Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այլընտրանքայինների այլընտրանքը

Այլընտրանքայինների այլընտրանքը
15.02.2013 | 12:03

Ընտրությունների գնա՞լ, թե՞ չգնալ, քվեարկե՞լ, թե՞ չքվեարկել, ձայն տալ թեկնածուներից մեկի՞ն, թե՞ քվեաթերթիկի վրա գրել «դեմ եմ բոլորին», որպեսզի այն անվավեր ճանաչվի. սրանք հարցեր են, որ իրենք իրենց համար առաջ են քաշել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ու մինչև հիմա քաղաքական վարքագծի հստակեցման խնդիրը չեն կարողանում վերջնականապես լուծել։ Երեկ մի բան էին ասում, այսօր այլ կարծիքի են, վաղը...

Եվ որպեսզի ջրից գոնե կիսաչոր դուրս գան, ՀԱԿ-ը որոշել է սկսել նոր էջից` ընդդիմադիր կոալիցիայի կազմաքանդումից անցնել կուսակցական շինարարության։ Ի տարբերություն ստեղծվող լևոնական նոր թիմի, դաշնակցության ներսում նշմարելի են կարծիքների ընդհանուր հայտարարի գալը, ինչը չես ասի «Բարգավաճ Հայաստանի» պարագայում։
ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան բախտորոշիչ այցից շատ չանցած հայտարարեց, որ նախագահական ընտրություններին հանդես չի գալու սեփական թեկնածուով, ուստի չի սատարելու առաջադրվողներից և ոչ մեկին։ Սակայն արդեն փաստ է, որ օր օրի ի հայտ են գալիս բարգավաճներ, որոնք բացահայտ կամ ծածուկ արժեզրկում են «Մեր խոսքը գործ է» ծառուկյանական կարգախոսը։ Թեև ճշմարտության դեմ չմեղանչելու համար հիշեցնենք, որ անցանկալի գործընթացի հիմքը ԲՀԿ-ի առաջնորդն ինքն է դրել` երկար ժամանակ երիցուկի թերթիկների հետ խաղ խաղալով` մասնակցեմ-չմասնակցեմ, մասնակցեմ-չմասնակցեմ...
Անորոշությունը, իսկ այնուհետև խոսքի և գործի անհամընկնելիությունը շատերին մտածելու տեղիք տվեցին, ինչը, ինքնըստինքյան, հանգեցնելու էր նրան, որ առանձին ինքնիշխանիկներ բացակայելու էին ոչ միայն «հաջորդ դասից», այլև հաջորդող «դասերից» ևս։ Ժամանակավո՞ր, թե՞ մշտապես։ Ժամանակավորի դեպքում ձև չկա. գործելու է գնացած-հետ եկածի տարբերակը, իսկ ՀՀԿ-ի ճամբարում կիսաարևոտ անկյուն գտնելը որոշման փուլում է` կախված թե՛ համոզիչ աղերսներից, թե՛ տան տիրոջ հանդուրժողականությունից։
Կհանդուրժի՞ արդյոք Ծառուկյանը նախ` ինքն իրեն, հետո` մյուսներին, ժամանակը ցույց կտա։ Այսօր արդեն ակնհայտ է` Գյումրիի, Սիսիանի, Արտաշատի, քաղաքային և գյուղական այլ համայնքների ԲՀԿ-ական ղեկավարները պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Փսսացող փուչիկի տպավորություն են թողնում այն մեկնաբանությունները, թե իբր դա անհատների անձնական դիքորոշումն է։ Ոչինչ չես ասի. քաղաքականությունը կնոջ նման է, որքան փորձառու, այնքան հեշտ շփումներ։
Վերջերս «Մեր խոսքը գործ է» կարգախոսը երկրորդ անգամ գլխիվայր շրջեց հենց ինքը` Գագիկ Ծառուկյանը, երբ ԱԺ 5-րդ գումարման գարնանային անդրանիկ նիստին գրանցեց իր ակնթարթային ներկայությունը և ՀՀԿ խմբակցության ղեկավարի ականջաշշնջոցից հետո, նրա ուղեկցությամբ, րոպեներ անց լքեց դահլիճը։ Ո՞վ էր ասել` արի, և ո՞վ հորդորել` գնա, մնաց առեղծված։ Միակ ասողը ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էր, որն իմ հետաքրքրությունը բավարարեց հակիրճ նախադասությամբ. «Ես նրան դուրս չեմ հրավիրել, բան ունեի ասելու, ասացի»։
Քառօրյայի ընթացքում այդպես էլ ոչինչ չպարզվեց։ Իսկ «Մեր խոսքը գործ է» շարքից ՌՈՍՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ի՞նչ կարող էր ասել կուսակից այն ընկերների մասին, ովքեր ջանադրաբար աշխատում են գործող նախագահի օգտին։
-Դա նրանց անձնական գործն է, ես ո՞նց կարող եմ ասել, թե խի են սատարում, կամ խի` չէ։ Ես ունեմ կուսակցության ղեկավար, ինքը ինչ որոշում կայացնի, ես նրա կողքին կլինեմ։
-Մոռացե՞լ եք Գագիկ Ծառուկյանի 2012-ի տարեվերջյան հայտարարությունը։
-Եթե կայացրել է որոշում, ես խնդիր չունեմ։
-Հիշեցնե՞մ։
-Չի խանգարի։
-ԲՀԿ-ն չի սատարելու ոչ մի թեկնածուի։ Հետևապես, Դուք ընտրության գնալո՞ւ եք։
-Ես դրսում գործեր ունեմ։ Էդ ժամանակ երևի թե հանրապետությունում չլինեմ, չմասնակցեմ։
-Եթե լինեի՞ք։
-Ընտրությունը գաղտնի ա։
-Չեմ հարցնում` ում օգտին եք քվեարկելու։ Ասում եմ` մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։
-Ո՞նց չեմ մասնակցի, կգնամ, անպայման կգնամ (ինքնագոհ, երկարատև ծիծաղ)։
Այստեղ են ասել` խնդա՞ս, թե՞ լաս, մանավանդ որ այլընտրանքայինների` «մասնակցեմ-չմասնակցեմ» ոչ թիմային խաղը վաղուց կորցրել է հետաքրքրությունը և թևակոխել ավարտական փուլ։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ