Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կյանքը ցույց տվեց, որ մենք սխալվել ենք»

«Կյանքը ցույց տվեց, որ մենք սխալվել ենք»
26.02.2013 | 00:37

Ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ հենց ընդդիմադիր դաշտում առանձնացավ իր սեփական դիրքորոշումներով: Մեկ տարի նա Հայ ազգային կոնգրեսում կռիվ տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու առաջարկի դեմ, հետո առաջարկեց ՀԱԿ-ը բարեփոխելու ծրագիր: Հիմա էլ, չսպասելով, թե ՀԱԿ-ի իր գործընկերներն ինչ որոշում կկայացնեն, իր զորակցությունը հայտնեց ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող և Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Պարոն Մակեյան, քաղաքական-հասարակական շրջանակներում կա թերահավատություն, որ ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա մինչև վերջ և համաձայնություն կկնքի իշխանության հետ: Չնայած դրան, տեղի է ունենում հասարակական համախմբում, ուսանողները դասադուլ են հայտարարում և այլն: Ձեր զորակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին` ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Իրոք կար այդ թերահավատությունը: Մեր կուսակցության համագումարում էլ էինք արձանագրել, որ ընտրությունները կանցնեն առանց անակնկալների: Մարդիկ համոզված էին, որ փետրվարի 18-ի ընտրությունները, ի տարբերություն ՀՀ նախագահի նախորդ ընտրությունների, կանցնեն խաղաղ, առանց հետընտրական ցնցումների: Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք սխալվել ենք: Պարզվեց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և նա մերժեց բոլոր բարձրագոչ խոստումները, ցինիզմը: Ժողովուրդը վերցրեց կաշառքը, բայց գնաց, քվեարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը վերջին երկու տարում հիասթափեցրեց ժողովրդին, քանի որ խոստացավ արտահերթ ընտրություններ, սահմանադրական կարգի հաստատում, որոնք, սակայն, տեղի չունեցան: Այդ առումով էլ մենք չէինք սպասում հետընտրական զարգացումներ: Ինձ համար էլ էր անսպասելի այն ըմբոստությունը, որը տեսա նախօրեին Գյումրիում: Այս պահին քաղաքական առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և նա պետք է հաշվի առնի այս ամենը: Այս ամենի հետ պետք է հաշվի նստի նաև իշխանությունը: Հակառակ դեպքում, դժվարանում եմ ասել, թե ինչ հանգուցալուծում կունենա այս ամենը:
-ՀՀՇ-ի համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը, եթե այնտեղ գործ տեսնի: Չնայած դրան` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից Ազատության հրապարակի հարթակում է, Դուք զորակցում եք Րաֆֆի Հովհաննիսյանին, այսինքն, տեսե՞լ եք այդ գործը:
-Փետրվարի 16-ին մեր կուսակցության համագումարն արձանագրեց, որ ՀԱԿ-ը կազմաքանդվել է: Իսկ ՀՀՇ-ի համագումարում էլ Լևոն Տեր-Պետրոսյանն արձանագրեց, որ ՀԱԿ-ը դեֆակտո գոյություն չունի: Հիմա մեր կուսակցությունն էլ պատրաստ է համագործակցելու բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պայքարում են սահմանադրական կարգի վերականգնման համար: Այս պահին մենք կատարում ենք մեր կուսակցության համագումարի որոշումը: Բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են, որոնք տարիներ շարունակ հրապարակում են, պետք է միանան այս շարժմանը: Եվ դա կարևոր քայլ է, որի շնորհիվ պրոցեսը կարող է շարունակվել:
-Դուք մշտապես դեմ էիք, որ ՀԱԿ-ը համագործակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: ԲՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում, ի մասնավորի, նշել է. «Բարգավաճ Հայաստանը» եղել և մշտապես լինելու է ժողովրդի կողքին: ԲՀԿ-ն հաստատակամորեն կոչ է անում իշխանություններին` ցուցաբերել զսպվածություն: ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների»: Զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին էլ կոչ է արվում բոլոր գործողություններն անցկացնել օրենքի շրջանակներում: Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կմիանա՞ այս շարժմանը:
-Ես անձնական վերաբերմունք չեմ ցուցաբերել այդ կառույցի նկատմամբ: Ես կարծում եմ, որ, եթե այդ կառույցի ղեկավարը մեծահարուստ օլիգարխ է, և նրան տրված են բիզնես-քվոտաներ, նա իշխանության դեմ դուրս չի գա: ԲՀԿ-ի վերջին հայտարարությունը գնահատում եմ դրական, իսկ թե ինչ կհետևի այդ հայտարարությանը, չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի հայտարարությունը նորմալ է, իսկ իշխանությունները ուժ կիրառելու ռեսուրս չունեն: Չմոռանանք, որ 2008-ի մարտի 1-ը իրավական հարթության մեջ դեռ չի բացահայտվել: Նոր ուժի կիրառումն ուղղակի կործանարար կլինի: Այսօրվա հասարակությունը բոլորովին այլ է, համացանցը մեր կյանքում շատ բան է փոխել: Չեմ կարծում, որ իշխանությունները կգնան ինքնաոչնչացման ճանապարհով:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ հասարակությունն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը:
-Այսօր հիմնական գործոնը հասարակությունն է, այնուհետև` Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ հետո` իշխանությունը, որը պետք է հասկանա իր քայլերի հետևանքները:

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ