Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ո՛չ դիտորդներին, ո՛չ Պողոսին, ո՛չ Պետրոսին»

«Ո՛չ դիտորդներին,  ո՛չ Պողոսին, ո՛չ Պետրոսին»
19.02.2013 | 00:56

Երեկ ողջ օրվա ընթացքում ամենաշատ ընտրախախտումների դեպքեր արձանագրել էին Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները։ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։


-ՀՀԿ-ականներն այս ընտրություններում էական, արտառոց ոչ մի խախտում չեն արձանագրել, մինչդեռ դուք պարբերաբար տարբեր խախտումների մասին հաղորդումներ եք տալիս։
-Որոշ խախտումներ ուղղակի համակարգային, համատարած բնույթի են։ Ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվում բոլոր մարզերում։
-Խոսենք ավելի կոնկրետ։ Ի՞նչ ընտրակաշառքների մասին է խոսքը։
-Գյուղերից մարդիկ զանգում են ու ասում, որ 5000 դրամ են բաժանում գյուղապետերը, սրանք, նրանք։ Պարզ է, որ այդ մարդիկ խուսափում են բացահայտ իրենց անունները հրապարակելուց։ Սակայն սա չի նշանակում, որ այդ փաստերը ստույգ չեն, ուղղակի չեն ցանկանում ընտրություններից հետո թշնամանալ այդ գյուղապետերի, նրանց ընտանիքների անդամների, գերդաստանի հետ։ Առանց այն էլ նրանք գյուղում մեծամասնություն են կազմում, ու մարդիկ չեն ուզում խնդիրներ ունենալ։ Համատարած ահազանգեր կան ընտրությունների նախորդ մի քանի օրերին և այսօր, որ բաժանվում է ընտրակաշառք։ Ես շրջել եմ Նոր Նորքի ընտրատեղամասերով ու բացահայտ տեսել, թե ինչպես տարեց կանայք մտնում են ՀՀԿ շտաբ և անմիջապես գնում քվեարկության։ Տեսել եմ, թե ինչպես ընտրատեղամասերում խմբված են 5-10 թաղային հեղինակություններ, որոնք ուղղակիորեն ուղղորդում են ընտրողներին։ Տեղամասերից մեկում էլ նկատել եմ, թե ինչպես «մարդկային» ուղեկցումներ կային (հավանաբար այս անգամ իմ բողոքները` կապված երթուղայիններով մարդկանց տեղափոխելու հետ, տեղ էին հասել)։ Նույն մարդը մի քանի անգամ երևացել է տարբեր ընտրողների հետ, այսինքն` ընտրողին բերում է, ինքը կանգնում է մի կողմ ու սպասում մինչև դուրս գա։ Այլ խոսքով, ազատ ընտրություն չեղավ։
-Ձեր արձանագրած խախտումները կարո՞ղ են էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների ու հետընտրական զարգացումների վրա։
-Հաշվի առնելով Ավանի ընտրությունները, ես հույս չունեմ, որ մեր իրավական համակարգը ճիշտ գնահատական կտա այս փաստերին։ Այս անգամ էլ ոչ մի ակնկալիք չունեմ, որ այս խախտումները, ընտրությունների արդյունքների վրա ազդելու առումով, «էական» կհամարեն։ Ինչպե՞ս կարող ենք խոսել ընտրությունների հանդեպ վստահության մասին, եթե ոստիկանությունը, ԿԸՀ-ն քեզ զրկել են դրանք վերահսկելու բոլոր հնարավորություններից։
-Ի դեպ, մի հնարավորություն Սերժ Սարգսյանը տվել էր։ Առաջնորդվելով ԸՕ-ի 59-րդ հոդվածով, նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը ՀՀԿ-ն զիջել էր ձեր թեկնածուին և Հրանտ Բագրատյանին։
-Ես տեղյակ չեմ այդ հայտարարությանը։
-Ի՞նչ է հետևելու ընտրություններին։ Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ քայլերի է դիմելու։
-Չեմ կարող ասել, որովհետև նախ դա թեկնածուի որոշելիքն է։ Հետո պետք է դեռ ընտրախախտումներն ի մի բերել և գնահատականներ տալ։
-Ի միջի այլոց, միջազգային դիտորդները բավականին գոհ էին, և կարելի է ակնկալել, որ այս անգամ էլ կհայտարարեն, թե ընտրական այս գործընթացը «մեկ քայլ առաջ էր»։
-Իսկ ո՞ր ընտրություններից էին դժգոհ, կարո՞ղ եք հիշեցնել։
-Այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունեք եվրոպաներից ու Արևմուտքից։
-Իմ ակնկալիքը սեփական պայքարին հավատալն է։ Ո՛չ դիտորդներին, ո՛չ Պողոսին, ո՛չ Պետրոսին։


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ