Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Լևո՜ն, Լևո՜ն» գոչողներն այսօր կանչում են «Րաֆֆի՜, Րաֆֆի՜»

«Լևո՜ն, Լևո՜ն» գոչողներն այսօր  կանչում են «Րաֆֆի՜, Րաֆֆի՜»
05.03.2013 | 00:39

Սկզբից ևեթ ներողություն եմ խնդրում Րաֆֆուց և ասում, որ երբեք նրան չեմ համեմատում Լևոնի հետ, որովհետև նա, գուցե և որոշ հարցերում մոլորյալ, բայց որակական հատկանիշներով Լևոնից տարբերվող և նրա հետ որևէ համեմատելի եզր չունեցող անհատ է: Րաֆֆու նպատակները և գործելաոճն ազնիվ են, երբեք աչքի չի ընկել իշխանատենչությամբ և հանուն իշխանության չի գնա անազնիվ ճանապարհով, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը: Րաֆֆին ցանկանում է հասնել իշխանության մաքուր ձեռքերով և մաքուր խղճով (փոքր-ինչ անհնարին իդեալական տարբերակ է), ինչից հեռու էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 25 տարի առաջ Թատերական հրապարակում հանուն Ղարաբաղի անկախության ամեն ինչի պատրաստ ժողովրդի ազգային զգացմունքների վրա հաջող քաղաքական պայքար իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության հասնելուց կարճ ժամանակ անց ցույց տվեց իր քաղաքական, պետական, ազգային գործչի ողջ էությունը: Երբևէ ազնիվ դրսևորումներով աչքի չընկած Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի հոգեհանգստի արարողությանը նվիրված համագումարում ասաց. «Ժողովուրդը զզվում է մեզնից, ՀՀՇ-ից»:
«Բռավո՛»,- ասացի ես: Մարդը գոնե կյանքի մայրամուտին ազնվացել է: Սակայն, պետք է ասել, որ նա ազնվացել էր «ազնվորեն» հինը (ՀՀՇ-ին) տապալելու և տապալված նորին (ՀԱԿ-ին) կենդանություն տալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանի ազնվանալը միայն այդ նպատակն է հետապնդում: Հիմնավորեմ մեկ օրինակով: Րաֆֆին գործողությունների ծրագիր չունի, համագումարի օրերին ասաց նա: Հանուն ճշմարտության ասենք, որ ցանկացած երկրում ճգնաժամային իրադրության մեջ իրոք միայն հստակ ծրագիր ունեցող անհատը, կուսակցությունը կարող են գործել վճռական և հասնել նպատակին: Եվ բոլոր դեպքերում չէ, որ նպատակին հասնելը կարող է լինել անարյուն, մանավանդ երբ շուրջդ հավաքված հարյուր հազարների մեջ ազնիվ նպատակների նվիրյալները քիչ են, իսկ ամեն կարգի քաղաքական ավանտյուրիստները, ուրիշի արյան վրա ձեռք տաքացնողները, մարադյորները, քաղաքական պոռնիկներն ու իշխանատենչները ավելի քան բավարար են:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը (մեկը չկա հարցնի` 2008-ի փետրվարի վերջերին ծրագիրդ ո՞րն էր. ժողովրդին ամբոխ դարձնելը և հանցագործության մղե՞լը, արյուն թափե՞լը) անպայման քաղաքական ավանտյուրայով ուրիշ քաղաքական ուժին վարկաբեկելը, ամբաստանելը (հիշենք 1990-ի մայիսի 27, թունավորումներ և այլն) և իշխանության գալուց հետո անազնվորեն իշխանության մնալը (1996-ին Վազգեն Մանուկյանին վարկաբեկելը) և ժողովրդի հիշողության կորստի վրա նորեն քաղաքական ասպարեզ մտնելն է և նորից արկածախնդրության ճամփան բռնելը (2008 թվականի մարտի մեկ), ապա այժմ փորձում է քաղաքական կարևոր ուժին մղել արկածախնդրության, որով իսկ կլուծի շատ կարևոր հարց. ևս մեկ անգամ կվարկաբեկվի իշխանությունը, և ասպարեզից կհեռացվի ապագա ընդդիմադիր, կայուն ուժը: Բայց Լևոնը մոռանում է, որ Րաֆֆին Լևոն չէ և ոչ էլ Լևոնի նման հայ մարդու արյունը թափելուն միշտ պատրաստ քաղաքական գործիչ: Րաֆֆին ազնիվ, ես կասեի` նույնիսկ հայ իրականության համար միամիտ մարդ է, որին շատերը կուզենան օգտագործել: Հավանաբար այդ ազնվությունն է գնահատել ժողովուրդը և հավատացել ու հավատում է, որ Րաֆֆին փոխելու է իրենց կյանքը:
«Լևո՜ն, Լևո՜ն» գոչելու ժամանակ ժողովուրդը կուշտ էր և հայրենասեր: Թե ինչով վերջացան այդ ժողովրդական բացականչությունները, այսօրվա մեր կյանքը վկա: Անցել է 25 տարի, և ժամանակները փոխվել են: Եթե 25 տարի առաջ չկար անտագոնիզմ հայ իշխանավորի և ժողովրդի միջև, ապա այսօր ոչ միայն կա այդ անտագոնիզմը, այլև այն շատ խորն է: Եվ փոխանակ այդ անտագոնիզմը վերացվի իշխանության և ընդդիմության համատեղ ջանքերով, ոմանք փորձում են Րաֆֆուն մղել արկածախնդրության: Արկածախնդիր մարդու համար չկա հայրենիք, չկա սրբություն: Նրանց համար սրբությունը փողն է և պաշտոնը: Եթե 25 տարի առաջ ժողովուրդը կուշտ էր և հպարտ, այսօր նրան մղել են աղքատության: Եթե 25 տարի առաջ Երևանում օրական թխվում էր 400 տոննա հաց և մեծ մասն էլ թափվում էր, ապա այսօր աղբարկղում հայ մարդը հաց է որոնում: Եթե 25 տարի առաջ հայ մարդը բուժվում էր ձրի, ապա այսօր գիտենք, թե ինչ թանկ հաճույք է բժշկի դիմելը: Հայ մարդու անատամ բերանը` ասածիս վկան: Եվ նման պայմաններում բոլորովին այլ դրսևորում ունեն «Րաֆֆի՜, Րաֆֆի՜» կոչերը:
Եզրակացությունը մեկն է. երբ ժողովուրդը ակամա (լինի ցասում, անսահման սեր, հարգանք, թե մի այլ բան) գոչում է որևէ անհատի անուն, դրանից լավ բան մի սպասեք: Մենք ապրել և ապրում ենք 25 տարի առաջ դրսևորած մեր ցասման հետևանքները (ազնիվ ցասումն օգտագործեցին երկիրը թալանելու համար): Հայ ժողովուրդ, երբե՛ք մի վերածվիր ամբոխի, մեր թշնամիները շատ են:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ