Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի տեխնոլոգիան ավելի արդյունավետ է»

«Իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի  տեխնոլոգիան ավելի արդյունավետ է»
12.03.2013 | 00:55

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում:
-Քաղաքական դաշտում ուժերի վերաբաշխում է տեղի ունենում` նախագահական ընտրություններից հետո: Որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում, որևէ կասկած չի հարուցում. եթե հանենք այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանից դուրս են, ընտրակաշառքների հանգամանքը, վարչական ռեսուրսների օգտագործումը, նույնիսկ այս ամենի արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը հարկադրեցին ձայնագողություն իրականացնել, որի կադրերը ևս կան համացանցում: Ակնհայտ է, որ քաղաքացիների մեծամասնությունը վստահել է Րաֆֆի Հովհաննիսյանին, արդեն իշխանության և մյուս քաղաքական ուժերի համար էլ է պարզ, որ այս պահին պայքարի առաջին գծում հայտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նույնիսկ թվանկարչության արդյունքում մնացած 37 տոկոսը տպավորիչ թիվ է: Իրականության մեջ դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է, ուստի այդ տրամադրությունները ուզենք-չուզենք պիտի հաշվի առնենք:
-Իշխանությո՞ւնը պիտի հաշվի առնի, թե՞ մյուս ուժերը:
-Իշխանությունը մի քանի քայլեր էր ուզում իրականացնել, որ ընդհատեց: Այն վայրերում, որտեղ պարտվել էր, մարզպետների ու քաղաքապետերի հրաժարականների դեպքում, օրենքի համաձայն, պետք է նոր ընտրություններ անցկացվեն, և ընդդիմությունը կարող է հաղթել, իսկ նոր մարզպետների նշանակումը համակարգում ճեղքվածքներ էր առաջացնելու, ուստի իշխանությունը ստիպված էր գործընթացը դադարեցնել: Բարեբախտաբար, Երևանի ավագանու ընտրությունները հետաձգել չէին կարող` օրենք էր խախտվելու: Այս օրերին «պատասխանատու» հեռուստաընկերությունները և լրատվամիջոցները չեն անդրադառնում, բայց սփյուռքյան շատ կառույցներ ու գործիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ կեղծված ընտրությունների և պայքարի շարունակմանն աջակցություն են հայտնել` այս պայքարը հանգիստ կարելի է կոչել համազգային: Այս պայքարը միանշանակ վկայում է, որ հասարակությունն այլևս չի ցանկանում ապրել այնպես, ինչպես մինչև հիմա ապրել է: Խորքային գործընթացներ են սկսվել ողջ երկրով, ընդդիմությունը միշտ մայրաքաղաքում էր հաջողության հասնում, այս անգամ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում հասավ աննախադեպ արդյունքների: Թեպետ Սերժ Սարգսյանը պաշտոնապես Երևանում նվազագույն չափով հաղթել է, բայց այդ հաղթանակը հիմնականում Էրեբունի ու Մալաթիա համայնքների հայտնի անձանց շնորհիվ է ստացվել: 10 մարզկենտրոններից յոթում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա նշանակում է, որ հասարակությունը բոլորովին այլ է, և այդ հասարակության պահանջներին համապատասխան պետք է կարողանանք առաջ գնալ: Ամբողջ խնդիրն այն է` իշխանությունները կկարողանա՞ն այնքան ուժ գտնել, պետական շահի զգացողություն ունենալ, որ այդ փոփոխությունը ոչ միայն ընդունեն, այլև համապատասխան քայլեր իրականացնեն:
-Ի՞նչ քայլեր եք ակնկալում իշխանությունից:
-Առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը ճանաչելը: Սերժ Սարգսյանը չընդունեց նրա չորս առաջարկներից որևէ մեկը, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունը կարող է իրավիճակից դուրս գալու լուծումներից մեկը լինել: Այսօրվա խորհրդարանը չի կարող համարժեք գործել կատարված փոփոխություններին: Նոր խորհրդարանն անհրաժեշտություն է` զերծ օլիգարխներից, քրեական տարրերից, խորհրդարան, որ կարտահայտի հասարակության իրական տրամադրությունները և կկարողանա սկսել անհրաժեշտ բարեփոխումները: Հիմա իշխանությունները դեռևս իրենց կաղապարի մեջ են և չեն ուզում իրականությունը տեսնել: Այս օրերին մեր հանդիպումները փորձում են խոչընդոտել ուժային կառույցները, քաղաքապետարանների աշխատակիցները, բայց շարժումն անկասելի է, և նրանց գործելակերպը ցույց է տալիս, որ իշխանությունները համարժեք չեն արձագանքում վիճակին: Իշխանություններն ունեն հրաշալի մրցակից` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով չի ցանկանում կոշտ հռետորաբանություն օգտագործել, կողմնակից է երկխոսությամբ հարցը լուծելուն: Այս քաղաքականությունը սահուն իշխանափոխություն ապահովելու հրաշալի ձև է: Մյուս կողմից` լավ է, որ Սերժ Սարգսյանն է մյուս կողմում` նա բիրտ ուժի կողմնակից չէ, և որքան էլ իր թիմակիցները խոսեն ուժային մեթոդների կիրառման մասին, կարծում եմ` գործող նախագահը միանշանակ գիտի, թե ինչի կարող է դա հանգեցնել: Համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես իրական պատկերն իմանա ¥ես չգիտեմ` նրան ովքեր և ինչ են զեկուցում¤` արդեն ընտրված` չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղ ելքեր կարող է գտնել:
-Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը պատրաստ չէին, փաստորեն, հասարակությունը քաղաքական ուժերից առաջ անցավ` իր պահանջներն առաջադրելու մեջ և հիմա քաղաքական դաշտի խնդիրն է` հասնել հասարակության հետևից:
-Հրաշալի հարց է, համամիտ եմ: Միանշանակ է, որ սա այլևս «Ժառանգության» պայքարը չէ, իսկապես համազգային պայքար է: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ սա ոչ թե անձը անձի դեմ պայքար է` Րաֆֆի Հովհաննիսյանը չի պայքարում Սերժ Սարգսյանի դեմ, ոչ էլ կուսակցությունը կուսակցության դեմ պայքար է` «Ժառանգությունը» չի պայքարում ՀՀԿ-ի դեմ, այլ իսկապես քաղաքացու պայքարն է իր իրավունքների, արժանապատիվ ապրելու համար, ուստի թելադրողն արդեն քաղաքացին է: Իսկապես մենք չէինք սպասում, որ այս աստիճանի համախմբում կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, բայց ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի` պիտի ասեմ, որ ինքը հավատում էր: Վարչության նիստում, երբ պիտի որոշեինք ընտրություններին մասնակցության հարցը, նա ասաց. «Այն, ինչ այսօր տեսնում եք, այլևս այդպես չի լինելու: Դուք կտեսնեք, թե մեր քաղաքացին ինչ քվեարկություն է իրականացնելու, այն, ինչ կտեսնեք փետրվարի 18-ին, ձեզ համար կարող է հեքիաթ թվալ, դուք չեք պատկերացնում` ինչ կարող է լինել»: Դուք ճիշտ եք` մենք նման վերաբերմունք քաղաքացիներից չէինք սպասում, որովհետև եթե լցոնումները, հավելյալ քվեարկությունները, ձայնագողությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները անվավեր դարձնելը հանենք, կտեսնենք, որ այս ընտրություններում իսկապես իրավիճակ է փոխվել: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց ժողովրդին, և ժողովուրդն էլ հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովուրդն իսկապես մեր պատկերացրածից առաջ գնաց: «Ժառանգությունն» ավելի ճկուն էր, կարողացավ արագ արձագանքել ժողովրդի փոխված տրամադրություններին:
-Քաղաքական դաշտի մյուս ուժերն ունե՞ն այդ ճկունությունը, թե՞ գնալու են հին ճանապարհով` փորձելով իշխանությունից լրացուցիչ լծակներ ստանալ:
-Դա իրենց խնդիրն է: Փաստ է, որ արդեն կա ընդդիմադիր հասարակություն, որը հավատացել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք փորձված քաղաքական ուժեր ունենք դաշտում, բայց այսօր նրանք մի պարզ ճշմարտություն պիտի ընդունեն` ժամանակին դեմ գնացողը քաղաքական դաշտից դուրս է մնում:
-Մինչև հիմա համանման իրավիճակներում քաղաքական ուժերը գնացել են տրորված ճանապարհով` փորձել են իշխանության և քաղաքական մյուս ուժերի հետ երկխոսության մեջ մտնել, հեռանալով ժողովրդից, և ամեն ինչ ավարտվել է ընդդիմության պարտությամբ։ Ի՞նչ է անելու «Ժառանգությունը»:
-Հարցն այն է, թե երկխոսություն ասելով` ինչ ենք հասկանում: Եթե հասկանում ենք պատգամավորական մանդատներ կամ տնտեսական լծակներ, պիտի ընդունենք, որ արժեզրկվում է հենց երկխոսությունը:
-Այսինքն, երկխոսությունը վերածվում է պարզ առևտրի:
-Այո, բայց եթե երկխոսությունը սահուն իշխանափոխության հնարավորություն է ստեղծում` առանց ցնցումների, բոլորովին այլ իրավիճակ է, որն արմատական փոփոխությունների հնարավորություն է տալիս: Քաղաքական ուժերի անցյալն էլ կապ ունի` Րաֆֆի Հովհաննիսյանի առավելություններից մեկը հենց դա է. ո՛չ տնտեսության թալանի բեռ ունի, ո՛չ պետական ինստիտուտների ձևախեղման, ո՛չ արատավոր կառավարման համակարգ ստեղծելու: Դա բարեփոխումներ անելու ռեալ հնարավորություն է տալիս նրան: Եթե, «Ժառանգությունից» բացի, հարթակում գտնվող քաղաքական մյուս ուժերից ու քաղաքական գործիչներից, որ նման բեռ չունեն կամ թոթափել են այդ բեռը, համապետական ընտրությունից հետո կազմվի ապագա կառավարությունը, հնարավորություն կստեղծվի արմատական բարեփոխումներ իրականացնելու:
-Ի պատիվ Սերժ Սարգսյանի պիտի արձանագրվի, որ նախորդ նախագահի օրոք այս վիճակը հնարավոր չէր, այլակարծության, հանդուրժողականության որոշակի վիճակ կա, երբ իշխանությունը չի դիմում կոշտ հակադարձման, չեն կասեցվում հանրահավաքները, այնուամենայնիվ, կարծո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը այն ներքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակն է տեսնում Հայաստանում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնի:
-Այնպես չէ, որ խոչընդոտներ չեն ստեղծվում, ուժային կառույցները մեր ակտիվիստների հետ սկսել են աշխատել:
-Բայց ո՛չ ձերբակալվածներ կան, ո՛չ հատուկ դրություն է, ո՛չ կրակոցներ:
-Դրան չենք էլ հասնի, համոզված եմ, բայց և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ հրապարակը այսօր մեկ բառ են վանկարկում` «Հայաստան», այսինքն, մեր պայքարն իշխանության դեմ չէ, Հայաստանի ապագայի համար է: Իշխանավորները պետք է համոզված լինեն, որ իշխանությունը թողնելուց հետո «վհուկների որս» չի լինելու, իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի տեխնոլոգիան ավելի արդյունավետ է:
-Բայց` դանդաղ:
-Դանդաղ` գուցե, բայց երկար չի կարող տևել, որովհետև գործընթացն է իր տրամաբանությունը թելադրում: Իսկ արտաքին քաղաքականության առումով հակառակը` գործող նախագահը հիմա պետք է վճռական քայլեր անի: Երբ այսպիսի ընտրություններից հետո նրան շնորհավորում են գործընկերները, և շնորհավորանքի երկրորդ նախադասությունն արդեն վերաբերում է Ղարաբաղին կամ հայ-թուրքական հարաբերություններին, մտածելիք կա: Ժողովուրդը չի ընդունում մադրիդյան սկզբունքները, որ իշխանությունը ժառանգել է դեռ նախորդ իշխանությունից, Լեռնային Ղարաբաղը չի ընդունում, պարզ է, որ խնդիր կա: Աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի չես կարող մեղադրել իր շահը սպասարկելու մեջ, խնդիրն այն է, որ մենք պիտի մեր շահը սպասարկենք: Հայ-թուրքական արձանագրությունները ևս հայ հանրությունը, առավել ևս սփյուռքը, չընդունեց: Թուրքիան նույնիսկ սառեցված վիճակից բավականին շահեց: Ժամանակն է արտահերթ լուծումներով այնպիսի իշխանություն ձևավորելու, որ, հասարակության տրամադրություններն արտահայտելով, թույլ չտա այս ամենը կենսագործել: Հայաստանի շահի առումով` որքան շուտ Հայաստանում ձևավորվեն իշխանություններ, որոնք ունեն ժողովրդի վստահությունը, այնքան շուտ կկարողանանք արտաքին քաղաքական հարցերը լուծել:
-Եթե Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չգնա, ի՞նչ է անելու «Ժառանգությունը»:
-«Ժառանգության» խնդիրը չէ, այլ քաղաքացիների, «Ժառանգությունը» հարթակում կանգնած քաղաքական ուժերից մեկն է ընդամենը: Սա ժողովրդի պայքարն է, և ես չեմ կարող ասել` ինչ է լինելու, որովհետև փակուղային իրավիճակ կարող է ստեղծվել, որը ո՛չ իշխանություններին, ո՛չ պետությանը ձեռնտու չէ:
-Չե՞ք կարծում, որ ժամանակի մեջ եք տանուլ տալիս, անորոշությունը վտանգավոր վիճակ է, ժողովուրդը վճռական գործողություններ չտեսնելով` կվերադառնա իր խեցու մեջ:
-Հանրահավաքների մասնակիցների թվով պետք չէ պայմանավորել շարժման ընթացքը, Ձեր ասած հռետորաբանությունն ու քայլերը միշտ էլ կան, բայց մենք որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել և փորձում ենք խնդիրը լուծել ոչ թե այդ տրամադրությունների հանգույն, այլ կանխելով այդ ծայրահեղ տրամադրությունները և ուղղելով նորմալ հուն, ինչի համար անհրաժեշտ է իշխանությունների երկխոսության պատրաստակամությունը: Բովանդակային երկխոսության: Հիմա որոշակի առաջարկներ են հնչում` եթե ուզում են գործ անել, թող կառավարության անդամ դառնան, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ լինեն, ես կարծում եմ, որ դա ոչինչ չի տա: Եթե նույնիսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին լիազորություն տրվի ամբողջ կառավարությունը ձևավորել և վարչապետ լինել, միևնույն է, վաղը ամենափոքր իսկ բարեփոխման օրինագիծ խորհրդարանը մերժելու է: Նման օրինակներ գործող վարչապետի օրոք էլ շատ են եղել: Ամենափոքրիկ բարեփոխումն իսկ խորհրդարանում այնքան է աղճատվում, որ դառնում է անիմաստ, բավական է հիշել միայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների պատմությունը: 2008-ին արված բոլոր առաջարկները 2011-ին ընդունված Ընտրական օրենսգրքից դուրս մնացին: Նախկին ձևով երկխոսությունը կամ առևտուրը ոչինչ չի տալու, դա է պատճառը, որ մենք համապետական լուծում ենք առաջարկում, որի արդյունքում կձևավորվեն ժողովրդի շահերն արտահայտող իշխանություններ:
-Իշխանությունները չե՞ն փորձի «Ժառանգությանն» ուղղորդել Երևանի ավագանու ընտրություններ և դրանով այս հարցը փակել:
-Ոչ, պայքարի գլխավոր և միակ ուղղությունը մնում է համապետական լուծումը: Երևանի ավագանու ընտրությունները, կարևորագույն լինելով, ոչ մի դեպքում չեն կարող համապետական ընտրությանը փոխարինել:
-Երևանի ավագանու ընտրություններում հնարավո՞ր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հանդես գան:
-Դժվարանում եմ ասել: Այսօր ամեն ինչ որոշում է ժողովուրդը, Ազատության հրապարակի հարթակը բաց է, «Ժառանգության» հարթակը չէ, այդ հարթակի և ժողովրդի որոշումն է լինելու: Կարևոր է և Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, որովհետև հասարակությունն արդեն ընտրել է իր նախագահին, իր քաղաքական առաջնորդին, և նրա կեցվածքը վճռական է լինելու: 2012-ի տրամաբանությամբ քաղաքական վերլուծություններ անելը սխալ է, որովհետև իրավիճակ է փոխվել, և հասարակական տրամադրությունները կենտրոնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ:
-Բայց այսքան ձգձգումները, անորոշությունը, հարթակի լուծմանն ամեն ինչ թողնելը կարող է իրեն չարդարացնել և, ի վերջո, շարժման դեմ ուղղվել:
-Շարժումն արդեն հաղթել է:
-Հաղթանակը որոշվում է արդյունքներով:
-Մի շտապեք: Նույնիսկ այսօրվա իշխանությունը, հասկանալով իրավիճակը, պատրաստ է ինչ-որ առաջարկների: Ես չեմ կարծում, որ վիճակն անորոշ է, մարտավարությունը դեռևս բավականին արդյունավետ է, իսկ արդյունքները կերևան, որովհետև խորքային գործընթացները շարունակվում և ծավալվում են: Իշխանությունը ստիպված է լինելու մի խումբ մարդկանց շահերը զոհել` հանուն հասարակության: Շատ կարևոր է ազատվել քրեաօլիգարխիկ կապերից, իսկ դա հնարավոր է միայն ընդդիմություն դառնալով: Ընդդիմությունը պետք է վերահսկողական ֆունկցիաներ ունենա, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ի քաղաքական մասը ընդդիմություն դառնալով` կշարունակի իր քաղաքական գործունեությունը:
-Հեքիաթի ժանրից չէ՞ Ձեր ասածը:
-Հնարավոր է, բայց ընտրություններից առաջ հեքիաթ էր նաև, որ փետրվարի 18-ին իրավիճակ է փոխվելու: Real politic-ները Րաֆֆի Հովհաննիսյանին առավելագույնը 10 տոկոս էին տալիս: Հնարավոր է` հեքիաթը իրականություն դառնա:
-Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն է, հետո մեկ ամսում նոր կառավարության կազմավորումը, ի՞նչ է անելու «Ժառանգությունը»:
-Այդպես չի կարող լինել, մենք ունենք արդեն ընտրված նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդպես չի կարող լինել` փոփոխությունն անխուսափելի է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հ. Գ. - Հարցազրույցը կայացել է մարտի 9-ին։

Դիտվել է՝ 2829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ