Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի բացառիկ դերակատարություն ունենալու Հայաստանի անկախության պատմության մեջ

Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի բացառիկ դերակատարություն ունենալու Հայաստանի անկախության պատմության մեջ
15.02.2013 | 00:18

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրության ելքը, կարծես, կանխորոշված է: Առաջադրված թեկնածուներից ոչ մեկն էլ ի զորու չեղավ մոտենալու նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին, և ամեն ինչ հուշում է, որ ընտրություններն ավարտվելու են առաջին փուլում` Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով: Այնուամենայնիվ, հայաստանյան քաղաքականության փորձագետներին ավելի շատ հետընտրական գործընթացներն ու վերադասավորումներն են հետաքրքրում, քան բուն ընտրական գործընթացը, որտեղ ամեն ինչ պարզ է: Նախագահ Սարգսյանի կառավարման երկրորդ շրջանը միայն առաջին հայացքից է թվում հարթ և սահուն, մինչդեռ Սերժ Սարգսյանի համար առկա են բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ, որոնք նախագահ Սարգսյանի թիմից օր առաջ որոշումներ կայացնելու, քաղաքական կամք դրսևորելու և արագ արձագանքման մոտեցումներ և լուծումներ են պահանջում: Բազմիցս է խոսվել այն մասին, որ 2013 թ. նախագահի ընտրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում գործող իշխանությանը լուծելու ոչ միայն լեգիտիմության վաղուց արդեն չարչրկված ու շահարկված հարցը, այլև մի քանի քայլով առաջ տանելու հանրապետությունը, հետագա սերունդներին թողնելով քաղաքական կայացած ավանդույթներ և ինստիտուտներ, բարեփոխված խաղի կանոններ և քիչ թե շատ հասարակական համերաշխություն ապահովող արդարության միջավայր:
Ներքին քաղաքականության բնագավառում նախագահ Սարգսյանի գլխավոր խնդիրը լինելու է 2008-2013 թվականների իր հիմնական մրցակիցների միավորման կանխարգելումը: Թե ՀԱԿ-ում, թե ԲՀԿ-ում այսօր տեղի են ունենում լուրջ խմորումներ, իսկ հետընտրական մեկ-երկու տարիներին դրանք շատ ավելի ակտիվ բնույթ են կրելու: Նախագահական ընտրությունները փաստացի բոյկոտած ԲՀԿ-ն չի կարող պահպանվել նման տեսքով, քանզի աննպատակ քաղաքական կազմակերպություններն ու անկանխատեսելի առաջնորդները, որպես կանոն, ձախողվում են, իսկ նման առաջնորդների հետևից չեն ցանկանում գնալ ոչ միայն զանգվածները, այլև քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տարբեր տրամաչափերի գործիչները: Սա է պատճառը, որ ԲՀԿ-ին սպասում է արագ կամ դանդաղ, բայց հաստատուն քաղաքական մահ, եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանն իր կողմնակիցներին նոր մարտավարություն չառաջարկի` ձևակերպելով հստակ նպատակներ ու քաղաքական խնդիրներ: Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանը, կարծես, ագրեսիվ տրամադրություններ չունի ԲՀԿ-ի հանդեպ, և չի բացառվում, որ հետընտրական փուլում նոր բանակցություններ սկսվեն, շնորհիվ ինչի էլ ԲՀԿ-ն իր հաստատուն տեղը կգտնի նախագահ Սարգսյանի իշխանության համակարգում, ստանալով այն, ինչ առաջարկվում է: Ամեն ինչ կախված է ԲՀԿ ղեկավարության դիրքորոշումից. կամ ԲՀԿ-ն ընդունում է առաջարկվող խաղի կանոնները, համակերպվում, որ շարքային քաղաքական կուսակցություն է, կամ էլ, չունենալով ընդվզելու պոտենցիալ, դանդաղ, բայց հաստատուն քայլերով հեռանում է հայաստանյան քաղաքական համակարգից:
2013-2018 թվականներին լուրջ անելիք ունի նաև ՀՅԴ-ն, որի ղեկավարության հարաբերությունները նախագահ Սարգսյանի հետ այդքան վատ չեն, սակայն կուսակցությունը տարեցտարի կորցնում է իր ընտրազանգվածը: Հայաստանում ՀՅԴ մայրամուտը կանխելու համար դաշնակցական ղեկավարությունը ստիպված է լինելու ՀՀԿ-ի հետ համագործակցության նոր ձևաչափեր փնտրել, կամ էլ դիմել հեղափոխական մարտավարությանը: Սակայն Հայաստանում ՀՅԴ գործունեության վերջին տասնամյակի պատմությունն ապացուցել է, որ հայաստանյան դաշնակցականները հեղափոխական գործունեության ոչ ցանկություն ունեն, ոչ էլ պոտենցիալ: ՈՒստի ՀՅԴ ղեկավարությունն առաջիկա հինգ տարում պետք է փորձի հնարավորինս մոտ կանգնել իշխանությանը և պահպանել ընտրազանգվածը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այստեղ իրադրությունը, իրոք, շատ բարդ է:

Երբեմնի արմատական ընդդիմությունն այսօր այն աստիճանի է բզկտվել ու բարոյալքվել, որ ԱԺ հինգ հոգուց բաղկացած ՀԱԿ խմբակցության անդամներն են բացահայտ պայքարում միմյանց դեմ, իսկ քիչ թե շատ կշիռ ունեցող կուսակցություններն արդեն իսկ հեռացել են ՀԱԿ-ից` քաղաքական կուսակցությունների և անհատ գործիչների երբեմնի միավորումը թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ֆավորիտի համբավ ունեցող Լևոն Զուրաբյանին: Տեր-Պետրոսյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Լևոն Զուրաբյանը: Իսկ թե այս դեպքում ինչպիսի վարքագիծ կդրսևորեն ՀՀՇ-ն և ավանդաբար Տեր-Պետրոսյանի քաղաքական հենասյունը հանդիսացող այլ կազմակերպություններ, ցույց կտա միայն ժամանակը: Սակայն ընդդիմադիր ճամբարում առաջատար դիրքերը վերականգնելու ցանկացած տեսակի գործունեություն ենթակա է բացահայտ ձախողման, քանզի հասարակությունը և նախկին ՀԱԿ շարքերն այն աստիճանի են հիասթափված, որ այլևս չեն գնա Տեր-Պետրոսյանի և նրա ֆավորիտների հետևից:
Առաջիկա հինգ տարիները Սերժ Սարգսյանի համար դյուրին չեն լինելու նաև արտաքին քաղաքականության մասով: Մերձավոր Արևելքում ծավալված աշխարհաքաղաքական իրադարձությունները ցանկացած պահի կարող են տեղափոխվել նաև Հարավկովկասյան տարածաշրջան: ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի շահերը խաչվում են նաև Հարավային Կովկասում, որտեղ առկա են սառեցված հակամարտություններ, և մեծ են նոր պատերազմների վտանգները: Միամտություն է կարծելը, թե այս տարածաշրջանում շահեր ունեցող տերությունները չեն սադրի նոր պատերազմներ, հատկապես երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ սպառազինություն է ձեռք բերել և ակնհայտորեն պատերազմելու առիթ է փնտրում: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին նախագահ Սարգսյանը կշարունակի ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը թե երկկողմանի, թե ՀԱՊԿ շրջանակներում, ինչը ադրբեջանցիներին արկածախնդրությունից հետ պահելու միակ երաշխիքն է: Պետք է նշել նաև, որ Սերժ Սարգսյանը 2008-2013 թվականներին աննախադեպ սերտ հարաբերություններ է հաստատել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ինչը լրջագույն խնդիրների լուծման երաշխիքներից է, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևորագույն գործոններից մեկը: Իհարկե, բարդ է աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ կանխատեսումներ անելը, սակայն մի բան պարզ է. Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը` թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ կառուցելով գործընկերային այնպիսի հարաբերություններ, որոնց առանցքում մեր ժողովրդի անվտանգությունն է: Կասկածից վեր է, որ այս քաղաքականությունը շարունակվելու է 2013-2018 թվականներին:
Ինչևէ, նախագահ Սարգսյանի կառավարման հաջորդ հինգ տարիներից սպասումները մեծ են: Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի բացառիկ դերակատարություն ունենալու Հայաստանի անկախության պատմության մեջ` լուծելով տնտեսական մենաշնորհների վերացման, արդարության մթնոլորտի ստեղծման և մի շարք այլ կարևորագույն խնդիրներ: Մեզ մնում է հուսալ և սպասել...


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ