Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իշխանությունների խոստումների լիմիտն ավարտվել է»

«Իշխանությունների խոստումների լիմիտն ավարտվել է»
05.03.2013 | 00:31

Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ խոստովանեց, որ այսօր իշխանությունների խոստումներ տալու ժամանակն ավարտվել է, պետք է աշխատել, քանի որ վերընտրված նախագահից հասարակությունն այդ է ակնկալում:

-Որպես քաղաքացի, շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր բողոքում են, դժգոհ են և փոփոխություններ են ուզում,- նշեց տիկին Աճեմյանը:- Իշխանությունների խոստումների լիմիտն ավարտվել է, արդեն պիտի գործենք: Ե՛վ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում մենք անվերջ խոստացել ենք, հիմա ժողովուրդը պահանջում է դրանց իրականացումը:

-Ասել կուզի` եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը։
-Այո: Կցանկանայի, որ ընդդիմությունը տարերայինից վերածվեր իսկական ընդդիմության, ինչն էլ իշխանություններին կպարտադրի լավ աշխատել:
-Իսկական ընդդիմություն ասելով ի՞նչ նկատի ունեք:
-Կազմակերպված, ձևավորված, ուժեղ ընդդիմություն: Ցանկացած երկրում, եթե նման ընդդիմություն կա, իշխանությունը միշտ զգոն է լինում: Այս քաղաքացիական շարժումը, ընդվզումը մեզ պիտի օգնի և՛ դասեր քաղել, և՛ հետևություններ անել, և՛ հստակ գործողությունների ծրագրով առաջ ընթանալ: Հասկանում եմ մարդկանց ընդվզումը, քանի որ մեր շրջապատում շատ է անարդարությունը: Ինքներս էլ ենք տեսնում, որ չինովնիկներ կան, ովքեր չարաշահում են իրենց դիրքը: Պիտի ձեռնարկել միջոցներ, որպեսզի իշխանության աշխատանքն արդյունավետ լինի: Մենք անվերջ խոսում ենք, թե մեր բյուջեն աղքատիկ է, չենք կարողանում բոլոր հարցերին անդրադառնալ ու լուծումներ գտնել, բայց արդյունավետ ծախսելու, չփոշիացնելու դեպքում փոքր բյուջեով կարելի է հաջողությունների հասնել:
-Խոստումներն իրականացնելուց զատ, ըստ Ձեզ, իշխանությունն արդյոք «դեմքը» փոխելու կարիք չունի՞: ՀՀԿ-ն «մաքրելու» անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
-Ավելի շատ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մենք այնքան փոքր երկիր ենք, խոսում ենք 860 հազար և 540 հազար ձայնից: Սա մեծ մեգապոլիսի փոքր հատվածի չափ ժողովուրդ է. այս պարագայում լինել այսքան բևեռված ու չլսել միմյանց... Պետք է ոչ թե իշխանափոխության, այլ համակարգային փոփոխությունների պահանջ լինի: Նախագահը օրենքով ընտրվել է, ու մենք շատ լավ գիտենք մեր խնդիրները, լուծման ճանապարհները: Քաղաքական կամք պետք է դրսևորել նաև պաշտոնյաների փոփոխության հարցում: Սակայն այնպես չէ, որ բոլոր պաշտոնյաններին փոխելու անհրաժեշտություն կա:
-Ի՞նչ երաշխիք ունի բողոքող քաղաքացին, որ առաջիկա հինգ տարիներին իշխանությունը դրական քայլեր կանի: Չէ՞ որ նախորդ հնգամյակում զգալի տեղաշարժեր չեղան։
-Համամիտ չեմ, որ դրական փոփոխություններ չեն եղել: Կարծում եմ` հսկայական փոփոխություններ են եղել: Եթե համեմատենք հինգ տարի առաջվա ու հիմիկվա Հայաստանը, տարբերությունները շատ մեծ են:
-Կա ընդդիմադիր հատված, որն իր կյանքում այդ փոփոխությունը չի նկատել:
-Որովհետև բոլոր ծրագրերը դեռ չենք իրականացրել: Կրկին պիտի հիշեցնել ճգնաժամը, դրա վատ հետևանքները: Այդուհանդերձ, ոչ թե փոփոխություն չի եղել, այլ պահանջներն են մեծացել: Մարդկանց գիտեմ, որ շատ ավելի լավ են ապրում, բայց բողոքը շատ ավելի մեծ է:
Այս օրերին փոխվել է մթնոլորտը, դարձել է ավելի հանդուրժող, պայթյունավտանգ չէ: Սա իշխանության ձևավորած մթնոլորտն է, որովհետև մեր նախագահն է առաջին հերթին տոլերանտ: Որևէ դեպք չի եղել, երբ իրեն առաջարկվի երկխոսություն, և դա չքննարկվի: Հիմա էլ իշխանությունը փորձում է եզրեր գտնել: Ընդդիմությունը, ունենալով այսպիսի արդյունք, խոսում է իշխանափոխությունից, սա անընդունելի է: Ավելին, ընդդիմության առաջնորդը հստակ չի կողմնորոշվել, կոչերը հստակ չեն, ծրագիր չունի: Ընդդիմությունը պիտի շատ կողմնորոշված լինի, դիրքորոշումները որոշարկի: Այսօր, ցավալիորեն, դեռ չի երևում, թե ընդդիմությունն ուր է տանում իր ընտրազանգվածին:
-Չի ընկալվում նաև այլընտրանք կոչվող ուժի` ԲՀԿ-ի, գործողությունների տրամաբանությունը: Մեկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է «երկխոսվում», մեկ էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի: Հիմա էլ հայտարարություն են անում, բայց մեջը հեչ «աղ» չկա: Կոալիցիոն նախկին գործընկերոջ պահվածքը ՀՀԿ-ն ինչպե՞ս է մեկնաբանում:
-Ամենադժվարն այն ուժերի վիճակն է, ովքեր հստակ չեն ձևակերպել քաղաքական իրենց կուրսը: Ինչքան էլ խոսենք այլընտրանքի մասին, քաղաքականությունը ճշգրտություն է սիրում: Այս առումով ԲՀԿ-ի վիճակը դժվար է, քանի որ դեռևս մանևրում են:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ