Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չի՛ եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որը միշտ վարակիչ է»

«Չի՛ եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որը միշտ վարակիչ է»
05.03.2013 | 11:50

Կարդացի «Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում» հոդվածը («Իրատես de facto», 18. 02. 2013 թ.) և շատ զարմացա, որ նորից ու նորից փորձ է արվում ամեն գնով պաշտպանելու մեծարելու մեծագույն մարդասպաններին, դասական ճիզվիտներին, որոնք, միջոցների մեջ խտրություն չդնելով, իրենց ողջ գործունեությամբ բարոյազրկել, վարկաբեկել, հիմնովին աղավաղել, խեղաթյուրել և ի, վերջո, կործանման են նախապատրաստել սոցիալիզմի վեհ գաղափարները:
Նախաբանում հոդվածագիրը նշում է, որ խորհրդային մեծ երկրի բնակչության 68 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ը պահպանելու օգտին:
Հարց` իսկ ինչու 19-միլիոնանոց կուսակցությունը չկարողացավ կամ չցանկացավ ԽՍՀՄ-ը` սոցիալիզմը, պահպանել. որովհետև ոչ ոք չէր հավատում Լենինից մինչև Գորբաչով անխղճորեն վարկաբեկված, աղավաղված, միլիոնավոր անմեղ մարդկանց արյունով շաղախված ստալինյան սոցիալիզմին:
Թերևս սումգայիթյան, միջինասիական և այլ ողբերգական, արյունալի դեպքերը քաոս ստեղծեցին մեծ երկրում և նպաստեցին ԽՍՀՄ-ի փլուզմանը: Հարց` իսկ ինչո՞ւ հանրապետությունների «ազնիվ» կենտկոմականները և միլիոնավոր ազնիվ կոմունիստներ վճռականորեն չմերկացրին գորբաչով-լիգաչովյան ստոր դավադրությունը` փորձելով ճիշտ հունի մեջ դնել ազգային ու սոցիալ-տնտեսական խճճված հարցերը։ Որովհետև երկրում տիրում էր 70-ամյա ստալինյան բարոյազրկությունը, որովհետև Լենինի, Ստալինի դավադրաբար հորինած միակուսակցական համակարգը ստեղծել էր հանցագործ առաջնորդների անսխալականության պատրանք. արդյունքում` Լենինի, Ստալինի ամոթալի պաշտամունք, այլասերված, բարոյազրկված հասարակություն, որը պավլիկմորոզովյան ստոր հոգեբանությամբ պատրաստ էր մատնելու, դավելու հարազատին, ընկերոջը, հարևանին, քշելու Սիբիրի գուլագները` առանց խղճի խայթ զգալու:
Հոդվածագիրը նշում է, որ 1956 թ. կոմկուսի կենտկոմը դատապարտեց անհատի պաշտամունքը` Ստալինին: Սակայն խուսափում է ասել, որ արմատական չէր այդ դատապարտումը, քանզի պատասխան էին տալու քաղբյուրոյի բոլոր անդամները, ովքեր կամա, թե ակամա մասնակցել էին ստալինյան զարհուրելի ոճրագործություններին, ստորագրել էին միլիոնավոր անմեղ մարդկանց երեքրոպեանոց մահավճիռները (պատկերացնո՞ւմ եք, երեք րոպեում երեք դահիճներով վճռում էին մարդուն գնդակահարել կամ քշել Սիբիր` մարդկության պատմության մեջ աննախադեպ գործելակերպ), պատասխան էին տալու նաև տասնյակ հազարավոր կոմունիստներ, ովքեր նույնպես կամա, թե ակամա մասնակցել էին այդ հանցագործություններին կամ հովանավորել դրանք. մի խոսքով, կբացահայտվեր ողջ կուսակցության պատասխանատվության հարցը` անկանխատեսելի հետևանքներով:
Միակուսակցական խոցելի համակարգի արդյունքում այնուհետև նախ ոգեկոչվեց Խրուշչովի, ապա, ավելի լայնորեն, նորօրյա Իլյիչի պաշտամունքը` աններելի բարոյաքաղաքական, տնտեսական, ազգամիջյան սխալներով ու հանցագործություններով հանդերձ. ո՞վ կհամարձակվեր ասել. «Կոմկուսի գլխավոր քարտուղար, ինչո՞ւ ես զորք մտցնում Աֆղանստան», արկածախնդրություն, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր խորհրդային քաղաքացիներ (դե, լենինյանների համար էն գլխից մարդկային կյանքը արժեք չուներ), ծախսվեցին վիթխարի նյութական ու ֆինանսական միջոցներ, իսկ նորօրյա Իլյիչը ճառում էր զուգարանի թղթի, կենցաղային զանազան պարագաների բացակայության մասին:
Ինչո՞ւ Ձեր հիշատակած հպարտ ու անկախ քաղաքացին չբողոքեց այդ հանցագործության դեմ։ Բայց ինչպես բողոքեր, եթե նրան էն գլխից զրկել էին ինքնուրույն մտածելու, չարի դեմ ըմբոստանալու կամքից, դարձրել ինչ-որ իլյիչների, ստալինների ու գորբաչովների հլու կամակատար: Իհարկե, ի վերջո, խորհրդային բանակը դուրս բերվեց Աֆղանստանից, բայց ոչ ոք պատասխան չտվեց այդ հանցագործ արկածախնդրության համար, չէ՞ որ կոմկուսը և նրա քաղբյուրոն միշտ իմաստուն էին, ճշմարիտ:
Ստալինյան բռնությունների միակողմանի ներկայացման մասին, որի պատճառով իբր ստվերվում է այն ամենը, ինչը լավ է եղել: Ցավոք, լենինյան-ստալինյան հակամարդկային, հակաազգային, մասնավորապես հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություններն այնքան չարագույժ ու աններելի են, որ ակամա ստվերում են ամեն մի լավ բան:
Չկա ավելի թանկ բան, քան մարդու կյանքն է, մանավանդ` միլիոններինը, և ոչ մի երկրային ու երկնային գաղափարով, առավել ևս կասկածելի սոցիալիստական հեղափոխությամբ չի կարող արդարացվել հենց Լենինի խոսքերով ասած` «համառուսական մսաղացը»: Իսկ Լենինն ու Ստալինը միլիոնավոր մարդկանց դիակների վրայով են քայլել. ուրեմն այդպիսի հանցագործների ոչ մի հուշարձան չի կարող լինել: Եթե հարկ է պահպանել Մերկուրովի կերտած հուշարձան-քանդակը, ապա թող դնեն թանգարանում և վզից կախեն ցուցանակ` «ճիզվիտ-դահիճ» մակագրությամբ, որպեսզի սերունդներն իմանան ճշմարտությունը:
Հայրենական պատերազմի հաղթանակը Ստալինի հուշարձանն է, գրում է հոդվածի հեղինակը։ Դա պարզապես անարգանք է միլիոնավոր հերոսների հիշատակին, ովքեր կրծքներով ուղղակի փակում էին թշնամու հրակնատները։ Անարգանք է փայլուն մարշալների ու գեներալների` ժուկովների, բաղրամյանների, իսակովների, խանփերյանցների, նաև միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին, ովքեր կյանքից զրկվեցին ստալինյան բռնությունների և աններելի սխալների պատճառով:
Նշենք դրանցից միայն մի քանիսը. 1937-38 թթ. մոլագարի կատաղությամբ ոչնչացվեցին հազարավոր փայլուն զորահրամանատարներ, որոնց տաղանդավոր դերակատարմամբ Հայրենական պատերազմում զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ:
Ստալինի անազնիվ անցյալը, անսահմանափակ իշխանությունը կորցնելու սարսափը, անմարդկային, չարագույժ հոգեբանությունը սատանայական կասկածամտություն ու անվստահություն էին առաջացրել իր շրջապատի, մասնավորապես խորհրդային փառապանծ հետախուզության նկատմամբ, հետևաբար ժամանակին չկանխատեսվեց գերմանական հանկարծակի հարձակումը` ողբերգական հետևանքներով:
Պատերազմի հենց առաջին օրերին գերի ընկավ մեկ միլիոն խորհրդային զինվոր, ոչնչացվեցին հարյուրավոր ինքնաթիռներ, տանկեր, վիթխարի քանակությամբ այլ ռազմամթերք: Ի դեպ, երկրի առաջնորդը ինչ աստիճանի մոլագար-հոգեգար լինի, որ գերի ընկած բազմահազար զինվորներին, նույնիսկ հետպատերազմյան տարիներին, հայտարարի ժողովրդի թշնամի և աքսորի Սիբիր, զրկի աշխատանքից, ապրելու տարրական պայմաններից. մարդկության պատմության մեջ բացառիկ հանցագործություն: Ի վերջո, 27 միլիոն զոհերով` գերմանացիների 7 միլիոնի դիմաց, շահեցինք պյուռոսյան հաղթանակ. և այսօր ասել, թե դա Ստալինի հուշարձանն է, պարզապես վիրավորական է:
Եթե այս մեծ երկրի առաջնորդը լիներ մի ազնիվ ռուս գործիչ, ամեն ինչ այլ ընթացք կունենար. թերևս գերմանացիները չէին էլ համարձակվի հարձակվել հզոր Ռուսաստանի վրա: Հետևաբար, չէին լինի նախապատերազմյան, նաև պատերազմական անտեղի և հետպատերազմյան միլիոնավոր զոհերը, չէին վարկաբեկվի, պղծվի սոցիալիզմի վեհ գաղափարները, այսօր Ռուսաստանը կլիներ 300-400-միլիոնանոց շատ ավելի հզոր պետություն. համեմատեք 1926 թվականից սկսած պարբերաբար անցկացված մարդահամարի տվյալները և դրանում կհամոզվեք:
Լենինյան-ստալինյան բռնությունները համեմատվում են Սպարտակի և Պետրոս Մեծի ժամանակների հետ: Մի՞թե այդպես կարելի է արդարացնել 20-րդ դարի մեծագույն հանցագործությունները և մեզ մխիթարել, թե պատմական անխուսափելի գործընթացներ են։ Այդպես կարելի է արդարացնել համաշխարհային ցանկացած հանցագործություն:
Նշվում է, որ մարշալները դավադրություն էին կազմակերպել և պետք է պատժվեին։ Նախ` այդ ինչպե՞ս է, որ «լենինյան ամենամարդկային» երկրում ինչ-որ մեկն առանց դատ ու դատաստանի կարող է տնօրինել միլիոնավոր անմեղ քաղաքացիների, նաև հազարավոր փայլուն զորահրամանատարների կյանքը: Այդպես էր, քանզի տասնամյակներ շարունակ իշխում էին ինչ-որ հոգեգարի կամքն ու ցանկությունը, չէին երաշխավորված մարդու սահմանադրական, իրավական, բարոյական ամենատարրական իրավունքները, և պարզապես արդարացման մի փորձ է հեղինակի հարցադրումը` յուրաքանչյուր ոք պետք է մտածի, թե ինքն ինչ կաներ այդ մեծ անհատի փոխարեն։ Պատասխանը մեկն է` անպայման և առաջին հերթին մարդ կլիներ, ոչ թե մարդկության, ժողովուրդների դահիճ:
Դավադրությո՞ւն էր, թող դատ աներ, ջոկեր մեղավոր ու անմեղ, պարզեր, որ հարցում իր հետ համաձայն չեն: Չէր անում, որովհետև իր անցյալը կեղտոտ էր, որովհետև մարդիկ բացահայտել էին, որ այս դահիճը ցարական պահնորդական նախկին գործակալ է եղել, նաև 1909 թ. ցարական ժանդարմներին է մատնել Շահումյանի տեղը և ճարպկորեն խցկվելով բոլշևիկների շարքերը` հետագայում մոլագարի կատաղությամբ մաքրել է իր ճանապարհը, ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր տեղյակ են եղել իր ստոր անցյալին:
Մարշալներն իբր դավադրություն էին կազմակերպել։ Իսկ Կիրովի սպանությո՞ւնը, ապա 1934 թ. գրեթե ողջ կենտկոմի մոլագար ոչնչացո՞ւմը, իր կուսակցական ընկերոջը` Օրջոնիկիձեին, ինքնասպանության հասցնե՞լը, ընդհանրապես խորհրդային, մասնավորապես հայ մտավոր սերուցքի բնաջնջո՞ւմը. որ մեկը թվես։ Այսպե՞ս են հզոր պետություն ստեղծում, և իբրև թե նրա գերակա շահը պետական շահն էր: Միայն հոգեգար-մոլագարը կարող էր այդպես ապրել ու գործել:
Ոչ թե միակողմանի են ներկայացված լենինյան-ստալինյան բռնություններն ու հանցագործությունները, այլ կիսատ-պռատ։ Կգա ժամանակը, կբացվեն արխիվները, և մարդկությունը կսարսափի հրեշավոր հանցագործությունների մասշտաբներից:
Նշվում է, որ Ստալինը չի վայելել հեղափոխությունը: Խոսքը բոլորովին էլ նյութական վայելքի մասին չէ։ Նա դրա կարիքը չուներ, քանզի ողջ երկիրն ու ժողովուրդը նրա արյունոտ բռան մեջ էին, արյունոտ սապոգների տակ, ինչպես ուզում ճնշում ու ճզմում էր` չցուցաբերելով մարդկային ամենասովորական որակներ:
«Վիժվածք» բառի մասին. նման հրեշին այդպես կոչելը մեղմ է: Կարդացեք «Դժոխային լենինապատում» հոդվածը («ծՏՉՏպ ՉՐպՎÿ», 4.05.2010 թ. և «Ազգ», 9.04.2011 թ., նախորդ հոդվածում սխալ էր նշվել «Ազգ»-ի թվականը) և կտեսնեք, թե ինչ բառապաշար է գործածել Լենինը, և ռուս մտավորականությունը ինչ գնահատական է տվել այդ ճիզվիտին: Ի դեպ, հանճարեղ ու մարդասեր Մաքսիմ Գորկին նույնպես 1918 թ. իր գնահատականն է տվել. «Այժմ ժամանակը չէր հեղափոխության, և որ այն պետք է անեն մտավորականները»:
Այո, «վիժվածք» բնորոշումը տեղին է, քանզի Լենինը ծնեց Ստալինին, Ստալինը ծնեց այնպիսի վիժվածքների, ինչպիսիք էին Եժովը, Յագոդան, Բերիան և բազում այլ տականքներ: Հարց` ինչպե՞ս էր լինում, որ Ստալինի հետ համագործակցում էին նման արյունարբու ճիվաղներ։
Ինչ վերաբերում է Ստալինի բարոյական կերպարին, նախորդ հոդվածներում արդեն գրել եմ. բայց կավելացնեի ևս մեկը. Կրեմլում կուսակցական ընկերոջը հարցնում է` դու էլի նրա հե՞տ ես (իր մորը նկատի ունի), բայց այնպիսի բառապաշարով, որը լրագրային չէ: Իսկ 1927 թ. Թիֆլիս այցելելիս կայարանում նկատում է, որ մայրն էլ է եկել իրեն դիմավորելու, լկտիաբար ասում է` պոռնիկ, դո՞ւ ինչու ես եկել: Այնպես որ, նրա համար ոչ մի սրբություն չկար:
Ստալինն այնպիսի դժոխային մթնոլորտ էր ստեղծել երկրում, որ մարդիկ, ովքեր մտածում էին գոնե ինքնասպանությամբ խուսափել դահճի հրեշավոր տանջանքներից, գիտակցաբար հրաժարվում էին այդ մտքից, քանզի գիտեին, որ դրան կհաջորդեն իրենց բոլոր հարազատների, ընկերների, հարևանների ոչնչացումն ու աքսորը, ինչպես եղավ նույնիսկ նրա հեղափոխական ընկերոջ` Օրջոնիկիձեի և շատ ուրիշների հարազատների հետ: Աշխարհի որևէ երկրում մի՞թե գրանցված կա այսպիսի անմարդկային գործելակերպ:
Տրոցկու մասին. հակահայ հուդա: Բայց նա բոլշևիկների պաշտելի Իլյիչի լավագույն բարեկամն էր: Պատահական չէր, որ Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ, երբ դավաճանական քայլեր է անում հուդան, ոմանք բողոքում են Լենինին, վերջինս ուղղակի ասում է. «Իմ բարեկամությունը Տրոցկու հետ ինձ համար ավելի թանկ է, քան Լիտվայի ու Էստոնիայի կորուստը»։ Ահա Լենինի բարոյական կերպարը:
Ռուս կառավարիչների կողմից թուրքերի հետույքը լիզելու մասին. հեղինակը, խնայելով բոլշևիկների պաշտելի Իլյիչին ու Ստալինին, խուսափում է ճշմարտությունն ասելուց. չէ՞ որ թուրքի` Էնվերի, Ջեմալի, Թալեաթի, Քեմալի, նույնիսկ Նարիմանովի հետույքները ամենից շատ լիզել են Լենինն ու Ստալինը` հատկապես ի ողբերգություն հայ ժողովրդի:
Ինչ վերաբերում է հետին թվով իմաստուն երևալուն, կասեի` ես չեմ կարող հետին թվով հիմար ձևանալ և չարտահայտել իմ անսահման ատելությունը դահիճների, հատկապես իմ ժողովրդի դահիճների նկատմամբ և նրանց վերագրել ոչ արժանի հուշարձաններ ու փառքի պսակներ: Ի դեպ, հարգելի հեղինակը իր հոդվածներից մեկում գրել է. «Բանական մարդը, մտածող մարդը չի կարող ինքնուրույն կարծիք չունենալ»:
Ստալինի կողմից Արևմտյան Հայաստանն ազատագրելու մասին. Ստալինի հայատյաց անցյալին նայելով, պարզապես զավեշտ է հնչում այդ երազանքը: Նա այդ ազատագրված տարածքները կմիացներ Վրաստանին (վկա` Ստալինի հրահրմամբ, հենց այդ օրերին, վրաց մտավորականության լայնածավալ շարժումը առ այն, որ Արդահանը, Կարսը, Վանը վրացական տարածքներ են), իսկ Նախիջևանը` Ադրբեջանին, քանզի էն գլխից ակնհայտ էին Լենինի ու Ստալինի պանթուրքիստական նպատակները, վկա` 1920 թ. Սյունիքը ամեն գնով Ադրբեջանին հանձնելու կատաղի քայլերը: Ի դեպ, Ստալինը փորձում էր Հայաստանի բնակչությունը նվազագույնի հասցնել` հայերին զանգվածաբար, այդ թվում նաև ներգաղթյալ արևմտահայերին, տեղափոխել Ալթայի երկրամաս և ապա միացնել Վրաստանին ու Ադրբեջանին: Փա՜ռք Աստծո, որ երկնային Տերը ժամանակին դժոխք տարավ նրա չարագույժ հոգին:
Եվս մեկ բան. հանճարեղ Շիրազը, նկատի ունենալով Լենինին ու Ստալինին փառաբանելը, ասել է. «Լեռ Կամսարը միակ հայ գրողն է, որ չի պղծել իր գրիչը, իսկ ես երկու անգամ պղծել եմ»։ ՈՒրեմն հետևենք հանճարներին և չպղծենք մեր շարքային գրիչները` մեծարելով ու փառքի պսակներ վերագրելով չարագործներին:
Վերջում կավելացնեի, որ միշտ հիացմունքով եմ կարդացել Սոկրատ Հովսեփյանի քաղաքացիական ազնիվ պաթոսով, հայրենաշունչ հոդվածները:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ