Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»

«Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»
11.02.2013 | 17:22

Պողոս Առաքյալն իր աշակերտ Տիմոթեոսին ուղղած երկրորդ նամակի 3-րդ գլխի 1-17 համարներում գրում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր… մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասէր…» (Բ. Տիմ. 3:1-4):

Այս խոսքերը կարդալուց հետո ակամա մտածում ենք, թե մենք իբրև մարդիկ ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը:
Քանի դեռ երիտասարդ ենք, ձգտում ենք կյանքը զգալ մեր ձևով, այսինքն` երազանքները իրականություն դարձնել. տքնաջան աշխատել, սիրել, սիրվել ու փորձել վայելել կյանքի բարիքները: Գլխապտույտ այս վազքի մեջ մենք ուզենք, թե չուզենք աճում ենք, ինչպես ասում են` հասակ ենք առնում և, երբ հասնում ենք մի տարիքի, ինքներս մեզ հարց ենք տալիս, թե` «ի՞նչ ենք արել ոչ միայն մեր ֆիզիկական մարմնի առողջության, այլ հատկապես` մեր հոգու հասունության համար»:
Հոգու նպատակը Քրիստոսին հասնելն է, որը հնարավոր է միայն հավատով ու աղոթքով: Քանի երիտասարդ ենք, ամեն ինչ անում ենք, որ մի բանի հասնենք. ոմանք հաջողություններ են ունենում և մեծ հարստություն են կուտակում, դառնում մեծահարուստ, ուրիշները գիտության մեջ են առաջ գնում, իսկ ոմանք էլ համեստորեն շարունակում են իրենց կյանքը` մշտապես փառք տալով Ամենակարող Աստծուն:
Նրանք, ովքեր միայն նյութական հարստություն էին կուտակել և դարձել մեծահարուստ, հասկանում են, որ միայն դրամով ոչ մի արդյունքի չեն հասել, գիտությամբ առաջ գնացողները հասկանում են, որ միմիայն գիտությամբ շատ բանի չես կարող հասնել: Իսկ նրանք, ովքեր գոհացել են իրենց վաստակով և միշտ Աստծուն փառք են տվել ու օգնել են իրենց նմաններին, ուրախ և գոհ են իրենց անցկացրած տարիների համար, որոնք լցրել են իմաստությամբ:
Այժմ ուզում եմ ընթերցողին ներկայացնել մի պատմություն, որը կոչվում է «Հալալ մարդը»։ Կարծում եմ` հետաքրքիր կլինի։
«Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել, և մի օր նա գնաց գետի եզրն ու տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդն առավ խնձորը, կերավ անոթի, ապա միտքն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր. գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջ.
-Ողորմի՛ր ինձ, և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել:
Եվ բուրաստանի տերն ասաց.
-Կեսը, որ իմն է, հալալ քեզ, իսկ կեսը եղբորս է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից` վեց օրվա ճանապարհ:
Եերիտասարդը ճանապարհ ընկավ, գտավ այգետիրոջ եղբորն ու ասաց.
-Կամ առ քո կես խնձորի գինը, կամ հալալ արա ինձ:
Եվ մարդն ասաց.
-Ոչ գինը կառնեմ և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որը ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու և ո՛չ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ:
Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկն ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջը հարցրեց.
-Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան:
Եվ նա պատասխանեց.
-Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկն արեգակի լույսը երդիկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար: (Վարդան Վարդապետ Այգեկցի, «Աղվեսագիրք», էջ 76)
Երբեմն մարդիկ ինձ հարց են տալիս, թե.
«Տեր Հայր, եթե գամ եկեղեցի, ի՞նչ կարող եմ ստանալ»: Ես էլ անկեղծորեն պատասխանում եմ. «Եկեղեցին քեզ պիտի տա հոգու հանգստություն և խաղաղություն, որը ոչ մի գումարով չես կարող գնել, իսկ դա կարծում ես քի՞չ է»:
Ձեզանից շատերն ապրել են Խորհրդային Միությունում, ես ևս: Դեռևս այդ տարիներից կարծես սովորություն էր դարձել կամ կարելի է ասել` ընդհանուր մտայնություն էր, թե եկեղեցի պիտի գնան միայն տարիքն առած մարդիկ: Անշուշտ սա սխալ մտածում է, երբեք էլ այդպես չի եղել: Պատանիները և երիտասարդները, ովքեր դեռևս հասունացման շրջանում են գտնվում, ոչ թե պիտի խուսափեն եկեղեցի գալուց, այլ ընդհակառակը, եթե ուզում են հեռու մնալ կյանքի բացասական և ողբերգական մոլություններից, հաճախ պիտի գան եկեղեցի, որպեսզի գտնեն այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն իրենց ճիշտ կառուցել կյանքը, ապրել ոչ թե ժամանակավոր մարդկանց հաճելի կյանքով, որի ավարտը հուսախաբությունն ու հուսահատությունն են, այլ աստվածահաճո կյանքով, որը նշանակում է, թե նրանք երկնային կյանքն ապրում են երկրի վրա:
Այժմ վկայակոչեմ Պողոս Առաքյալի խոսքերը. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը»: Եթե մարդիկ, առավելապես երիտասարդները, ավելի մոտ լինեն Աստծու տանը, աղոթքով ու հավատով անցկացնեն իրենց տարիները, հեռու կմնան անշնորհակալ, ծնողներին անհնազանդ, հայհոյող, անգութ, անմաքուր լինելուց և աստվածավախ ու բարի ժառանգներ կլինեն:
Դժբախտաբար տարբեր տարիքի շատ մարդիկ այսօր գալիս են եկեղեցի միայն Ծնունդից Ծնունդ կամ Զատիկից Զատիկ և կամ այն ժամանակ, երբ խնդիրների ու դժվարությունների մեջ են ու այլևս ճար չունեն, և վերջին հույսը եկեղեցին է կամ հոգևորականը: Եթե ժամանակին հասկանանք, ապա կյանքում մեր կորցրածը ոչ մի տեղ չենք կարող գտնել, բայց եկեղեցում կգտնենք ամենամեծ գանձը` «հոգու խաղաղությունը»: Հավատացեք, ամեն մարդ հոգու խաղաղության կարիքն ունի, որը մեզ կարող է տալ միայն Աստված: Եկեղեցի գալով դուք լսում եք Աստծու ձայնը, որը կանչում է ձեզ դեպի Իրեն: Աստված բնակվում է բոլոր նրանց սրտերում, ովքեր լսում են Նրա ձայնը, փնտրում Տիրոջը, ձգտում դեպի այն ամենը, ինչով ապրում է Եկեղեցին:
Երանի՜ այսպես լիներ, սակայն իրականությունն այլ է: Մեր օրերում հատկապես երիտասարդների համար դժվար է ապրել քրիստոնեական կյանքով, որը նշանակում է լողալ գետի հոսանքին հակառակ, որովհետև այսօրվա կյանքում բարեգործությունը, բարությունը, մեծահոգությունը, սերը, հասկացողությունը, ազնվությունը չասենք մոռացված, բայց մի կողմ թողնված կամ կարելի է ասել մերժված արժեքներ են: Յուրաքանչյուր մարդ, սակայն, պետք է գիտակցի, առավելապես երիտասարդները, որ եկեղեցին ժամանակավոր, կեղծ արժեքների մասին չի կարող քարոզել:
Հայաստանում և այստեղ ևս ես ականատես եմ եղել, որ մեր զավակները եկեղեցի են գալիս միայն մոմ վառելու համար, շատ քչերն են, որ մնում ու մասնակցում են Սուրբ Պատարագի արարողությանը: Ասում են, երկար է, չենք հասկանում: Սրանք դատարկ խոսքեր են: Ես կարող եմ շատ օրինակներ բերել դրա հակառակն ապացուցելու համար, բայց այսօր դրա ժամանակը չի: Պետք է հասկանանք ու գիտակցենք, որ Եկեղեցին այն հոգևոր տունն է, աղոթքի տունն է, որն օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեզ բոլորիս, մանավանդ օտար ափերում: Եկեղեցին չի ստիպում մեզ կտրվել աշխարհիկ կյանքից, կոչ չի անում ապրել միայնակ, անձը զրկել կյանքի վայելքներից ու չի վախեցնում դժոխքով և սատանայով, ինչպես անում են օտար ուսմունքի մոլորեցնողները, այլ ընդհակառակը, ուրախացնում է Քրիստոսի բերած բարի ավետիսով: Այն հորդորում է մեզ լինել երկրի աղը և աշխարհի լույսը (Մատթ. 5:13-14), ինչը նշանակում է ապրել այն բարձրագույն արժեքներով, որոնք մեզ ժառանգություն են թողել մեր Տերը և մեր սուրբ հայրերը:
Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղած իր երկրորդ նամակը վերջացնում է այս խոսքերով, որը հրաշալի օրինակ է բոլորիս համար, խոսքեր, որոնք երկու հազար տարի հետո էլ այժմեական են. «Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ վարմունքին, կամեցողությանը, սիրուն, համբերատարությանը և այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում. գիտե՞ս, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, բայց Տերն ինձ փրկեց այդ բոլորից: Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն: Իսկ չար ու խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան, իրենք մոլորված` պիտի մոլորեցնեն ուրիշներին: Բայց դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար, գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ. Տիմ. 3:10-15):
Հետևենք Պողոս Առաքյալի խրատներին և շարունակենք մեր կյանքը մշտապես հավատարիմ մնալով մեր սուրբ հայրերի ճշմարիտ հավատին, հավատ, որը երկու հազարամյակից ավելի է, ինչ դարձել է ամուր վահանն ու պաշտպանը մեր հայրենիքի և մեր ժողովրդի: Ամէն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ