USD483.66
EUR567.24
RUB8.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Կյանքը չես կարող մի գույնով ու մի դեմքով ներկայացնել»

«Կյանքը չես կարող մի գույնով  ու մի դեմքով ներկայացնել»
08.02.2013 | 01:51

Բազմակուսակցական համակարգի կայացման գործընթացը սկսվել է ավելի վաղ, քան Հայաստանի Հանրապետությունն է անկախացել: ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելուց հետո միայն լեգալ գործունեության հնարավորություններ ստացան, կոմունիստականից բացի, այլ կուսակցությունները: Բնականաբար, այդ փուլում և դեռ տևական ժամանակ համակարգի կայացումն ընթանում էր նորանոր կուսակցությունների ստեղծման ճանապարհով: Հայաստանի Հանրապետության քաղաքականապես ակտիվ բնակչության որոշակի տոկոսն իր կենսագրության մեջ մի քանի կուսակցությունների անդամակցության փաստ արձանագրեց, որոշակի տոկոսն էլ մնաց նույնքան ակտիվ անկուսակցական: Քաղաքական կյանքի բնականոն ընթացքի ապահովման համար նախ պետք է քաղաքական կուսակցությունները կայանան, խնդիր, որ, ինչպես հետխորհրդային տարածքի այլ երկրներում, Հայաստանում լուծված չէ ժողովրդավարական պետությանը հարիր մակարդակով: «Իրատես de facto»-ի խմբագրությունը քննարկումների շարք է սկսում համակարգային խնդիրների պարզաբանման նպատակով: Որպես առաջին քննարկման թեմա ընտրվեց կոմունիստական կուսակցության ճակատագիրը. ինչո՞ւ 70 տարի իշխող կուսակցությունն այսօր ներկայացված չէ խորհրդարանում, ի՞նչ տրանսֆորմացիաների ենթարկվեց կոմունիստական կուսակցությունը և ի՞նչ հեռանկարներ ունի: Քննարկմանը մասնակցում են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՀՍԴԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ- Կարծում եմ, «Կլոր սեղանի» քննարկման թեման ճիշտ է ընտրված, հանրությանը հուզող թեմա է, առավել ևս մեզ` կոմունիստներիս, որովհետև 70 տարի Հայաստանի երկրորդ Հանրապետություն կերտած կոմունիստական կուսակցությունն այսօր խորհրդարանում ներկայացված չէ: Ժողովրդի վերաբերմունքն այդ իմաստով այնքան էլ համարժեք չէ սոցիալ-տնտեսական վիճակին, որում հայտնվել ենք, և ճիշտ կլիներ, որ ընտրության արդյունքում կոմունիստները լինեին Ազգային ժողովում: Մենք ընտրություններին մասնակցել ենք միասնական ցուցակով. թեպետ փորձեցինք հարթել տարանջատվածության խնդիրը ընտրություններից առաջ, բայց ստացանք 1,5 տոկոս ձայն: Էքզիտ պոլի տվյալներով` պիտի ստանայինք 2,2 տոկոս ձայն: Մենք դա էլ չէինք համարում օբյեկտիվ և ճիշտ, բայց ձայների հաշվարկով այդ տվյալներն էլ նվազեցին: Դուք կարող եք հարցնել` իսկ ի՞նչն էր պատճառը: Պատճառները բազմաթիվ են: Առաջինը` ընտրությունները Հայաստանում անցնում են վարչական ռեսուրսի օգտագործմամբ, շատերի նկատմամբ գյուղերում շահագրգիռ դրսևորումներ են ցուցաբերում, և այդ ամենը իր ազդեցությունն ունենում է: Նկատի առեք նաև, որ մեր ընտրազանգվածն ամենախոցելին է` սոցիալապես անապահով շերտն է, գործազուրկների մեջ էլ մերոնք մեծ տոկոս են կազմում, արտագաղթածների մեջ էլ մենք ընտրազանգված ունենք, հետևանքը դառնում է այս ցուցանիշը: Մենք, որպես մեր երկրին և ժողովրդին նվիրված քաղաքական կուսակցություն, մեզ համարում ենք պատասխանատու ընդդիմություն և պատասխան ենք տալիս անցած 70 տարիների և լավի, և վատի համար, ունենք ասելիք և կարող էինք օգուտ բերել մեր հանրությանը` օգտագործելով միջազգային կոմունիստական շարժման արդի փուլի զարգացումները: Այն երկրների հետ, որտեղ այսօր կոմունիստական իշխանություն է ձևավորված, մասնավորապես` Չինաստանը, Վիետնամը, Կուբան, Լաոսը, Կամբոջան, Հյուսիսային Կորեան, Լատինական Ամերիկայի երկրները, կարող էինք կոմունիստական համերաշխության արդյունքում ի նպաստ Հայաստանի քայլեր ձեռնարկել: ԱՊՀ երկրների կոմունիստական կուսակցությունների այսօրվա վիճակին անդրադառնալով` ասեմ, որ ՌԴ վերջին խորհրդարանական ընտրություններում կոմունիստները ստացան 92 մանդատին համարժեք ձայն, ՈՒկրաինայում և Ղազախստանում նույնպես անցողիկ շեմը հաղթահարվեց, Մոլդովայում մի քանի ձայն պակասեց նախագահ ընտրելուն: Ես կարծում եմ, որ կոմունիստական կուսակցությունը շատ ասելիք ունի, հասարակության սոցիալական դժգոհությունները, սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտությունը, որ մենք բարձրաձայնում ենք, արձագանքներ գտնում են:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Որպես ԱԺ նախկին պատգամավոր և ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, եվրոպական դիտորդի կարգավիճակով մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում և արձանագրում եմ, որ ՌԴ-ում դեկտեմբերի 4-ին Պետական դումայի ընտրություններում ՌԴ կոմկուսը իշխանությունների գլխավոր ընդդիմադիր զանգվածային ուժն էր, ՈՒկրաինայում կոմունիստական կուսակցությունն առաջին 5 քաղաքական ուժերից մեկն է, որ ունի բավականաչափ կայուն ընտրազանգված, Բելառուսի մասին չեմ ուզում խոսել, որովհետև կարծում եմ, որ այնտեղ բազմակուսակցական համակարգ չկա: Վերադառնալով Հարավային Կովկաս` ասեմ, որ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում 2002-2003 թվականներից կոմունիստական կուսակցությունները խորհրդարանում ներկայացված չեն: Արևմտյան դիտորդներն ընտրությունները դիտարկելով բազմիցս ասել են, որ խոսքը ԽՍՀՄ-ի դեմոնտաժի մասին է, այդ թվում` գաղափարախոսական դեմոնտաժի, և կոմունիստական կուսակցության հեռանալը հրապարակային քաղաքականության թատերաբեմից վկայում է, որ հաղթահարված է սովետականությունը: Ես կարծում եմ, որ կոմունիստները պետք է ապացուցեն, որ կոմունիզմի ուժը հավերժական է, իրենք մնում են ազդեցիկ և ուժեղ, պիտի կարողանան նոր պայմաններում իրենց հետևից ընտրազանգված տանել, իրենց փոխարեն դա ոչ ոք չի անելու: Բազմակուսակցական համակարգում այլ մոտեցում չկա: Հիշեցնեմ նաև, որ փորձագետների գնահատականով` 2016 թ. Չինաստանը կդառնա թիվ 1 արտադրողը, իսկ 2030 թ. կունենա աշխարհի ամենամեծ տնտեսությունը, 2050 թ. համաշխարհային աշխարհակարգը որակվելու է որպես ԱՄՆ-ի և Չինաստանի գլոբալ մրցակցություն: ՈՒզում եմ հարցնել` երբ չինացիները սկսեն գործընկերներ որոնել Հայաստանում, իրենց գաղափարախոսության կողմնակիցները ովքե՞ր են լինելու: Մենք միշտ կարող ենք ասել, որ փոքր ազգ ենք, և մեր իշխանությունը բոլորի անունից է խոսում: Այո, վերջին հաշվով մենք փոքր ժողովուրդ ենք, և մեր իշխանությունն ի վիճակի է լեզու գտնելու ամենաաջից մինչև ամենաձախ գործընկերների հետ, բայց Հայաստանի քաղաքական ներկապնակում կոմունիստները նույնպես պետք է ներկայացված լինեն: Ոչ այն պատճառով, որ վերևից մեկը կորոշի, որ կոմունիստները նույնպես քվոտա ունեն, այլ կոմունիստները պիտի հնարավորություն ստանան, ինչպես Ռուսաստանում, ունենալու և իրենց տնտեսական ռեսուրսը, և անկախ-ազատ գործունեություն ապահովող լծակները, և տարածեն իրենց գաղափարախոսությունը լրատվամիջոցներով: Կարծում եմ` դա դեռ առջևում է:
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Սովետական Միությունում, եթե հիշում եք, գաղափարական կենտրոնը մեկն էր` Կրեմլը, և հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների կենտկոմներն ավելի շատ վարչական գործառնություն ունեին, ընդհանուր գաղափարախոսությունը մշակվում էր Մոսկվայում: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, գաղափարախոսական կենտրոնը մեզնից հեռացավ, և պարզվեց, որ Հայաստանի կոմունիստները պետք է ինքնուրույն գաղափարներ ու աշխատանքի ձևեր գտնեին: Պարզ էր, որ կենտրոնի գաղափարախոսությունը չէր կարող ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան: Մեր կոմունիստները հայ ժողովրդի համար շատ գործեր են արել` չթվարկեմ 70 տարիներին արվածը, բայց, այնուամենայնիվ, նրանք գաղափարախոս չէին, նրանք նման գործառնություն չունեին, ինչպես այդ գործառնությունը չունեին այլ հանրապետությունների կոմկուսները: Կարծում եմ` պատճառներից մեկը դա է, որ կոմունիստները չկարողացան արագ արձագանքել նոր իրավիճակին: Բացի այդ, եթե նկատել եք, Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի շատ երկրներում կոմունիստները գնացին դեպի սոցիալ-դեմոկրատիա: Մի մասն անունը փոխեց, մի մասը` ոչ, բայց նոր միտումներին այդ կերպ արձագանքեց և պահպանեց ընտրազանգվածի զգալի մասը: Այստեղ էլ նյուանս կա, որը թույլ չտվեց, որ կոմունիստները պահպանեն ընտրազանգվածը: Մարդիկ կոմունիստների հետևից չգնացին մի շարք պատճառներով, նաև այն, որ գնացին դեպի աջ: Հայաստանը ռեսուրսներ չունեցող երկիր է, և շատ դժվար է իրականացնել սեփական ծրագրեր: Ծրագրերի իրականացման մեխանիզմներ պիտի ունենային, բայց չունեին: Բացի այդ, Հայաստանում ընտրություններն իրոք բարդ են անցնում, դժվար է ասել` ինչքան են արդար, և ինչքան է կոմունիստների ռեալ տոկոսը: Չեմ կարծում, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կոմունիստները ռեալ շանսեր ունեին, բայց իրավունք ունենք կասկածելու` թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Կա ոչ պակաս կարևոր ևս մեկ գործոն: Վերջին տասնամյակներում մենք հնարավորություն ստացանք արխիվներ ուսումնասիրելու և անհայտ կամ գաղտնի մնացած փաստերի տեղեկանալու մեր պատմության մասին, իսկ հայ ժողովրդի համար պատմությունը մեծ դեր է խաղում: Լինելով ծագումով կարսեցի` ես չեմ կարող հանգիստ անդրադառնալ այդ խնդրին: Կարսի խնդիր հայ ժողովուրդը չուներ, հայ ժողովուրդն ուներ Մուշի խնդիր, Նախիջևանի, բայց չուներ Կարսի խնդիր: Ես պնդում եմ, որ այդ խնդիրը ստեղծեց Լենինը, և բոլորս հասկանում ենք` պատմական տարածքի այդ կորստի համար ում ենք պարտական:
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ- Ես ուզում եմ սկսել Ադոլֆ Հիտլերից, որն ասում էր` զանգվածն ուժ է սիրում և նման է կնոջ: Կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարում էր ԱՄՆ-ի պես երկիր, չեմ ուզում անդրադառնալ եվրոպական երկրներին` Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իր ծրագրում ուներ ոչնչացնել ԽՍՀՄ-ը, նույնիսկ բանաձևում էր` ցանկանում եք պոռնկությամբ, թմրամոլներով, ալկոհոլի չարաշահումով, ոչ մի խոչընդոտ չկա, այդ երկիրը պետք է չլինի: Մենք չէինք պատկերացնում, թե ինչ երկիր է ԱՄՆ-ը, որովհետև մեր երկիրը փակ էր, և չգիտեինք, թե ինչի հետ գործ ունենք: ԱՄՆ-ն այսօր միայնակ յոթ անգամ ավելի շատ սպառազինություն ունի, քան աշխարհի մյուս երկրները միասին: Մենք գիտենք, որ ամերիկացիները Լուսնի վրա եղել են երկու անգամ, ոչ, նրանք Լուսնի վրա եղել են 9 անգամ: Սովետական Միության ծնունդը սկսվեց 1717 թ. սեպտեմբերին` ֆրանկմասոնական օթյակում, երբ ամրագրվեց Իսրայելի պետության ստեղծումը և հետագայում Եվրամիության ստեղծումը: Երկուսին էլ հասան: Տանդեմ երկիր ընտրվեց Թուրքիան, և 1717 թ., փաստորեն, դրվեցին ցեղասպանության սաղմերը: Իսրայել ստեղծելու համար դոնոր երկիր ընտրվեց Ռուսաստանը: 1917 թ. Ռուսաստանի հեղափոխականների փաղանգում էթնիկ մեկ ռուս կար միայն` ընկեր Բաբուշկինը: Ինչո՞ւ այսօր կոմկուսը չկա ԱԺ-ում: Չի էլ կարող լինել: Մինչև այսօր աշխատում է 1717 թ. ճարտարախոսությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսը հիմնականում հրեաներից է բաղկացած, պատկերացրեք` ինչ մամլիչի տակ է գտնվում կուսակցությունը, երբ նախկին Կրեմլն էլ չկա: Արևմտյան ժողովրդավարությունն էլ, որպես կանոն, հորթի կեցվածք է ընդունում: Ընդհանրապես ժողովրդավարությունը հիմարների գլխին դագանակ է միայն, որովհետև ժողովրդավարություն գոյություն չունի: Արևմտյան այդ դագանակը հորթի տեսք է ընդունում, երբ խոսվում է արժեքներից: Ամեն անգամ գալիս են ջոնպրեսկոտների և այլ կաշառակերների տեսքով Հայաստան, և գրում են թվեր: Այսօրվա խորհրդարանում կոմունիստական կուսակցությունը նվազագույնը 20 պատգամավոր պիտի ունենար: Ինչո՞ւ: Ի վերջո 2000 տարի հետո հայը ոտքի կանգնեց, ախոռից դուրս եկավ, բնակարաններ մտավ, ունեցավ ակադեմիա, օպերայի շենք ու օպերա, ողնաշարներս ուղղվեցին, հայ աղջիկները սկսեցին գեղեցկանալ: Այսօր խորհրդարանում կոմունիստները չկան, որովհետև Հայաստանում ընտրություն չի լինում:
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ- Ես ևս ափսոսում եմ, որ երկրորդ բևեռը աշխարհում, որ հավասարակշռություն էր բերում, այսօր չկա: Միաբևեռ աշխարհում ապրելը շատ դժվար է: Ինչո՞ւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված չէ: Պատճառներն ու պատճառաբանությունները բազում են: Ինչքան էլ ընտրությունների շատ ու քչի մասին խոսեք, ասեք` ո՞վ գիտեր «Ժառանգության» տեղը, իսկ նրանք արդեն երկրորդ անգամ ԱԺ են մտնում` ժողովրդի մի մասն այդ կուսակցությանը քվե է տալիս: Ես ցավում եմ, որ ի սկզբանե կոմունիստական կուսակցությունը տրոհեց ուժերը` 3-4 մասի բաժանվելով, իրենց ամբողջ էներգիան, բավականին լուրջ ինտելեկտուալ ներուժ ունենալով հանդերձ, ծախսում էին իրար դեմ պայքարում, որը հոգնեցրեց ժողովրդին: Եթե այս 3-4 ուղղությունները` առաջադիմական, նորացված, կոմունիստական, մարքսիստական, միավորվեին, այլ պատկեր կունենային: Պարոն Վազգեն Սաֆարյանն ասում է, որ ժողովրդի վերաբերմունքը համարժեք չէ իրենց, ես կարծում եմ, որ ժողովրդի վերաբերմունքը միշտ համարժեք է իր զգացածին: Ես համաձայն եմ, որ 70 տարիները եղել են մշակույթի, գիտության, տնտեսության զարգացման, ազգի ողնաշարը, մեր տեսակի ողնաշարը շտկելու չափազանց կարևոր, հրաշալի հնարավորություններով լեցուն տարիներ: Եղել են, իհարկե, և անհասկանալի իրողություններ, որոնք ցանկացած իշխանության ժամանակ էլ լինում են: Այսօր կա նաև սոցիալական արդարության, սոցիալական պաշտպանվածության դեֆիցիտ, և այդ դաշտը կարող է դառնալ կոմունիստներինը: 25 տարի է անցել, սերունդ է փոխվել, վերադարձնել նախկին արժեքներին չափազանց բարդ է լինելու, պետք է նոր իրողությունները իմաստավորել: Աշխարհում կան հզոր պետություններ, որ ղեկավարում են կոմունիստական կուսակցություններն ու շարժումները, և եթե կոմունիստական կուսակցության խմբակցություն լիներ ԱԺ-ում, բավականին հեշտ կլիներ այդ երկրների հետ բանակցելը: Ես կոչ կանեի կոմունիստներին, եթե հնարավոր է, ձերբազատվել ավելորդ հավակնություններից և միավորվել ընդհանուր գաղափարի շուրջ։ Այդ կոչը ես միայն այստեղ ներկա պարոն Վազգեն Սաֆարյանին չեմ ուղղում, այլև կոմունիստական մյուս ուժերի ղեկավարներին, որովհետև նրանցից շատ բան է կախված: 5-տոկոսանոց շեմը հաղթահարելու համար արմատական փոփոխություն է պետք, վերաբերմունքի փոփոխություն: Կարծում եմ` դուք կգտնեք այդ ճանապարհը, ինչի համար ես ուրախ կլինեմ:
ԼՐԱԳՐՈՂ- Ես ընդունում եմ, որ համաշխարհային փորձը հետաքրքիր է և ուսանելի, գլոբալ քաղաքականության տրանսֆորմացիաներն իրենց ներգործությունն են ունենում Հայաստանի վրա, այնուամենայնիվ, խնդրում եմ ավելի կոնկրետ անդրադառնալ թեմային, ի վերջո, փորձենք հասկանալ կոմունիստական կուսակցության ֆիասկոյի պատճառը: Մենք բոլորս գալիս ենք ԽՍՀՄ-ից, մեր ընդհանուր անցյալից ելնելով` հասկանանք` ինչո՞ւ այդ գաղափարախոսությունը Հայաստանում գրեթե մոռացվում է: Ի՞նչ պատահեց:
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ- Պատահեց այն, որ կոմունիստական կուսակցությունը մեծ մասամբ իրականացնում էր տնտեսական քաղաքականության խնդիրներ և քաղաքական ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստ չէր: Մեր կուսակցության ղեկավարությունը խորհրդային տարիներին բազմիցս հարցեր է բարձրացրել ազգային խնդիրների շուրջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի, և միայն դա պիտի առանձնացնել որպես քաղաքական դիրքորոշում, մնացած պարագաներում հիմնականում լուծվել են տնտեսական, մշակութային խնդիրներ: Տնտեսական կյանքը զարգացել է Հայաստանում. եթե խոսենք ՀՆԱ-ի մասին, 1988-ին ունեինք 14 միլիարդ ռուբլու, այսօրվա 20 միլիարդ դոլարին համարժեք դրամի ՀՆԱ, որի մեջ արդյունաբերության մասնաբաժինը 66,7 տոկոս էր` 9,2 միլիարդ ռուբլի: Հայաստանը փաստորեն ինքնաբավ երկիր էր, ավելի շատ արտահանում էր իր արտադրանքը, քան ներմուծում, ԽՍՀՄ-ի այն 4 հանրապետություններից էր, որ սպառողական երկիր չէր, այլ արտադրող, իսկ հիմա մենք Հայաստանում ականատես ենք հակառակ գործընթացին` 4,3 միլիարդ դոլարից ավելի ապրանք ենք ներմուծում և արտահանում ենք 1,4 միլիարդի: Այսինքն` արտադրողից դարձել ենք սպառող երկիր: Այսօր տնտեսական քաղաքականության փոփոխության լուրջ խնդիր ունենք: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր քննադատում է վարվող տնտեսական քաղաքականությունը, քննադատում է ձախից` տնտեսական

գործառույթներում պետության դերի մեծացման համար, և այդ իմաստով որոշակի քայլեր կատարվում են: Պետություն-մասնավոր գործընկերության գաղափար է ընդունվել կառավարության կողմից որպես գործիքակազմ, արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ է մշակվել, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման համար ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ: Ի դեպ, ես այդ խորհրդի անդամ եմ և կարծում եմ` ինձ պատահական չեն ընտրել, այլ տնտեսական գործառույթներում պետության դերակատարության մասին իմ տեսակետները ներկայացնելու համար: Այս տեսակետներով կոմունիստները կարող են այսօր օգտակար լինել տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ բերելուն` հօգուտ հասարակության: Վերադառնալով սկզբին` ասեմ` կոմունիստական կուսակցությունը պատրաստ չէր 1988-ին ազգային խնդիրների լուծմանը: Եթե այլ երկրներում կոմունիստները փոքրիշատե կարողացան ազգային շարժումները գլխավորել, Հայաստանում պատմական ծանր հիշողություններ ունեցող ժողովուրդը այլ ճանապարհով գնաց: Հիշո՞ւմ եք առաջին հանրահավաքները, կարգախոսները` «Լենին, կուսակցություն, Գորբաչով» և այլն, ժողովուրդը հույսը դրել էր կոմունիստական գաղափարախոսության շրջանակներում ազգային խնդիրները լուծելու վրա: Ժողովուրդը հավատում էր Լենինի` ազգերի ինքնորոշման սկզբունքով մեր ազգային խնդիրների լուծմանը, սակայն Գորբաչովի խնդիրն այլ էր, նա պարզապես ուզում էր կազմալուծել Խորհրդային Միությունը և վերակազմավորել անգլիական կամ ֆրանսիական տարբերակով: Հենց այդ գործընթացում էր, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությունը պետք է կարողանար ճիշտ կողմնորոշվել և կանգնել ժողովրդի կողքին, գլխավորեր այդ շարժումը: Դա տեղի չունեցավ նաև քաղաքական փորձառության պակասի, իրադարձությունների հետևից, այլ ոչ թե առջևից գնալու նախաձեռնություն չդրսևորելու պատճառով: Եվ պատահական մարդիկ, որ դաստիարակվել էին հրապարակներում, կարողացան ժողովրդական շարժումը գլխավորել և գալ իշխանության: Թեպետ առաջին խորհրդարանում` Գերագույն խորհրդում, մոտ 62 տոկոսը կոմունիստներն էին: Գորբաչովը մուսուլմանական երկրներում փորձում էր իշխանության գլխին պահել կոմունիստներին, ինչպես եղավ Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, իսկ քրիստոնեական երկրներում` Վրաստանում, Հայաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում նպաստեց, որ իշխանության գան ոչ կոմունիստները: Նույնիսկ Ադրբեջանում սումգայիթյան դեպքերից հետո Վեզիրովը փոխարինվեց Մութալիբովով, որովհետև մուսուլմանական Ադրբեջանում իշխանության գլուխ պիտի կունունիստ լիներ: Քանի որ իրենց տրվող անկախությունը կարող էին օգտագործել` չպահպանելու նովոօգարյովյան հանդիպումներում պայմանավորված անգլիական կամ ֆրանսիական տիպի համագործակցությունը և շեղվեին Թուրքիայի կամ մուսուլմանական այլ երկրի կողմը: Ինչ եղել է, արդեն եղել է: Այդ փորձը մեզ համար դաս է` նոր ժամանակների ճիշտ ռազմավարություն մշակելու, որպեսզի վերագտնենք ժողովրդի վստահությունը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- ԽՍՀՄ-ը նույն աշխարհի 1/6 էր, ինչ եղել է Ռուսական կայսրությունը, և աշխարհաքաղաքական առումով կայուն, իր տեղն ու դերն ունեցող մի ամբողջություն էր: Քաղաքական իմաստով ԽՍՀՄ-ը ստեղծվել է բռնության արդյունքում, որի մեղավորներին հիմա դժվար է գտնել ու միանշանակ գնահատական տալ, մեծ բռնության ու մեծ արյան, 2 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմի ընթացքում է զոհվել, 20 միլիոն մարդ 1937-1949 թթ. ճամբարներով է անցել, 26 միլիոն մարդ Հայրենական պատերազմում է զոհվել: Բռնության վրա ստեղծված մեծ իշխանություն էր, բռնության, որ այդ նույն աշխարհաքաղաքական տարածքում գոյություն ունեցած կայսրությունում երբեք չի եղել: Մյուս կողմից` ԽՍՀՄ-ն իր ինքնուրույնությունն ու իր հեղինակությունը աշխարհում հաստատելու փայլուն փորձ է եղել, որի անապատում ապրող ամենավերջին ուղտապանից սկսած մինչև Մոսկվայի առաջնորդները ձեռք ձեռքի տված կերտել են հարգանք ու նույնիսկ սարսուռ առաջացնող քաղաքակրթություն, անձնագիր, որից ամբողջ աշխարհն զգուշանում էր: ԽՍՀՄ-ը փլուզվեց, դրսից այդ երկիրը ոչ ոք չէր կարող քանդել: 20 տարի` որպես պատմաբան, քաղաքագետ, լրագրող ուսումնասիրում եմ և ուզում եմ հասկանալ, զրուցել եմ բազում նշանավոր մարդկանց հետ ու համոզվել եմ` ԽՍՀՄ-ը դրսից քանդել հնարավոր չէր, ԽՍՀՄ-ը քանդվել է ներսից: Մենք բոլորս ԽՍՀՄ-ից ենք գալիս, ՀՀ-ի բոլոր ղեկավարները, բացի ամենաերիտասարդներից, ԽՍՀՄ-ի դպրոց անցած մարդիկ են` տարբեր մակարդակներում, տարբեր պաշտոններում, տարբեր դիրքերում: 20-ամյա լրագրողի, պատմաբանի, դիվանագետի, պատգամավորի իմ կյանքի փորձով ուզում եմ հասկանալ` ինչ անվիճելի առավելություններ ենք ստանալու աշխարհի 1/6 աշխարհաքաղաքական ամբողջության վերահաստատումից: Նկատի ունեմ Եվրասիական միությունը: Եվրասիական միությունը Հայաստանի համար իսկապե՞ս աներկբա ճանապարհ է դեպի զարգացում, բարեկեցություն և խաղաղություն, թե՞ կան լուրջ հարցեր, որ պետք է հասկանալ և պարզաբանել: Այդ ճանապարհին, երբ ասում ենք` դեպի ԽՍՀՄ վերադարձ չկա, բոլորս էլ անկեղծ ենք: Մենք հասկանում ենք, որ միակուսակցական համակարգին այլևս վերադարձ չկա, հասկանում ենք, որ ազատությունը մի անգամ տալուց հետո շատ դժվար է հետ վերցնելը: Բայց հասկանանք, ինչո՞ւ Սլովակիայում և Հայաստանում նույն վաուչերների հետ 1992-1994 թթ. մարդիկ տարբեր կերպ վարվեցին, ինչո՞ւ Սլովակիայում ձևավորվեց մանր սեփականատերերի դասակարգ, իսկ Հայաստանում վաուչերները հայտնվեցին 100 մարդու ձեռքին: Դա էլ է, չէ՞, մշակույթի դրսևորում, նույն հնարավորություններով ինչո՞ւ մի դեպքում մի հասարակություն ձևավորվեց, մյուս դեպքում` մեկ այլ: Ես հին բոլշևիկի թոռ եմ, իմ պապը 1912-ից կոմունիստական կուսակցության անդամ է եղել, Սիբիրներում նստած: Իմ պապն ասում էր` 1920 թ. նոյեմբերին, երբ եկան կոմունիստները, Հայաստանում 400 կոմունիստ կար, համեմատության համար ասեմ, որ 40000 էլ դաշնակցական կար: Բայց մի գիշերում հայտնի պատճառներով դաշնակցականներն իշխանությունը կամավոր հանձնեցին բոլշևիկներին, 2 դաշնակցականներ էլ մտան կառավարություն: Մենք փնտրում ենք մեր տեղն աշխարհում: Հայ ժողովուրդը, ինչպես վերջին 2000 տարում, անընդհատ փնտրում է իր տեղն աշխարհում: Մենք ուզում ենք հասկանալ` ո՞ւմ հետ ենք մենք, ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք պահպանում մեր ազգային շահերը, մեր ազգային դիմագիծը, ի՞նչ ենք տալիս, որ ամենակարևորը չկորցնենք: Իսկ այսօր հաջողության համար կոմունիստական կուսակցությունը պետք է ունենա տնտեսական ռեսուրս, թերթ ու հեռուստաեթեր, տեղական կառույցներ պահելու հնարավորություն:
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Ես կարծում եմ` վատ չի լինի, որ կոմունիստներն ակտիվանան` սկսած սոցիալ-դեմոկրատական, ձախ գաղափարախոսությունից: Ձախ, թե աջ որոշվում է սեփականության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այսօրվա կոմունիստներն ընդունում են մասնավոր սեփականությունը: Հայաստանի քաղաքական դաշտում ձախ կենտրոնամետ ուժեր չկան, բոլոր ուժերը, այդ թվում և` ԲՀԿ-ն, որ սոցիալական ծրագրեր է իրականացնում, աջ դաշտում են: Կոմունիստական կուսակցությունը կարող է զբաղեցնել դաշտում այդ նիշան` ձախից կենտրոն, և աշխատել այդ ուղղությամբ: Բայց նախ պետք է համախմբվել, արձանագրել վերաբերմունքը մասնավոր սեփականության նկատմամբ և տեսակետները հասցնել հասարակությանը: Կոմունիստներն օգտվեցին ԽՍՀՄ-ից, ինչքան հնարավոր էր ռեսուրսներ բերեցին, դա դրական էր, բայց բոլորը հասկանում են` այսօր ոչ ոք մեզ ռեսուրս չի տա: Ինչո՞ւ Ռուսաստանը բարձրացրեց Եվրասիական միության աղմուկը, թող ասեր` նորից ռեսուրսները տալիս եմ, և մենք բոլորս` լիբերալից պրոեվրոպական, կգնայինք-կմիանայինք, բայց Ռուսաստանն այսօր չի կարող այդ ռեսուրսները տալ: ՈՒրեմն ի՞նչ անել: Ակնհայտ է, որ մնում է ներքին ռեսուրսը` սեփականաշնորհման մեխանիզմը: Թող անունը լինի կոմունիստական կուսակցություն, բայց մարդիկ հասկանան, թե մասնավոր սեփականության ու պետական սեփականության նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի այդ կուսակցությունը և ի՞նչ ծրագրեր: Եթե քարոզչությունը հստակ տարվի, փոփոխություններ հասարակական ընկալման մակարդակում կլինեն: Երբ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն, ի սկզբանե ասաց` մենք դեմ չենք մասնավոր սեփականությանը, խոսեց պետության դերակատարման մասին, և եթե Կարեն Դեմիրճյանի շուրջը համախմբվեցին, հասարակության մեջ դրա կարիքը կար: Այսօրվա կուսակցությունները կամ կենտրոնում են, կամ աջում, ուրեմն ազատ հնարավորություն կա մանևրելու: Փոքր երկիրը չի կարող իր ցանկացածն անել, ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ և համաձայն եմ, որ աշխարհի գլխավոր կենտրոնում քննարկվում են ինչ-որ հայեցակարգեր ու ներդրվում են: Օրինակ, ժամանակին` քրիստոնեությունը: Ժողովրդավարությունը ծնվեց այդ գաղափարներից, ուրեմն քրիստոնեությանը այն ժամանակ պիտի դե՞մ գնայինք: Հիմա` շուկայական հարաբերությունները, ուզում ենք, չենք ուզում, համաշխարհային միտում է: Չինաստանն ի՞նչ արեց: Ազատ գոտիներ ստեղծեց, որտեղ կապիտալը մտավ:
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ- Մենք ունենք հարց` ինչո՞ւ այսօր կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված չէ: Առաջինը` մենք չենք ապրում այն երկրում, որտեղ ընտրություն է կատարվում, մեկ կուսակցությունը, մեկ անձը շատ կերազի, բայց երբեք չի իմանա, թե ինքը քանի ձայն ունի: Որովհետև Սուտիբեկյաններով, կոոպերատիվ Գելափներով, տարատեսակ խամաճիկներով ուղեղի լվացումներ են անում: Նույնիսկ բուրգի գլխին կանգնածը չի կարող իմանալ, թե քանի ձայն ունի, այդ պատճառով էլ կոմունիստական կուսակցությունը չի կարող հայտնվել խորհրդարանում: Երկրորդ` կոմունիստական կուսակցությունը չի կարող լինել խորհրդարանում, որովհետև, ցավոք, չկա այն կայսրությունը, որտեղ այդ կուսակցությունը իշխել է: Եվ խնդիրը միայն այն չէ, որ այդ կայսրությունը ստեղծվել է արյան և ոսկորների վրա: Այդ կայսրությունը արյան և ոսկորների վրա չի ստեղծվել: Եթե անցնենք ԱՄՆ-ի պատմությանը, ավելի ողբալի փաստեր կան, թե ինչ արեցին էթնիկ մեքսիկացիների հետ, թե ինչպես մորթազերծ արեցին ընտանիքներ, որպեսզի Կալիֆոռնիան վերցնեն: Մինչև վերջերս ԱՄՆ-ի զբոսայգիների նստարաններին գրված էր «Միայն սպիտակամորթների համար», և եթե մի սևամորթ մտներ, աքացիներով կհանեին: Պատմական հիշողությունը` չմոռանանք, որ այնքան լավ գործեր են կոմունիստներն արել: Ծնվեց մի երկիր ուրիշ նպատակի համար, որպեսզի ստեղծվի Իսրայել պետությունը, բայց տրանսֆորմացվեց մի ուրիշ երկրի, 50-ական թթ. հետո այն կարգախոսները, որ շինծու էին ու հրեական, լրջագույնս արդիականացվեցին և ուղղվեցին դեպի քաղաքացին, դեպի մարդը: Մենք 70-ական թթ. հետո չունեինք հիվանդ, անօգնական ծերունի, չունեինք սոված երեխա, բայց այդ հզոր պետական մեքենան սկսեց լվանալ ուղեղները: Երբ աշխարհը դարձավ միաբևեռ, մենք տեսանք, թե ինչպես են վարվում տարբեր երկրների հետ: Արյունը Սիրիայից դուրս չի գալու, Եգիպտոսից, Լիբիայից դուրս չի գալու, երեք մասի բաժանված Իրաքում անընդհատ արյուն է հոսելու: Մենք հետո հասկացանք, որ երբ չկա կոմունիստական մահակը, ինչպես են տարբեր ժողովուրդներ ոչնչանում աստիճանաբար: Ցավոք, այսօր իմ երկիրը որոշակի պայմանի առաջ է կանգնած` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Եվ այդ թնջուկը ոչ մի կերպ լուծել հնարավոր չէ, իսկ մենք պատմությունից գիտենք, որ ոտքը տարբեր հարթություններում դրած մարդը կանգնած չի մնում: Կամ պիտի մեկն ընտրենք, կամ` մյուսը: Մենք փոքր, փխրուն երկիր ենք և չենք կարող դիմանալ Սիրիայի, Լիբանանի կամ Իրաքի պես: Մենք պիտի որոշենք, թե ինչ դեր ենք կատարում, ինչ ենք ցանկանում, որովհետև այն քաղաքականությունը, որ այսօր վարում է Հայաստանի Հանրապետությունը, քաղաքականություն չէ` ոչ ներքին, ոչ արտաքին: Որպեսզի կոմունիստները խորհրդարանում տեղ ունենան, պիտի դուրս գան ու մարդկանց հետ խոսեն, ձեռք քաշեն ՈՒլյանովից և գնան դեպի ժողովուրդը:
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ- Մենք իզուր ենք այդքան գույները խտացնում, որ ԽՍՀՄ-ի ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել: Միլիոնավոր մարդիկ զոհվել են ֆաշիզմի դեմ պատերազմում, և դա արդարացված էր, որովհետև այլ կերպ հնարավոր չէր, դարչնագույն ժանտախտն ամբողջ երկրագունդը պատել էր: Այլ խնդիր է, որ պատերազմի նախասկզբին եղել են իսկապես ահավոր իրադարձություններ, որ անընդունելի էին: Մեզնից ոչ մեկն էլ չի հերքում, որ միաբևեռ երկրագունդը դժվար է կառավարել, և այն կարգը, որ որոշ գերտերություններ ուզում են հաստատել, ընդ որում` հաստատել ոչ միայն արևմտյան արժեքներ դավանողների, այլև արևելյան դարավոր արժեքներ ունեցող ժողովուրդների համար, շատ դժվար է լինելու: Սա փաստ է, որի զարգացումները տեսնում ենք վերջին տարիներին: Ես կարծում եմ, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իսկապես պետք է լրատվության միջոցներն առավել արդյունավետ օգտագործի, մասնավորապես համացանցը, որի հնարավորությունները շատ մեծ են: Ցանկացած քաղաքական ուժ հնարավորություն ունի այս ուղղությամբ լուրջ աշխատանք կատարելու: Հեռուստատեսությունը միակ հնարավորությունը չէ: Ընդունենք, որ հեռուստատեսությունն էլ վերջին տարիներին, նախկին ժամանակների համեմատությամբ, չափազանց ազատ է դարձել: Համատեղելով բոլորիդ ջանքերը, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ պիտի լինեք և մեր ժողովրդի որ հատվածի հետ աշխատեք: Միևնույն է, այդ հատվածը սոցիալական ուղղվածություն և սոցիալական պահանջներ ունի: Ո՞Ւմ հետևից կգնա` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության», ՀՀԿ-ի, թե ուրիշի, նաև դուք պիտի որոշեք: Անընդհատ բողոքելն ու դժգոհելն ընտրությունների արդյունքներից ընդամենը պատրվակ են, ճիշտը իրատես լինելն է և ռեալ դաշտում տրամաբանված աշխատելը, որը անպայման արդյունքներ կտա:
ԼՐԱԳՐՈՂ- Եթե փորձենք խոսակցությունն առավել առարկայական դարձնել, սարուձորից տուն վերադառնանք, ինչո՞ւ այսօր կոմունիստական կուսակցությունը չունի բացարձակ լիդեր, որը կարող էր համախմբել բոլոր կոմունիստներին, գաղափարախոսությանն այն կերպարանքը տալ, որ համահունչ է այսօրվա հասարակական կյանքի տրանսֆորմացիաներին: Ի՞նչ է պետք, ի՞նչ է պակասում:
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ- Կոմունիստական կուսակցությունն այսօր տնտեսապես ամենածանր վիճակում է, իշխանության կողմից կա ոչ բարեհաճ վերաբերմունք: Խոսուն է փաստը, որ նշվում են Առաջին և Երրորդ հանրապետությունների օրերը, բայց նոյեմբերի 29-ը չի նշվում: Մեր ժողովրդի 5000 տարվա պատմության մեջ այդ 70 տարին չտեսնել ու ասել, թե մենք 21 տարեկան ենք, սխալ է: Ժխտողական մոտեցումները, նիհիլիզմը տրանսֆորմացվում են մարդկանց հիշողության մեջ: Բավական էր նոյեմբերի 29-ը նշել, որ դրական վերաբերմունք առաջանար որոշ մարդկանց մեջ` իբրև անցած տասնամյակների գնահատական: Անդրադառնալով լիդերի հարցին` ես չեմ կարծում, որ կոմունիստական կուսակցության մեջ այսօր պետք է նոր լիդերներ փնտրել: Մեր մեջ բավականին մարդիկ կան և՛ մտավորականությունից, և՛ բանվորական միջավայրից եկած, որ կարող են ժողովրդին ասել այն, ինչ մենք ուզում ենք ասել: ՀՀ Սահմանադրության մեջ չկա դրույթ, որ մարդն ունի աշխատանքի իրավունք, բավական է մեզ թույլ տան ինչ-որ ձևով, այս կամ այն բուհերում, կամ հեռուստատեսությամբ ասել, որ խորհրդային Սահմանադրության մեջ գրված էր, որ մարդն ունի աշխատանքի իրավունք և մարդուն ապահովում էին աշխատանքով, կամ ասում էին` մարդն ունի բնակարանի իրավունք, և 5-6 տարի հերթագրվելուց հետո մարդիկ բնակարան էին ստանում: Այսօրվա Սահմանադրությունն ասում է` մարդն ունի աշխատանքի ընտրության ազատություն, կարծես աշխատանքն այնքան շատ է, որ մարդուն մնում է միայն ընտրել: Բավական է, որ մենք կարողանանք ունենալ տեղեկատվական հնարավորություններ և ներկայացնել մեր սոցիալական ձեռքբերումները, այսօրվա թերությունները ցույց տանք և այն ճանապարհները, որոնցով դրանք կարելի է վերացնել, որպեսզի մեր շուրջը մարդիկ հավաքվեն: Մենք սոցիալական արդարության կուսակցություն ենք: Ես շատ շնորհակալ եմ գնահատումների ու մտահոգությունների համար, կարևորը, կարծում եմ, բնութագրերը չեն, այլ այն, որ մենք անցյալ ունենք, մեր անցյալի լավի և վատի համար մենք պատասխանատու ենք: Մեր կուսակցությունը միակ կուսակցությունն է եղել, որ ինքնաքննադատաբար խոսել ու դատապարտել է իր սխալները: Ես կարևոր եմ համարում, որ Հայաստանում կա հասարակական պահանջ, սոցիալական, տնտեսական ու քաղաքական պահանջ` ունենալ կոմունիստներին տեսանելի դաշտում` խորհրդարանում: Չինաստանն այսօր մեզ համար որպես սոցիալիզմի գաղափարների դրոշակակիր է հանդես գալիս, վերջերս ես Չինաստանում եմ եղել, և պետք էր տեսնել, թե նրանք ինչ ոգևորությամբ ընդունեցին ինձ` իբրև կոմկուսի ղեկավարներից մեկի, առաջարկեցին համագործակցություն: Բավական է նման մի քանի քայլ անել, և մենք կարող ենք մեր լինելության, մեր գաղափարական ընդհանրության շատ խնդիրներ լուծել: Երկու անգամ մասնակցել եմ միջազգային կոմունիստական սեմինարների Բելգիայում և խոսել եմ ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության մասին, և այդ նորմն ընդգրկվել է ամփոփիչ բանաձևում: Օգտագործելով մեր միջազգային կապերը, գաղափարական տարածվածությունը որպես համաշխարհային կազմակերպության, մենք առանձնանում ենք, մեր բացառիկությունը ձեռքբերում է, որ պիտի պաշտպանվի ու պիտի օգտագործվի:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Կոմունիզմը որպես քաղաքական ուսմունք 20-րդ դարի աշխարհում թողել է երկու անջնջելի հետք: Առաջինը սուր արտահայտված սոցիալական քաղաքականությունն էր, կոմունիզմի սոցիալական քաղաքականությունից են ազդվել սոցիալ-դեմոկրատները, կանաչները, մյուսները, բոլոր սոցիալական գաղափարախոսությունները, որ 20-րդ դարի 50-60-ական թվականներից մինչև այսօր կենսունակ են Արևմտյան Եվրոպայում: Հաջորդ դասն ինտերնացիոնալիզմն է, ժողովուրդների բարեկամությունը: Խորհրդային օրինակն է աշխարհին ցույց տվել, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները կարող են լինել ընկերներ, բարեկամներ` անկախ մաշկի գույնից, կրոնից, լեզվից, կրթական ցենզից: ԱՄՆ-ում երկու անգամ եմ եղել` 1994-ին և 2004-ին, երկու անգամ էլ ամերիկյան համալսարաններում եմ եղել և տեսել եմ, թե ինչ վերաբերմունք կա Մարքսի ուսմունքի նկատմամբ, բերել եմ նրանց դասագրքերը, ուսումնական ծրագրերը, որտեղ Մարքսի «Կապիտալի» ուսուցումը պարտադիր է: Անկախ Հայաստանի պատմության մեջ ես` համալսարանի 23 տարվա դասախոսս, հազիվ թե գտնեմ մարդիկ, որ «Կապիտալը» կամ գոնե նրա հիմնարար դրույթները կարդացել են: Բայց չէ՞ որ դա համաշխարհային տնտեսագիտական մտքի գլուխգործոց է և 2008-ի տնտեսական ճգնաժամի բանալին` սկսած BBC-ից ասում էին, որ պետք է փնտրել «Կապիտալում»: Իր մարտավարությունը որոշելը կոմունիստական կուսակցության ներքին գործն է, ես կարծում եմ, որ կուսակցությունը ուժ պիտի գտնի իր մեջ, գլուխը բարձրացնի և գտնի իր տեղը քաղաքական դաշտում: Հայաստանի քաղաքական դաշտում վերջին մի քանի տարում ձևավորված բազմակարծությունը քաղաքական մշակույթի բարձրացման դեր ունի: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը մարտի 1-ի քաղաքական համակարգը չէ, ես ինձ լավ եմ զգում դրանից: Ես կարծում եմ, որ այսօր մեր երկիրը որոշակիորեն շարժվել է հասունացման ճանապարհով: Կոմունիստական կարմիր դրոշն այսօր տեղ ունի՞, թե՞ ոչ: Իհարկե` ունի, բայց ինքը պիտի դա հաստատի:
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Կոմունիստները, իմ կարծիքով, պետք է օգտվեն ցանկացած հնարավորությունից իրենց գաղափարախոսությունը, հայեցակարգը ներկայացնելու: Մենք նախագահական ընտրությունների մոնիթորինգ ենք անցկացնում, և ակնհայտ երևում է, որ 8 թեկնածուները բոլոր ալիքներով հնարավորություն ունեն իրենց տեսակետները ներկայացնելու: Այլ խնդիր է` ասելիք ունե՞ն, թե՞ ոչ: Պատկերացնում եք, որ կոմկուսի թևերից մեկը իր թեկնածուն առաջադրեր, քարոզչության ինչ հնարավորություններ կունենային: Ո՞վ ասաց, որ առաջադրված թեկնածուն անպայման պետք է հաղթի: Համաձայն եմ, որ լիդերի խնդիրը շատ կարևոր է, դա միայն կոմունիստների խնդիրը չէ: Հետխորհրդային բոլոր երկրներում ընտրողները կողմնորոշվում են ոչ թե ծրագրերով, այլ ընտրվողի անձով: ՀԱԿ-ի օրինակը. Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ պայքարից, և ՀԱԿ-ում երկրորդ դեմք, ում բոլորը միանշանակ ընդունում են, չգտնվեց: Ի՞նչ է, խելոք մարդիկ չկա՞ն: Իհարկե, կան: Համաձայն եմ Արամ Սաֆարյանի հետ, որ կոմունիստական գաղափարախոսությունը 20-րդ դարի վրա ներգործած գլխավոր ուսմունքներից է: Մարդկությունը 4 գլխավոր քաղաքական ուսմունք է ստեղծել մի քանի հարյուր տարում, որոնցից մեկը մարքսիզմն է: Պետք է աշխատել այդ գաղափարախոսությունը ներկայացնելու և տարածելու ուղղությամբ:
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ- Լիդերի ներկայությունը ցանկացած գործում առաջնային է, որովհետև նախ ծնվում է, հետո ժամանակի ընթացքում խարիզմա է ձեռք բերում: Դա բոլոր կուսակցություններին է վերաբերում: Հնարավոր չէ, որ կոմունիստական կուսակցությունը կայանա ոչ միայն այն պատճառով, որ մեր երկրում բռնապետություն է, այլ ասենք, ԱՄՆ-ը, որ պարզ, կոնկրետ աշխարհով մեկ այն քաղաքականությունն է վարում, որ այդ գաղափարախոսությունն ուղղակի չպիտի լինի, ոչ լիդեր կծնվի, ոչ կզարգանա կոմունիստական կուսակցությունը, այն էլ Հայաստանի պես երկրում: Մենք 11 միլիարդի պարտք ունենք, եթե այս ընթացքով շարունակենք, վաղը կլինի 20 միլիարդ, և մեր բյուջեի 50-60 տոկոսը պետք է տանք պարտքի դիմաց, ուստի մուրացկանի ձեռք ենք պարզելու: Իսկ մուրացկանի ափում գումար դնողը մեկն է` օվկիանոսից այն կողմ, բնականաբար, մեր մնացած տվայտանքները մնում են մեկնած ձեռքի երկարության վրա: Եթե անդրադառնանք ՈՒլյանովի կերպարին, նա ոչ միայն հայ ազգի ողբերգությունն է, դժբախտությունն է շատ ու շատ ազգերի, որովհետև նա ընդամենը կատարել է իր տիրոջ հրահանգները, տերն էլ Պարվուսն է եղել: Ռուսաստանի իրականության մեջ ամենաթույլ կուսակցությանը ֆինանսավորեցին, իշխանության բերեցին, իսկ հետո Իոսիֆը կտրեց հին կապերը, որ բանվոր դասակարգի իշխանությունը չվարկաբեկվի, և այդ պատճառով արյունարբու դարձավ: Իսկ կուսակցությունը լիդեր կունենա, թե չի ունենա, այսօրվա Հայաստանում կարևոր չէ, Հայաստանում գործում է գայլային օրենք` ես եմ տերը, ես եմ նկարիչը և այնքան ժամանակ ես կլինեմ նկարիչը, քանի դեռ երկրում ժողովրդավարության գոնե մի փոքր մասը չի իրականացվել: Ինչ կուսակցություն էլ ուզում է լինի, տերը կորոշի` տեղ կունենա ԱԺ-ում, չի որոշի, չի ունենա:
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ- Ես կարծում եմ, որ լիդերի դերակատարությունը չափազանց կարևոր է այն երկրներում, որտեղ բազմակուսակցական համակարգը կայացած չէ: ՈՒստի Հայաստանում ևս անձերը որոշակի դերակատարում ունեն, իսկ առաջնորդները` որոշիչ դեր: Համապետական մակարդակով պետք է ճշմարիտ, իրատեսական քաղաքականություն վարվի, սոցիալական պատասխանատվությունը չմոռացվի: Այս համատեքստում կոմունիստական կուսակցությունը, ինչպես բոլոր այլ կուսակցությունները, որոշակի դերակատարում կունենան երկրում և խորհրդարանում:
ԼՐԱԳՐՈՂ- Փորձենք ամփոփել քննարկումը:
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ- ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել և՛ թերթին, և՛ իմ գործընկերներին այսօրվա քննարկման համար, կարծում եմ, որ անաչառ հրապարակման պարագայում հերթական քայլը կարվի մեր կուսակցությունը մեկ անգամ ևս ներսից նայելու ու դրսից տեսնելու: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ գործընկերներն ազատ, անկաշկանդ և մտահոգ խոսք ասացին: Ներկուսակցական և բազմակուսակցական ձևաչափով քննարկումները տարբեր տեսանկյուններից հարցը դիտարկելու հնարավորություն են տալիս, որ շատ կարևոր է: Ես շատ ուրախ եմ, որ քննարկվում է խորհրդարանում մեր լինել-չլինելուն վերաբերող հարց, ուրեմն մենք ճիշտ ճանապարհով ենք գնացել, կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը, որ մեր լինելության մասին խոսվում է և մեր անհրաժեշտությունն ընդունվում է` երկրի զարգացման, աշխարհում մեր երկրի ներկայացման, մեր հնարավորությունները հօգուտ Հայաստանի օգտագործելու առումով: Իհարկե, այստեղ արտահայտված ոչ բոլոր տեսակետների հետ եմ համաձայն, բայց դա բնական է: Կյանքը չես կարող մի գույնով ու մի դեմքով ներկայացնել, ուղղակի չի կարելի պատմությունը խեղաթյուրել:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
ՈՒշադիր ընթերցողներն անշուշտ նկատեցին, որ «Կլոր սեղանի» մասնակիցների խոսքը վերարտադրված է հնարավորինս անփոփոխ: Նկատեցին նաև, որ ուղղակի հարցերը ուղղակի պատասխաններ չունեն: Որովհետև ասելիքը հստակ չէ՞ր: Թերևս ոչ, որովհետև արժեքները կայացած ու գիտակցված չեն, արժեքներ, որ բազմակուսակցական համակարգի հիմքում են և ընդհանրապես հասարակության կազմակերպման ու կենսագոյության: Կլինի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում, թե ոչ, ընդունեք, որ ամենակարևոր հարցը չէ Հայաստանի համար, բայց ամենակարևորը պիտի լինի կոմունիստների համար, որ սիրում են Հայաստանը և հանուն այդ սիրո պարտավոր են տեսնել ոչ միայն իրենք իրենց, այլև իրենց երկիրը:

«Կլոր սեղանը» վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 57763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ