրաստես: Այն կզարդարես ասեղնագործ քերովբեներով» (Ելից 26:1):
Հաջողություն մաղթենք Գրիգոր Մովսիսյանին իր հետագա գործունեության մեջ` թե՛ ֆինանսական, թե՛ ազգային-հոգևոր բնագավառներում, և թող շատանան նրա գործերը` ի շահ ազգապահպան Հայ եկեղեցու:


Աշոտ ՎԱՎՅԱՆ

Դիտվել է՝ 9247

Մեկնաբանություններ