Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բեռի ծանրությունը ամբողջությամբ նորից մեր ուսերին կմնա»

«Բեռի  ծանրությունը ամբողջությամբ նորից մեր  ուսերին կմնա»
22.02.2013 | 00:35

Հետընտրական զարգացումների հիմնական ինտրիգն առայժմ պտտվում է երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ այն հարցին, թե իշխանության համար սպասելի՞ էր, որ Հովհաննիսյանն այսպիսի արդյունք կարձանագրի, պատասխանեց. «Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր էլ մտածում, որ այդքան ձայներ ունի»:

-Երբ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել,- շարունակեց պարոն Սահակյանը,-սակավաթիվ ձայներ հավաքեց: Եթե այսօր կարծում է, որ անարդար են եղել ընտրությունները, ու չի շնորհավորում իրական հաղթողին, համենայն դեպս, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, մասամբ ԲՀԿ-ի ընտրազանգվածին արժե, որ շնորհակալություն հայտնի:
-Փաստորեն, Դուք անուղղակիորեն ակնարկում եք, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն իրենց ընտրազանգվածին ուղղորդել են քվեարկելու հօգուտ Հովհաննիսյանի՞:
-Չեն ուղղորդել, պարզապես մեր երկրում կան սոցիալական խնդիրներ ունեցող անձինք, որոնք իրենց ձայնը տվել են այլընտրանքային թեկնածուի, դա կարող էր լինել էպոսագետը կամ մեկ այլ թեկնածու:
-Ասել է՝ Հովհաննիսյանի անձը տվյալ պարագայում էական չէ՞:
-Ոչ: Կարծում եմ, որ մեր առաջիկա ծրագրերը պետք է միտված լինեն հենց այդ խավի խնդիրների լուծմանը: Պատահական չէ, որ ողջ քարոզարշավի ընթացքում մենք չասացինք՝ 100 տոկոսով աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև երկիրը, պետությունը, ազգը տեսնում ենք շարունակական գործընթացի, հավերժության մեջ: «Ապահով Հայաստան» նշանակում է անվտանգ երկիր, ուժեղ բանակ, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների լուծում: Եվ ամենակարևորը. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր թիկունքում պիտի ունենա պետություն, որպեսզի անորոշության մեջ չապրի: Ինձ համար ընդունելի չէ «հաղթողներ և պարտվողներ» ձևակերպումը, սակայն մենք ունեցել ենք բոլոր չափանիշներին համահունչ ընտրություններ, հետևապես այս պահին կարող ենք ասել հաղթանակ՝ հաղթել է հասարակությունը:
-Տարբեր խոսակցություններ կան, որ ընդդիմության «հաղթանակը» մասամբ ապահովել է նաև ՀՀԿ-ի հայտնի գործիչներից մեկը:
-Բոլոր տեղերում էլ դավաճաններ կլինեն: Այս ընտրություններում սա այդքան էլ էական չէ, որովհետև հիմնական գործող թիմը՝ ՀՀԿ-ն ու նրան սատարող ուժերը, մեկ խնդիր էին լուծում. ոչ թե անընդհատ հաղթանակների հասնել, այլև ժողովրդին անկաշկանդ հնարավորություն տալ մասնակցելու ընտրություններին: Սկսած 90-ականներից` սա առաջին ընտրությունն էր, երբ ձևեր թափողներ, արջի ծառայություն մատուցողներ չեղան: ՀՀԿ-ն ունի իր մշտական համակիր զանգվածը, և եթե Սերժ Սարգսյանը հաղթեց իր ընտրազանգվածով, ընդդիմությունն էլ հաղթեց՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Ընդդիմության ձայնին մենք միշտ էլ ականջալուր ենք:
-Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, թե, ի դեմս Հովհաննիսյանի, հաղթեց «արևմտյան պրոյեկտը»: Եթե այս ամենին ավելացնում ենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին, մինչ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, առաջինը շնորհավորեց ՌԴ նախագահը, կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում:
-Ընտրությունների արդյունավետությունն այնպիսին էր, որ հաղթեց հայկական մոդելը: Ժողովուրդը և իշխանությունները հասկացան, որ մեր ձեռքով պիտի հաղթանակներ գրանցենք: Իհարկե, տարբեր շահերի գործում, սակայն հաղթեց հայ հասարակությունը, ոչ թե «միջամտությունը»:
-Այսօր ընդդիմությունն իշխանությունից պահանջում է վերադարձնել իր հաղթանակը: Ո՞րն է լինելու ձեր պատասխանը:
-Միշտ էլ այդպես է, պետք է լինի իշխանություն և ընդդիմություն: Սա ժողովրդավարական մոդել է, որն էլ հետագա զարգացում է ապահովում: Սա հնոտի մոտեցում է. ով պարտվում է, մտածում է` քաջագործություն է կատարել և ընտրություններից առաջ ու հետո մշտապես խոսում է կեղծիքների մասին: Որևէ դիտորդ, վստահված անձ ոչ մի բողոք չի հայտնել: Միշտ էլ կարելի է ասել, որ նորից ընտրակաշառք, լցոնումներ են եղել, բայց փաստեր չկան: Սա, կարծում եմ, ժողովրդի վրա որևէ ազդեցություն չի ունենա: Մեկ-երկու օր երազային նկատառումներով կապրեն, իսկ հետո Հովհաննիսյանը իր, ժողովուրդն էլ իր ճանապարհով կգնան: Իսկ խնդիրների ծանրությունն ամբողջությամբ նորից մեր ուսերին կմնա: Մենք էլ այնպես պիտի անենք, որ լարվածություններ, բևեռացումներ չլինեն:
-Փաստորեն, ընտրությունը, մասնավորապես գրանցված արդյունքները ՀՀԿ-ին «դա՞ս» եղան:
-Յուրաքանչյուր ընտրություն միշտ էլ դաս է, որպեսզի ապագայում ճիշտ միջոցներով իրավիճակը շտկվի: Այսօր արդեն ապագա կառավարության կազմն է քննարկվում, այսինքն, ովքեր պիտի լինեն առաջընթացի դերակատարները:
-Այդ վերադասավորումների մեջ մտնում է նաև Հովհաննիսյանին «պաշտոն» առաջարկե՞լը:
-Համեստության պարկուճը պայթեց, երբ Հովհաննիսյանը վերջնագիր ներկայացրեց: Նախագահը միշտ էլ պատրաստ է ցանկացած առաջարկություն ցանկացած ուժի հետ քննարկելու, բայց դա պիտի լինի քաղաքակիրթ եղանակով: Եթե Հովհաննիսյանն իր բարեպաշտությամբ առաջարկի հանդիպում, նախագահը կհանդիպի: Վերջնագիրը ծիծաղելի է: Հաղթող թեկնածուն, որը մասնակցել է անկախ Հայաստանի կերտման ողջ պատմությանը, չպետք է մտնի այդ շահարկումների մեջ:
-Ո՞Ւր մնաց ձեր հանդուրժողականությունը:
-Հանդուրժողականությունը պատշաճության մեջ է: Բայց ժողովրդի մոտ դիմակավորված սքողել, թե այնքան հզոր են, որ հիմա կգան իր երազած ճանապարհով, ոսկե թիկնոցը կգցեն իր ուսերին, ընդունելի չէ մեզ համար:
-Այսուհանդերձ, քաղաքական ի՞նչ զարգացումների ականատես կլինենք:
-Կարծում եմ՝ կառուցողական ընդդիմության անհրաժեշտությունը կա, և այդպիսի դաշտ էլ կա: Իշխանությունն էլ իր վրա պարտավորություն կվերցնի, որ դաշտում իսկապես կառուցողական ընդդիմություն լինի: Մեզ համար էլ դժվար է՝ հա՛մ ֆիլտրի դեր տանել (կառուցողական ընդդիմության սխալները հանրության առջև մշտապես ֆիլտրել), հա՛մ էլ աշխատել:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ