Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ թշնամությունների համար

Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ թշնամությունների համար
22.02.2013 | 21:31

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հետընտրական զարգացումները Հայաստանում համարում է տրամաբանական և օրինաչափ: «Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը» հարցին նա պատասխանեց.

-Նախագահական ընտրությունները սովորաբար Հայաստանում հասարակությունը ակտիվացնող, նոր դեմքեր ու նոր գաղափարներ բերող քաղաքական շրջան է, որն ունենում է արդեն ավանդական դարձած զարգացումներ: Ինձ անվերջորեն հիացնում է հայ ընտրողը, որ հակառակ բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտների, գնում է դեպի իր նպատակը` իշխանափոխություն: Թվում էր, ընտրողն արդեն պիտի թևաթափ լինի, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվում, ոչինչ չի փոխվում, և այլն, և այլն, բայց, փառք Աստծո, այդպես չէ: Նույնիսկ եթե քաղաքական դաշտն է հուսահատվում, հասարակությունը նրան տանում է իր հետ: Սա աննախադեպ կացություն է, որ վկայում է հասարակական տրամադրությունների անդառնալի փոփոխություն:
-Այդ փոփոխությունը կարո՞ղ է այս անգամ իրավական արտահայտություն ստանալ:
-Իրականությունն այն է, որ հասարակական-քաղաքական կյանքի ասպարեզ է մտնում հրաշալի երիտասարդություն և բերում է նոր մտածողություն, նոր որակ, համապատասխանաբար` նոր քայլեր ու նոր լուծումներ. մեր սերունդը դիտորդների ասուլիս չէր ընդհատում` արդար ընտրությունների ու դրանց գնահատականի պահանջով: Իրավական արտահայտության առումով` պայքարի շարունակման ռազմավարությունն ու մարտավարությունը պիտի որոշի Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ձայն է տվել ժողովուրդը` նրա մեջ տեսնելով իր ընդդիմադիր տրամադրություններն արտահայտողին: Նա բավականաչափ քաղաքական փորձառություն ունի` ճիշտ ընտրություն կատարելու համար:
-Օրացուցային մարտի 1-ն է մոտենում, որևէ քաղաքական վտանգ չե՞ք տեսնում:
-2008-ի մարտի 1-ը ողբերգություն էր, որ մնաց չբացահայտված հանցագործության կարգավիճակով, իսկ այն ժամանակ քաղաքական իրավիճակի հանգուցալուծման դեր կատարեց: Ոչ այն պահին, ոչ հետո որևէ մեկը այդ հանգուցալուծումը, թերևս Ռոբերտ Քոչարյանից բացի, միակն ու անփոխարինելին չանվանեց: Ես խոսում եմ որոշումն ընդունողի, ոչ թե կատարողների մասին: Չեմ ուզում համեմատել, բայց 2008-ի և 2013-ի միջև բավականաչափ տարբերություններ կան թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտերում, թե հասարակական տրամադրությունների ու մտածողության մեջ: Թե ընդհանրապես իրավիճակի: Մեզ որևէ պարագայում առճակատում պետք չէ, առավելևս զինված բախում: Հայաստանը իրականում շատ փոքր երկիր է` այդքան մեծ թշնամությունների համար: ժամանակն է, որ իշխանությունը դադարի ընդդիմության մեջ իր թշնամին տեսնել, ընդդիմությունն էլ` իշխանության: Միմյանց դեմ պայքարում ռեսուրսները փոշիացնելը ոչ մեկին չի ուժեղացնում, բայց թուլացնում է հասարակությունը, որը չի տեսնում իր համար կարևորը` իր պայքարի արդյունքները, իր խնդրի լուծումը, այլ տեսնում է միմյանց տարբեր ձևերով ու միջոցներով սխալ հանող երկու կողմեր: Ուզում եմ հավատալ, որ մենք արդեն այնքան հասունացել ենք, որ մեր նպատակը գործընթացում մեր մասնակցությունը չհամարենք, այլ ձգտենք իրական արդյունքների, որոնք պետք են պետությանն ու ժողովրդին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ