Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար

Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար
15.02.2013 | 11:43

Գրիգոր Տաթևացին (1346-1410) համարվում է մեր Եկեղեցու ներկայիս վարդապետական կարգի հայրն ու հիմնադիրը:
Հայ մեծանուն հայրապետներն ու վարդապետներն առհասարակ ազնվական ծագում են ունեցել, իսկ Գրիգոր Տաթևացին գալիս է ժողովրդի ցածր խավից: Հայրը` Սարգիսը, արհեստավոր էր: Գաղթելով Վանա լճի մոտ գտնվող Արճեշ քաղաքից, հաստատվել էր Վայոց ձորում և ամուսնացել փարպեցի բարեպաշտ մի գեղջուկ կնոջ հետ: Նրանց դուստրերն ապրում էին, իսկ արու զավակները ծնվելիս մահանում էին: Մի օր երազում Գրիգոր Լուսավորիչ հայրապետը երևում է մորը և առկայծող լապտեր տալիս ու ասում. «Մի որդի պիտի ունենաս, որն այս առկայծող լապտերը կբոցավառի»: 1346 թ. ծնվում է Գրիգորը:
Շատ վաղ հասակից նրա մեջ նկատվում է բացառիկ հակում դեպի ուսումը, ուստի որոշակի նախակրթություն ստանալուց հետո 14 տարեկանում տարվում է Սյունյաց աշխարհում գործող Հայոց համալսարանը և աշակերտում սբ. Հովհան Որոտնեցուն: 25 տարեկանում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տաճարում ստանում է կուսակրոն քահանայի կարգ: 2-3 տարի հետո ստանում է վարդապետության, իսկ 40 տարեկանում` ծայրագույն վարդապետության աստիճան: Հովհան Որոտնեցու մահից հետո ողջ միաբանության հավանությամբ հաջորդում է նրան և գրեթե ողջ կյանքն անցկացնում Տաթևի վանքում: Միայն վերջին 1-2 տարիների ապրում է հայրական ծննդավայր Արճեշի շրջանի Մեծոփա վանքում: Այստեղ փորձում է վերացնել Աղթամարի կաթողիկոսության վրա դրված բանադրանքը, սակայն տեղի Դավիթ կաթողիկոսից մերժվում է ու վերադառնում Տաթևի վանք: Մեկ շաբաթ հետո` դեկտեմբերի 25-ին, Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, ավանդում է իր մաքուր հոգին առ Աստված` ասելով. «Ժամանակը եկել է, որ մեռնեմ և գնամ դեպի իմ միջնորդը` Սբ. Գրիգոր Լուսավորիչը»:
«Հայսմավուրքը» հետևյալ նկարագրությունն է տալիս նրա արտաքին տեսքին. «Դեմքը լուսավոր էր, բարձրահասակ էր և այնքան գեղեցիկ ու շնորհալի, որ աշակերտներն իրենց վարդապետին նմանեցնում էին նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Հույժ պահեցող էր և սիրող սրբության և անտանելի ճգնություններով զարմացնում էր երկնային հրեշտակներին: Ամենայն հայոց վարդապետը` սբ. Գրիգորը, ամբողջությամբ լցված էր Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներով: Իր ամբողջ կյանքի ընթացքում անվախ կերպով քարոզում էր Ավետարանը նույնիսկ մահմեդականների մեջ: Ցույց տալով նրանց կրոնի սուտ լինելը` շատերին դարձի էր բերում ու մկրտում Սուրբ Երրորդության անունով: Եվ ոչ ոք, նույնիսկ իշխանները չէին համարձակվում նրան ձեռք տալ, որովհետև հայտնապես տեսնում էին այն սքանչելի հրաշքները, որ Աստված կատարում էր նրա միջոցով. ձեռքը դնելով հիվանդներին՝ բժշկում էր, տեսակ-տեսակ ցավագարություններ Ավետարանի ընթերցումով նույն պահին վերացնում, դևերին հալածում»:
Սբ. Գրիգոր Տաթևացու մատուռ-դամբարանի վրա նրա վաստակը բնորոշող հիասքանչ որակումներ են արձանագրված. «Երիցս երանեալ, եօթնալոյս րաբունապետ, երկրորդ Ոսկեբերան, չորրորդ Լուսավորիչ»: Երիցս երանյալ, այսինքն` Ավետարանի երանիների մեջ ամբողջապես ներգրավված և Սուրբ Երրորդության ուղղափառ դավանությամբ երանյալ սբ. Գրիգոր: Յոթնալույս րաբունապետ Սուրբ Հոգու շնորհների. յուրաքանչյուր քրիստոնյա մկրտությամբ Սբ. Հոգու շնորհների լույսն է ընդունում իր հոգում, իսկ սբ. Գրիգորը ստացած շնորհների այդ լույսը իր սուր մտքով, իր սրբասեր սրտով ու բոցավառ հոգով այնքան էր զարգացրել ու պայծառացրել, որ այն դարձել էր յոթնարփյան շնորհներով լեցուն, արեգակի նման ճառագայթ արձակող աստվածային լույս: Այնքան հզոր ու պայծառ էր սբ. Գրիգորի մտքի և հոգու լույսը, որ մինչ օրս լուսավորում և ջերմացնում է մեր սրտերը: Երկրորդ Ոսկեբերան, այսինքն` ոսկի խոսքերով ճշտված, սուրբ շղթաներ ունեցող մարդ, ինչպիսին էր Ընդհանրական Եկեղեցու սրբերից Հովհան Ոսկեբերանը (4-րդ դար): Եսայու մարգարեության մեջ հրեշտակը, երկնային խորանից կրակն ունելիով վերցնելով, մոտեցնում է մարգարեի շրթունքներին, սրբում դրանք ու օժտում ոսկյա, աստվածային խոսքերով: Սբ. Գրիգորն էլ իր մեծ ճգնություններով, իր անցյալ աղոթքներով մերձեցավ աստվածային անիմանալի կրակին և ոսկեղեն քարոզներ ու խոսքեր ավանդեց:
Մեր ազգն ունեցել է տարբեր «լուսավորիչներ». սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալները եղել են ճշմարիտ հավատի լույսը բերողները, սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը՝ այդ լույսը հայոց ազգի մեջ տարածողը, սբ. Սահակ Պարթևը և սբ. Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց գրերի և Սուրբ գրքի լույսը սփռողները, իսկ սբ. Գրիգոր Տաթևացին՝ Հայ Եկեղեցու ուղղափառ դավանանքի և ճշմարիտ վարդապետության հաստատագրողն ու ամբողջացնողը:
Ավանդությունը պատմում է, որ վարդապետները կանգնում էին Տաթևավանքի Սուրբ Երրորդության անվան գավազանասյան մոտ և քարոզում: Եթե քարոզն աստվածային ու ճշմարիտ էր լինում, ապա գավազանասյունը ճոճվում էր: Ասում են, որ սբ. Գրիգոր Տաթևացու քարոզների ժամանակ գավազանը մշտապես ճոճվում էր` ի նշան դրանց ճշմարտացիության:
Սբ. Գրիգորի վերջին ցանկությունն է եղել, որ իր մարմինն ամփոփեն եկեղեցու մուտքի առջև` ի նշան խոնարհության, որպես թե՝ հող էի և մարդկանց ոտքի կոխան հող դարձա: Սակայն հետագայում` 1787 թ., կառուցվում է նրա մատուռ-դամբարանը, և սրբի շիրիմն արդեն մեզ համար դարձել է աղոթատեղի: Մենք այլևս չենք համարձակվում նրա շիրիմը տրորել, այլ ծնկում ենք ու աղոթքներով սրբի բարեխոսությունը խնդրում՝ իբրև Հայ Եկեղեցու մեզ մերձավորագույն տոնելի սուրբ և Աստծու առջև մեծ համարձակություն ունեցող բարեխոս` պատրաստ այսօր էլ մեզ համար աստվածահաճո խնդրանքների համար միջնորդելու Ամենասուրբ Երրորդության առջև:
Հայրենի հողում պահ դրված սբ. Գրիգորի նշխարները մեր ոտքերի համար հաստատուն հիմք են, երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար իբրև մի լուսատու աստղ է ուրախարար, նրա բարի ու քաղցր վարդապետությունը մեր ականջների համար սաղմոսարանի քնարի անուշ ձայն է: Թող հայոց յոթնալույս րաբունապետ սբ. Գրիգոր Տաթևացու բարեխոսությունը լինի իր հիշատակը տոնողների վրա։ Ամեն:


Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վանահայր Տաթևի վանքի

Դիտվել է՝ 5302

Մեկնաբանություններ

©â€“ÂĽĂÅÂ�ƒ»1337880926/1422040721">Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո