Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը»

«Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և  անօթևան աղքատների՛ն տար քո տունը»
08.02.2013 | 12:10

Բարեկենդանը քրիստոնեական ժամանակների ամենաուրախ ու սպասվող տոներից է, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Մեծ պահքին, բայց մինչ սկսելը այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով սնվել։

Բարեկենդանով էլ սկսվում է Մեծ պահքը, որն այս տարի բավական շուտ է սկսվում՝ փետրվարի 10-ին, և ավարտվում Զատկի սուրբ Հարության տոնին՝ մարտի 31-ին։
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ պահքը։ Հայտնի է, որ մարդ արարածը մեծ մասամբ իր կյանքի բոլոր օրերին ամենաշատը ջանում է հոգալ մարմնավոր կարիքները՝ ուտել, խմել, հագնել և այդ ամենին շաղկապված մյուս հաճույքները, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են անչափավորությամբ, երբեմն էլ կործանարար մոլություններով, ինչպիսիք են հարբեցողությունը, որկրամոլությունը, կնամոլությունը և այլն, և այլն։ Այդ պատճառով էլ կերակուրներին չափազանցորեն տրված մարդուն ասում են որկրամոլ, երբ իր որկորը, այսինքն` որովայնի պարունակության ապահովումը դարձրել է նպատակ, ոչ թե լոկ միջոց ապրելու համար։ Այդ առիթով Պողոս առաքյալն ասում է. «Ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ հոգու. արդարև նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-5)։ Իսկ որովայնն աստվածացնելով` մարդը մոռանում է իր հոգու աստվածային ծագումն ու իր ցանկություններով հավասարվում է անբան անասուններին, որոնք դրա համար են ծնված։
ՈՒրեմն մարմնավոր խորհուրդներին տրվելով` մենք չենք կարող հաճելի լինել մեր Աստծուն, և նույնիսկ ավելին, դրանց տրվելով մինչև դժոխք կարող ենք իջնել, այդ պատճառով էլ անչափավոր ցանկություններին ամեն գնով հակառակվել է պետք, որն էլ հենց եկեղեցական պահքի բուն նպատակն է։ Ընդհանրապես եկեղեցական պահքի վերջնանպատակը ոչ թե մարմինը զրկելն է իր սիրած կերակուրներից, այլ մեր հոգու զորացումը։ Եվ քրիստոնեական կյանքի հաղթական ավարտի և հոգու հավիտենական փրկության հասնելու համար ամենակարևոր ժամանակաշրջանը քառասնօրյա զատկական պահքի օրերն են։
Որպեսզի մեր պահեցողության ջանքերն ընդամենը սովաբուժության դիետայի չվերածվեն, անհրաժեշտ է որոշ նրբություններ իմանալ ճշմարիտ պահեցողության մասին, որը քրիստոնյա մարդու ապաշխարության ամենակարևոր զենքերից մեկն է։ ՈՒ որպեսզի ճշտենք, թե արդյոք ճիշտ ենք ընթանում, օգտվենք հոգու ամենաճշգրիտ «կողմնացույցից»` Աստծո խոսքից, և այդ խոսքով ճշմարիտ պահքով սրբության հաղթանակի հասած սուրբ հայրերի խորհուրդներից։
Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց. «Բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը` Ադամն ու Եվան վտարվեցին այնտեղից: Բայց քանի որ Արարչի կողմից, Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, ուրեմն անհրաժեշտ է նորից պահեցողություն, բայց այս անգամ զղջումով և ապաշխարությամբ, ու մեղքի դեմ պատերազմելով: Մեզ համար պահեցողության օրինակ ցույց տվեցին աստվածաշնչային բոլոր ընտիր ծառաները, սկսած Մովսեսից, Դավիթ թագավորից, այնուհետև մնացած մարգարեները: Նաև պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը՝ Արտաշես թագավորի օրոք: Եվ վերջապես բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ քառասուն օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Այդ է պատճառը, որ մեր Հայ առաքելական եկեղեցին տարվա օրերից 158-ը հայտարարում է պահեցողությանը նվիրված, որոնցից ասացինք՝ ամենակարևորը զատկական պահքն է, որպեսզի ամեն մի քրիստոնյա պահքով ու ապաշխարությամբ քննի իր անձը և ուղղի իր հավատքի ընթացքը հոգու փրկության շավիղներով:
Որպեսզի մեր պահեցողության ընթացքը բարի և հաղթական ավարտ ունենա, օգտակար կլինի ծանոթանալ պահքի վերաբերյալ սուրբ հայրերի խրատներին, որոնք ճշմարիտ պահեցողությամբ հաղթող դուրս եկան բարի պատերազմից.
Գրիգոր Լուսավորիչ. «Միամտությամբ հնազանդվենք Աստծո բարերար կամքին և արգելենք չար կամքի բոլոր հորդորները, մտքերի զգայությունների չար ու դառը շարժումները, որը պահքի լրումն ու կատարումն է և հասցնում է Կյանքի դռներին»:
Բարսեղ Կեսարացի. «Զգուշացիր պահքը գնահատել լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, որ իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց»:
Հայր Պիեմն. «Ժուժկալությունը առողջության մայրն է, իսկ զեխությունը՝ տկարության»:
Անտոն Մեծ. «Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում է միտքը, չափի ու հակակշռի տակ պահում կրքերը, ցրում ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում ժուժկալություն և վաճառում ճշմարտության լույսը»:
Երանելի Հերոնիմոս. «Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից»:
Հովհան Մանդակունի. «Պահքը միայն կերակուր ուտել¬չուտելը չէ, այլև մեղքերի խափանումը»:
Վկայություն պահքի մասին. Եղբայրը հարցրեց Հայր Սիսոյին. «Եթե երեք բաժակ գինի խմեմ, արդյո՞ք շատ է»: Պատասխանեց ծերը. «Եթե սատանա չկա, ապա շատ չէ»:
Այս ամենի մասին առավել ըմբռնելի գրել է Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք Գալուստյանն իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում. «Պահքից անբաժան էր աղոթքը: Սուրբ գրքում, որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը»: Իսկ պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10. 2-3):
Երբ մտնում ենք Նոր կտակարանի ավելի լուսավոր շրջանը, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այստեղ:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար»:
Աստված պատասխանում է.
«Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:
Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին:
Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը:
Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները:
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը.
եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ.
մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:
Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը,
ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,
քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս
և չքավոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը,
քո խավարը կվերածվի միջօրեի:
Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի,
քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,
և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրաբեր պարտեզ,
որից ջուրը չի պակասի
(Հմմտ. Եսայի 58. 3-11)։

Սուրբ գրքից մեջբերված հատվածներից ու եկեղեցու հայրերի այս խրատներից կարող ենք այս վերջին եզրակացությունն անել. պահքը ոչ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլև սրտի և հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ մաքրվելու կենարար միջոց։
Տերը թող բոլորիս օգնի այս առաջիկա պահեցողության օրերին, մինչև Զատկի օրը, ճշմարիտ պահքով հաղորդ լինելու Հիսուս Քրիստոսի հաղթական հարությանը։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ