ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»

«Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»
22.02.2013 | 00:18

Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «Իրատես de facto» ակումբում նշեց, որ իշխանության խոստումները չիրականացան, և 2013-ի ՀՀ նախագահի ընտրությունները որակապես չդարձան մեր իրականության ամենալավ և ամենապայծառ ընտրությունները: Ըստ Սուրեն Սուրենյանցի` կիրառվեցին այն բոլոր ընտրակեղծիքները, որոնց մենք ծանոթ էինք նախորդ ընտրություններից: Նա ուշադրություն հրավիրեց ադմինիստրատիվ ռեսուրսի սարսափելի չարաշահումների վրա, որը ոչ մի քաղաքակիրթ երկրում տեղ չունի: Քաղաքագետն ասաց, որ ինքը չի ընտրել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընտրել է բավականին համեստ քվեներ ստացած Հրանտ Բագրատյանին, ուստի իր գնահատականները չեն բխում քաղաքական համակրություններից:
«Սխալ դուրս եկան այն ուժերը, որոնք բոյկոտեցին ընտրությունները, ասելով, որ ընտրողները չեն մասնակցի այս ընտրություններին: Երեկ ընտրողները գոռում էին «Լևոն նախագահ», այսօր գոռում են «Րաֆֆի նախագահ»: Այնպես որ, ով չմասնակցեց այս ընտրություններին, նա տուժեց»,- ասաց քաղաքագետը: Երրորդ դիտարկումը, որն արեց Սուրենյանցը, այն էր, որ իշխանությունը կատարյալ ֆիասկո ապրեց: Պատճառը, ըստ Սուրենյանցի, այն է, որ մեծ քաղաքներում իշխանության թեկնածուն պարտություն է կրել, իսկ ընտրությունների արդյունքները սովորաբար կեղծվում են գյուղական համայնքներում, որտեղ ընտրողն ավելի մեծ կախում ունի գյուղապետերից: Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Սերժ Սարգսյանը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ պետք է փորձի բարեփոխումներ իրականացնել, կամ շարունակի կախում ունենալ օլիգարխներից, և այդ ամենը կերևա առաջիկա ամիսներին: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, ըստ Սուրենյանցի, եթե նա վարվի նախորդ ընդդիմադիր առաջնորդների նման, ապա կկորցնի վստահությունը, ուստի կա՛մ պետք է երկխոսության գնա իշխանության հետ և ընդդիմության ստացած քվեները տեղափոխի ինստիտուցիոնալ դաշտ, կա՛մ, քաղաքական մի քանի պահանջներ առաջ քաշելով, տեր կանգնի իր ստացած քվեներին: Սուրենյանցի գնահատմամբ` իշխանությունը չէր սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան շատ քվեներ կստանա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից էլ չի սպասում արմատական քայլեր, օրինակ, որ նա իրեն կհայտարարի երկրի նախագահ:
«Հիմա իշխանությունը որոշակի իմաստով փողոցում ընկած է: Դժբախտաբար, Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ փողոցում ընկած իշխանությունը որևէ մեկը չի կարողանում վերցնել: Հավատացած եղեք, որ այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին` ասաց Սուրեն Սուրենյանցը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած պատկառելի թվով քվեները նա պայմանավորում է վերջինիս անցկացրած արևմտյան տիպի քարոզարշավով: Քաղաքագետը նկատեց նաև, որ մեր հանրության համար պարզունակ ընտրարշավն ավելի ընկալելի է, քան լուրջ քաղաքական և տնտեսական ծրագիր ներկայացնելը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ