Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գտել էի հոգևոր մանկությունս

Գտել էի հոգևոր մանկությունս
26.02.2013 | 12:53

Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է Հայ եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովհան Մանդակունի իմաստասեր հայրապետը:

ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ` ուրախալի: Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելը հիմնականում ընդհանուր աստվածապաշտական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է: Եկեղեցու զանգերը միաժամանակ հրեշտակների սպասավորության խորհրդանիշն են և նմանություն ունեն Գաբրիել հրեշտակի փողի հետ, երբ ավետում ու փող են հնչեցնում: Քրիստոսի ծննդյան ժամանակ հրեշտակները «Փառք ի բարձունս» էին երգում` փառք բարձունքներին և երկրին խաղաղություն: Այդ ժամանակ հնչող փողերի փոխարեն և նմանությամբ հնչում են զանգերը: Զանգի ձայնն առավել հզոր ու զրնգուն դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն կախվի բարձր ու բաց տեղում: Հենց այս նպատակին էլ ծառայում են զանգակատները, որոնք սովորաբար կառուցվում են եկեղեցու հարևանությամբ կամ եկեղեցու արևմտյան ճակատին կից, ինչպես Մայր տաճարում։ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում, որտեղ երկար ժամանակ հնչել է Դիբեթյան զանգը: Այսօր Մայր տաճարում կան չորս լուսարարներ, ովքեր զբաղվում են զանգահարությամբ: Այն դպիրի աստիճան ունեցողների պարտականությունն է, իսկ դպիրը հոգևոր ամենացածր աստիճանն է: Մայր տաճարում ժամերգությունից կես ժամ առաջ խփում են առաջին զանգերը, որոնք կոչվում են կանչի զանգեր: Վերջիններս լինում են հիսուն զարկ: Կանչի զարկերը խփում են ժամկոչները, ովքեր եկեղեցում զբաղվում են հավաքարարությամբ և միշտ այնտեղ են լինում: Զանգերը հատուկ օծման ու օրհնության կարգ ունեն Հայ առաքելական եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանում: Վաղ ժամանակներից ողջ Հայկական լեռնաշխարհում ամենատևական զանգահարումը կատարվել է 1918 թվականի Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ. յոթ գիշեր ու յոթ ցերեկ ղողանջել են հայկական եկեղեցիների զանգերը. ազդարարելով մահու և կենաց կռիվը:

ԶԱՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
(սա իրական ականատեսի վկայություն է, որ առնչվում է իմ հոգևոր ծառայությանը)

1986 թվականի գարունն էր: Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց զանգակատան շինարարական աշխատանքները մոտենում էին ավարտին, և ծրագրված էր աշնանը կատարել նրա բացումը, այն ժամանակ, երբ Արգենտինայից բարերարուհին` տիկին Տորիս Չննոզյանը, ժամաներ: Նշեմ, որ 1978-1994 թվականներին եղել եմ այդ եկեղեցու վանահայրը: Մտահոգ էի, քանի որ զանգերը գնելու և տեղադրելու դժվարին աշխատանքը պիտի կատարեինք:
Տարիներ առաջ, երբ ես դեռ այդ եկեղեցու փոքրիկ սաներից էի, տեր հայրը, որ իմ առաջին ուսուցիչն էր, նեղված ու ափսոսանքով ասաց, թե զանգը գողացել են: Արդեն ընդամենը մեկ զանգ կար, շատ մեծ չէր, բայց զրնգուն ձայն ուներ և ամեն առավոտ ու երեկո նրանով հավատացյալները գալիս էին ներկա լինելու ժամերգություններին ու Սուրբ պատարագին: Առնվազն տասնհինգ տարի զանգը կորած էր: Օգտագործվում էր մի այլ զանգ, որն այնքան էլ զրնգուն չէր: Մի խոսքով անհայտ մնաց, թե ով գողացավ կամ ուր կորավ եկեղեցու իսկական զանգը: Վերևում ասացի, որ աշնանը ծրագրված էր եկեղեցու զանգակատան բացումը, և այդ մասին ամենուր հայտարարում էինք: Ամբողջ Հայաստանը և անշուշտ Էջմիածին քաղաքը տեղյակ էին այդ կարևոր իրադարձության մասին: Վեհափառին խնդրել էի, որ գոնե երկու զանգ տա, որպեսզի տեղադրենք զանգակատան վերևում: Եվ հանկարծ մի օր…
Երբեք չեմ մոռանա այդ օրը, հիմա էլ, 27 տարի հետո, աչքիս առջև է այդ պահը: Ես կասեի օրհնյալ պահը: Ինչո՞ւ: Հայաստանը այդ տարիներին խորհրդային սիստեմի իշխանության տակ էր: Անհավատ կարգեր էին` խաչ, Աստված, եկեղեցի, կրոն, քրիստոնեություն, հոգևորական դատարկ խոսքեր էին և չէին ճանաչվում: Հալածանքը կար, բայց լուռ, ներքին կարգով: Ամեն ինչը նյութականացված էր, միայն մատերիա, ուրիշ ոչինչ։ Անշուշտ, կային ժողովրդին ծառայող զանազան սպասարկություններ` շտապօգնության մեքենաներ, տներ կամ այլ բաներ վառվելու դեպքում` հրշեջ կայաններ հրշեջ մեքենաներով և այլն: Այն ժամանակ հրշեջ մեքենաները, որպեսզի կարողանային արագ դուրս գալ իրենց կայաններից, հնարավորություն չունեին էլեկտրական զանգեր ունենալու, կարծում եմ, չկար էլ, որ ունենային, այլ օգտագործում էին այլ ձայն հանող տարբեր առարկաներ: Որպեսզի իմ պատմելիքի շարունակությունը հասկանալի լինի, Ձեր համբերությունը չչարաշահեմ: Ինձ մոտ եկավ հրշեջ կայանի ղեկավարը, որի հետ մտերիմ էի և լավ գիտեի, հարգում էի, ինքն էլ` ինձ:
«-Տեր հայր, մի բան պիտի ասեմ, բայց չզայրանաս և ուզում եմ ինձ հավատաս, որ ես ճիշտ եմ ասում: Այս մի քանի օրը երազումս ինձ երևաց Սուրբ Աստվածամայրը և ասաց, թե` իմ եկեղեցու զանգը տար և տուր տիրոջը»: Ես սկզբում այնքան էլ ուշադրություն չդարձրի, սակայն երկրորդ և երրորդ անգամ երևալուց հետո ասաց` տա՛ր և տո՛ւր տիրոջը, թե չէ մեծ փորձանքների պիտի հանդիպես:
Ես նախ զարմացա, թե ի՞նչ զանգի մասին է խոսում, մինչև ինքը չբացատրեց եղելությունը: Պարզվում է, որ ժամանակին զանգը եկեղեցուց գողացել են ու տարել հրշեջ կայան, որպեսզի նրանով ահազանգեն մեքենաներին, որ հրդեհ կա, և շտապ դուրս գան: Աստծու նախախնամությանը նայեք: Եվ խնդրեց, որ առանց մերժելու վերցնեմ զանգը և օրհնեմ, որպեսզի իր վրայից մեղքը դուրս գա: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Գտել էի հոգևոր մանկությունս: Այդ զանգն ինձ համար խորհրդանշում էր նաև իմ հոգևոր մանկությունը. նրա ղողանջների ներքո ես ամեն օր գալիս էի «Գյուղի ժամում» (այդպես էր անվանում ժողովուրդն այդ եկեղեցին) մասնակցելու բոլոր ժամերգություններին և Սուրբ պատարագին: Անշուշտ այս մասին հայտնեցի նաև Վեհափառ հայրապետին, և զանգը տեղ գտավ երկու մեծ զանգերի մեջտեղում` նորակառույց զանգակատան բարձունքում: Ահա մեր եկեղեցու զանգի վերադարձի հուզիչ պատմությունը: Ամե՜ն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ