Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ժողովրդավարական» չլինելը ոչ միայն «մոդայիկ» չէ, այլև վտանգավոր է

«Ժողովրդավարական» չլինելը ոչ միայն «մոդայիկ» չէ, այլև վտանգավոր է
12.03.2013 | 00:52

Այս թեմային վաղուց էի ուզում անդրադառնալ, ու, բացի այդ, երևի հասունացել էր պետությունների ու հասարակությունների կառավարման սկզբունքների հրատապությունը։ Սակայն հենց այս օրերին, երբ հետընտրական Հայաստանում ակտիվորեն քննարկվում է քաղաքական և կառավարչական վերնախավի փոփոխման հարցը, աշխարհում հասարակական-քաղաքական կառուցվածքի կատարելագործմանը կամ բարեփոխմանն ուղղված որոշ միտումների դիտարկումը ոչ միայն հետաքրքիր, այլև օրախնդիր է թվում։ Ավելին, ցանկալի կլիներ, որ հայ հասարակությունը, որը հիմա թարմացումներ է պահանջում, չսևեռվեր երեկվա քաղաքական մոդելների վրա, անգամ ակտիվորեն պարտադրվող ու տարածվող, այլ լայն քննարկման առարկա դարձներ որոշ նորարարական մոտեցումներ ու գաղափարներ։
Եվ այսպես։ Եթե մեզնից յուրաքանչյուրին հարց տան, թե ինչպիսին կուզեինք տեսնել պետությունը, ապա պատասխանը, անտարակույս, հազիվ թե աչքի ընկներ օրիգինալությամբ։ Բոլորը, ինչ խոսք, այն կարծիքին են, որ հասարակությունը պետք է գլխավորեն «արժանիները»։ Բոլորն ուզում են, որ ամենակարևոր որոշումներն ընդունեն ամենաիմաստունները, ամենաազնիվները, ամենաանշահախնդիրները, մի խոսքով` ամենալավ մարդիկ։ Եվ ոչ ոք երբեք այլ կերպ չի մտածել։ ՈՒ մեկ էլ բոլորն ուզում են, որ հասարակության կառավարման ոլորտում ցանկացած որոշում ընդունեն այն մարդիկ, ովքեր թե՛ պատրաստ են նման որոշումներ ընդունելու, թե՛ բավականաչափ բանիմաց են։ Հետո ծառանում է ավանդական հռետորական հարցը` ինչպե՞ս հասնել դրան։
Մինչև վերջերս այն կարծիքն էր տարածված, որ դրան կարելի է հասնել ժողովրդավարության` «ժողովրդի իշխանության» միջոցով։ ՈՒ թեև այդ հասարակական-քաղաքական կառուցվածքը, հնարավոր է, կատարյալ էլ չէ, բայց մարդկությունը դրանից լավ ոչինչ չունի հնարած։ Ավելին, «ժողովրդավարությունն» ամբողջ անցած դարի ընթացքում ոչ միայն մի տեսակ չափանիշ էր դարձել բոլոր երկրների ու ժողովուրդների համար, այլև շատ կոշտ ձևով արմատավորվում էր նույնիսկ ա՛յն պետություններում, որոնք ինչպես պատմական, այնպես էլ նկարագրի ու կրոնական հանգամանքների բերումով հեռու են կառավարման այդ ձևից։ «Ժողովրդավարական» չլինելը ոչ միայն «մոդայիկ» չէ, այլև վտանգավոր է։ Թեև քսաներորդ դարի մի ամբողջ շարք քաղաքական իրադարձություններ` սկսած Հիտլերի միանգամայն օրինական ճանապարհով իշխանության գալուց և վերջացրած Լատինական Ամերիկայում բռնապետական վարչախմբերի ոչ պակաս «արդարացի ընտրություններով», վկայում են, որ ժողովրդի ընտրությունը հաճախ լավագույնը չէ, անգամ վտանգավոր է։
Սակայն մեր ժամանակներում «ժողովրդավարությունը» որպես պետական կառուցվածքի առավել կատարյալ մոդել, ավելի ու ավելի է կասկածների ու դժգոհությունների տեղիք տալիս։ Անգամ Եվրոպայում` «ժողովրդավարության օրրանում», շատ քաղգործիչներ ու մտավորականներ սկսել են կասկածի տակ առնել դեռ մինչև վերջերս անսասան թվացող նորմերը։ Ավելին, քաղաքականության մեջ հիասթափությունը բացահայտորեն և վաղուց արդեն համակել է հասարակության միջին խավերին։ Այսպես, վերջին տարիներին հարցման ենթարկված գերմանացիների 51 և ավելի տոկոսը (այսինքն, թեև ոչ գերակշիռ, բայց, այնուամենայնիվ, մեծամասնությունը) իր դժգոհությունն է արտահայտել կառավարման ժողովրդավարական ձևերի առթիվ, իսկ Բրանդենբուրգի երկրամասի երիտասարդության շրջանում անցկացված հարցումն ի հայտ է բերել 90 տոկոս հիասթափվածների։ Միանգամայն համադրելի են դժգոհների թվերը նաև «զարգացած ժողովրդավարություն» ունեցող եվրոպական մյուս երկրներում։ Մեկ այլ, գուցե և ոչ այնքան ցայտուն, բայց ոչ պակաս խոսուն օրինակ դարձավ ներազգայնական հակման նոր հռետորաբանության օգտագործումը Բրիտանիայում։ Այնպես, ինչպես դեռ մինչև վերջերս անսասան ժողովրդավարական նորմերով առաջնորդվող մի շարք երկրներում բարեփոխումների փորձերը` «բազմամշակութայնության» գաղափարախոսության լիակատար կործանման պայմաններում։ Էլ ավելի լուրջ գործընթացներ ենք մենք այսօր տեսնում այլ երկրներում։ Ընդ որում, միանգամայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի երկրների համար կանխատեսվող ողբալի, եթե չասենք մահացու հետևանքներն արդյունք են վերջերս տեղի ունեցած հեղափոխությունների, բռնապետությունների փլուզման և ժողովրդավարական ընտրությունների։ Այսպիսով, եթե խոսելու լինենք ոչ կանխակալ և ոչ ամբոխավարորեն, ապա պիտի ասենք, որ աշխարհն այժմ կանգնած է եթե ոչ ժողովրդավարության` որպես կառավարման հիմնական համակարգի կործանման շեմին, ապա դրա լուրջ վերափոխման և ունիվերսալությունից հրաժարման խնդրի առջև։
Եվ այս պայմաններում վերնախավային բանավեճերում վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է սկսել օգտագործվել լավ մոռացված մի հասկացություն` «մերիտոկրատիա»։ Նշվում է, որ այն ավելի ընդունված է քաղաքականության մասին ամենօրյա, սակայն խելացի խոսակցությունում, և անգամ ավելի ու ավելի հաճախ օգտագործվում է կազմակերպված քաղաքական գործողության առիթով։ Որոշ երկրներում այժմ նույնիսկ քննարկում են «մերիտոկրատական կուսակցությունների» ստեղծումը։ Ինչպե՞ս հասկանալ դա։
Մերիտոկրատիան (բառացի` «արժանավորների իշխանություն») կառավարման մի սկզբունք է, որի համաձայն` ղեկավար պոստերը պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ` անկախ նրանց սոցիալական ծագումից և ֆինանսական դրությունից։ Օգտագործվում է առավելապես երկու իմաստով։ Այդ տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հոգածություն վայելող տաղանդների թվից։ Այդ համակարգը զգալիորեն հակադրված է ինչպես ազնվականությանը, այնպես էլ ժողովրդավարությանը։ Երկրորդ, ավելի տարածված իմաստը ենթադրում է նախնական պայմաններ ստեղծել իրապես օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք հետագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք զբաղեցնելու ազատ մրցակցության պայմաններում։ Բացի այդ, ենթադրվում է, որ մերիտոկրատական սխեմայի հիմքը «անհատի զարգացման մակարդակի աստիճաններն» են, իսկ հասարակության մեջ մարդու լիազորությունների մակարդակը որոշվում է նրա աստիճանով` «հոգու ամրությամբ»։ Այսինքն, բանականության գերակայությունը, զարգացման ուղիով առաջընթացը մարդու գլխավոր արժանիքն են։ Եվ որպես հետևանք, գերիշխող արժեքների շրջանակներում նրա ընդունակությունն է իր ավանդը մուծելու ընդհանուր առաջընթացում։ Մերիտոկրատիա հասկացությունը, որպես առավել ընդունակների կառավարման ձև, անշուշտ, անխզելիորեն կապված է արգասավորության և արդյունավետության հասկացությունների հետ։
ՈՒրեմն, «Մերիտոկրատիան, ըստ էության, հետինդուստրիալ հասարակության կառուցվածքի ձև է»,- ասում է Դենիել Բելլը` մերիտոկրատիայի կողմնակիցներից և տեսաբաններից մեկը։ Իր «Գալիք հետինդուստրիալ հասարակությունը» գրքում նա ենթադրում է, որ մերիտոկրատիան ապագայում թույլ կտա վերացնել բյուրոկրատիան, ինչպես նաև փոխել ամբողջ հասարակության սոցիալական կառուցվածքը։ «Մերիտոկրատական հասարակությունում յուրաքանչյուրն ստանում է սոցիալական այն վիճակը, ինչ վաստակել է։ Մերիտոկրատիան հանդես է գալիս մրցավազքի սկզբում հնարավորությունների հավասարության օգտին` ի տարբերություն այն հասարակությունների, որոնք հանդես են գալիս վերջնագծում արդյունքների հավասարության օգտին։ ՈՒստի հենց մերիտոկրատիան է առավել արդարացի հասարակական կառուցվածքը»,- այսպես են պնդում «արժանավորների կառավարման» կողմնակիցները, ինչպես նաև գալիք «հետինդուստրիալ հասարակության» տեսաբանները։ Համանման հայացքներ ունեն նաև արևմտյան սոցիոլոգիայի և քաղաքագիտության մեջ նորպահպանողական ներկայացուցիչները, օրինակ` Զբիգնև Բժեզինսկին։
Սակայն հարկ է նկատել, որ ինտելեկտն ու գիտելիքը գլխավոր արժեքն են դարձել ժամանակակից տեղեկացված հասարակության ձևավորվելուց դեռ շատ առաջ։ Այսպես, Պլատոնն ասում էր, որ անհրաժեշտ է պետության կառավարումը հանձնարարել փիլիսոփաներին։ Հին Արևելքի մի շարք փիլիսոփաներ ևս իրենց ուսմունքում քարոզում էին իշխանությունը կրթված կառավարողներին վստահելու անհրաժեշտությունը։ Գովերգելով գիտելիքներին ձգտումը, այդ իմաստասերները զգալի ազդեցություն թողեցին Լուսավորության դարաշրջանի փիլիսոփաների վրա, որոնց համար հին ժամանակների մտածողները ոգեշնչման աղբյուր էին։ Սահմանափակումներից, ավանդույթներից և նախապաշարմունքներից զերծ միտքը, գիտելիքների շարունակական որոնումը, ռացիոնալիզմն ու առաջադիմության անվերջ ձգտումը հասարակության գլխավոր ժառանգություններից են, եթե ոչ հենց գլխավոր ժառանգությունը։
Այդ տեսության ռացիոնալ հատիկը շարունակ փորձել են ներառել հասարակական-քաղաքական տարբեր մոդելների մեջ, այդ թվում` ժողովրդավարական։ Այսպես, ԱՄՆ-ում այն կարծիքն է տարածված, որ այնտեղ մերիտոկրատիայի սկզբունքն արդեն իրացված է, քանի որ ամերիկացիների անձնական նվաճումները կախված են միայն յուրաքանչյուրի ընդունակություններից, աշխատասիրությունից, կենսանախադրյալներից ու բարոյականությունից։ Թեև քննախոսներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ ամերիկյան հասարակությունում առաջվա նման կարևոր դեր են խաղում ժառանգությունը, սոցիալական և մշակութային առավելությունները, օբյեկտիվ հնարավորություններն աշխատանքի շուկայում և անհատական գործարարության ոլորտում, հաջողությունն ու որակյալ կրթության հնարավորությունը, խտրականությունը։ Մերիտոկրատիայի հասկացության օգտագործման` որպես նորազատական քաղաքականության օրինականացման, առավել ցայտուն ու հաջող օրինակներից մեկն այսօրվա դրությամբ առաջարկում է Սինգապուրը։ Արմատական ազատական տնտեսական քաղաքականություն որդեգրած այդ, ըստ էության, ավտորիտար պետության ղեկավարությունը մերիտոկրատիան դարձրել է իր վարչակարգի գաղափարական հիմքերից մեկը։ Հենց մերիտոկրատիայի հայեցակարգն է դարձել ինչպես կրթության համակարգի, այնպես էլ երկրի կառավարող խավի որդեգրած քաղաքականության մյուս բոլոր հենասյուների գաղափարախոսական հենք։
Բայց, պատմական որոշ ժամանակաշրջաններում մի շարք հետազոտողների կարծիքով, ամենից շատ Չինաստանն է մոտ եղել մերիտոկրատական համակարգի իրացմանը։ Չին փիլիսոփա Սյուն Ցզիի կարծիքով, գոյություն ունի երեք տեսակի առաջնորդություն. մարդասիրական իշխանություն, գերիշխանություն և բռնապետություն։ Մարդասիրական իշխանությունը նվաճում է մարդկանց սիրտն ու միտքն ինչպես հայրենիքում, այնպես էլ դրսում։ Բռնապետությունը հիմնված է ռազմական ուժի վրա և անխուսափելիորեն թշնամիներ է վաստակում։ Փիլիսոփան, ընդհանուր առմամբ, համարում է, որ մարդասիրական իշխանությունը կհաղթի հեգեմոնիայի կամ բռնապետության հետ որևէ մրցակցությունում։ Թեև Կոնֆուցիոսը պնդում էր, թե ինքը ոչինչ չի հնարել, այլ միայն փոփոխել է հին գիտելիքները, նա է հեղինակել մերիտոկրատիայի կիրառական գաղափարները։ Դա նրա ժամանակներում հանգեցրել է կայսերական Չինաստանի պետական քննությունների համակարգի արմատավորմանը։ Համակարգը ցանկացածին հնարավորություն էր ընձեռում պետական ծառայողի պաշտոնի քննություն հանձնել, պաշտոն, որը կարողություն և պատիվ-հարգանք էր ապահովում ամբողջ ընտանիքի համար։ Այդ համակարգն աստիճանաբար զարգանում էր, և յուրաքանչյուր ոք, ով ուզում էր ծառայող դառնալ, ինչպես հաճախ ասվում է` կայսեր ձիապանից մինչև նախարար, պետք է ցուցադրեր իր ընդունակությունները, հանձնելով գրավոր պետական քննություն։ Կոնֆուցիոսի վաստակներից էր նաև դպրոցի արմատավորումը, որը դաստիարակում էր հայրենասիրության և պարտքի վսեմ զգացումով օժտված պետական գործիչներ։ Իսկ Սուն դինաստիայի օրոք լայնորեն օգտագործվում էր քննությունների եռաստիճան համակարգը, որի միջոցով որպես կառավարողներ էին ընտրվում այն հավակնորդները, ովքեր ավելի լավ էին հասկանում արվեստը, ավելի հասու էին կոնֆուցիականությանը և վարչական խնդիրներին։ Չինական մտքի այդ, թերևս, լավագույն ժամանակաշրջանում մի քանի տարբեր դպրոցներ պայքարում էին գաղափարախոսական և քաղաքական ազդեցության համար։ ՈՒ նրանք բոլորը համամիտ էին մի բանի վճռական ըմբռնմանը` միջազգային ազդեցության բանալին քաղաքական իշխանությունն է, իսկ քաղաքական իշխանության կենտրոնական սյունը բարոյական ու քաջագիտակ ղեկավարությունն է։ Այն ղեկավարները, ովքեր գործում էին բարոյական նորմերին համապատասխան, որպես կանոն, շահում էին երկարատև առաջնորդության մրցավազքում։
Նման տեսությունները կարող են կտրված թվալ մեր իրականությունից, բայց Չինաստանում ապշեցուցիչ զուգահեռներ կան համաշխարհային տիրապետության համար նրա այսօրվա լայնապարփակ պայքարի հետ։ Վերհիշենք, չինացի փիլիսոփաների խոսքերով ասած, մարդասիրական իշխանությունը պետք է սկիզբ առնի հայրենիքում։ Այն սկսվում է երկրում ցանկալի մոդելի ստեղծմամբ, որը կոգևորի դրսի մարդկանց։ Անչափ հետաքրքրական է, որ, ինչպես նշում են մի շարք աղբյուրներ, Հենրի Քիսինջերը մի առիթով ասել է, թե, ամենայն հավանականությամբ, հենց չինական հին գաղափարախոսությունն է լինելու այն գերիշխող մտավոր ուժը, որի վրա հիմնվելու է չինական արտաքին քաղաքականությունը։ Արդեն այսօր` ժամանակակից Չինաստանում ձգտում են իրացնել նախնիների պատգամները, և քաղաքական տեսակետից ամենից շատ անհրաժեշտ են համարում ավանդական մերիտոկրատիայի վրա հենվելը։ Այսինքն, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ընտրվեն առաքինի և իմաստուն մարդկանց կազմից, և ոչ թե հաշվի առնվեն նրանց սոսկ տեխնիկական և վարչարարական ունակությունները։ Այդ ղեկավարները պետք է ավելի կարևոր դեր խաղան համաշխարհային ասպարեզում և անվտանգության ու տնտեսական աջակցության ավելի բարձր մակարդակ առաջարկեն ոչ այնքան զարգացած երկրներին։ Այստեղ ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են, որ Չինաստանը պետք է նաև ընդունի, որ ինքը նոր պետություն է և ստանձնի պատասխանատվության այն ծանրությունը, որ գալու է այդ կարգավիճակի հետ։ Այժմ շատ հետազոտողներ ընդգծում են, որ արևմտյան քաղաքակրթության վաղեմի պատմական երազանքը համամարդկային արժեքների հաղթանակն է եղել` դրանց արևմտյան ընկալմամբ, չինական քաղաքակրթության երազանքը «մեծ միաբանությունն» է։ Շատ հնարավոր է, որ մեր դարաշրջանում աշխարհն ավելի կարիք ունի չինական արժեքների, որովհետև հենց դրանցում են ամփոփված համամարդկային արժեքները որպես ամբողջի մասեր։
Եվ վերջում նշենք, որ «մերիտոկրատիան որպես առաջադիմության գրավական» գաղափարի շուրջ համախմբումն աշխարհում նոր է սկսել ծավալվել։ Շատ հարցեր են առաջացնում ինչպես կառավարման այդ համակարգի իրացման եղանակները, այնպես էլ, վերջապես, դրանց համատեղումը «ընտրությունների» սովոր դարձած նորմի` ազատական-ժողովրդավարական կառավարման կենտրոնական տեխնիկական գաղափարի հետ։ Մերիտոկրատականները սկզբունքորեն կողմ են իշխանության ինքնահամալրմանը, միայն եթե այն, իրենց չափանիշներով, արդարացի է եղել։ Նրանք հանդես են գալիս ազնիվ, օբյեկտիվ մրցակցության օգտին։ ՈՒ քանի որ նրանք «անարժանների իշխանություն» են համարում հենց այն իշխանությունը, որը հիմա երկար ժամանակ պահվում է ժողովրդավարական արարողությունների միջոցով, ամենևին նրանց ճաշակով չէ ներկա ընդհանուր ընտրական իրավունքը։ Այսինքն, նրանց մնում է ընտրությունները փոխարինել մրցակցության ինչ-որ նոր եղանակով կամ սահմանափակել ընտրական իրավունքը` ձայնի իրավունք վերապահելով միայն արժանավորներին։
«Նոր հին» գաղափարի հետ կապված հարցերը, ինչ խոսք, ավելի շատ են, քան պատասխանները։ Եվ հնարավոր է, որ, համենայն դեպս, ներկա տեսքով, այն չդառնա հասունացած փոփոխությունների «համադարման»։ Սակայն հօգուտ «արժանավորների իշխանության» կա ուժեղ և անառարկելի փաստարկ, այն է` ժամանակակից իշխանության և արդի աշխարհի բարդ խնդիրներին «ընդունակ մարդկանց» օբյեկտիվ համարժեքության անհրաժեշտությունն ակնհայտ է։ Ինչպես ակնհայտ է այն, որ խելացիներն իշխանության մեջ ավելի օգտակար են, քան հիմարները։ Առնվազն` մյուս բոլոր հավասար հատկանիշների պարագայում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ