Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀՇ-ն վերջնականապես հեռացավ քաղաքական թատերաբեմից

ՀՀՇ-ն վերջնականապես հեռացավ  քաղաքական թատերաբեմից
26.02.2013 | 00:13

ՀԱԿ կուսակցության ստեղծման և ՀՀՇ-ի լուծարման օրը բավականին ուշագրավ ելույթով է հանդես եկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` խոսելով հիմնականում ՀԱԿ կուսակցության ձևավորման պատճառների, փետրվարի 18-ին կայացած ընտրությունից հետո ստեղծված իրավիճակի և 2008-ի հեղափոխական գործունեության ձախողման մասին: Ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց Հայաստանի քաղաքական պատմության կարևորագույն էջերից մեկը` ընդունելով սեփական անձի և շրջապատի պարտությունը: ՀՀՇ-ն 1988-ից կանգնած է եղել անկախության և արցախյան շարժումների ակունքներում, նորանկախ Հայաստանի պատմության բարդագույն շրջանում ստանձնել է երկրի կառավարման պատասխանատվությունը` պատմության մեջ մնալով որպես հակասական բովանդակության քաղաքական ուժ: Փաստորեն, Տեր-Պետրոսյանն ընդունում է ՀՀՇ-ի վարկաբեկվածությունը և փորձում ամեն ինչ սկսել նոր էջից: Միևնույն ժամանակ, առաջին նախագահն ու նրա գլխավոր ֆավորիտ Լյովիկ Զուրաբյանը ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ ձևը փոխելով բովանդակությունը չի փոխվում, կամ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, հատկապես, երբ խոսքը քաղաքական ուժերի մասին է:
Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում հաշվի նստել նաև այն փաստի հետ, որ ՀՀՇ-ն ձախողվել է դեռևս 1990-ականների սկզբներին, երբ շարժման առանձին հատվածներ սկսեցին քաղաքական այլ ուղղվածություններ որդեգրել: 1996-ի դրությամբ նախկին ՀՀՇ-ական Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի գործունեությունը վկայում էր, որ համազգային շարժումը ոչ միայն երկփեղկվել է, այլև վերածվել անտագոնիստական քաղաքական հոսանքի, որտեղ երբեմնի դաշնակիցներն ու համախոհները ծայրահեղ հակադիր դիրքերից պայքարում են հանուն մյուսի ոչնչացման: Ի դեպ, ՀՀՇ-ի վարկաբեկումը սկսվեց հենց այն պահից, երբ անկախականների մի մասը գալով իշխանության` սկսեց անխնա կողոպտիչ գործունեություն վարել պետական ապարատում, չմոռանալով նաև քաղաքական հակառակորդների դեմ տոտալիտար բռնաճնշումներ կիրառել: 1998-ի իշխանափոխությունից հետո էլ ՀՀՇ-ն երբեք չի ապաշխարել, երբեք չի ընդունել սեփական սխալներն ու մեղքերը, իսկ 2007-ից վերածվել է Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական ռեինկարնացիան» ապահովելու գործիքի: Արդար չէ, երբ Տեր-Պետրոսյանը նշեց, թե 2000-2007-ին ՀՀՇ-ն հայհոյանք էր, այդ դեպքում ինչո՞ւ էր նա հենվում ՀՀՇ-ի վրա, ինչո՞ւ էր իր նախաձեռնած հեղափոխական շարժման կորիզն ընտրել հենց ՀՀՇ-ի ֆունկցիոներներից, արդյոք այս մարդկանց համար վիրավորական չե՞ն Տեր-Պետրոսյանի պիտակավորումն ու արտահայտությունները:
Ինչևէ, ՀՀՇ-ի լուծարումը գալիս է ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած հեղափոխական շարժումը տապալվել է: Խոսքը ոչ միայն 2008-ի չստացված իշխանափոխության մասին է, այլև 1988-ի շարժման: Պարզվում է, ՀՀՇ-ն այն աստիճանի է հեռացել 1988-ի արժեքներից և կարգախոսներից, որ այլևս անելիք չունի հայաստանյան քաղաքական դաշտում, վերածվելով իշխանության կարոտախտով տառապող քաղաքական մարգինալների խմբակի: Ինչ վերաբերում է ձևավորված ՀԱԿ կուսակցությանը, ապա այն չունի բովանդակային ոչ մի տարբերություն ՀՀՇ-ից. նույն մարդիկ են, նույն կարոտախտը, նույն բարդույթավորվածությունը, նույն անհանդուրժողականությունը, գումարած` մի քանի երիտասարդներ, ովքեր իրենց գործունեության տրամաբանությամբ ոչնչով չեն տարբերվում իրենց տարեց գործընկերներից: Ընդունված է կարծել, որ քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, և քաղաքական ուժերը ստիպված են դիմակայելու ժամանակի մարտահրավերներին և հարմարվելու իրողություններին: Սա մերժելը Տեր-Պետրոսյանի խմբավորման հիմնական բացթողումն է, ինչն էլ մշտապես պատճառ է հանդիսացել ձախողումների և սխալ հաշվարկների:
ՈՒշագրավ են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտությունները 2008-ի չստացված հեղափոխության մասին: Պարզվում է` Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը նպատակ են ունեցել կաթվածահար անելու պետական ապարատը` ճգնաժամի պայմաններում ապահովելով իշխանափոխությունը: Հարց է առաջանում. արդյո՞ք պետական ապարատը պատասխանատու չէ երկրի սահմանների անվտանգության համար, արդյո՞ք այդ անվտանգության համակարգի կաթվածահար դեպքում հակառակորդ Ադրբեջանը հարձակում չէր նախաձեռնի, այդ դեպքում ովքե՞ր էին պաշտպանելու սահմանները, Նիկոլ Փաշինյանն ու Լյովիկ Զուրաբյա՞նը: Նաև հարց է առաջանում. արդյո՞ք մարտի 1-ի 10 զոհերն ապարդյուն էին, արդյո՞ք նրանց հարազատները ողջունում են Տեր-Պետրոսյանի` պետական ապարատը կաթվածահար անելու մոտեցումը: Այս ամենը, իհարկե, բարոյականության շարքից է, ինչով երբեմնի ՀՀՇ-ն, ներկայիս ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնապես աչքի չեն ընկել: «Նպատակն արդարացնում է միջոցները» մաքիավելիականության սկզբունքը միշտ էլ իշխող է եղել Տեր-Պետրոսյանի շրջապատում: Փաստերը բազմաթիվ են. 1990-ի մայիսի 27` կայարանում տեղի ունեցած բախումը խորհրդային զորքերի հետ, 1996-ի նախագահական ընտրությունները, 2008 թ. իշխանության բռնազավթման փորձը և այլն:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն ակնհայտ խանդով է հետևում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը` կիսածաղրական տոնով հորդորելով իրական քայլերի անցնել, իսկ Լյովիկ Զուրաբյանը հայտարարում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է միացել իրենց շարժմանը, իրենք խնդիր չունեն միանալու կամ չմիանալու մասով: Իրականում Տեր-Պետրոսյանը չէր ցանկանա Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ նոր ընդդիմադիր բևեռ տեսնել Հայաստանում, հատկապես, երբ Րաֆֆին ավելի շատ ձայն է հավաքել 2013-ի ընտրություններին, քան Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին: Պատճառները բազմաթիվ են. երբեք էլ գաղտնիք չի եղել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնապես սիրալիր չեն միմյանց նկատմամբ, բացի դրանից` Տեր-Պետրոսյանը կարծում է, թե ընդդիմադիր դաշտն իրենց «բոստանն է», որտեղ ավելի կենսունակ, ավելի անարատ անցյալ ունեցող գործիչներն ու ուժերը մրցակիցներ են, ուստի և պետք է նրանցից ազատվել` հնարավորինս վարկաբեկելով և շեղելով հաջողության հասնելու պայքարի ճիշտ ուղուց: Թերևս, սա է հիմնական պատճառը, որ ՀՀՇ-ի լուծարման օրը բացեց իր խաղաքարտերը` իշխանությանը, փաստացիորեն, հուշելով, որ իր չստացված հեղափոխության նոր փորձը (Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ) պետք է կանխել հենց սկզբից: Տեր-Պետրոսյանի խմբավորմանն ամենաքիչն է ձեռնտու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի իշխանության գալը, քանզի այդ դեպքում «լևոնականներն» ընդհանրապես անելիք չեն ունենա, հասարակությունը չի հասկանա նրանց ընդդիմադիր կեցվածքը, իսկ Րաֆֆին Տեր-Պետրոսյանի հետ իշխանություն կիսող չէ:
Ինչևէ, ՀՀՇ-ն վերջնականապես հեռացավ քաղաքական թատերաբեմից` փորձելով նոր ուղի գտնել, իշխանության համար պայքարի նոր մոտեցումներ և նոր ռազմավարություն: Իսկ չստացված հեղափոխության մեղքը Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները արագորեն կփաթաթեն այն մարդկանց վզին, ովքեր չցանկացան այլևս հետևել քաղաքական դիակների խմբակին և իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ