Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ՈՒզում եմ, որ լռության օրը մեր ընտրողներն օգտագործեն մտորելու և իմաստավորելու համար»

«ՈՒզում եմ, որ լռության օրը մեր ընտրողներն օգտագործեն մտորելու և  իմաստավորելու համար»
15.02.2013 | 00:33

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով` նախագահական այս և նախորդ ընտրությունների ընտրարշավային փուլերը տարբե՞ր էին:
-Նախ` շնորհավորում եմ բոլորիս` ընտրարշավի ավարտի առիթով: Կարծում եմ` բոլորը համոզվեցին, որ մեզանում հավակնությունների պակաս չկա. մարդիկ, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում և իրենց կյանքում որևէ օգտակար քայլ չեն արել մեր պետության ու ժողովրդի համար, հանկարծ կարող են իրենց երևակայել ՀՀ նախագահի թեկնածու:
-Շատ կտրուկ չե՞ք Ձեր գնահատականներում:
-Բնականաբար, խոսքը նախագահի բոլոր թեկնածուներին չի վերաբերում, սակայն նախագահի որոշ, այսպես կոչված, թեկնածուների ի հայտ գալը վստահաբար մեկ խնդիր ուներ` վարկաբեկել գործընթացը: «Կասկածելի ծագման» որոշ թեկնածուների բոլոր քայլերում ակնհայտ էր լրջության պակասը, նրանք գործնականում ոչ ասելիք ունեին, ոչ անելիք, ինչը և փայլուն ապացուցեցին` նույնիսկ նախընտրական ծրագիր չկազմելով ու հանդիպումներ չունենալով: Դա փորձ էր անլրջացնելու համապետական ընտրությունները: Ամեն պատահական թեկնածու իրեն իրավունք չպիտի վերապահի հավակնելու ՀՀ նախագահի պաշտոնին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ թեկնածու գրանցված պատվեր կատարողներն ընդամենը խամաճիկ էին որոշակի քաղաքական խմբի, որոշակի քաղաքական գործչի կամ «աբիժնիկի» ձեռքին: Դիմակներն արագ բացվեցին, և պարզ երևաց` ով ով է, ով ումով է: Բայց կան սահմաններ, որ չի կարելի անցնել, երբ խոսքը երկրին է վերաբերում, ոմանք դա չհասկացան և արժանին ստացան:
-Օրենսդրությունը հստակ սահմաններ դնում է:
-Այդ սահմանները օրենսդրության մեջ չկան ու չեն կարող լինել, այդ սահմանները մարդու ներսում պիտի լինեն: Գուցե հենց մարդկանց ներսում արգելակների բացակայության պատկերը տեսանք քարոզարշավում` խիստ կասկածելի ծագումով, խիստ կասկածելի հոգեբանական վիճակներում մեզ ներկայացող թեկնածուներ, ովքեր փորձեցին աղավաղել նախընտրական քարոզարշավը: Ինչ-որ պահի իրենց թվաց, թե հաջողության էլ հասան, բայց, ի պատիվ ավելի ծանրակշիռ թեկնածուների, համարձակորեն ասում եմ` ի պատիվ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, որ ամբողջ քարոզարշավում ամենաբարձր մակարդակի վրա պահեց նշաձողը, իր ելույթներով, իր պահվածքով, նախագահական ընտրությունների քարոզարշավն անցավ բնականոն հունով, և մի քանի դուրսպրծուկների չհաջողվեց աղավաղել այն կարևոր իրադարձությունը, որը կենսական է ցանկացած երկրի համար, իսկ մեր դեպքում գերկենսական ու գերկարևոր է` նկատի ունենալով տարածաշրջանային, արտաքին քաղաքական խնդիրները:
-Կարծո՞ւմ եք, որ ընտրողն ընտրարշավում ստացավ կողմնորոշմանն անհրաժեշտ տեղեկատվությունը:
-Ովքեր ասելիք ունեին` ասացին, ովքեր չունեին` փորձեցին իրենց անվան շուրջ շինծու աղմուկ ստեղծելով` վարկանիշի վրա ազդել: Ես ուզում եմ, որ լռության օրը մեր ընտրողներն օգտագործեն մտորելու և իմաստավորելու համար, թե դեպի ո՞ւր են ուզում, որ մեր երկիրը գնա: Եթե ընտրողն ուզում է, որ երկիրն առաջ գնա, և ոչ թե որոշ աբիժնիկների առաջարկած ճանապարհով գնա դեպի ճահիճ, եթե ընտրողը սթափ է գնահատում այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուրեմն ճիշտ ընտրություն է կատարելու: Սին խոստումներ տալը դժվար չէ, միմյանց գանակոծելը` ևս, բայց արդյո՞ք դա է այն ճանապարհը, որը մեզ պետք է: Լրջանալու և սթափվելու ժամանակն է: Փետրվարի 18-ին ընտրողը ճիշտ ու անկողմնակալ ընտրություն պիտի կատարի` հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե այս կամ այն անձի:
-Նույն հաստատակամությամբ կարո՞ղ եք ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ հինգ տարիներին կարող է լուծել այն խնդիրները, որ ինքն է բարձրացնում` նկատի ունենալով օբյեկտիվորեն առկա մեծ դիմադրությունն ու դժվարությունները:
-Ձեզ արդա՞ր է թվում, որ ամբողջ երկրի հոգսը, բոլոր խնդիրների լուծումը պահանջում ենք մեկ մարդուց, անգամ եթե այդ մեկ մարդը երկրի նախագահն է: Այդ խնդիրները պետք է լուծենք բոլորս միասին` ինձնից սկսած ձեզնով վերջացրած:
-Համաձայն եմ, եթե ունենանք համարժեք լծակներ:
-Մի շահարկեք լծակների խնդիրը, որ իրականում շատ հարաբերական հասկացություն է: Եթե ես սիրում եմ իմ երկիրը, իմ ամենօրյա աշխատանքով փորձում եմ ավելին անել ինձնից պահանջվածից, և բացարձակ պարտադիր չէ, որ ունենամ ՀՀ նախագահի պորտֆելը թևիս տակ: Եթե յուրաքանչյուր քաղաքացի այդպես մտածի, եթե առաջնորդվի ոչ թե պահանջողի, սպառողի հոգեբանությամբ, եթե մտածի, որ ինքն էլ այս երկրի մասն է, շատ կարևոր մասը, ոչ թե ճամպրուկները կապի ու հեռուներից երազի տունդարձի մասին, ոչ թե սպասի, թե այս ու այն պատվիրատուն ինչ հանձնարարություն կտա ու ինչքան կվճարի, այդ ժամանակ խնդիրները կլուծվեն: Ես ավելի քան համոզված եմ, որ փետրվարի 18-ից հետո հետագա տարիներին շատ ավելի լավ Հայաստանում ենք ապրելու և շատ ավելի արագ կգնանք դեպի այդ Հայաստանը, եթե մեզնից յուրաքանչյուրն այդպես մտածի: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ամենայն մանրամասնությամբ, քայլ առ քայլ նշված են այն կոնկրետ գործողությունները, որոնք տանում են ավելի լավ, ավելի ապահով Հայաստան, և այդ խոստումները առավել քան իրատեսական են: Բոլորս տեսանք, որ նախագահի որոշ թեկնածուներ կամ ծրագիր չունեն, կան անիրականանալի և երևակայությանը զարկ տալով ինչ-որ խոստումներ են տալիս: Չի կարելի խաբել հասարակությանը: Հասարակությունը կուշտ է ճռճռան խոստումներից, կեղծ ժպիտներից: Քարոզարշավի ընթացքում հասարակությունը պարզ տեսավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագիրը միակ իրատեսականն է, որտեղ բոլոր նախաձեռնություններն ամրագրված են թվերով, որտեղ բոլոր նախաձեռնությունների թիկունքում դրանք կատարելու քաղաքական կամք ու հաստատակամություն կա:
-Հետընտրական քաղաքական դաշտում փոփոխությունների իր հայտը ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ ՀԱԿ-ը վերածվում է կուսակցության: Դա ընդդիմադիր դաշտում նորից առաջնորդ դառնալո՞ւ հայտ է, թե՞ հերթական ձախողված փորձն է դառնալու:
-Ընդդիմադիր դաշտ, որպես այդպիսին, այսօր ես չեմ տեսնում: Այդ դաշտի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները ցաքուցրիվ են եղել, և այսօր, դասական իմաստով, ընդդիմադիր դաշտ չունենք: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մտադրությունը փրփուրներից կառչելով փրկվելու փորձ է: Եթե այդ կուսակցությունը ստեղծվի, ընդամենը մեկ խնդիր է լուծվելու` մի քանիսը ապահովվելու են հասարակական գործունեության երաշխիքով: Ոչ ավելին:
-Դա՞ է այսօրվա կենսական խնդիրը:
-ՀԱԿ-ի համար` կարծես, այո: Թեպետ այդ քայլը բնավ ազնիվ չէ այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր դեռ չեն հեռացել ՀԱԿ-ից, և, քաղաքական արժանապատվությունը պահպանելով` «գեղեցիկ չեն համարում» խորտակվող նավից հեռանալը:
-Դա արժանապատվությո՞ւն է, թե՞ մենակ նավարկության անկարողություն, որ կանխում է ՀԱԿ-ի իսպառ կազմաքանդումը:
-Հիմա էլ ես եմ ուզում հարցնել` շատ կտրուկ չե՞ք Ձեր գնահատումներում: Ի վերջո, ՀԱԿ-ը վաղուց է կազմաքանդվել: Քաղաքագիտական հաշվարկներով ու խորհրդարանական ընտրություններից շատ առաջ: Բոլորիս աչքի առաջ, ու ամենալավը դա իմացել են հենց ՀԱԿ-ում: ՀԱԿ-ը վաղուց գոյություն չունի, և այդ կառույցի ներսում ու շուրջբոլորը տեղի ունեցող գործընթացները քաղաքականության իմիտացիաներ են: ՀԱԿ-ի բրենդը քաղաքական դաշտում պահելու փորձը ոչ մի տեղ չի տանելու` դաշտում ևս մեկ կուսակցության հավելումը զրոյական ազդեցություն է ունենալու: Շատ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ՀԱԿ-ի դեռ անդամ կուսակցությունների նկատմամբ: Այդ կուսակցությունների ղեկավարների արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը դա է վկայում:
-Ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր հետընտրական քաղաքական դաշտում` և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ այլընտրանքոտ, նկատի ունեմ ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը:
-Եկեք ԲՀԿ-ն հանգիստ թողնենք, քաղաքական այդ ուժն իր ներսում այնքան խնդիրներ ունի` պիտի պարզի` ով է, ինչ է ուզում, ուր է գնում, և քանի դեռ այդ խնդիրները չի լուծել, ճիշտ չէ քննարկել, թե ինչ կանի ու ինչ չի անի ԲՀԿ-ն: Ակնհայտորեն վերաձևավորվելու խնդիր ունի ընդդիմադիր դաշտը, բացառված չէ, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ականատես կլինենք նոր քաղաքական միավորումների ծնունդի, այսօրվա ընդդիմադիր դաշտից գրեթե ոչինչ չի մնա: Հրապարակ կգան ավելի կիրթ, մտքով ու հոգով երիտասարդ, քաղաքական նոր մտածողություն ունեցող քաղաքական ուժեր` և ընդդիմադիր, և իշխանական դաշտերում: Կարծում եմ` ապագան նրանցն է, և բոլոր հին քաղաքական ուժերն ու գործիչները, ի վերջո, պետք է համակերպվեն այդ իրողության հետ. կյանքում ամեն ինչ փոփոխվում է, և անցյալին փոխարինելու է գալիս ապագան:
-2013-ի նախագահական ընտրություններում 2018-ի թեկնածու տեսնո՞ւմ եք:
-Հիշո՞ւմ եք, 2012-ի խորհրդարանական ընտրությունների մասին դեռ ընտրություններից շատ առաջ ասում էին, որ այդ ընտրությունները նախագահականի առաջին արարն են, և նախագահականում կհաղթի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած ուժը: Փետրվարի 18-ից հետո համոզված եմ, որ այդ փաստի արձանագրումն ենք տեսնելու: Թե մինչև 2018 թ. ինչ ջրեր կհոսեն, դժվարանում եմ ասել, չեմ ուզում այդ պատմական պատասխանատվությունը ստանձնել: Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտին թարմություն է պետք, նոր ուժեր, և շատ լավ կլինի, որ այդ ուժերը տեսնենք արդեն 2017-ի խորհրդարանական ու 2018-ի նախագահական ընտրություններում:
-Այսինքն` բացառո՞ւմ եք երկրորդ նախագահի վերադարձը:
-Բացառողը ես չեմ, իրականությունն է, չեմ կարծում, որ Հայաստանն այն երկիրն է, որ 10 տարվա բացակայությունից հետո ընդունի նրան: Նախկին նախագահները պիտի քաղաքական ու մարդկային իրատեսություն ունենան ցանկալին իրականի տեղ չընդունելու և շնորհակալ լինեն Աստծուն, որ իրենց բախտ է վիճակվել ՀՀ նախագահ լինելու:
-Փետրվարի 19-ին ի՞նչ եք անելու:
-Օրը շատ խորհրդանշական է` Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է, նաև միմյանց գիրք նվիրելու օրը: Կարծում եմ` լավ առիթ կունենամ իմ մտերիմներին գրքեր նվիրելու և, հույս ունեմ, նաև ստանալու: Իսկ նախագահական ընտրությունների արդյունքներին դույզն-ինչ չեմ կասկածում, հաղթանակը կտոնենք, երբ ԿԸՀ-ն հրապարակի վերջնական արդյունքները, կտոնենք միասնական, և դա կլինի լրջմիտ, երկրի հոգսերով ապրող ու ապագայի հանդեպ պատասխանատվության իր չափաբաժինն արժանապատվորեն ստանձնող հասարակության հաղթանակը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ