«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչու է խիարը թարս բուսնում

Ինչու է խիարը թարս բուսնում
08.02.2013 | 12:56

«Բաբելոնի աշտարակը հասավ լուսնին, բայց սեպտեմբերի 11-ը քանդեց նրա մակետը։ Կեցցե՛ պետական ահաբեկչությունը, որ պայքարում է անձնական և սեպարատական ահաբեկչության դեմ»։
«Ներքնապնակ», Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԲՈՍՏԱՆՉԻ ՎԱՂԻՆԱԿԻ ՀԱՌԱՉԱՆՔԸ
(նախավարժանք-ֆելիետոն)
«Արտս կանեփ եմ ցանե։ Սրա երկու կիլոն հերիք ա, որ բանկի տոկոսները փակեմ, վրադիր էլ երեխուս վարձը տամ, որ ինստիտուտն ավարտի։ Շատ հավանա նախագահիս կարգախոսը` էն իմաստով, որ գազն ու ջուրը հասան գեղը։ Ճիշտ ա, թանգ ու կրակ ա, բայց հո՛ կա։ ՈՒ էստեղ ա, որ հասկանալի ա դառնում Սերժի խոսքը` թարս բուսած խիարի մասին։ Գազը մեր տները ոնց որ թե իրա խոդով ա հասնում, ուղիղ Ռուսաստանից։ Ջուրն էլ գալում ա Զանգվից, ինքնահոսով։ Հետո ժամանում են ջրի ու գազի գրասենյակներից, լիքը ձրիակերներ, բոլ-բոլ պետեր ու ծտեր, և սաղ էլ չաղլիկ, պլպլան ու ուռուկգլուխ։ Այսինքն, իմ ու ձեր Հայաստանում լիքը մոլախոտ կա։ ՈՒ ճիշտ կլինի, որ Սերժը վերընտրվելու հենց մեկել օրը դրանց քաղհան անի։ Որովհետև գազի ու ջրի գինը դրանց պահելու հաշվին ա էսքան թանգ։ Է, ես որ բոստանիցս մոլախոտը չվերացնեմ, քանի կոպեկի գին կունենա իմ սեփականատեր հանդիսանալուս հանգամանքը (էս բարդ բառերը ջրի գրասենյակի օրիորդ Գրեզետան ա սովորցնում), հենց սկսում ենք բողոքել, որ ոռոգման ջրի գինը բանձր ա, էղածն էլ մեզի չի հասնում, սաղ գեղավորին շարք ա կայնըցնում ֆիզկուլտ դայլիճում ու սկսում ա պարապմունքը։ Օրինակի համար հրահանգում ա, որ հըմնով կայնենք ձախ ոտքի վրա, աջներս կտրենք գետնից։ Մեկել օրը սովորցնում էր ճիշտ օգտվել կուսակցությունների անուններից։ Օրինակիս համար ՀԺԿ, նշանակում ա հայ ժողովրդի կորուստ, ՀԱԿ նշանակում ա հարևանի ավելը կոտրատվում ա (այսինքն` քոնթի ա գալում), «Ժառանգությունը» հետևյալն է նշանակում. «Ժիր տղերքը գանձ են գտել»։ Բա՜։ Ընենց որ նախագահը պիտի վերընտրվի, քանզի-վասնզի թե էս պետությունում մի բան թե որ մեկը կարանա դզի, այսինքն` շտկի, էդիկ Սերժն ա։ Թե չէ Բագրատյանը, որ խոսում ա ՀՆԱ-ի աճից, ես ակամայիցս հիշում եմ նրա հնամաշ կոշիկները, երբ հլը նախարար ու վարչապետ չէր, այլ պարզապես դասախոս էր։ Մե խոսքով` ձայներս տալում ենք Ազատիչին։ Մե պայմանով, հենց վերընտրվում ա, հըմեն մոլախոտերը քոքահան ա անում, Պարույրին էլ, բնականաբար, նշանակում ա յուր գլխավոր խորհրդական` ինքնորոշման ու մահափորձի գծով»։

ՀՀ-Ն` ԱՇԽԱՐՀՔԻ ՓԱՆՋԱՐԱ
(պամֆլետ-միջօրե)
Անկախության նշան Հայրիկյանին առողջության քաջ և քաջազուն քաջալերանք։ Զարմանալի է, ազնվազարմ հայկազյան զարմ Պարույրի նկատմամբ սովետական կայսրության բռնապետական ռեժիմը մահափորձ չկիրառեց։ Զնդան նետեց։ Աքսորավայրում վառ պատանեկությունն ու կենսալից ջահելությունը շղթայեց։ Սակայն ոգին անզոր եղավ կապանքելու։ Այո՜։
Այսուամենայնիվ, առաջ ենք ընթանում։ «Պետական ահաբեկչություն», «Անկախության հանդեպ սադրանք», «Մեր ինքնության նկատմամբ անարգանք»։ Հայ հանրային-քաղաքական միտքը դաժանության աստիճանի մտահոգ է. ո՞վ կրակեց, ինչո՞ւ, մի՞թե կրակոցն այդ ուղղված չէր մեր անկախ պետականության հոնքամիջին։ (Հոնքամիջին` չգիտեմ, բայց ուշագրավ մի բան պարզեցի. հեռուստաէկրանային մեր այրերն ու այրուհիները գուժում են լալահառաչ` պետականության անկման և անկախության կախման մեկնարկը։ Այո՜, «աշխարհքս մե փանջարա» է, և փանջարան այդ բացվում է հենց Հայաստանի վրա, ու յուրաքանչյուր տեղական թրխկոցից Պենտագոնի համակարգիչները շողուլից ընկնում են և կրեմլյան ժամացույցի փոքր սլաքը հեծնում է մեծին։ Ենթադրաբար, միջուկային զենքի արտադրությամբ զբաղվում է ոչ թե Իրանը, այլ ՀՀ-ն։ Վստահաբար, Արևմուտքի վտանգի աղբյուրը բնավ Չինական պարիսպների կամ կորեական պանթեոնների ստվերներում չպիտի փնտրել, այլ Հայաստանում, ներքին Չարբախից Վերին Զեյթուն ուղեգծում։ Սակայն տիարք հարգարժան և տիկնայք լալահառաչ, ինչո՞ւ եք լռում (ինչպես բոլշևիկ Կամոն գերմանական հոգեբույժներին մատի վրա ֆռռացնելիս), երբ հանրությունն անարգանքի սյուներին է գամվում օր օրի, ժամ առ ժամ, տարեցտարի, և դարակազմիկ այս սադրանքը պետական այրերի ու այրուհիների մենաշնորհն է, ահա քսանմեկ տարի, քիչ էլ ավելի։ Չէ, վստահաբար ինչ-որ բան, որը տեղից շեղվել էր, այսինքն` շողուլից ընկել, գահավիժում է քաղքենիական խորսխված-շաղախված երեսպաշտության անդունդը։ Տիարք ճառում-բորբոքվում են, տիկնայք` ճեմում-մորմոքվում։ Պատկերացնենք, որ հացադուլավոր Անդրիասի ուսին ագռավն է թառում (մեղա՜, մեղա, ինչպիսի հերետիկոս միտք), ոչ մի ագռավ սևաթույր, ճերմակ ղշերն են բերդ-պար բռնում, և էպոսագետ-գիտունի վստահված անձինք են ասպարեզ իջնում դարերի խորքից, զորօրինակ Ցռան Վերգոն։ Ինչե՜ր կճառեք, ինչպե՜ս կհակաճառեք ալամ աշխարհքին։ Եվ վերոնշյալը կհամարեք, անշուշտ, կրեմլյան սադրանք, Բաքվի բարբաջանք ու Անկարայի անամոթ մարմաջ։ Այնինչ հանրապետությունը ծնկի են բերում, օր օրի և ժամ առ ժամ։
Սակայն ե՞րբ շեղվեց խիարը, այսինքն` ծառ բուսնեց։

Տիար պատգամավորը նորանկախ երկրի փրկության բանալիները կորցրել ու փնտրում էր հարևան-թշնամի Ազերբայջանում։ Այցելեց մայրաքաղաք Բաքի, պատիվ տվեց ու պատիվ առավ, հեգնեց արցախյան դիրքերում ճակատ բռնած հայ ֆիդայուն և անարգեց Հայաստանի տղայամտությունը` հողեր կորզելու Օսմանլու արյունակից յոլդաշից։ (Երևանի տանջահար աղբամանների վրա փառաբանվեցին սույն ինտերնացիոնալիստ-հրոսակի անունն ու գործը)։ Այնուհետև նա դարձավ տուն, պատիվ տվեց, պատիվ առավ հայոց պառլամենտում ու կարգվեց լուսավորության նախարար, սակայն ոչ Ազերբայջանում ու ոչ էլ Օսմանլվա երկրում, այլ Մայր Հայաստանում։
Եվ խիարը թարս բուսնեց։

Որոտում են ու թնդում են պանդոկ ու հյուրատուն, անասնակերպը զվարճանում է, հանրապետության երեկոները տանջալից են, գիշերները` դիվադադար։ Եվ ահավասիկ, երկրիս իշխանությունները թև ու թիկունք են անասնակերպին, խոհեմաբար աջակցում են նրան, որոշումներով շոյում-գուրգուրում։ Այնինչ օվկիանոսի խորքերում կատարված պայթյուններն առիթ են հանդիսանում, որ կետերն ու դելֆիններն ափ նետվեն ու ինքնասպան լինեն։ Շնաձկներն ավելի դիմացկուն են։ Հավանաբար, երկրիս կառավարությունը հանրապետության ոչ անասնակերպ բնակչությանը համազորում է շնաձկների ու կաշալոտների հետ։ ՈՒ մի՞թե դարձյալ խիարը թարս չի բուսնում, երբ տիարք հարգարժան ու տիկնայք հարգևոր լռում են, մնջախաղի թատրոնի դերասան են ձեռնադրվում և այլն։ Այնինչ որքա՜ն շատ են հանրային անարգանքի հաշվին մոլեմսխուն կապիտալ կորզելու դեպքերն ու դեմքերը։

Եվ ահա այսպես ու այսպես ամենուր խիարը թարս է բուսնում` մեր մարտաշունչ երեսպաշտության և մտամոլոր փարիսեցիության բոստաններում։
Եվ մենք լռում ենք շարունակ և անփառունակ, երբ մեզ անարգում են շուկայական շերխանիկները` հանիրավի բարձրացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գները, հընթացս գցելով դրանց որակը։ Մենք լռում ենք միասնաբար։ Անարգում են, երբ զավթվում է Փակ շուկան, երբ Փարաջանովի թանգարանի լույսն են փակում, երբ քաղաքի ու երկրի կանաչն են լափում, ե՛րբ, ե՛րբ, ե՛րբ...
Բայց մենք լռում ենք դավադիր լռությամբ։ Եվ պետական ահաբեկչություն ենք իրականացնում ինքներս մեր, մեր երկրի, մեր անկախության և այլնի հանդեպ։ ՈՒ սպասում քինոտ չարությամբ` ահա նախագահը կհանի սուրն ու կոչնչացնի հակապետականության հիդրաներին։ Եվ ճամարտակում ենք, ճառում և բավարարված խոնջանքով լռում։ Բայց դե նախագահը ո՛ր մի գլուխը թրատի։ Է, երկիրն անգլուխ չմնա՞։
Բայց գուցե սոցիալական բնույթի խռովություն կազմակերպենք` հիշելով 1988-ն ու 89-ը։ Թե չէ տաբատի գրպանում շարունակ բռունցք ցույց տալով վերածվում ենք արհեստավարժ մազոխիստների։

ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
(սարկաստիկ վերջաբան` բարեհոգի քմծիծաղով)
Մեր տաղանդները փառաբանում են հայ անունը Ալյասկայից Զիմբաբվե և Սիդնեյից Քվեբեկ։
(Համաշխարհային ներդաշնակության օրենքի համաձայն` աղանդները աշխարհքիս լիացնում են ՀՀ-ն Ճամբարակից Աերացիա և Գյումրուց Կապան)։
Եվ կարողացանք հաղթել ոչ միայն արտաքին, այլև ներքին ոսոխին։ Ջարդեցինք Ազերբայջանի ողնաշարը և հաղթողի վսեմ կեցվածքով տրոհեցինք համաժողովրդական խռովությունները (1995 և 1996-ին, 2003-ին ու 2008-ին) ընդդեմ Օսմանլվա խանությունից մեր կանաչագեղ աշխարհի մի խնկաբույր կտորը հետ բերած հայոց իշխանությունների։
(Առաջարկ է ասպարեզում. «Հանրապետության» հրապարակում խոյացնել խոյակերտ կամարների ներքո` չկայացած հայոց նախագահների հուշասյուները` նաև Հայ ճկույթի արձանը)։
Հիշո՞ւմ եք` ինչ զորեղ է Հայ ճկույթը։ Անշուշտ հիշեցիք։ Հուշեմ-հիշեք նաև սա. «Մի ընդհանուր թմբիր է իջել մեր ժողովրդի մեծ մասի վրա։ Որևէ բան փոխելու անկարողությունից թելադրված մի անհուսություն, այդ անհուսությունը գինու մեջ խեղդելու, բութ ու անհամ կերուխումներին տրվելու ձգտում, ոգեզրկություն, հոգեզրկություն»։ (Սիլվա Կապուտիկյան, 2004 թ.)։

Հանելուկ-գլուխկոտրուկ։ Դիցուք, մի հրաշքով հաղթում է Րաֆֆին։ Եվ հարց է ծագում ու քրքրում է ողս, ինչից էլ բռնում է դողս. քանի՞ ժամվա մեջ ԱԺ մեծամասնությունը «կժառանգորդվի», քանի՞սը կմնան հավատարիմ յուրյանց քաղաքական համոզմունքներին։ Ես գիտեմ, բայց չեմ գրի։ Կապրենք-կժառանգվենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ