Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ուրեմն ես՝ Ռիչարդի տղա Րաֆֆիս, գամ հասնեմ Բաղրամյան 26, ու ինձ ասեն նյե՜ե՞տ»

«Ուրեմն ես՝ Ռիչարդի տղա Րաֆֆիս, գամ հասնեմ Բաղրամյան 26, ու ինձ ասեն նյե՜ե՞տ»
22.02.2013 | 22:05

Հիշո՞ւմ եք, երբ Փարսադանի տղա Մուրադը գնաց-հասավ Յաբլոնովկա, ու նրան ասացին՝ «նյետ», ի՜նչ կատաղել-կատաղեց, ի՜նչ առյուծ կտրեց, էլ բռնել չէր լինում: «Ես ձեզ ցո՛ւյց կտամ»,-ասում էր, ու թուքը բերաններում չորացած խնամախոսներն էլ հավատում էին, որ ցույց է տալու, բա ո՜նց, հո իզուր չէի՞ն գեղովի լեղաճաք լինում կատաղելու նրա անուրանալի շնորհքից:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Ազատության հրապարակից հասավ Բաղրամյան 26, ու նրան ասացին՝ ոչ, այն էլ՝ երեք անգամ (Մուրադն էդ անպատվությանը չէր դիմանա): Առաջարկեց ընդունել ժողովրդի հաղթանակը, Սերժ Սարգսյանն ասաց՝ ո՛չ: Նախագահի նոր ընտրություններ անցկացնել՝ դարձյա՛լ ոչ: Խորհրդարանական նոփ-նոր ընտրություններ՝ երի՛ցս ոչ: Ուրիշ էլ ի՞նչ էր մնում մարդուն, եթե ոչ՝ «բռնել ու կատաղել»: «Կատաղեց», ես Ձեզ էլ ասելիք չունեմ՝ նետեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ, վերադարձավ Ազատության հրապարակ ու ազդարարեց «Բարևի հեղափոխության» սկիզբը:
Ու մինչ հեղափոխությունը Երևանից տեղափոխվում է հանրապետության մարզեր, Սերժ Սարգսյանի կրտսեր զինակից Էդուարդ Շարմազանովն առնվազն տարօրինակ է համարում Բաղրամյան 26-ում կայացած խոսակցության րաֆֆիավարի գաղտնազերծումը:

«Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ Նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան Նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: «Թափանցիկության» ու «հրապարակայնության» կատարելության նմուշ մի պատմություն,-տարակուսում է Շարմազանովն ու որոշում ինքն էլ մուրադավարի «կատաղել»:- Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչի շուրջ են մեկ ժամ խոսել Նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»:
Առայժմ պարոն Հովհաննիսյանը հավուր պատշաճի հանրահավաքներ է անում ընդամենը և ԱԺ հանրապետական փոխխոսնակի ակնարկած «եթե այսպես շարունակվին» էլ դադարեցնելու մտադրություն, կարծես թե, չունի: Այնպես որ, ոնց գցում-բռնում եմ, հիմա էլ Բաղրամյան 26-ն է «կատաղելու» ու հեղափոխական մասսաներին իրազեկելու, թե իրականում ինչի շուրջ են մեկ ժամ զրուցել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Տեսանյութ

Հովհաննիսյանը շարունակելու է հանրահավաքային պայքարը (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ