Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեբաստիայի քառասուն զինվորների վարքը կամ բժշկություն օրհնված յուղով

Սեբաստիայի քառասուն զինվորների վարքը կամ բժշկություն օրհնված յուղով
05.03.2013 | 11:55

Ամեն տարի այս օրերին «Իրավունք de facto»-ն իր պարտքն է համարում տեղեկացնելու ընթերցողներին, որ Մեծ պահքի Դատավորի կիրակիից առաջ, շաբաթ օրը (մարտի 9-ին), ըստ մեր Հայոց առաքելական տոնացույցի` «Սրբոց Մանկանցն Քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան» հիշատակության օրն է։

Այս մասին գրում և հիշեցնում եմ ընթերցողներին, որովհետև այն, բացի նրանից, որ այդ ընտիր քրիստոնյաների հիշատակի տոնն է, որոնց բարեխոսությունից կարող ենք օգտվել, նաև այդ օրը միակ հնարավորությունն է, որ ամեն քրիստոնյա կարող է եկեղեցուց օրհնված յուղ (ձեթ) տանել, որի բժշկարար օգտակարության մասին հիմա կկարդաք։
Բայց նախ հիշենք այդ քառասուն սրբերի հաղթական վարքի ընտրագույն վկայությունը։
Ըստ Շնորհք պատրիարքի «Համաքրիստոնեական սուրբեր» գրքի` 316 թ., երբ իմանում են, որ Կապադովկիայի կայսերական բանակում քրիստոնյաներ կան, հարցաքննության են կանչում նրանց և ստիպում ուրանալ Հիսուսին: Տանջալի կտտանքներից հետո էլ նրանք հավատարիմ են մնում Հիսուսին: Վճռվում է բոլորին գցել Սեբաստիայի մոտի սառչող լիճը, իսկ ափին բաղնիք տաքացնել, որ ով ուրանա Քրիստոսին, թույլ տրվի լճից դուրս գալ ու մտնել այնտեղ: Մեր շատ եկեղեցիներում այդ օրը հատուկ պատրաստված քառասուն կանթեղների մեջ լցնում են ժողովրդի ընծայաբերած ձեթից ու վառում պատրույգները՝ ի նշան այդ սրբերի ընտիր հավատի, որոնք, սառցե լճում ամբողջ գիշերը մնալով, համբերեցին՝ մինչ ի մահ (ասենք որ, ըստ արդի բժշկագիտական տվյալների, սովորական մարդը սառցաջրում կարող է կենդանի մնալ տասը րոպեից ոչ ավելի), բացի մեկից, որը, լճից դուրս գալով, մտնում է տաք բաղնիք և իսկույն մեռնում: Մինչդեռ այդ պահին նահատակների համար երկնքից իջնում էին քառասուն պսակներ: Հսկող պահակներից մեկը, տեսնելով այդ, կամավոր նետվում է սառցալիճը և, իրեն նույնպես քրիստոնյա հայտարարելով, նահատակվում է մյուսների հետ՝ ստանալով քառասուներորդ պսակը: Ահա այս սրբերի տոնակատարության ժամանակ էլ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին, որոնք տանում են իրենց տները՝ որպես հիվանդությունների բուժման միջոց:
Որպես նախնյաց պատմական մասունք, Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնակատարության մասին պահպանվել է այս հինավուրց վկայությունը, սուրբ հայրերից մեկի՝ Գրիգոր Նյուսացու հետ կապված։ Ինչպես գիտենք, նրա եղբայրն էր Բարսեղ Կեսարացին, որն այդ ժամանակ Կեսարիայի հոգևոր հոտի վերակացուն, այսինքն` եպիսկոպոսն էր, իսկ նրանց ընտանիքը, մանավանդ բարեպաշտ մայրը, Աստծուն անչափ սիրելով, իր զավակներին կրթել էր քրիստոնեական սիրով, իսկ իրենց ամբողջ գերդաստանը և ունեցվածքը ի սպաս էին դրել քրիստոնեության տարածման համար։ Ահա, երբ Քառասուն մանուկների նահատակության լուրը նաև Կեսարիա հասավ, իսկ շուտով նաև նրանց սուրբ մասունքները առաջին անգամ բերեցին Բարսեղի և Գրիգորի հայրական տուն և, հանդիսավոր տոնակատարության օր նշանակելով, հրավիրեցին բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին այդ օրը հավաքվելու և սաղմոսներով ու աղոթքներով գիշերային հսկում կատարելու։ Այդ ժամանակ Գրիգոր Նյուսացին մի հեռու քաղաքում էր, ու նրան էլ կանչեցին այդ տոնակատարությանը։ Նա, չմերժելով առաջարկը, չնայած մեծ զբաղվածությանը, երկար ճանապարհ կտրելով գալիս հասնում է հայրական ոստան։ Բայց ճանապարհից շատ հոգնած լինելով, որոշում է ավելի ուշ գնալ մասնակցելու գիշերային հսկմանը, ու քնում է տանը։ Երազում տեսնում է` իբր ինքն ուզում է գնալ այդ հսկմանը, բայց իրենց տան այգու դռան մոտ կանգնած ահեղատեսք ու խիստ զինվորն արգելում է իրեն ներս մտնել, քանի որ ուշացել է բուն արարողությունից։ Գրիգորն իսկույն վեր է թռչում քնից և շտապ-շտապ հագնվելով գնում է հայրական տան այգին, որտեղ ճրագների ու ջահերի լույսի ներքո արդեն սկսել էին սրբերի տոնահանդիսությունը։ Մի կերպ խցկվելով ծնկաչոք հավատացյալների արանքներy, ամեն գնով աշխատում էր մոտ լինել սրբերի մասունքներին, հասկանալով, թե ինչ մեծ սխրանք են կատարել Քրիստոսի այդ հավատարիմ զինվորականները, իսկ ինքը իր փոքր-ինչ հոգնածությունը չէր կարողացել հաղթահարել, որ սրբերին պատվեր։ ՈՒ ամբողջ հսկման ժամանակ երիտասարդ Գրիգորի աչքերից զղջման ու ապաշխարանքի արցունքներ էին հոսում, քանզի իր տկարություններն ու մեղքերն էր տեսնում։ Դրանից հետո նրա կյանքն այլ ընթացք ստացավ, իսկ սիրելի եղբոր՝ Բարսեղի անժամանակ մահից հետո դարձավ նրան փոխարինողն ու իր աստվածաբանական հոգելից աշխատություններով արեց այն, ինչ եղբայրը չհասցրեց կատարել։
Ովքեր կցանկանան մասնակցել ձեթի օրհնության արարողությանը, տեղեկացնենք, որ այդ սրբերի հիշատակությունը, ըստ մեր առաքելական եկեղեցու տոնացույցի, միշտ կատարվում է շաբաթ օրը, առավոտյան ժամերգության ընթացքում, որ սկսվում է ժամը 9-ին։
Օրհնված ձեթը, որպես մարդկանց զանազան հիվանդությունների բժշկության միջոց, օգտագործում են առաքելահիմք բոլոր եկեղեցիները, ինչը հիմնավորում են նախնի սովորությամբ և ավետարանական այն վկայությամբ, թե բարի սամարացին ավազակներից վիրավորվածին բժշկելու համար գինի և ձեթ օգտագործեց, նաև Հակոբոս առաքյալի ուղերձի այս տողերից. «Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի. մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 3.13-16):
Իսկ մենք, միմյանց ներելով ու խոստովանելով մեր մեղքերը, իրար համար աղոթելով և օգտվելով օրհնված ձեթից, կարող ենք ինքներս էլ բժշկություն ստանալ։
Նաև ավելացնենք, որ այդ ձեթը մարմնի ցավոտ մասերին (իհարկե, ոչ ծածուկ և ամոթալի տեղերին) օծում են խաչանիշ ձևով։ Այդ ձեթից կարելի է մի փոքր ավելացնել նաև սովորական կերակուրներին։ Դրա համար շաբաթ օրը լավ կլինի ձեզ հետ եկեղեցի մի շիշ ձեթ տանեք, որը և այնտեղ կօրհնվի, և դուք էլ կարող եք բաժին հանել ձեր ունեցածից եկեղեցում կատարվող այդ օրհնության արարողությանը։
Յուղի (ձեթի) հոսքի հրաշագործ ու զարմանալի խորհուրդը շարունակվում է մեր օրերում ևս, երբ աշխարհի զանազան վայրերում, լինի եկեղեցում, թե բարեպաշտ քրիստոնյայի տանը, հանկարծ Տիրոջ կամ Տիրամոր պատկերներն ու արձանիկները յուղ են դուրս տվել՝ որպես վկայություն և բժշկության միջոց հավատավոր անձանց համար:
Բայց մեր եկեղեցին ինչ-ինչ պատճառներով, դժբախտաբար, մոռացության է մատնել հիվանդներին ձեթով օծելու օգտակար սովորությունը: Մինչդեռ «Մայր մաշտոց» կոչվող քահանայական ծիսարանում կան բազմաթիվ կանոններ, որոնք ժամանակին կիրառվել են քրիստոնյա ժողովրդի զանազան կարիքների համար: Օրինակ, այդ ծիսարանում, բացի մատաղի, աղի ու հացի, այգու և պտղի օրհնական խոսքերից, կան նաև հատուկ կանոններ սաստիկ ամպրոպի, կարկտի կամ տարերային այլ աղետների դեմ, անպտղաբեր այգու, նույնիսկ ջրհորի, թոնրի, հավի ու անասունի օրհնության կանոններ, որոնց շարքում է նաև ձեթի օրհնության կանոնը (Մայր մաշտոց, կանոն 67, տե՛ս նաև Նորայր արք. Պողարյան, Ծիսագիտություն), որտեղ կա «Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո բժշկեա՛ զամենայն բեկումն հոգւոց եւ մարմնոց մերոց» աղոթքը: Այս արտասանելով և կանթեղի ձեթն առնելով՝ քահանան օծում է հիվանդին:
Այս առիթով հիշեցնենք, որ անցյալ տարի ընթերցողների համար գրեցինք Սուրբ Շարբելի հրաշագործությունների մասին։ Հիմա էլ ավելացնենք, որ այդ սրբի գերեզմանից հիվանդների համար տարված կանթեղների ձեթի օծումից բազմաթիվ մարդիկ են բժշկվել, քանի որ մարդասեր մեր Տերն ամեն ջանք գործադրում է, որ իր զավակներն առողջ լինեն թե՛ հոգով, թե՛ մարմնով։
Բայց այս առիթով, որպես անհրաժեշտ իմացություն, ասենք, որ երբեմն հիվանդություններն ընդամենն ի հայտ են բերում մեր հոգևոր ծածուկ մեղսալից վիճակը, ինչպես Աստծո խոսքն է մեզ հաստատում. «Ով մեղանչում է իր Արարչի առջեւ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաքի իմաստություն 38.15): ՈՒրեմն մեր մարմնավոր բժշկությունը մեծապես կախված է մեր իսկ հոգևոր վիճակից, որը սկսվում է չարությունից ու ոխակալությունից մեր սիրտը մաքրելով, թե մերձավորների հանդեպ և թե մնացածների, ում հետ առնչություն ենք ունենում։
Նույն իմաստունն այս առիթով գրում է.
«Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներուեն:
Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում:
Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար:
Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում: Ո՞վ քավութիւն կտայ նրա մեղքերին:
Յիշի՛ր քո վախճանը և դադարի՛ր թշնամություն անելուց, հիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ և մնա՛ պատվիրանների մէջ:
Հիշի՛ր պատվիրանները և ոխ մի՛ պահիր մերձավորիդ հանդեպ» (Սիրաքի իմաստություն 28.3-7):
Աստծո սրբի այս խրատներից հասկանում ենք, որ հոգևոր մաքրությունը պետք է սկսենք ներելով մեր հանդեպ մեղանչածներին, ոխ ու քեն, նաև բարկություն չպահենք և ոչ մեկի հանդեպ, այլապես ինքներս իսկ փակած կլինենք երկնքի օրհնության ու բժշկության պատուհանները, քանզի մաքուր հոգին մարմնի առողջության դուռն է։
Այս գրվեց որպես հիշեցում և հորդոր, ովքեր կուզենան օգտվել ձեթի օրհնության Աստծո ընձեռած ողորմության այդ հնարավորությունից:
Այսքանից հետո մեզ մնում է աղոթքներով հայցել Աստծո օրհնությունն ու ողորմությունը՝ հայոց ազգիս թե՛ հոգու, թե՛ մարմնի հիվանդությունների ու տկարությունների ապաքինման համար:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ