«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ընտրակաշառքը բացառված է»

«Ընտրակաշառքը բացառված է»
19.02.2013 | 00:48

Նախագահի ընտրություններին առնչվող խախտումներն ընդդիմադիրները համարում են աղաղակող, իսկ իշխանությունը` «ոչ էական»: Երեկվա մի քանի ընտրախախտումների առնչությամբ մեզ հետ զրույցում մեկնաբանություններ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
-Շատ խոսվեց մարզերից մայրաքաղաք ընտրողներ տեղափոխելու և կրկնակի քվեարկություն կազմակերպելու դեպքերի մասին: Որպես մարզային «համակարգող», նման խնդիր Ձեզ մոտ եղե՞լ է:
-Դրանք նախապես հաստատված, լրացուցիչ ցուցակներ են: Օրենքը թույլ է տալիս, որ քաղաքացին, ըստ իր գտնվելու վայրի, հնարավորություն ունենա ընտրություն անելու, որպեսզի իր ընտրական իրավունքը չխախտվի: Չեմ կարծում, որ սա խախտման համար հիմքեր է ստեղծում: Այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Լոռու մարզում ինքս անձամբ մեկ-երկու հրապարակում եմ տեսել, զանգել, հետաքրքրվել եմ, պարզվել է` թյուրիմացություն է եղել: «Ժառանգության» վստահված անձը չի իմացել, որ գյուղապետը Սերժ Սարգսյանի վստահված անձն է և համարել է, որ նա քարոզչություն է արել, այնինչ նա իր պարտականությունն է կատարել: Պարզաբանումից հետո հարթվել է ամեն ինչ:
-Բացառո՞ւմ եք միկրոավտոբուսներով մայրաքաղաք տեղափոխված «ընտրակեղծարարների» փաստը:
-Այո, երկրորդեմ. կրկնակի քվեարկություն չի եղել, դա օրենքի պահանջով իրականացված քվեարկություն է: Եթե մի տեղ քվեարկություն արել ես, քո անունը մեկ այլ ցուցակում չի կարող լինել:
-Տեղեկություններ եղան նաև այն մասին, որ ՀՀԿ-ն մարզերում, մասնավորապես Տավուշում, 5000 դրամ է բաժանում և 25 կգ ալյուր:
-Իմ հոբբին որսորդությունն է, ու երբ համեմատություններ եմ անցկացնում, հասկանում եմ, որ սուտ են խոսում ավելի շատ ընտրական գործընթացներում, քան որսի ժամանակ: Այդպիսի տեղեկություններ տարածում են այն քաղաքական ուժերը, մարդիկ, որոնք որևէ կերպ ընտրություններին մասնակցություն չունեցան: Եթե նրանց նպատակը միայն ընտրական գործընթացը հարամելը չէր, ու նման մտահոգություններ ունեին, պետք է առաջադրվեին ու տեղերում իրենց վերահսկողությունն իրականացնեին: Ընտրակաշառքը բացառված է, որովհետև դրա շարժառիթ գոյություն չունի: Այդ հայտարարությունները հուսահատված մարդկանց քայլեր են, քանի որ տեսնում են, որ ՀՀԿ-ն ի վիճակի է անցկացնելու նորմալ, օրենքի տառին համահունչ ընտրություններ: Ինքս Սպիտակի մեր շտաբում եմ եղել ու որևէ խախտում չեմ արձանագրել:
-Այս ընտրությունները նաև առանձնացան անվավեր քվեաթերթիկներով, որոնց վրա քաղաքացիները գրել էին իրենց նախընտրած թեկնածուի անունը, Սերժ Սարգսյանի նախընտրական արտահայտություններից և այլն:
-Դա նորմալ է: Ի հեճուկս մի շարք քաղաքական գործիչների պնդումների, որ մրցակցություն, հետաքրքրություն չկա, պիտի փաստեմ, որ բավականին մեծ էր մասնակցությունը: Այդ գրառումները փաստում են, որ մեր խոսքը տեղ է հասել: Թեկուզ անվավեր է քվեաթերթիկը, բայց մարդն ընտրատեղամաս է գնացել ու Սերժ Սարգսյանի խոսքերից ինչ-որ բան է գրում: Էական չէ, լավ թե վատ առումով, միևնույն է, իր վերաբերմունքն է արտահայտել ընտրական գործընթացների նկատմամբ:
-Արձանագրված խախտումներն ընտրական հետագա գործընթացների վրա որակապես կազդե՞ն:
-Մեր թիմը շատ լավ հասկանում է, որ մեր երկրի ապագան արդար, օրինակելի ընտրական գործընթացների մեջ է, այսինքն` նախընտրական քարոզչություն, բուն ընտրություններ, հետընտրական զարգացումներ: Նախընտրականում ականատես եղանք, որ ոչ միայն ամեն ինչ լավ է, այլև շատ լավ, բոլորի համար ստեղծված էին հավասար պայմաններ: Թեկնածուներից ոչ մեկը չարձանագրեց, որ իր նախընտրական քարոզարշավը ինչ-որ կերպ խոչընդոտվել է: Ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի էական խախտում, արտառոց երևույթներ չեն արձանագրվել: Ընդամենը բամբասանքի մակարդակի խոսակցություններ են, որոնք հիմք չունեն: Անձամբ ահազանգի հետևից գնացել եմ և «արջի ծառայություն» մատուցողներին պատժել: Իսկ հետընտրական շրջանում կցանկանայի, որ ընդդիմադիրները սոսկ քննադատություններով հանդես չգային, պիտի փորձել նոր ընտրական մշակույթ ձևավորել, երբ պարտվողներն արժանապատվորեն կընդունեն պարտությունն ու կշնորհավորեն հաղթողին:
-Ի դեպ, ասում են, Սերժ Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ում պատրաստվում են ճոխ նշելու: Այդպե՞ս է:
-ՀՀԿ-ն միշտ աշխատանքի ժամանակ աշխատել է, քեֆ անելու ժամանակ` քեֆ արել, տխրության ժամանակ` տխրել: Այս դեպքն էլ բացառություն չէ: Մենք կազմակերպեցինք ու անցկացրինք լավ ընտրություններ ու դա անպայման նշելու ենք: Դրա իրավունքը ունենք: Մեր հաղթանակը, որը բոլորինս է, նշելու ենք ճոխ, որը սեղանի պարունակությանը չի վերաբերում, այլ ի սրտե, լիաթոք ուրախանալուն: Ոչ միայն ՀՀԿ-ն, մեր ժողովուրդը պետք է ուրախանա, որովհետև այս ընտրություններով է պայմանավորված մեր երկրի ապագան:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ