Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Էս մարդը տառապում է ֆյուրերիզմով»

«Էս մարդը տառապում է ֆյուրերիզմով»
15.03.2013 | 00:44

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը, մեղմ ասած, անտրամաբանական ու անընդունելի են ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ համար, ով «Իրատես de facto» ակումբում տեղի ունեցած ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին:

-Պարոն Եղիազարյան, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրեն հանիրավի մեղադրում են, որ 2008-ի ապրիլի 9-ին շնորհավորել է Սերժ Սարգսյանին, իբր «Ժառանգության» անդամները ոստիկանությանը պաշտպանել են ընդդիմությունից և հակառակը: Այդ մեղադրանքների հեղինակը հիմնականում Դուք եք: Որո՞նք են Ձեր փաստարկները:
-Նախ` այդ մարդն ասում է, թե ոմանց նման չգնացի-թաքնվեցի տանը, այլ գնացի դեմ-հանդիման իմ անհամաձայնությունը հայտնելու Սերժ Սարգսյանին, դրա համար էլ նրա երդման արարողությանը սևազգեստ էի: Էդ սև զգեստները թող գլխին կպնեին, կարող էր ճերմակ, Ջավահառլալ Ներուի շորերը հագնել, սպիտակ կոշիկներ, բայց գնար, մի բան ասեր. տասը զոհերի քառասունքն էր, չէ՞:
Այսօր էլ զբաղված է ընդամենը երեսպաշտությամբ, ցանկացած հնարք օգտագործում է, որ այդ խայտառակությունն իրենից հեռու վանի։ Ճիշտ կաներ` ընդհանրապես ծպտուն չհաներ: Լավ կանի` վերջ տա միմոսություններին, ինքը երբեք չի դառնա Հայաստանի նախագահ, ու Աստված չանի, որ դառնա:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը նախագահ կհռչակվի:
-Իմ հայրենակիցներն այնքան ազնիվ են, որ մտածում են, թե նա ինքնազոհության կգնա: Մինչդեռ նա էն մարդը չի, որ ինքնազոհության գնա: Երբե՛ք: Այնպես որ, Վեհափառը նեղություն չի քաշի ու նրա դիակի վրայով Սերժ Սարգսյանին երդման չի բերի:
-Ասում է նաև` այլևս թույլ չի տա, որ արյուն հոսի:
-Ինքը լինի, թե իր պատմաբան հայրը կամ թե իր պապերը տատերի ձեռքը բռնած գան, եթե իշխանությունը որոշի, որ Ազատության հրապարակը պետք է մաքրի, ուրեմն կմաքրի: Մենք մարտի մեկից առաջ տասը օր երգել ու պարել ենք հարթակում, բախման կոչեր երբեք չենք արել, նախաքննությունն այս տարիներին չկարողացավ գեթ մեկ դեպք պարզել, երբ ուղիղ բախման կոչ է եղել: Դա Րաֆֆիի հիվանդ երևակայության արդյունքն է: Իշխանության մասին խոսելու փոխարեն երկուսուկես ամիս անընդհատ ընդդիմության մասին է խոսում:
-Ընդդիմությա՞ն, ի՞նչ նկատի ունեք:
-Օրինակ, Աբովյանում մտնում է դահլիճ և ասում է` ես ձեր լույսը չեմ հանգցրել: Մի դրան հարցրեք` ո՞վ է հանգցրել: Ցանկանում է հիշեցնել, այսպես ասած, «մութ ու ցուրտ» տարիները: Մեռանք ասելով` նույնիսկ զարգացած երկրներում պատերազմի ժամանակ ցուրտ է ու լույս չկա: Երկրաշարժից ավերված էր Հայաստանի հյուսիսը, ծանրագույն պատերազմի մեջ էինք մեզնից յոթ անգամ ռեսուրսով մեծ երկրի հետ:
Մի դարակազմիկ միտք էլ է հայտնել, թե «մարտի մեկի» զոհերի տեղն ինքը կասի: Ինքն ընդամենը փուչ ստախոս է: Ինքը ոչ մի բանի տեղն էլ չի կարող ասել: Եթե տեղը գիտի` չի ասում, դրա համար կա քրեական հոդված: Պիտի ենթարկվի քրեական հետապնդման` իմանալ, չհայտնելու համար: Եթե նա տասը սպանությունների մասին տեղեկություններ ունի ու մինչ օրս չի ասել, ուրեմն թող բարի լինի, նստի ու պատմի նախաքննական մարմնին, ոչ թե լրագրողների մոտ դիվիդենդներ հավաքի: Էս մարդը հիվանդ է վոժդիզմով:
Ասեմ ավելին, նա տառապում է նաև ֆյուրերիզմով: Բայց ես չեմ կարող համեմատել նրան Հիտլերի հետ: Ամեն տեղ ցանկանում է միայն ինքը երևալ, հարթակը ամբողջապես դատարկ է, ով խոսում, ավարտում է, անմիջապես անհետանում է: Ցանկացած ընդդիմության հանրահավաք, եթե հիշեք, նման հարթակ կտեսնեք միայն այս «ֆյուրերիկի» մոտ: Չավարտված նախադասությունների շարան է շատ խրոխտ ասում: Օրինակ, ասում է` ժամը քանի՞սն է, պատասխանում են` վեցից հինգ է պակաս, նա էլ` Սերժ, քեզ մնաց հինգ րոպե: Ասում է, հետո վազում Բաղրամյան 26, որ Սերժն էլ հարցնի` Րաֆֆի, ոնց որ տխուր ես, հա՜: Ասի` ոչ, ոչ, պարոն նախագահ, հոգնած եմ: ՈՒրեմն, այդ հոգնած բալին զգուշացրեք` ձեռքերդ հեռու մարտի 1-ից, անունը չտաս, ձեռքերդ հեռու ընդդիմությունից:
-Ասում են` քաղաքական նոր մշակույթ է ստեղծվել` «բարևի»:
-Ես էլ ասում եմ` դա «ցտեսության» մշակույթ է: Ի՞նչ է, մեր մշակույթը բախմա՞ն, արյունի՞ մշակույթ էր: Բարևողին հաղորդեք, որ ընդդիմությանը ինչ-որ բան ասելը շատ հեշտ է, երեխան էլ կարող է ասել, որովհետև պատիժ անմիջապես չի հետևի: Ի վերջո, նախագահի թեկնածուն ՀԱԿ-ից չի եղել, ում դեմ երկուսուկես ամիս պայքարել է:
-Այդուհանդերձ, ճիշտ չե՞ք համարում, որ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելի Լևոն Տեր-Պետրոսյանը:
-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գնա ու հարցնի նրա ողջությունը, ես, որպես ՀՀ քաղաքացի, նախ չեմ ընդունի դա, հետո էլ կաշխատեմ նրանից հեռու մնալ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև նախընտրական ողջ շրջանում նրա թիրախը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Առանց անուն տալու: Տմարդության և տհասության գագաթնակետն է, երբ ասում է, թե երեք նախագահներն էլ հավասարապես մեղավոր են մարտի 1-ի համար: Մարդ, որն իր տանը կալանավորված է եղել, չորս-հինգ տակ ոստիկանական ուժերով շղթայված է եղել բնակության վայրը, և ասել, թե հավասարազոր պատասխանատո՞ւ է: Մարդ, որը հարթակից մշտապես հայտարարել է, թե սահմանադրական ճանապարհով իշխանափոխության պիտի հասնել ու տասը օր ժողովրդին ոգևորել է պարով ու երաժշտությամբ: Հիմա փորձում է էդ մարդու վրա արյուն քսել:
-Լավ, այս շարժման մեջ մի լավ բան չե՞ք տեսնում:
-Շատ լավ բաներ եմ տեսնում. պայծառագույն ուսանողություն, հրաշալի, ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում են: Ըմբոստ և արդար մարդիկ, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Բայց նրանց մի կողմ թողնելով, պիտի ասեմ, որ Րաֆֆիի ո՛չ խոսքերին, ո՛չ էլ քայլերին չեմ հավատում:
-Հաշվի առնելով հնչեցված մեղադրանքները, կարծում եմ, Ձեր բացատրությունն ունեք նաև այն հարցի, թե ինչու է Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում:
-Որովհետև իշխանությանն այսօր պետք է, որ հրապարակը զբաղված լինի: Հրապարակը պետք է ներկված լինի նարնջագույն:
-Այսի՞նքն։
-Որպեսզի Սերժ Սարգսյանը Պուտինին ասի` սպասեք, էս նարնջագույնը մի հատ տեղափոխենք Ազատության հրապարակից, հետո նստենք խոսենք ԵվրԱզԷսից:
-Այլ խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն «օգնո՞ւմ» է Սերժ Սարգսյանին:
-Միանշանակ, նա մինչև այսօր միայն օգնել է և մշտապես պախարակել է ՀԱԿ-ին: Ոչ անվանական: Այսպիսի օրինակ. գոռում են` Րաֆֆի նախագահ, նա ասում է` ոչ, ես թույլ չեմ տա: Դե ինքը ժողովրդավար է, ի՛նքը պիտի խոսի համաժողովրդական շարժման մասին, բայց նման շարժման համար ինքը դեռ չի հասունացել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ