«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»

«Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»
15.02.2013 | 00:07

«Ինչո՞ւ են կործանվում պետությունները». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ սեղանին դրվածը Ջեյմս Ռոբինսոնի գիրքն էր։ Քանի որ այն անծանոթ էր ինձ, իսկ ինքը նոր էր սկսել կարդալ, ձևական կլիներ հետաքրքրություն ցուցաբերելը։ ՈՒստի սկզբնական լռությունը խախտելու նպատակով ճեպազրույցի անցա։

-Չափից ավելի զբաղված լինելով, այնուամենայնիվ, ընթերցանության համար ժամանակ գտնում եք։
-Այո, առաջին նախասիրությունս գիրք կարդալն է։
-Հասցնում եք նաև երեխաների դաստիարակությա՞մբ զբաղվել։
-Ժամանակի սղության պատճառով, ինձ մոտ դա այլ կերպ է ստացվում, նայած պահի։ Գիտեք, պարտադիր չէ, որ մարդ երեխաների հետ լինի օրը 24 ժամ։ Կարևորն այն է, անկախ շփման գործակցից, որ ծնողը չկորցնի հետևողականությունը, ուղղորդի երեխային ճիշտ ընկալելու շրջապատը, սխալ ճանապարհով չգնա, և նրան թողնի կյանքից եկող պատգամ։
-Այնպես, ինչպես ժամանակին վարվել է Ձեր հա՞յրը։
-Այո։ Ես իմ փորձով եմ համոզվել դրանում ու մինչև հիմա սրբորեն կատարում եմ խոստումս։
-Մենք, անշուշտ, կանդրադառնանք դրան։ Իսկ մինչ այդ` միջանկյալ պարզաբանում. ի՞նչ ասել է հայրենասիրություն։
-Ապրել, արարել, երեխաներ մեծացնել այն հողի վրա, որը կոչվում է հայրենիք։
-Ո՞րն է երջանկության Ձեր մեկնաբանությունը։
-ՈՒրիշներին տեսնել երջանիկ։
-Կա՞, արդյոք, ներելի և աններելի դավաճանություն։
-Ոչ։ Դավաճանությունը մեկն է` դավաճանություն, լինի ընկերության մեջ, ընտանիքում, թե այլուր։
-Իսկ ե՞րբ եք զգացել սիրո զգացումը։
-Ո՞Ւմ հանդեպ։
-Ոչ հայրենիքի նկատմամբ, քանի որ ես տեղյակ եմ այդ մասին։
-Նկատի ունեք տիկնո՞ջս։
-Իհարկե։
-Երբ սիրտս սկսեց այլ կերպ բաբախել։
-Միայն մեկ անգա՞մ է այլ կերպ բաբախել։
-Այո։
-Թեթևակի կամ խաբուսիկ թրթիռներ չե՞ն եղել։
-Դպրոցական տարիներին շատերիս հետ ինչ-որ բաներ են լինում։ Իմ դեպքում դա անհամեմատելի է այն պահի հետ, երբ առաջին անգամ հանդիպեցի ապագա տիկնոջս, ու սիրտս սկսեց այլ կերպ աշխատել։
-Ահաաա՜, արդեն տեղ հասանք, պարոն Յիրիկյան։ Հիմա խոշորացնելով մեր զրույցը, թույլ տվեք նկատել, որ Ձեր կյանքում շատ բան է այլ կերպ եղել։ Օրինակ, առաջին անգամ ոտք դնելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում այնպիսի հիասթափություն եք ունեցել, որ պատրաստվել եք հետ վերադառնալու։
-Ոչ թե հիասթափություն, այլ շոկի մեջ էի։ Հայրենիքի մասին իմ ունեցած դասագրքային պատկերացումները և իրականությունն իրար հետ կապ չունեին, ահռելի տարբերություն կար։ Հիշում եմ` 2001-ի օգոստոսն էր։ Երևանում մի օր մնալուց հետո, հաջորդ առավոտյան մեկնեցի Արցախ, որտեղ, համաձայն ծրագրի, աշխատելու էի ընդամենը 6 ամիս։ Բայց այդ 180 օրը դարձավ 3,5-4 տարի։ Այնուհետև, 2004-ի վերջերին, եկա Երևան և արդեն 12 տարի է` զբաղված եմ իմ սիրած աշխատանքով. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը։ Ամենածանր և դժվարին ժամանակները 2004-ի հոկտեմբերից մինչև 2005-ի մայիսի սկիզբն էր, երբ գործի բերումով շաբաթը 2-3 անգամ գնում-գալիս էի Երևան-Ստեփանակերտ երթուղով։ Իսկ այդ ընթացքում հիասթափությունս սկսել էր նահանջ ապրել։ Ավելին, պոռթկում էի, երբ իմ շրջապատի մարդիկ, մտերիմ ընկերները, տեսադաշտում պահելով միայն վատը, պատեհ-անպատեհ առիթներով քննադատում էին աջ ու ձախ, առանց դեմք ու դիրքի նայելու։ Բայց ինչո՞ւ այդպես վարվել. եթե տեսնում ես սխալ բան և ունես հնարավորություն կամ իրավունք, աշխատիր ինքդ ուղղել։ Չես կարող, գոնե սովորեցրու, օգնիր բարի խորհրդով։ Դատարկ քննադատությամբ հարց չես լուծի, կխորացնես միայն փոսը։
-Ի՞նչը Ձեզ պահեց. բարձր աշխատավա՞րձը, հող-հայրենի՞ն, թե՞ մարդկային հարաբերությունները։
-Շատ պարզ ասեմ։ Մարդն ի՞նչ կցանկանա. որ ունենա լավ միջավայր, որտեղ ինքը ասի-խոսի իր մայրենի լեզվով, մտածի հայերեն։ Իմ ծննդավայրում ես նման հնարավորություն չեմ ունեցել։ Շրջապատը մի տեսակ խորթ էր։ Տարիներ շարունակ լսել եմ արաբերեն, երբեմն` ֆրանսերեն կամ անգլերեն։ Հայերենի նկատմամբ կարոտ ունեցել եմ երեխա ժամանակ, երիտասարդ տարիներիս։ Հենց այդ ժամանակներից էլ համոզմունք է ձևավորվել մեջս, որ երեխաներս պետք է մեծանան հարազատ միջավայրում, ինձ նման օտարված չզգան, քաղաքն իրենց տան նման լինի։ Լինի կանչող, ապահով և զմայլող։
-Փաստորեն, Ձեր խիղճը հիմա հանգիստ է։
-Միանշանակ։ Երեխաներս հաճախում են «Անանիա Շիրակացի» վարժարան. աղջիկս 8-րդ դասարանում է, տղաս` 3-րդ։ Ամուսիններով տանը խոսում ենք արևմտահայերեն, երեխաներս, բնականաբար, արևելահայերեն։ Իրարից սովորելու և միմյանց սովորեցնելու խնդիր ենք լուծում։ Մեկ-մեկ մեղմորեն բարկանում և ուղղում եմ, երբ փողոցից, բակից ոչ հայերեն բառեր են տուն բերում։ Խիղճս հանգիստ է, որովհետև վստահ եմ, որ երեխաներս ինձնից առաջ են անցնելու, կլինեն ավելի հայ և զորեղ` հայեցի ապրումներով։ Կուզեմ չմոռանան, որ ես իրենց տարիքում երկարատև պատերազմ եմ տեսել, վախի զգացումից, նկուղ իջնելուց և թաքնվելուց բացի, ամեն անգամ հարցականով նայել եմ ծնողներիս ձեռքերին. վաղը մեզ ինչպե՞ս են կերակրելու։ Փա՜ռք Աստծո, այսօր չկա նման խնդիր, բայց խաղաղության պահպանումը բոլորիս գործն է, առաջին հերթին մեր ներսում, ինքներս մեզ հետ, հետո մեզնից դուրս։
-Հավանաբար չկա ընտանիք, որտեղ ծնողներն էական դերակատարություն չունենան զավակների մասնագիտության ընտրության հարցում։
-Նման մտայնությունն իմը չէ։ Երեխաները մեծանում, հասունանում են և այդ ընթացքի մեջ փոխվում է նրանց մտածելակերպը։ Մեր խնդիրը` նրանց կողքին լինելն է, քաջալերելը, գուրգուրանքով, սիրով, հանդուրժելով ու ներումով դաստիարակելը։ Երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելը լուրջ և պատասխանատու գործ է։ Հենց որ դա եղավ ճիշտ և չափավոր, մնացածն ինքնին կստացվի` թե՛ մասնագիտության ընտրությունը, թե՛, առհասարակ, լավ մարդ դառնալը։
-Եթե օրերից մի օր Ձեր տղան հայտնվի օլիգարխիկ պատգամավոր դառնալու ընտրության առաջ կամ ցանկություն ունենա քաղաքականությամբ զբաղվելու, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը։
-Նախ` նմանատիպ որոշումներ կայացնել նշանակում է լինել հասունացած, կայացած մարդ։ Նման դեպքում, կարծում եմ, հարաբերվելու պրոբլեմ չի ծագի։ Ես ընդամենը կփորձեմ խրատել, ասելիքս հիմնավորել իմ անցած ճանապարհի օրինակով, հայրիկիս պատգամով, որ նա ինձ լսելի է դարձրել, երբ ես դեռ պատանի էի։
-Որ քաղաքականությունից հեռո՞ւ մնա։
-Այո։ Ասել է ինձ ու երկու եղբայրներիս։ Բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը. «Գործ չունեք, դա մեր մոլորակը չէ»։ ՈՒ մենք, եղբայրներով, չենք խախտել մեր խոստումը։ Պահը որ գա, ես պարտավոր եմ հիշեցնել զավակներիս` պահպանել մեր ընտանեկան ավանդույթը։ Կստացվի՞, թե՞ չի ստացվի, ժամանակը ցույց կտա։
-Կասե՞ք, թե ինչն է Ձեզ այդքան վանում։ Սովորաբար ասում են. «Եթե Դուք չզբաղվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզնով կզբաղվի»։ Հակաճառելու տեղ չեմ թողնի, եթե հիշեցնեմ, որ ժամանակին Ձեր անունը կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարծում եմ, չեք մոռացել նաև այն հրապարակումները, որտեղ դիտարկվում էր մերթ վարչապետ, մերթ էլ ՀՀ նախագահ Ռալֆ Յիրիկյանի խնդիրը։ Եթե առաջիկայում նման պահանջ զգացվի հանրության շրջանում, Դուք էլի՞ չեք շեղվի Ձեր խոստումից։
-Եթե ժողովրդի մտքի մեջ նման ցանկություն առաջանա, ես կխնդրեմ, որ դա տեղափոխվի նրա սրտի մեջ։ Ախր, էլի եմ ասում. ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ։ Ես կամ իմ պաշտոնում, իմ դիրքում, և ինչ անում եմ իմ փոքր ընտանիքի և իմ մեծ ընտանիքի` աշխատակազմի համար, իմ երկրում, անում եմ սիրով, բավարարված եմ, գոհ եմ և ուրախ կլինեմ, եթե կարողանամ ավելին անել իմ ժողովրդի համար։ Հետևապես, ի՞նչ կարիք կա, կամ բացատրեք, ո՞րն է քաղաքական դաշտ տեղափոխվելու անհրաժեշտությունը։
-Հիմնավորումս կանեմ` ելակետ ունենալով այն իրողությունը, որ, օրինակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարումն այլ կերպ կազմակերպելու արդյունքում կադրերի արտահոսք չկա, միջին աշխատավարձը կազմում է 380-400 հազար դրամ, իսկ աշխատողների միջին տարիքը 30-32 է։
-Ձեր բերած փաստերը ճիշտ են և այն ոլորտից են, որտեղ ես կամ։ Քաղաքականությունը հոգեհարազատ չէ ինձ, ինձնից դուրս է, ոչ մի տեսակի հետաքրքրություն չի առաջացնում։ Գուցե ես չե՞մ հասկանում։ Չի էլ առաջացնի, որովհետև ոչ ուզում եմ, ոչ էլ երբևէ հասկանալու ցանկություն կունենամ, առավել ևս` ուխտս դրժելու։ Յիրիկյան տոհմի համար կարևոր արժեքներից մեկը ավանդույթներին հավատարիմ մնալն է։
-Տարիներ առաջ, նեղ շրջապատում, խոսելով ավանդույթների մասին, ասել եք, որ ամեն մարդ չէ, որ կարող է ընտանիքի քավոր կարգվել։ Եկեք մինչև վերջ անկեղծ լինենք. ենթադրենք հանրապետության նախագահը, վարչապետը, թեկուզ Գագիկ Ծառուկյանը, ցանկանում են բարեկամանալ, լինել Ձեր երեխաների կնքահայրը կամ հարսանիքի քավորը...
-Նման բան չի կարող լինել, քանի որ մեզանում ընդունված է, որ քավոր պետք է լինի ամենահարազատ մարդը, ընտանիքի, օջախի ներսից։ Մեր դեպքում այդ անձը եղբայրս է։ Այս մոտեցումը, ավանդույթի պահպանումը ես ճիշտ եմ համարում։
-Քաղաքականությունից բացի, կա՞ մի բան, որ հավասարապես անընդունելի է Ձեզ համար։
-Բայց ինչո՞ւ մի բան, ոչ թե շատ բան։ Այդ ամենին ես վարժվել ու հանգիստ եմ վերաբերվում։ Ամեն դեպքում, մի օրինակ, անշուշտ, կբերեմ։ Չեմ սիրում, երբ որևէ փոքր, գրեթե աննկատ առիթ են ստեղծում, որ սեղան գցեն և արհեստական կենացներ խմեն, տեղին-անտեղի գովեն իրար։
-Դուք հրավերքների պակաս չունեք, բայց կռահե՞նք, որ բացակայությունների ռեկորդակիր եք։
-Կգտնվեն մարդիկ, որ ինձ կհասկանան կամ ինձ կքննադատեն։ Նորմալ է։ Իսկ ինձ համար աննորմալ է, երբ զանգահարում և ասում են. «Արի գնանք մի տեղ, քաղաքից դուրս, 2-3 ժամ հանգստանանք, հաց ուտենք...»։ Եվ առաջարկն անում են գործի մարդիկ, աշխատանքային օրով։ Իմ խիղճն ինձ կսպանի, եթե միանամ նրանց։ Ախր, այնքան աշխատելու, անելու բան կա կյանքում, մեր երկրում, որ ժամանակը ակնթարթ է։ Կորցրածը հետ չես բերի։
-Գաղտնիք չէ, որ Ձեր կենսակերպով շատ շատերից եք տարբերվում. փոքրիկ և անփոփոխ աշխատասենյակ, բայց նկատելի հնարավորություններ ունեցող Ռալֆ Յիրիկյանը, այնուամենայնիվ, ինչպիսի՞ հանգստի կողմնակից է։ Արտերկրի հյուրանոցային ճոխ համալիրները, ծովափնյա գոտիները, աֆրիկաներում որսորդությամբ զբաղվելը մի՞թե չեն ձգում։
-Ոչ, ոչ։ Այն, ինչ թվարկեցիք կամ խնայեցիք, առնչություն չունի նախասիրություններիս հետ։ Առհասարակ չեմ սիրում աղմկոտ վայրեր, պասիվ և բովանդակային հանգստի կողմնակից եմ։ Ազատ ժամանակս, իսկ դա քիչ է պատահում, նվիրում եմ ընտանիքիս, հիմնականում մեկնում ենք բնության գիրկ, հաճախ մեր օջախի հետ կապված հարազատ մարդկանցով։ Անցած շաբաթ Արցախում էինք։ Շուշի տանող ճանապարհին պատահաբար եղնիկ տեսանք ձագերի հետ։ Կանգնեցինք։ Վարորդս դառնալով ինձ ասաց. «Հարկավոր է քշել անտառի խորքը, քանի դեռ կրակոցներ չեն եղել»։
Կարծում եմ, նկատած կլինեք, որ ճոխությունների նկատմամբ հակվածություն չունեմ։ Նյութականը կարևոր ու ցանկալի է, նյութապաշտությունը` նողկալի։ Մարդն ունենալով, տեսնելով իր սկիզբը, անկարող է պատկերացնելու իր վերջնաժամկետը։ ՈՒստի, ամեն ոք իրենից հետո ի՞նչ ունի թողնելու, եթե ոչ լավ հուշեր և մնայուն գործեր։ Եթե այս փոքրիկ սենյակում ի վիճակի եմ իրացնելու իմ հնարավորությունները, ինչի՞ս է պետք մեծ տարածությունը։ Որքան պարզ, հասարակ և հասանելի, այնքան լավ։ Սա՛ է իմ մտածումը։
-Քաղաքականությունը, որսորդությունը Ձերը չեն։ Հասկացա։ Խնջույքներ, ճոխություններ, ձևամոլություններ չեք սիրում։ Դա էլ հասկացա։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ դեպքում ինչպե՞ս եք փոխհարաբերվում իշխանությունների հետ։ Արդյո՞ք տարաբնույթ առաջարկություններ չեք ստանում, Ձեզ չե՞ն դիմում խնդրանք-պարտադրանքներով, ասենք` պաշտպանեք այսինչի թեկնածությունը, սատարեք այս կամ այն կուսակցությանը։ Մերժելու դեպքում չի՞ փոխվում վերաբերմունքը։
-Փորձել են առաջարկություններ անել, զգալ սրտիս զարկը։ Խոսակցությունները կարճ են տևել։ Երևի հասկացել են իմ տեսակը ու հարգել շիտակությունս, որ նույն պահին արտահայտվել եմ, ասելով` չեմ կարող։ Կապի վերաբերյալ ինչ-որ պետք է` պատրաստ եմ։
-Եվ ամեն ինչ անցել է անհետևա՞նք։ Կներեք, բայց այնքան էլ հավատալու չէ, քանի որ Ձեզնից առաջ և հետո ու հիմա էլ ունենք օլիգարխներ, գործարարներ, որ մտածել, արտահայտվել են նույն կերպ, բայց մերժումից հետո լուրջ խնդիրներ են ունեցել։
-Չգիտեմ, երևի պետք է հարցնեք նրանց, ում նկատի ունեք։ Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ. քաղաքականությունից հեռու եմ կիլոմետրերով և մոտենալու, հասկանալու կարիք բացարձակ չունեմ։
-Մի տեղ հեռու եք, հազար տեղ մոտ։ Վերջինն է էականը։ Հանրապետությունում կգտնվի՞ մի մարզ, մի քաղաք, որտեղ ոտք չեք դրել, որտեղ չի երկարել Ձեր օգնող ձեռքը։
-Կան միայն գյուղական բնակավայրեր, որտեղ մեր ընկերությունը գործունեություն չի ծավալել, սակայն տեղյակ ենք տեղական խնդիրներին, ու այս տարվանից պատրաստ ենք իրականացնելու այնպիսի ծրագրեր, որ մարդկանց կենցաղ-տնտեսական մակարդակը մի քայլ առաջ տանենք։
-Ի տարբերություն ոմանց, Դուք մասշտաբային բարեգործություն եք կատարում ոլորտները մեկիկ-մեկիկ ուսումնասիրելուց, խնդիրների հաջորդականությունը համակարգելուց հետո` համաձայն սահմանված ժամանակացույցի։ Հնարավո՞ր է ամբողջացնել ծավալներն ու 12 տարվա ֆինանսական ծախսերը։
-Համաձայն չեմ Ձեր այն ձևակերպմանը, որ մենք բարեգործություն ենք կատարում։ Իմ պատկերացմամբ, դա ընդամենը պատասխանատվություն է։ Ընկերությունն ունի եկամուտներ, և ես, որպես գործատու, պարտավոր եմ ոչ միայն որոշակի մասը տրամադրել ընկերության անդամներին, որ իրենց լավ զգան, այլև մասհանումներ կատարել մեր առջև ծառացած կնճռոտ խնդիրները հարթելու համար։ Իսկ դրանք ամենուր են և նույնանման։ Կդժվարանամ ծավալների ամբողջացում կատարել, քանի որ, իսկապես, ծավալային են։ Գումարային առումով պատկերն անհամեմատ հստակ է։ 2005-ից մինչ այսօր ՎիվաՍել ՄՏՍ-ը կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում կատարել է շուրջ 50 մլն դոլարի ներդրում` Հայաստանով մեկ, Արցախում, քանի որ շուկան փոքր է. «Ղարաբաղ Տելեկոմի» 12 տարվա ներդրումները նկատելիորեն պակաս են, ընդամենը 9,5 մլն դոլար։ Մենք որդեգրել ենք այս մոտեցումը, ընտրել մեզ համար պատվաբեր աշխատաոճ, ուրեմն` շարունակելու ենք այն զարգացնել, օժանդակել մեր բազմահազար բաժանորդներին։
-Գազիֆիկացում, կրթական համակարգ, ջրագծերի անցկացում, բնակարանաշինություն, անհատական մոտեցումներ, փառատոների անցկացում, առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներ... Պակաս բան թողեցի՞։
-Թվարկելու կարիք չկա։ Մենք անում ենք մեզ համար, և սա բոլորս պիտի գիտակցենք ու մեկընդմիշտ իմանանք, որ մենք, իբրև ժողովուրդ, եթե մի բան ինքներս ենք ձեռնարկում մեր քրտինքով, մեր բազուկներով, մնայուն է, իսկ ինչ տրվում է մեզ, մենք այն կորցնում ենք։
Դառնալով ոլորտներին, առանձնացում չէի անի, որովհետև մեկը մյուսից կարևոր է, առաջնային։ Բայց, նկատի ունենալով ծախսային հատվածը, կասեի, որ առյուծի բաժինը մշակույթն է տանում, ինչը խորշելու տեղիք չի տալիս, քանի որ դա մեր ինքնության անբաժանելի մասն է։
-Իսկ ինձ թվում էր, թե առաջին պլանում առողջապահության համակարգն է։
-Եթե մեկ այլ ոլորտ նշեիք, էլի սխալված չէիք լինի։ Առողջապահությունն ուղղակի շատ նրբություններ և նույնչափ էլ խոցելիություն ունի, որի հետ, ուզես, թե չուզես, առնչվում ես հաճախակի։ ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մեզանում շատ երեխաներ ծնվում են որոշակի խնդիրներ ունենալով, և լիարժեք հետազոտության բացակայության պատճառով տխուր ավարտ են ունենում։ Ելնելով ստեղծված իրավիճակից, վերջերս սկսել ենք իրականացնել մի նոր ծրագիր, որի նպատակը երեխաների շրջանում մահացության ցուցանիշի նվազեցումն է։ Առաջին քայլը, որն արդեն ընթացքի մեջ է, հանրապետության բոլոր ծննդատներն ախտորոշիչ և ժամանակակից այլ սարքավորումներով վերազինելն է, բժշկական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպումը։
-Ի՞նչ եք կարծում, ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե հավաքվեիք գործարարներով, մեծահարուստներով և համատեղ ուժերով փորձեիք թեթևացնել լուրջ պրոբլեմները։
-Եղել են նման դեպքեր, ոգևորվողներ։ Բայց հենց որ հերթը հասել է ներդրումներին, սկիզբ են առել պատճառաբանություններ, տարաձայնություններ։ Պատճառը, դժբախտաբար, վստահության պակասն է. մեր մտածելակերպը դեռ պատրաստ չէ դրան, թեև կրթության ոլորտում կարծես միասնություն կա։ Խոսքս «Լույս» հիմնադրամի մասին է։
-Որքան գիտեմ, անցած տարի «Լույսի» ֆինանսական միջոցները նվազել էին ավելի քան 5 անգամ։ Այսինքն, Ձեր նկատած միասնությունը չի գործել, ինչի պատճառով արտերկրի համբավավոր բուհերում սովորելու հնարավորություն քչերին է բախտ վիճակվել։ Ի դեպ, «Լույսի» միակ հավատարիմը եղել ու մնացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
-Ստույգ տեղեկություն չունեմ. լավ չէ, որ այդպես է, և գիտե՞ք որն է խնդիրը։ Մարդ կա 11 %-ի շահույթի փոխարեն միանգամից ուզում է 13 % ստանալ, բայց 2 %-ը չի հատկացնում կրթական ծրագրերի իրականացմանը, որովհետև չունի անձնական օգուտ։ Ժամանակ է պետք, որ սերնդափոխությունն իր հետ բերի նաև մտածելակերպի փոփոխություն։


Զրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Հ. Գ.- The CSR ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարթին Նոյղեյթերը օրերս հաճելի լուր հաղորդեց. «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխարհում եզակի ընկերություններից է և միակն է ԱՊՀ երկրներում, որ ստացել է հաստատման վկայագիր` ISO 26000 ուղեցույցների հանձնարարություններն իրականացնելու վերաբերյալ»։

Դիտվել է՝ 5574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ