«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Զգալի հատվածը չի էլ գիտակցում, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել»

«Զգալի հատվածը չի էլ գիտակցում, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել»
06.02.2013 | 17:09

Հարկային փաթեթի շուրջ կրքերը գնալով ոչ թե նվազում, այլ թեժանում են։ Իշխանության ներկայացուցիչները համառորեն պնդում են, որ փոփոխությունները միայն դրական ազդեցություն ունեն բիզնեսի և ընդհանրապես ոլորտների զարգացման վրա։ Հակառակ այս հավաստիացումների` ատամնաբույժների բողոքին միացել են անշարժ գույքի գործակալները, և չի բացառվում, որ բողոքողների թիվն ավելանա։ Սակայն ի՞նչ են մտածում այս մասին օրենսդիրները, արդյոք այս բողոքողներն առաջին և վերջին «ծաղիկները» կլինե՞ն։ Հարցի շուրջ զրուցում ենք ԱԺ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։

-Բնական է, որ սրանք միայն ծաղիկներն են, ծաղկեփունջն առջևում է։ Թե՛ փոքր և միջին առևտրի, թե՛ այլ գործունեությամբ զբաղվող սուբյեկտների աղմուկի ձայնն ավելի ուշ կլսվի, քանի որ, իսկապես, շատ ուղղություններով ամրագրվել են անհավասարաչափ հարկային պարտավորություններ, և խախտվել է հարկման արդարության հիմնարար սկզբունքը։ Այսինքն, յուրաքանչյուր ֆիզիկական թե իրավաբանական անձ, պետք է հարկվի իր գործունեության համապատասխան, և ոչ թե կրթական վերապատրաստման աստիճանից ելնելով։ Հաջորդ խնդիրն այն է, որ մեր կառավարությունը խորամուխ չեղավ խնդրում և չգործեց` «Եթե չես կարող օգնել, մի խանգարիր» սկզբունքով, սեփական կամքով աշխատատեղ ստեղծած մարդկանց նկատմամբ։ Սա սկզբունքային խնդիր է, և ցավում եմ, որ կառավարությունն առաջին հայացքից ֆիսկալ բնույթի որոշումներ կայացնելու քաղաքականությամբ է շարժվում։ Ի վերջո, այս ամենը տանում է ֆինանսական շուկաների գերկենտրոնացման, և բոլոր ռեսուրսները դեպի բանկեր ու ֆինանսական շուկաներ են ուղղորդվում։
-Նախատեսվում է, որ առաջիկայում կքննարկվեն ատամնաբույժների մասով «Շրջանառության հարկի» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքները։ Ըստ Ձեզ, արդյոք ճիշտ չէ՞ քննարկել ընդհանուր հարկային փաթեթը, քանի որ առջևում «ծաղկեփունջ» է սպասվում։ Հատկապես, որ օրենքը հաստատելուց հետո, անգամ տնտեսական մշտական հանձնաժողովում այն բուռն քննարկվում էր և քննադատվում։
-Կարծում եմ, որ այս նախագծերը երբեք լուրջ և ամբողջական քննարկումների չեն ենթարկվի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք ոչ միայն առաջին, այլև երկրորդ և երրորդ ընթերցումներում քննարկումների առարկա չեն դարձել, և այս օրենքների ներկա վիճակը «հում» է։ Երկրորդ կարևոր հանգամանքը հետևյալն է. եթե մենք խոսում ենք օրենքի հասարակական և իրավական ընկալման մասին, ապա պետք է նկատենք, այն ժամանակ էլ ասել եմ և հիմա էլ պնդում եմ, որ այս օրենքները Սահմանադրության հետ խնդրահարույց են։ Որովհետև «Հարկերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն նոր հարկատեսակի մուտքը կամ հարկային դրույքաչափի բարձրացումը, որն առաջացնում է հարկ վճարողի պայմանների խստացում, կարող է ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից 30 օրից ոչ շուտ։ Եվ երկրորդ, ու թերևս ամենակարևորը. այս նորմը պահանջում է, որ այն ուժի մեջ մտնի ֆինանսական տարվա սկզբից։ Այս երկու նորմերի համատեղ գործադրումը և դիտարկումը վկայում է «Շրջանառության հարկի» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքների խախտման մասին։ Այն պարզ պատճառով, որ 2012-ին ստորագրված և հրապարակված օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2013-ի հունվարի 1-ին։ Եթե սրան էլ հավելենք, որ 2013-ի պետբյուջեն դեկտեմբերին հաստատվել էր, ապա նշված օրենքները լավագույն դեպքում ուժի մեջ պետք է մտնեին 2014-ից։ Սակայն անտեսելով վերը նշված պահանջները, կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը փորձել են օրինականացնել հակասահմանադրական օրենքները։
Քաղաքացիների և մասնավորապես ատամնաբույժների հետ հանդիպման ժամանակ ես նրանց ասել եմ, որ իրենք կարող են իրենց բողոքը ներկայացնել ընդհանուր իրավասության դատարանները և ընդհուպ հասնել մինչև Սահմանադրական դատարան։ Ցավոք, մենք, լինելով փոքրամասնություն, խորհրդարանում չենք կարող ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը, որպեսզի վիճարկենք այս խնդիրը սահմանադրական կարգով։ Սակայն սուբյեկտները կարող են իրենց խնդիրները լուրջ քննարկման առարկա դարձնել դատարաններում։
-Դուք ասացիք, որ համոզված չեք, թե հարկային ընդհանուր փաթեթն ամբողջությամբ կվերանայեն. ինչո՞ւ։ Եվ, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ կառավարությունը և ԱԺ-ն շատ հապճեպ «սղացնելով» օրենքն ընդունեցին և շրջանառության մեջ դրեցին։
-Նախ` կարծում եմ, որ ոչ մի բացատրություն չկա, թե ինչու կառավարությունն օրենքներն ԱԺ բերեց դեկտեմբերի 19-ին, որոնք 21-ին դրվեցին նիստի։ Այն դեպքում, երբ դեկտեմբերի սկզբին 2013-ի պետբյուջեն քննարկվել և ընդունվել էր, որով հաստատված են եկամուտների կառուցվածքը և այլ հարկատեսակները։ Սրանից ելնելով` կարող եմ միայն ենթադրել, որ, վախենալով հասարակական ընդվզումից, փորձեցին օգտագործել տարեվերջյան «իրարանցումը» և արագ ընդունել օրենսդրական այս փոփոխությունները։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ամբողջական փաթեթը չի վերանայվի, ապա կարծում եմ` կառավարությունը համոզված է, որ փոփոխությունների փաթեթն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները, սակայն դժգոհողներն ընդամենը երկու ոլորտից են` ատամնաբույժները և անշարժ գույքի գործակալները։ Ըստ իշխանության ընկալման, մնացած ոլորտներում խնդիր չկա, և փորձում են այդպիսով դրական ներկայացնել կատարված փոփոխությունները։
-Դժգոհող ոլորտների թիվը քիչ է գուցե և այն պատճառով, որ մյուս ոլորտները դեռ չե՞ն արթնացել։
-Ոչ միայն չեն արթնացել, այլև կարծում եմ, որ նրանց զգալի հատվածը չի էլ գիտակցում, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Երբ հարկային վճարման առաջին շրջանը սկսվի, հատկապես շրջանառության հարկի մասով, ապա նրանք կգիտակցեն, որ իրենց հարկային բեռը իսկապես բազմապատկվել է։ Առանց որևիցե լուրջ ներդրման կառավարությունն անհասկանալի մեծացրել է հարկային բեռը, փոխարենը գրեթե բոլոր ոլորտներն ազատելով հաշվապահի հաստիքից։ Ի դեպ, նկատեմ, որ սա իր հետևից առաջացնելու է մեկ այլ լուրջ խնդիր` Հայաստանում հաշվապահական գործուենությունը լուրջ զարգացում է ապրում և հնարավորություններ ունի, մինչդեռ վերը նշված փոփոխությամբ հաշվապահների մոտ աշխատատեղի խնդիր են ունենալու։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ