Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կռապաշտների երթը (Քյարամն ու Քյալամը)

Կռապաշտների երթը (Քյարամն ու Քյալամը)
01.03.2013 | 12:32

«Կրքերը կշատանան,
Մեղքը կավելանա,
Երկիրը տասնյակ հազարներով
Հանճարներ կվիժի անհայտության մեջ։
Սրբեր կկործանվեն.
Տե՜ր, փրկիր մարդկանց...»։


«Կատարսիս», Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՁՈՆ
(ֆելիետոն-նախերգանք)
Անկեղծ ասած, այլ նյութեր էի հրամցնելու բոսորամիտ ընթերցողիս։ Զորօրինակ, նյութ այլաբանական, բարդու հովին տռզած դդմիկների, կամ էլ նյութ իրատեսական, հյուրանոցախեղդ եղած Ծաղկաձորի մասին։ Սակայն շաբաթը, շաբաթօրյակային աշխուժությամբ, դեն է հրում ուրբաթին և հրամցնում է քաղաքական ցնցակաթվածը` Րաֆֆին հեղաշրջման մակույկներից փոխադրվում է Շարժման առագաստանավ։ Հուսանք` այս փորձը փորձանք չի դառնա ո՛չ նրա, ո՛չ էլ մեր գլխին։ Այնուամենայնիվ, շաբաթվա (ի՜նչ իմանանք, գուցե թե տարվա և հնգամյակի) քաղգերակայությունը ՀՀՇ(Կ)-ի վերաձևումն էր ՀԱԿ(Կ)-ի։ Վերջին քաղհապավումը հապշտապ վերծանենք («ԼԼ» արևմտյան ծովախորշերում ժանգամաշկ դոդոշները խիստ հուզված են և մարմանդ տարակուսած)` «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ Այո՜, խմորը հունցված է, թոնիրը կրակ է կտրել, այս խմորի թթխմորն ինչո՞վ է շաղաղված։ Այս է խնդիրը։ Նաև խնդիր է` գուցե 91, 92, 93 և այլ թվականների հա՞ցը դրվի մեր սեղաններին, երբ մենք ակամա-կամա ելանք զոհասեղան։ Մի պահ շունչ քաշենք, ասպարեզում է լրագրային հրաբուխ Կարմենը Դավթյան. «Նա հազվագյուտ տաղանդ ունի սեփական զավակներին խժռելու։ Որքան էլ ցավալի է այս արձանագրումը։ Կազմաքանդելու։ Ինչին ձեռքը դիպչում է»։ Արտաշնչեցի՜նք, ինչ լավն է կյանքը վաղ լուսադեմին։ Երբ քնած է քաղաքը, ննջում է երկիրը, մրափել են անգամ գիշերային գինարբուքից հոգնած որկորային կռապաշտները (այս աղանդը ևս 88-ի Շարժման արտավիժումն էր)։ Սակայն բացենք փակագծերը. Նա-ն Լևոն Տեր-Պետրոսյանն է։ «Սեփական զավակները» նրանք են` ՀՀՇ(Կ)-ականները, Քյարամը, Քյալամն ու այլք։ (Պատմության առավել ուշիմ սաները ժամանակին լքեցին ՀՀՇ(Կ) հածանավը)։
Եվ, ահավասիկ, հրապարակում է նորանկախության գերագույն հարցը. ո՞վ է Նա, որ խժռում է սեփական զավակներին, և արդյո՞ք զավակներն արժանի էին և արժանի են մեկ այլ բանի։ Ըստ իս, Նա հիանալի գիտակցում է` նման զավակ ունեցողը երրորդ ճանապարհը չունի, կա՛մ պիտի խժռի, կա՛մ էլ պահածոյացնի։
(Համա՜ թե համ ու հոտ կունենա Քյարամի և Քյալամի պահածոն)։

Սակայն, մինչ բուն ասելիքը, գլխի ընկնենք` ինչո՞ւ Քյարամ և Քյալամ։ Նախ և առաջ Ք-ով բազում զարհուրելի բաներ կան մեր լեզվում, զորօրինակ` քանդարար, քծնող, քայքայում, քաղաքականություն, մնացածը ինքներդ մտաբերեք։ Նախ և հետո ՀՀՇ(Կ)-ականության շրջափուլում աշուղ Քյարամի պես զավակները սազն առած քծնում էին նրա քայքայիչ գործողությունները։ Նախ և այնուհետև Նա բնավ երախտամոռ չգտնվեց և քյալամ գործեր էր հրամցնում զավակներին, հորդորելով ուշի ուշով հետևել հոր գործողություններին, այսինքն` քայքայել և քանդել։
Այսօր ինչո՞ւ են զավակները վիրավորված հորից, չէ՞ որ բնության մեջ անհնար է գտնել ավելի ներդաշնակ մի բան, քան Տեր-Պետրոսյանի և հհշականների դաշինքն էր` իշխանության անզուսպ վայելումն էր, կատաղի չարաշահումը, վերջնարդյունքում էլ մեղա չգալու հոգեպարար սանձարձակությունը։
Այո՜, մեր նորագույն պատմության գլխավոր կազմաքանդիչին պիտի ճիշտ գնահատել։ Ահավասիկ` մի հպանցիկ անդրադարձ, մեղմանուշ մի շրջայց հետ ու առաջ, ձախ և աջ, վեր և վար։

ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
(պամֆլետ-օրատորիա)
1992-ին, համաձայն «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին նվազել էր 8,5 կգ-ով։ Ազգընտիր նախագահը ճիշտ հակառակը, բարգավաճել էր 27,5 կգ-ով։ Հուշեմ-հիշենք, «Արգումենտի ի ֆակտի»-ն տպաքանակով գերազանցեց համաշխարհային մամուլի բոլոր նվաճումները` հասնելով 37,5 միլիոնի։ Ահա այս օրերին էր ազգընտիրը շեփորում հետևյալ կարկառուն միտքը. «Ազգային գաղափարախոսության դրսևորման ընդերքում այսօր ընթանում է անհաշտ պայքար քաղաքական մտքի երկու ուղղությունների` պատմական իրավունքի վրա հիմնված ավանտյուրիզմի և ռեալ իրականության վրա հիմնված ռացիոնալիզմի միջև»։ ՀՀՇ(Կ)-ն հենվում էր իր քաղաքական հավատո հանգանակին` ռեալ իրականության վրա հիմնված ռացիոնալիզմին։ Զորօրինակ, ողջ արդյունաբերական համալիրի մասնատմանն ու վաճառքին, զի անկախ Հայաստանում օգտվել խորհրդային դժնի գործարանների լկտի հաստոցների արտադրանքից, անշուշտ, ավանտյուրիզմ էր` պատմական իրավունքի վրա հիմնված, իսկ մասնատումն ու վաճառքը` իրականություն և ռացիոնալիզմ։ Տիարք քյարամներ ու քյալամներ, եթե տառապում եք քաղաքական ամնեզիայով, շերբեթ խմեք։ Ասում են` օգնում է։ Խմեք և ըմբռնեք` այսօր ձեր միակ անելիքը թփուտներում թաքնվելն է։ Սա փոխաբերական իմաստով եմ ասում, նկատի ունենալով, որ քանի դեռ վայելում եք կազմաքանդման պտուղները, վայելեք և օգտվեք ներկա իշխանությունների լավ տրամադրությունից և բարի սրտից։ Էնպես որ, շերբեթ խմեք։

Քչերն են գլխի ընկնում, որ Տեր-Պետրոսյանը (ոչ Սիմոն-Կամոն` դիվահար բոլշևիկը) երևելի կատակաբան է։ Նրա կատակներում անթաքույց հեգնանք կա հակառակորդների հանդեպ։ Ընդ որում, նրան հակառակորդ են, ըստ էության, բոլորը` և՛ համախոհները, և՛ հակառակորդները, և՛ չեզոքները։ Նա ինքնակենտրոն այր է, խոհուն և տոկուն։ Ասաց, չէ՞, որ «կազմաքանդելու է ավազակապետությունը», մի՞թե չքանդեց, միայն թե վաղակատար անցյալ եղանակով։ Չէ՞ որ ավազակապետությունը կառուցվել էր նաև նրա իշխանապետության օրոք, երբ ոտն ի գլուխ ամեն բան ի տնօրինում հանձնեց Քյարամներին ու Քյալամներին։ Եվ նա հանդարտ գիրացավ, լիացավ կատարվածից և սահուն անցավ ընդհատակ։ Բայց, տիարք և տիկնայք Քյարամներ ու Քյալամներ, դուք, ազնվասիրտ ու վեհանձն, բարի գործեր էի՞ք փորձում անել, իսկ Լևոնը սաստում էր ու սահանկո՞ւմ մեզ։ Նման չէ։ Նա, այսպիսով, սարկաստիկ կատակեց, դուք կատակը հալած յուղի տեղ ընդունեցիք ու անցաք գրոհի։ Եվ, հավանաբար, կարիք էլ չկա հիշեցնելու, թե ինչ մեծագործություններով շուրջպարի մտաք հերոսական հայ ժողովրդի առաջ։ Անձամբ ինձ համար հանրապետության կազմաքանդումը բնավ չի ասոցացվում, զորօրինակ, գոլ վառարանի վրա պպզած կիսաեփ թանապուրի կաթսայի, ոչ էլ Իրան ուղևորվող մասնատված հաստոցների հետ։ Ինձ համար երրորդ հանրապետությունը վերածվեց հակապետության վաղ գարնանային ցուրտ մի օր, որն ասոցացվում է շքեղ վառվող բազմանիստ ջահերի հետ։ Գործի բերումով (խնդրել էին հրավեր-նամակներ հրամցնել հանրապետության բոլոր քաղկառույցներին, խնդրարկուներս ցանկանում էին անհայտ մնալ, շատ էին ամոթխած, ինձ էլ վարձատրում էին բնամթերքով, ընդդիմադիր կուսակցական գրասենյակ հասցված յուրաքանչյուր նամակի դիմաց 0,5 կգ ալյուր և երկու տուփ «LM» ծխախոտ։ Շատ ավելի «թաշախուստով» էր ՀՀՇ(Կ) հասցվելիք նամակի վարձատրությունը` 1 կգ բաստուրմա, չորս տուփ պահածոյացված կաթնաշոռ և երկու արկղ բարձրորակ զուգարանի թուղթ)։ Բաստուրման, կաթնաշոռն ու թուղթը տուն չհասցրի։ Երբ սողոսկեցի ՀՀՇ(Կ) կենտրոնական գրասենյակ (հուշեմ-հիշենք, այն նախկին Տեխնիկայի տանն էր) արդեն երկրորդ հարկում ենթարկվեցի տեխնիկական նոկաուտի, ամենուր շլացուցիչ բոցկլտում էին էլեկտրական շքեղ ջահերը, հուրհրում էին էլեկտրական սալօջախները, ամենուր իտալական լիկյորի շշեր էին և բրազիլական սուրճի բաժակներ։ Սիրով վերցրին նամակը, խորամանկ աչքով արին և իշխանական վեհ քմծիծաղով զննեցին հնամաշ կրկնակոշիկներս։ Հետո էլ անխոս հարցիս ի պատասխան հնչեցրին. «Այո, հարգելի նամակաբեր, երբ հանրապետությունը գտնվում է երկժամյա հոսանքամատակարարման գրկում, իշխող կուսակցությունը հուսահատ փորձեր պիտի կատարի ջերմոցային պայմաններում զգալու դաժան իրականությունը և ելքեր գտնի»։ Բնական է, որ ուշաթափվեցի։ Ի դեպ, արթնացա հանդիպակաց այգում։ Հագուստս և կոշիկներս բուրում էին իտալական լիկյորի բույրով։ Կատաղեցի քաղաքական կատաղությամբ և նորից ուշաթափվեցի։
Հետո եկավ ու անցավ «վեհացման ու ստորացման ժամանակաշրջանը»։ Եկավ ու անցավ, զի դա էլ ազգընտիրի հերթական կատակն էր, այս անգամ` սև հումորի գանձարանից։
Մի խոսքով, քյարամներ ու քյալամներ, խաչակնքեք օրը յոթ անգամ և վար նետեք կռապաշտության զանգուլակները։ Էնպես որ, եթե կատվի վազքը մինչև մարագն է, կռապաշտների երթն ավարտվում է... Դե, սա էլ ինքներդ որոշեք և որոշումն այդ ներկայացրեք «ԼԼ» արևմտյան ծովախորշ` դոդոշների քննարկմանը։


ՀԻՆԳ ՔԱՅԼ` ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
(սարկազմով լի վերջերգ)
Րաֆֆին գրոհում է և լավ էլ անում է։ Գրոհում է և զարմանում, զարմանում է և զայրանում։ Զարմանում է սեփական բախտի անիվի վրա, որը հանկարծ բռնեց ու սկսեց պտտվել աջ, միայն աջ։ Եվ զայրանում է, որ իշխանությունները սույնն անսալով` դեռ համառում են և չեն լքում Բաղրամյան 26-ն ու 13-ը, նաև հրապարակի և Արգիշտի փողոցի թիվ 1 շենքերը։ Մի՛ զայրանա, անուշ մանչս, հոգիդ ազնիվ է, գործերդ` արդար։ Բայց, արի ու տես, որ անտեսում ես պատմական մի աղվորիկ օրինաչափություն` եթե անիվդ երեկ-մեկել օրվանից է աջ պտտվում, ՀՀԿ անիվն աջ է պտտվում ուղիղ 18 տարի` 1995-ի ԱԺ ընտրություններից հետո։ Պտտվում է, պտտվում, բայց մեկ էլ գժվում ու ձախ շրջադարձ է կատարում։ Բա՜։

Մի խոսքով, չխաղանք հանրապետության բախտի հետ, քուրսի նստենք, ամոքենք քաղաքական մեր հոդացավն ու անցնենք ստեղծարար աշխատանքի, այսինքն` իշխանության վերաիմաստավորման։ Վերցնում ենք մի շա՜տ երկար պարան, մի ծայրը հայրաքաղաք Գյումրու կենտրոնում է, մյուսը` մայրաքաղաք Երևանի հրապարակում։ Գյումրվա կողմից պարանի շուրջ շղթայվում են Րաֆֆուն ընտրած ձայները, Երևանից` Րաֆֆուն չընտրածները, այսինքն, այն ձայները, որոնք իրականում առաջ են եկել հավկիթի և պանրի թանկացումից։ Հանգուցալուծումն Ապարանի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում է։ Պարանը ձգում ենք, և եթե պարանակենտրոնի եռագույն շաքարաքլորը գլուխ շրջեց դեպի Գյումրի, ուրեմն, հաղթել է Րաֆֆին, եթե դեպի Երևան, պարտվել է Րաֆֆին, այսինքն` հաղթել են սոցիալական, հոգեբանական, մշակութային և գաստրոնոմիական մեր դժգոհությունները։ Ավելի ազատ, արդարամիտ և խաղաղարար հանգուցալուծում` չի՛ք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ