Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մինչև ո՞ւր և ե՞րբ (կամ նամակ Ռուբեն Հախվերդյանին)

Մինչև ո՞ւր և ե՞րբ (կամ նամակ Ռուբեն Հախվերդյանին)
05.03.2013 | 00:18

Այսօր աշխարհում ոչ մի ժողովուրդ այնքան քաղաքականացված չէ, և ոչ մի հասարակությունում այնքան ատելությամբ լցված չեն միմյանց նկատմամբ, որքան հայերս: Ժողովուրդ հասկացությունը բարդ և տարողունակ է: Եվ այդ տարողունակ կաթսայում ամեն ինչ կա: Անբարո, ծախու, դավաճան, տքնաջան աշխատող, արարող մարդուց մինչև հանճարեղ բանաստեղծ, մտավորական, երգահան: Ժողովուրդը աշխատող, արարող, բարիք ստեղծող մարդն է` գյուղացի, բանվոր, իսկ ժողովրդի աղը նրա հայտնի մարդիկ են, որոնց մեկ բառով նույն ժողովուրդը կոչում է մտավորական: Ցավոք, վերջին քառորդ դարում այդ աղը շատ քիչ բանով է տարբերվում սովորական շարքային քաղաքացուց: Սովորական շարքային քաղաքացին շրջապատում, հանրահավաքում, երթում կարող է իրեն թույլ տալ անբարո խոսքով կամ նման որևէ բացասական դրսևորումով հանդես գալ, նրան ներելի է, և երբեմն էլ` հասկանալի: Բայց երբ շարքային մարդու նման արտահայտվում է մտավորականը, հայտնի մարդը, որը բոլոր դեպքերում, իմ կարծիքով` ամենուրեք պետք է լինի օրինապահ և օրինակելի, ցավ ես ապրում։ Երբ այդ անհատն իջնում է շարքային մարդու մակարդակին, և այդ իջնելը ոչ թե նպատակ է` նրան վեր հանելու, այլ միայն նրան դուր գալու, սկսում ես, որպես շարքային մտավորական, հիշել հանճարեղ Խայամին, Աստծուն ուղղված նրա հայտնի քառյակի խոսքերը. «Եթե դու էլ փոքրահոգի ես իմ նման, բա էլ մեր մեջ տարբերությունը ո՞րն է, Աստված իմ»: ՈՒղղակի ասեմ, հարգելի երգահան Ռուբեն Հախվերդյան. լսելով Ազատության հրապարակում ասված քո խոսքերը, ակամայից հիշեցի բանաստեղծի խոսքերը: Որ Ռուբեն Հախվերդյանը տաղանդավոր մտավորական է և անվանի ընտանիքի զավակ, ոչ ոք չի առարկի: Ինչպես և ոչ ոք չի կարող առարկել, որ նրա հայրը` անվանի գրականագետը, զուսպ և հայտնի մտավորական էր: Մեր գրողներից մեկի կերպարի վերլուծությունից հիշողությանս մեջ մնացել են նրա հետևյալ խոսքերը.
«Նա աստվածային ընտանիքի զավակ էր և աստվածավախ, չէր կարող իրեն թույլ տալ գռեհիկ դրսևորումներ»: Բայց արի տես, ամբոխին դուր գալու համար այդ մտավորական ընտանիքի հայտնի մարդը` Ռուբեն Հախվերդյանը, մոռանում է հոր պատգամը և ելույթ է ունենում գռեհիկ հոգեբանությամբ, մտավորականին անվայել գռեհիկ դրսևորումով.
-20 տարի ա ասում եմ, Սերժ Սարգսյանը եղել ա կոմսոմոլի քարտուղար` Կևորկովի օրոք, էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Ղարաբաղը: Եթե իր պաշտոնը բարձրանար, ո՞ւր պիտի գնար: Պիտի տանեին Բաքու, ինքն էլ ուրախությամբ կգնար:
Հարգելի երգահան, կոմսոմոլ լինելը դժբախտություն չէր: Դա դպրոց էր, քաղաքական, տնտեսական աշխատանքի դպրոց: Վերջապես, ով չի հիացել կոմսոմոլ Պավել Կորչագինով: Միլիոնավոր կոմսոմոլներ ընկան կռվի դաշտում, որ երկրում ծնվեն ռուբենհախվերդյաններ: Եթե կոմսոմոլ Սերժ Սարգսյանը շատերի նման փախչեր Ղարաբաղից, երևի Ղարաբաղում հայ չէր մնա, և ոչ էլ ղարաբաղյան պատերազմը կլիներ: Փառք ու պատիվ այդ կոմսոմոլներին, որ էն տարիներին աշխատել են Կևորկովի հետ, բայց երբեք հակահայ չեն դարձել: Ես չգիտեմ, հարգելի Ռուբեն, «Ռանչպարների կանչը» Սարգսյանը կարդացե՞լ է, թե՞ ոչ, բայց նախապես իմաստուն մի երևա և մի ամբաստանիր: Այդ ինչո՞ւ դու կարդացե՞լ ես, իսկ նա` ոչ: Մի հարց տամ, Ռուբեն, դու հորդ բոլոր հոդվածները, գրական վերլուծությունները կարդացե՞լ ես, թե՞ ոչ: Ես` այո: Բայց չեմ փորձում քեզ վիրավորել, Ռուբեն: Համամիտ եմ քեզ հետ, որ ընկել ենք թրիքի մեջ, բայց այդ թրիքի համար մենակ Սե՞րժն է պատասխանատու (հանցագործություն է բոլոր մեղքերը մեկի վզին փաթաթելը), թե՞ ազգովին, առաջին հերթին, մտավորական կոչված ամորֆ մարմինը, որ տեսնում էր 20 տարի երկրում կատարված վայրագություններն ու լռում էր: Եվ վերջապես, ի՞նչ են նշանակում քո` ազգը բաժանող բառերը. «Ի՞նչ ա նշանակում` հեռավոր ադրբեջանական գավառից էկած մա՞րդը պետք է մեզ ղեկավարի: Նորմա՞լ ա էդ բանը»:
Իմ կարծիքով, հարգելի երգահան, յուրաքանչյուր հայ, անկախ տեղային իր ծագումից, բարոյական իրավունք ունի ղեկավարելու հայ ժողովրդին, եթե ունակ է և արժանի: Սերժն իմ պաշտպանության կարիքը չունի: Բայց իմ պաշտպանության կարիքն ունի նա և ցանկացած ազնիվ կռված հայրենասեր, անգամ ԽՐԸի-ի վարորդ, ովքեր ոտքի ելան և պաշտպանեցին հայրենիքը:
Հարգելի երգահան, չկարծես թե չոնգուրս առած Սերժին եմ գովում: Ամենևին: Հայրենիքը, հայ մարդը ինձ համար ամեն ինչից վեր են և ոչ թե խոսքերով, այլ պրակտիկ գործով: Հորինիր նորանոր երգեր, փառաբանիր Ազատության հրապարակի հարթակում կանգնած, հանուն երկրի ապագայի համար ոտքի ելած մարդկանց, բայց և միշտ մնա մտավորականի քո կոչմանը և էությանը հավատարիմ:
Իջիր հարթակում կանգնած ամենացածր անհատի կողքին և վեր հանիր նրան, ոչ թե…
Այդպես քեզ կասեր նաև քո անվանի հայրը, բարի ու հայրենասեր մարդը:


Հարգանքով`
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ