Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Որոշակի արտոնություններ`սփյուռքահայ ուսանողներին

Որոշակի արտոնություններ`սփյուռքահայ ուսանողներին
04.03.2013 | 16:24

Հայաստանում տարեցտարի ավելանում է սփյուռքահայ ուսանողների թիվը: Այսօր Հայաստանում 4309 սփյուռքահայ ուսանող կա: Նրանք սովորում են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, հիմնականում` Երևանի պետական, Մ. Հերացու անվան պետական բժշկական, պետական ճարտարագիտական և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սփյուռքահայ ուսանողների» խորհրդի նախագահ Սամվել ՄԿՈՅԱՆԸ: Վերջինիս խոսքով՝ Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների զգալի մասը եկել է Վրաստանից, այնուհետև Ռուսաստանից և Իրանից:
Բանախոսի փոխանցմամբ, կան մի շարք խնդիրներ` կապված սփյուռքահայերի ուսումնառության հետ: Սփյուռքահայ ուսանողները կարող են գերազանց սովորել և անցնել անվճար համակարգ, սակայն նրանց չի տրվում անմիջապես առաջին կուրսից անվճար համակարգ ընդունվելու և սովորելու հնարավորություն։ «Հաճախ հաշվի չի առնվում նաև ուսանողների ազգությունը. սփյուռքահայ ու օտարազգի ուսանողները վճարում են նույն վարձը»,- տեղեկացրեց Մկոյանը` նշելով, որ սփյուռքահայերը բուհերում ուսման համար 30 տոկոսով ավելի են վճարում, քան`տեղացի հայ ուսանողները։
Սիրիահայ ուսանողների հանդեպ տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունները որոշակի արտոնություններ են սահմանել:
Տեղի կազմակերպություների և բուհերի շնորհիվ սիրիահայ ուսանողները հնարավորություն ունեն նախապատրաստական ֆակուլտետներում ուսանելու 50 տոկոսով զեղչված ուսման վարձով: Որոշ ուսանողներ անգամ ուսում են ստանում անվճար, քանի որ մի քանի կազմակերպություններ իրենց վրա են վերցրել ուսանողների ուսման վարձի վճարման հարցը: Հատկացվել է շուրջ 40 մլն դրամ, որի շրջանակներում էլ կատարվում են ուսման վարձի վճարումները:
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը գործում է 2010 թվականից։ Խորհրդի նպատակն է պաշտպանել սփյուռքահայ ուսանողների շահերն ու իրավունքները, համախմբել ՀՀ բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողներին, օգնել նրանց հնարավորինս արագ ինտեգրվել հայաստանյան կյանքին, աջակցել նրանց առնչվող ուսումնական, սոցիալական, իրավական և այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ