Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե իսկապես այդպիսի բան արած լինեի, նույն օրն իսկ կհանեի փարաջաս և այլևս չէի ծառայի որպես քահանա»

«Եթե իսկապես այդպիսի բան արած լինեի, նույն օրն իսկ կհանեի փարաջաս և այլևս չէի ծառայի որպես քահանա»
22.02.2013 | 12:50

Ռուսաստանում դժբախտ պատահարի զոհ է դառնում մի ողջ ընտանիք` չորս հոգի։ Աճյունները փոխադրվում են հայրենիք: Հարազատների ցանկությամբ ողբերգության զոհերի հոգեհանգիստն անցկացվում է Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցում: ՈՒ սկիզբ են առնում բամբասանքներ. այն է` յուրաքանչյուր հանգուցյալի դիմաց եկեղեցու ավագ քահանան պահանջել է 150000 դրամ, իմա` ընդհանուր թիվը ստացվել է 600000 դրամ։ Ըստ շրջանառվող լուրերի, երկարատև սակարկությունից հետո իբր կանգ են առել 400000-ի վրա։
Հանգուցյալների` լուն ուղտ դարձնող բարեկամներից մեկի ակտիվ ջանքերով այս բամբասանքը տեղ գտավ «Իրատես de facto»-ի էջերում, և հարուցեց (ինչը բնական է) տեր Բարսեղի դժգոհությունը։ Հանգուցյալների` խմբագրություն այցելած հարազատները ևս ժխտեցին թերթում հրապարակված փաստերը։ Այս թյուրիմացությունն էլ առիթ դարձավ անկեղծ զրույցի հրավիրելու Սբ. Գևորգ եկեղեցու ավագ քահանա տեր ԲԱՐՍԵՂ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ։ Նա մեծահոգաբար համաձայնեց պատասխանելու մեր մի շարք հարցերին: Մինչ հարցազրույցը ներկայացնելը նշենք, որ «Իրատես de facto»-ն հայցում է տեր Բարսեղի ներողամտությունը թերթի էջերում տեղ գտած ապատեղեկատվության համար։

-Կատարվածն արտառոց էր` մի ընտանիքից չորս հանգուցյալ,- փաստեց տեր Բարսեղը:- Սովորաբար, երբ մեզ դիմում են հանգուցյալին եկեղեցում դնելու համար, ասում ենք, որ կարող եք վճարել ձեր հնարավորության սահմաններում, այնքան, որքան ինքներդ եք նախատեսել: Իսկ եթե տվյալ հանգուցյալի հարազատները բացատրում են, որ ի զորու չեն վճարելու, ապա ամեն ինչ արվում է անվճար։ Նշեմ, որ հաճախ է այդպես պատահում: Այլ կերպ չի էլ կարող լինել. ի՞նչ անես, մարդիկ հայտնվել են դժվար վիճակում: Մի կողմից` վիշտը, մյուս կողմից` տեսակ-տեսակ ծախսերը:
Հիշյալ ողբերգության պարագայում, տերերն իրենք առաջարկեցին որոշակի գումար, ինչը բոլորովին էլ մեծ չէր, և ծայր առան բամբասանքները։ Չգիտեմ, ում մտքով է նման բան անցել կամ ով է այս ջուրը պղտորել: Ես ցավով եմ խոսում կատարվածի մասին, այստեղ ոչ թե իմ անունն են շահարկում, այլ եկեղեցու: Եթե իսկապես այդպիսի բան արած լինեի, նույն օրն իսկ կհանեի փարաջաս ու այլևս չէի ծառայի որպես քահանա: Այսօր ես այդ հաստատությունում եմ, վաղը` ոչ: Եկեղեցին դարերից եկել է ու մնալու է հավիտյան, ինչպե՞ս կարող էի խաղալ եկեղեցու անվան հետ:
Երբ մի բան արվում է կամ ասվում, նախ պետք է մտածել հետևանքների մասին։ Խոսքս վերաբերում է հատկապես հիշյալ հերյուրանքը խմբագրություն հասցնողին։
-Տեր Բարսեղ, խորհրդային տարիներին արգելված ավանդույթներն աստիճանաբար վերականգնվում են: Թաղման, հոգեհանգստի արարողության ժամանակ քահանա են հրավիրում: Նման ծառայությունները նո՞ւյնպես անվճար են:
-Ժողովուրդն էլ է այդ հարցը հաճախ տալիս։ Խնդիրն այս է. որևէ քահանա աշխատավարձ չի ստանում, քահանային «պահողը», դարեր շարունակ այդպես է եղել, ժողովուրդն է: Իսկ ժողովուրդն իր կամքի, իր հնարավորության համաձայն պետք է վճարի, եթե չի կարող վճարել, ես ինչպե՞ս կարող եմ ասել` այսքան կամ այնքան տուր: Եթե մարդը չունևոր է, ապա անհրաժեշտ արարողությունը մատուցվում է անվճար:
-Չե՞ք կարծում, որ եթե առկա են նման խոսակցություններ, նշանակում է` կան և «ջուր պղտորողներ»:
-Տվյալ պարագայում հարցն ինձ է վերաբերում, ցավալի այդ թյուրիմացությունն ինձ է առնչվում, հետևաբար կասեմ` եթե մարդը չունի, ոչ մեկն էլ գումար չի պահանջի:
-Ըստ Ձեզ, ավելի ճիշտ չէ՞ քահանային աշխատավարձ վճարել և եկեղեցին զերծ պահել այդ ու նման այլ բամբասանքներից: Մանավանդ եթե խմբագրությանն ինֆորմացիա տրամադրողի հանգով ոմանք դրամաշորթությունն ու նվիրատվությունը չեն տարբերակում:
-Դա արդեն իմ որոշելիք խնդիրը չէ։ Այդ հարցն ինձ չէ, որ պետք է ուղղեք։
-Աստիճանաբար վերականգնվում է հանգուցյալի աճյունը եկեղեցում դնելու ավանդույթը, բայց եթե չեմ սխալվում, բոլոր եկեղեցիները չէ, որ նման արարողութուններ են իրականացնում:
-Երևանում մի քանի եկեղեցի է օժտված նման իրավասությամբ. Սբ. Հակոբը` Քանաքեռում, Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցին և Սբ. Գևորգը` Նորագավիթում: Մեր եկեղեցում շուրջ տասը տարի է, ինչ գործում է այս կարգը: Այլ եկեղեցիներում այն իրականացնելու համար պետք է առաջնորդի կամ կաթողիկոսի թույլտվությունը լինի: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հորեղբոր հետ եկեղեցի է կառուցել Մասիսի գերեզմանատան հենց մուտքի հարևանությամբ, այնտեղ էլ են դրվում հանգուցյալներ, և կարծում եմ, դարձյալ առաջնորդի թույլտվությամբ:
Սա մի կողմից լավ է, որովհետև մարդիկ, որ ընդհանրապես եկեղեցի չեն գալիս, հարկադրված են մտնելու, առիթ է դառնում, որ գան և ծանոթանան մայր եկեղեցու կանոններին, օրենքներին: Բայց կա խնդրի հակառակ կողմը ևս. թաղման արարողության հետ կապ չունեցողները բողոքում են, թե` ուզում ենք մոմ վառել, աղոթել, երբ գալիս ենք, եկեղեցում հանգուցյալ կա: Մենք, սակայն, չենք կարող մերժել հանգուցյալի տիրոջը, իրավունք չունենք, որովհետև երբ հանգուցյալին եկեղեցի են բերում, խաղաղությունն ավելի շուտ է իջնում հարազատների վրա:
-Ըստ քրիստոնեական կանոնակարգի` ո՞րն է ճիշտը: Վերջին հանգրվանը մահացածի տո՞ւնն է, թե՞ եկեղեցին:
-«Մաշտոց» ծիսագրքում հանգուցյալի հետ կապված նշված է` տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ: Այսինքն, այս երեք կարգերն արդեն իսկ մեր հայրերի կողմից հաստատված են: Խորհրդային տարիներին շատ ավանդույթներ վերացան: Վեհափառ հայրապետի ցանկություններից մեկն է, որ վերականգնվի հիշյալ ավանդույթը, ինչը կնպաստի նաև, որ ժողովուրդն ավելի մոտենա եկեղեցուն:
-Չե՞նք կարող հետևել այլ երկրների օրինակին և ունենալ առանձին մատուռներ այդ նպատակով, եկեղեցուն կից կամ գերեզմանոցի տարածքում:
-Կարծում եմ, ոչ մեկն էլ դեմ չէ: Եթե լինեն բարերարներ, ապա կարելի է և մատուռ կառուցել գերեզմանոցի մի անկյունում:
Իսկ եկեղեցու բակում կառուցելու համար Վեհափառի, նաև հնությունների պահպանության կոմիտեի թույլտվությունն է պետք։
-Իսկ կա՞ շփում համայնքի անդամների հետ: Գուցե վերականգնվի նաև ա՞յս ավանդույթը: Այսօր ով ասես կարող է թակել դուռդ, բայց ոչ համայնքիդ քահանան:
-Դեռ տարին չի լրացել, ինչ ստանձնել եմ հոգևոր հովվի պարտականութունները։ Ամռանը մեր հավատացյալներից մեկի հետ, ով նաև Ձեր կոլեգան է, այցելում էինք համայնքի անդամներին, զրուցում նրանց հետ, օծում տները: Հորդորում էինք եկեղեցի գալ, որովհետև դա իրենց սրբությունն է, վաղը, մյուս օրը նաև իրենց զավակներինն է լինելու: Ես յուրաքանչյուր հարմար առիթով նաև ասում եմ` եթե հարցեր կան, խնդիրներ ունեք, եկեք միասին խոսենք, հարկ եղած դեպքում դիմում պատրաստենք, ներկայացնենք ղեկավարությանը: Առհասարակ, եռամսյակը մեկ ես հաշվետվություն եմ ներկայացնում առաջնորդարան և վերջում նշում եմ ժողովրդի դժգոհությունները:
-Իսկ իրենք մոտենո՞ւմ են Ձեզ:
-Իհարկե: Հիմա շատ են հոգեկան բնույթի խնդիրները, մարդիկ սթրեսներ են տանում դրանցից բխող բոլոր ածանցյալներով։ Հարազատներն առանց երկար-բարակ մտածելու տանում են հոգեբուժարան: Եթե մինչև հոգեմետ դեղերին անցնելը բերում են մեզ մոտ, ապա աղոթում ենք («Դիվահարի կարգ» աղոթք կա), անպայման արդյունք է լինում:
-Կարծում եմ, հոգեբույժները համաձայն չեն լինի Ձեր դիտարկմանը:
-Ես կլինիկաներից մեկի տնօրենին ասել եմ, որ պատրաստ եմ շաբաթվա մեջ որոշ օրեր գնալու, աղոթելու այցելուների համար: Եթե աղոթքը չօգնեց, նոր բժիշկը թող իր գործն անի: Հեռուստաեթերով ևս բովանդակալից զրույցներ են լինում այդ թեմայով, և անգամ գիտնականներն են ասում, որ հոգեկան հիվանդություն ունեցողին միայն աղոթքն է օգնում, ուրիշ ոչ մի բան:
-Եվ վերջին հարցը` մարդը մինչև հոգին ավանդելը սուրբ հաղորդություն ընդունելու կարիք ունի, իսկ հոգևորականին կանչում են մահվանից հետո:
-Հիմա չեն էլ կանչում, փորձում են եկեղեցի բերել աճյունը: Շատ քիչ է պատահում, որ կանչեն մահից առաջ ս. հաղորդություն ստանալու համար:
Վերջերս մեկն ասաց, թե մայրը մահամերձ է, ուզում են մահից հետո եկեղեցում դնելու պայմաններին ծանոթանալ: Ասացի` քանի դեռ չի մահացել, մտածեք հոգու փրկության մասին, հոգևորականի հրավիրեք, թող վերջին հաղորդություն տա: Բոլորս էլ մահկանացու ենք, բոլորս էլ հեռանալու ենք: Կարևորը հոգու փրկությունն է: ՈՒզում եմ ծխամատյան կազմել, հերթով բոլորին զանգել, զրուցել, այցելել: Մարդիկ եթե իմանան այս ամենի մասին, հնարավոր չէ, որ նման պարագաներում ժամանակին հոգևորականի չկանչեն:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ