Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիպոկրատի երդումը մոռացված չէ

Հիպոկրատի երդումը մոռացված չէ
04.03.2013 | 16:19

«Հոգատարության, մասնագիտական բարձր պատրաստվածության և աշխատանքների ճիշտ կազմակերպման հատկանիշներով է օժտված թիվ 18 պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Պետրոսյանը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց 85-ամյա, երկրորդ կարգի հաշմանդամ Վոլոդյա Աթանեսյանը, նշելով, որ բժիշկն առաջնահերթ ընդունում է հաշմանդամներին, ծերերին, հետո մյուս այցելուներին, ու խնդրեց, որ իր այս երախտիքի խոսքը, եթե հնարավոր է, տեղ գտնի «Իրատես de facto»-ում։

Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած` տրեստի կառավարիչ, ՇՎ-ի պետ Վոլոդյա պապը, պարզվեց, ստույգ էր իր որակումների մեջ։ Հաշմանդամներին, ծերերին առաջնահերթ սպասարկելը, ըստ էության, պարզեցինք, որ ոչ թե միայն գլխավոր բժշկի վերաբերմունքն է, այլև նրա կողմից ներդրված քաղաքականությունն է, որը գործում է պոլիկլինիկայում։ «Բոլոր բժիշկները շատ հոգատար են, ուշադիր, անգամ հաշմանդամներին տրամադրվում է անվճար դեղորայք։ Բայց միայն մեր նկատմամբ չէ այդ ուշադրությունը։ Երիտասարդները ևս ուշադրության կենտրոնում են»,- մեզ հետ զրույցում նշում էին պոլիկլինիկայի տարբեր տարիքի այցելուները։ Այլ կերպ ասած, այս բուժհիմնարկում մարդասիրությունը և բարձր մասնագիտական պատրաստվածությունը օրինաչափություն են։ Իրենք` աշխատողները, սա պայմանավորում են գլխավոր բժշկի կողմից իրականացվող ճիշտ քաղաքականությամբ։ Իսկ ինչ է մտածում ինքը` գլխավոր բժիշկ Գագիկ Պետրոսյանը. «Այսօրվա մեծահասակները մեր ծնողներն են` քույրերը, եղբայրները։ Չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուրս ինչ-որ ժամանակ անց տատիկ ու պապիկ ենք դառնալու և հոգածության կարիք ենք ունենալու։ Բժիշկը, բացի իր մասնագիտական պատրաստվածությունից, պետք է նաև կարևորի մարդուն` դրսևորելով համբերություն և հոգատարություն։ Բժշկության մեջ դա հաջողության հասնելու կարևոր գործոններից մեկն է։ Մեր թիմն այդպես է մտածում»։
Նշենք, որ թիվ 18 պոլիկլինիկայի 132 աշխատակիցները սպասարկում են մոտ 29 հազար բնակչի, և 2002-ին ներդրված այս քաղաքականությունը դեռևս դժգոհության տեղիք չի տվել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ