Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հովհաննես Մելքոնյանը` բացակա և ներկա

Հովհաննես Մելքոնյանը`  բացակա և ներկա
26.02.2013 | 13:05

Մեր դյուրափոփոխ ժամանակներում` կուսակցական շքերթի (70 կուսակցություն ունենք), փողի հաղթարշավի և կաշառակերության, ուրացումների և դավանափոխության, և այս ամենի կողքին իր դժվար հաց հանապազօրյան ստեղծող մայր ժողովրդի հոգուն գնալով առավել սիրելի ու փնտրված են դառնում հավատարիմ որդիները: Որդի, որ իրեն ծնող ժողովրդի ոչ միայն լավի, այլև ցավի ու հոգսի տերն է, նրա ճակատագրի խաչակիրը: Իսկ եթե այդ ճակատագիրը խորդուբորդ է, առավել ևս: Նման որդիներն իրենց արյան մեջ են կրում նվիրումի պատգամը, ծնվում են այդպիսին: Այս օրերին, երբ ձեռքս ընկավ «Բառակերտ հուշարձան Հովհաննես Մելքոնյանին» (70 հուշ Հովհաննես Մելքոնյանի մասին, Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2012) ժողովածուն, նորից մտածեցի հավատարիմ որդիների մասին, մանավանդ որ այս գիրքը կազմողն էլ արժանի հոր արժանի որդին է` արևելագետ Ռուբեն Մելքոնյանը: Ասես նորից տեսնում եմ Հովհաննեսին` ըմբոստ, ճշմարտախոս, միշտ իր շիտակ էությանը հավատարիմ: Ինչպես լավագույնս արտահայտվել է հուշագրքի հեղինակներից մեկը` արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը. «Հովհաննեսն ուներ իր ներքին սահմանադրությունը, որն ընդունված սահմանադրության հետ միշտ չէ, որ ներդաշնակ էր…»:
Խայտաբղետ մեր օրերում գտնվեց մարդ, որ ի լուր ամենքի ուրացավ իր անցած ուղին, ժխտեց, հերքեց իր գրած դիսերտացիան, թքեց իր գիտական աստիճանի վրա, որին տարիների տքնանքով էր հասել, որովհետև այդ ամենը հարմար չէ այսօրվա լոզունգներին: Այսպես օձն իր շապիկն է փոխում։ Ծանոթ պատմություն է. հայտնի 1937-ին որոշ կանայք այդպես հրաժարվում էին իրենց դատապարտված ամուսիններից: Նման մեկը Հովհաննես Մելքոնյանի հակոտնյան է` առավել ևս, որ երկուսն էլ վախի և բռնադատության ժամանակների` 1937-38 թվականների ծնունդ են: Հասկանալի է, որ բոլոր ժամանակներում տիրահաճո այդպիսիները բռերով մրցանակներ ու պարգևներ ունեն, կարկտի պես թափվող միշտ միևնույն գլուխներին. բանն այնտեղ հասավ, որ մրցանակներ տվեցին անգամ չտպագրված գրքերին։ Բոստանն իրենցը չէ` բակլան խաշած են ցանում: Նման դեպքերի համար է Թումանյանն ասել. «Դրանք (մրցանակները) վարը մնացածներինն են»:
…Տարիներ առաջ էր. 70-ական թվականներին: Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հերթական հաշվետու կուսակցական ժողովի օրակարգում կոմիտեի «Սովետական Հայաստան» և «Հայրենիքի ձայն» պարբերականների հաշվետվություններն էին: Ի թիվս այլոց, ձայն խնդրեց «Սովետական Հայաստան» ամսագրի աշխատակից մի տիկին, որ հանրապետական ռադիոյից էր տեղափոխվել այստեղ: Ֆրանսիայում հարազատ ուներ, նոր էլ վերադարձել էր հյուրաբար այնտեղ կատարած շրջագայությունից. հիշում եմ` սիրուն էր իր կանաչ զգեստով և համահունչ արդուզարդով։ Բայց այն, ինչ խոսեց նա, ոչ միայն սիրուն չէր, այլև… Խոսքը Հովհաննես Մելքոնյանի` «Հայրենիքի ձայն»-ում տպագրված մի պատմվածքի մասին էր: Հեղինակը քննադատում էր շահագործման հանձնվող նորակառույց շենքերում տեղ գտած թերությունները: Հունական դիցաբանությունից հայտնի Էրինիների վրեժխնդրությամբ տիկինն անդրադարձավ հայտնի 22-րդ համագումարում Լեոնիդ Բրեժնևի ճառին, ըստ այդմ էլ հայտարարություն արեց, թե ինչպես է հանդգնում Հովհաննես Մելքոնյանը սևացնել սովետական ապրելակերպը, մանավանդ որ «Հայրենիքի ձայն»-ը հասցեագրվում է սփյուռքին: Կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, որ պատմաբան էր (ուրեմն և լավ գիտեր մանր ու մեծ դավաճանների «դերը» մեր պատմության խաչուղիներում), նաև` էությամբ բարի մարդ, իր ելույթում սանձահարեց չարասեր կնոջ այդ հարձակումը, շեշտելով, թե նորակառույցներում շինարարական անփութության բերումով այդ թերություններն իրոք կան։
Պատկերացնո՞ւմ եք, եթե 37 թվականը լիներ, ի՞նչ էր սպասում մեզ` թերթն ստեղծողներիս. էլ չեմ խոսում պատմվածքի հեղինակի` Հովհաննես Մելքոնյանի մասին` «ուխտագնացություն» առ սառնաշունչ երկիր։ Սիբիր, սպիտակ արջերի մոտ: Իզով-թոզով կորած էինք: Մինչդեռ Հովհաննեսը մեծահոգաբար ընդամենը ձեռքն էր թափ տվել, երբ լսել էր այս ամենի մասին:
Հիշյալ տիկինը մեկ-երկու տարի առաջ արժանացավ ամերիկահայ գաղութի «Տարվա լավագույն կին» կոչմանը։ «Հբը»,- կասեր մեր ազնվաշունչ Շիրազը:
«Մարդկանց մեծ մասը վատն է»,- արձանագրել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը` դեմոկրատիայի հայր Դեմոկրիտեսը: Մեծ շնորհ է ծանր ժամանակներում, ուրեմն և այսօր` չչարանալը: Չչարանալը: Շատ կարևոր, բախտորոշ հանգամանք: Հովհաննես Մելքոնյանին` ճշմարիտ որդու և գրողի կոչման կողքին, ի վերուստ տրված էր և այդ: Հուշագրքի հեղինակներից մեկը` վաղամեռիկ լրագրող (ավտովթարի զոհ դարձավ) Գայանե Բաբայանը, գրում է. «Սրճարանում, ուր երբեմն նստում էի իր հետ, երբ այդ կողմերով անցնում էի, նա (Հովհաննես Մելքոնյանը) մեկ էլ մի գրողի ցույց տալով, ծիծաղելով ասում էր. «Տես, քառասուն տարի է` ճանաչում ենք իրար, բայց հիմա չի ուզում շփվել ինձ հետ»:
Վերը նշված հարմարվողներն են սրանք, որոնք, եթե պետք է իրենց, սևը սպիտակ կկոչեն, վաղն էլ, եթե պետք է, կապույտ։ Պարզ է, որ Հովհաննես Մելքոնյանին շրջապատողների թվում այդպիսիք կային: Եվ ոչ միայն նրան։ Նման օձագալար, անվստահելի արարածների համապատկերում առավել գնահատելի է դառնում նման հոգիների միասիրտ և մնայուն կապը: Հենց այդպիսին էր Հովհաննես Մելքոնյան-Մուշեղ Գալշոյան ընկերության (ավելի ճիշտ կլինի ասել` եղբայրության) փաստը. երկուսի սրտում էլ` էրգրի անմահ կարոտը, երկուսն էլ` ֆիդայու հոգեկերտվածքով, զինակիր` գրչով: Առանձնակի ուշադրությամբ և հուզումով է ընթերցվում Հովհաննես Մելքոնյան-Մուշեղ Գալշոյան անտիպ նամակների շարքը (որ կյանք է առել Մուշեղի մոսկովյան դասընթացներում ուսանելու տարիներին): Զարմանալի նամակագրություն, որ կենդանի զրույցի խորք ու համ ունի, երբ իրար շատ մտերիմ մարդիկ կես խոսքից հասկանում են միմյանց, քանի որ գաղափարակից են ու հոգեկից: «Սիրելի Մուշեղ: Ստացա նամակդ: Այնքան էլ լավ չեմ։ Չգիտեմ, գիտե՞ս, թե ինչպես են միսն ապխտում (բաստուրմա): Լավ կտրտում են, աղ անում, ծակծկում, այդ ճեղքերի մեջ աղ լցնում, դնում ծանր քարերի տակ, միսն արյունից զատում, ապա կախում են արևին, որ չորանա, չորանալուց հետո կծու մածուկ են քսում։ Նման բան էլ մեզ են անում: Ավելի ճիշտ, կյանքը մեզ այսպես մշակում է: Ճակատագիր է: Չկարծես, որ ընկճված եմ, բայց ավելորդ, չնչին բաները խլում են հոգեկան անդորրի մեծ մասը, Ժամանակս: Մուշեղ, կարծում եմ, ինձնից լավ քեզ հասկացող չի լինի, ինձնից լավ քո մասին ոչ մեկը չի կարող գրել: Դու էլ քեզ ինձնից լավ չես հասկանում…»:
Իրոք, նախանձելի մտերմություն: Եվ ճիշտ է վարվել գրքի կազմողն ու խմբագիրը անտիպ այս նամակագրությունը զետեղելով հուշաշարի վերջում, որն ասես ամփոփում է 70 հուշագիրների հարգանքի ու սիրո ոսկե շղթան: Չէ՞ որ ամենքին չի տրված շատերի սիրելին ու առաջնորդը լինելու շնորհը: Այն էլ փողի կույր պաշտամունքի մեր ժամանակներում, երբ թվում է, թե փողը` «ձեռքի այդ կեղտը», ինչպես լավագույնս բնորոշել է ժողովուրդը, գալիս է փոխարինելու բոլոր արժեքներին: Փա՜ռք Աստծո, ոչ բոլորն են փողին ծնրադիր ու գերի։
Գրքի փառապսակը, սակայն, «Շարունակվող և շարունակական զրույց» պատումն է, որ գրողի որդու` Ռուբեն Մելքոնյանի (որ նաև գրքի կազմողն է ու խմբագիրը), գրչի արգասիքը լինելու հետ մեկտեղ, հուշագրքի ողնաշարն է, նաև Հովհաննես Մելքոնյանի հոր` ուրեմն իր պապ Ռուբենի (Մեծ հայրենականում անհետ կորած համարվող) ոդիսականի պատմությունը: Նրա մահվան մինչ այդ անհայտ հանգամանքների, վերջապես` գերեզմանի հայտնաբերումը։ Իսկ մեծ հաշվով հոր` Հովհաննես Մելքոնյանի կյանքի առանցքը դարձած հայրակարոտ ու արդար տառապանքի արժանի հատուցումը: Դժվար է առանց հուզմունքի կարդալ Ռուբեն Մելքոնյանի շրջագայությունը ինչպես ոգու իր ծննդավայրը` Արևմտյան Հայաստան, այնպես էլ Հոլանդիա, հայկական լեգեոնի անդամ իր պապի նահատակության վայրերը: Արդարև, նահատակություն: Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գարեգին Նժդեհի և Դրոյի ջանքերով ստեղծվել է Հայկական լեգեոն, որտեղ հավաքվել էին ֆաշիստներից գերված հայ զինվորները: Նրանց մի մասին ահա ֆաշիստները տեղափոխել են Հոլանդիա, որտեղ նրանք աշխատել են շինարարական գումարտակներում: Յոթ հոգուց բաղկացած լեգեոնականների այդ խմբի մեջ եղել է և Ռուբեն Մելքոնյանը: «Ակնհայտ է եղել գերմանացի ֆաշիստների նկատմամբ հայերի բացասական վերաբերմունքը, ինչի պատճառով նրանցից շատերը սկսել են գաղտնի համագործակցել հոլանդական Դիմադրության շարժման հետ: Հոլանդական արխիվային փաստաթղթերը վկայում են, որ 1944 թ. վերջին հայ լեգեոնականների յոթ հոգուց բաղկացած խումբը, որի կազմում է եղել Ռուբեն Մելքոնյանը, մասնակցել է հակաֆաշիստական մի ձեռնարկի, սակայն ձերբակալվել է գերմանացիների կողմից: Դրանից հետո յոթ հայերը ենթարկվել են դաժան կտտանքների, հարցաքննության և դեկտեմբերի 9-ին գնդակահարվել Միդելհարնիս գյուղաքաղաքի ծայրամասի ափամերձ մի տարածքում»,- կարդում ենք գրքում:
Յոթ հայերը ոչ միայն հրաժարվել են գնդակահարվելուց առաջ սեփական գերեզմանը փորելուց, այլև մահն ընդունել են երգով (հոլանդացիք պատմել են` անծանոթ լեզվով, պարզ է` հայերեն)… Ավելի ուշ Ամերսֆուրթ քաղաքում ստեղծվել է սովետական զինվորների պանթեոն` «Փառքի արահետ» անվամբ, որտեղ հավաքված խորհրդային զինվորների աճյունների շարքում 1948 թ. վերահուղարկավորվել են յոթ հայերը: Իսկ մինչ այդ նրանց նահատակման վայրում` Միդելհարնիսում կառուցվել է մի փոքրիկ հուշարձան, որը կոչվում է «Յոթ հայերի հուշարձան»: Ամեն տարի մայիսի 9-ին` Հաղթանակի հետ կապված միջոցառումների ժամանակ, հարգանքի տուրք է մատուցվում և հայ նահատակներին:
Լավ է ասված` անքննելի են գործերն Աստծո: Ինչ անիրագործելի մնաց Հովհաննես Մելքոնյանի համար, վիճակվեց նրա որդուն` Ռուբենին: Ահա թե ինչպես է ներկայացնում նա սրբազան այդ պահը, երբ Հոլանդիայում այցի է գնացել պապի շիրմին: «Ծաղիկներ դնելով շիրմին, հանեցի ինձ հետ բերված Գյումրու և Մուշի օրհնած հողը և նահատակումից 67 տարի անց միայն քրիստոնեական ծեսով օրհնված հայոց հողը իմ ձեռքով լցրի նրա շիրմին, ինչպես նաև խունկ ծխեցի պապիս և նույն գերեզմանում թաղված իր վեց հայ ընկերների համար»: Եվ թոռը լիովին արժանի էր այդ օրը իր տեսած երազին, ուր հայրն ասում էր. «Ռուբենս այսօր իր ձեռքով թաղեց պապին»:
Եվ ոչ միայն. վերադառնալով Հայաստան, Երևանի քաղաքային պանթեոնում հանգչող հոր շիրմին շաղ տալով պապի գերեզմանից հետը բերած հողը, կամրջեց միմյանցից խլված հորն ու որդուն:
Հովհաննես Մելքոնյանը իր գրեթե բոլոր գրքերը նվիրել է հոր հիշատակին: Անհայրությունը գրողի համար սոսկ հոր կորուստ չէ, այլև խլված Հայրենիքի: Անմռունչ այդ ցավն է, որ ստիպում է մարդուն այսուհետև առավել ձիգ ու զգոն լինել, քանի որ արդեն ինքն է լինելու իր հայրը: Եվ ո՛չ միայն, կյանքի շարունակվող իր ճանապարհին մեկտեղելու է երկուսի անցնելիք ուղին. իր և հոր:
Ի պատասխան գրքի հեղինակներից մեկի` բանաստեղծ Արմեն Շեկոյանի ճշմարիտ գնահատականի, թե «Հովհաննես Մելքոնյանն էլ էր բաց վերք, որ էդպես էլ չսպիացավ»,- ուզում եմ ասել` այդ վերքն արդեն սպիացել է (իր` Հովհաննես Մելքոնյանի աներկբա բնորոշմամբ` Սպին վերքի հիշողությունն է), քանի որ կյանք առան նրա վաղեմի իղձերը. որդին` Ռուբենը, իր ձեռքով թաղեց պապին, էրգրից բերված հողը սրբազնացրեց Հովհաննես Մելքոնյանի շիրմահողը, Արցախի ազատագրված Բերձորի շրջանի Հիշատակի այգում գրողի ուսանողական տարիների ընկերոջ` արցախյան շարժման նվիրյալ գործիչ, վաստակաշատ արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքով Հովհաննես Մելքոնյանի անունով և նրա հիշատակին տնկված ընկուզենու տերևներում խշշում է ազնվարյուն ֆիդայի ծնված և զենքը նույնքան հզոր գրչով փոխարինած մեծատաղանդ գրողի` Հովհաննես Մելքոնյանի ոգին…
Շնորհավոր ծնունդդ, Հովհաննես…


Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3934

Մեկնաբանություններ