Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք ծանոթ չենք արևմտյան, հնդկական, չինական տեխնոլոգիաներին»

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք  ծանոթ չենք արևմտյան, հնդկական, չինական տեխնոլոգիաներին»
14.03.2013 | 00:53

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը զայրանում է, թե ինչու են օտար երկրների ղեկավարները շնորհավորում Սերժ Սարգսյանին, Հայաստանում զարմանում են, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորում Սարգսյանին: Չէ՞ որ ԱԱԽ-ն իշխանական կառույց է, իսկ դրա անդամը, ըստ էության, իշխանության «մարդն» է: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ և ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ այս փաստին իր բացատրությունն ունի:

-Շնորհավորելը ցանկացած քաղաքական գործչի անձնական խնդիրն է, բայց եթե ԱԱԽ-ի անդամ է, պետք է այդպես լիներ,- ասաց պարոն Զոհրաբյանը:- Իրենից բացի, քաղաքական այլ ուժեր ևս չեն շնորհավորել, կարծում եմ, ուզում է տեղավորվել նրանց շարքում: Այնպես որ, ինքը հայտնվում է «ընդդիմադիր» չշնորհավորողների շարքում: Չկա մի այլընտրանքային ցուցակ, որ այնտեղ ուզեն մտնել:
-Այս պարագայում առավել ազնի՞վ չէ, որ հրաժարվի ԱԱԽ անդամի իր կարգավիճակից:
-Հիմա իրենք ո՛չ կոալիցիայի մաս են, ո՛չ պորտֆելներ են կրում, դրա համար էլ, երևի թե, չեն շնորհավորում:
-ՀՀԿ-ն, այդուհանդերձ, չի նեղվո՞ւմ, որ Ծառուկյանը չի շնորհավորում:
-Ճիշտն ասած, եթե այս մասին ինձ չհիշեցնեիք, ես չէի էլ հիշի: Մարդիկ էլ կան` շնորհավորողներին են քննադատում, կրկեսի պատմություն է: Կամ քո քաշն այդ ինչքա՞ն է հերիքում, որ ԱՄՆ-ի նախագահին նախատես ու ասես` հետ վերցրու շնորհավորանքդ, շտապել ես: Սա այդ քաղաքական գործչին մի քանի կատեգորիա ներքև է իջեցնում, նման բան չի լինում: Ինչո՞ւ ես քննադատում, չես ուզում շնորհավորել, դա քո խնդիրն է: Նույնն էլ Ծառուկյանի պարագայում, չի շնորհավորում, թող չշնորհավորի, դրանից մենք վատ չենք զգում: Չնայած մենք իրենց հետ ճանապարհ ենք անցել, կոալիցիոն գործընկերներ ենք եղել, միասին ծրագրեր ենք իրականացրել, կարելի է ասել նաև` միասին կերել-խմել ենք: Հաշվի առնելով սա, և որ այսօր մեզ հետ չեն, չեմ ուզում ծայրահեղ քննադատել: Իրենց անձնական խնդիրն է, թող իրենք կողմնորոշվեն:
-Նախագահական ընտրությունների ժամանակ այն բոլոր ուժերը, որոնք բոյկոտեցին կամ չեզոք կեցվածք որդեգրեցին, Երևանի ավագանու ընտրություններում բավականին ակտիվացել են: Երևանն էլ մի փոքր Հայաստան է, ընտրությունն էլ կրկին կազմակերպում է իշխանական նույն ուժը: Հիմա ի՞նչ փոխվեց, որ բոլորը որոշեցին խաղի մեջ մտնել:
-Ավագանու ընտրություններն այլ մակարդակի վրա են, այնքան սուր քաղաքականացված չեն, ինչպես նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները: Բայց քանի որ կուսակցական ցուցակներով է ընտրությունը լինում, դա քաղաքականացված է, որքան էլ հակառակը պնդեն: Հիմա իրավիճակ է փոխվել: Րաֆֆի Հովհաննիսյանը 37 % ձայն է հավաքել ու դեռ ասում է` սա քիչ է, ավելին է եղել: Կա ԲՀԿ-ի գործոնը, որը ԱԺ ընտրություններում 30% ձայն ունեցավ, բայց չմասնակցեց նախագահի ընտրություններին, ու պարզ չէ, թե այդ ձայներն ուր գնացին` ա՞ջ, ձա՞խ, թե՞ տեղում մնացին: Այս ընտրությունը ևս մեկ ապացույց է լինելու, թե ով քանի տոկոս ուներ այն ժամանակ, ու հիմա այն ում մոտ է: ԲՀԿ-ն պիտի ապացուցի, որ իր ունեցած 30%-ը հիմա էլ ունի: Այս երկու քաղաքական ուժերն ուզում են ապացուցել, թե ումն է 37 % ձայնը: Եթե ԲՀԿ-ն ստանա այդքան քվե, պարզ է, որ դա նրանն է, ու չմասնակցելով ընտրություններին, դրանք «հոսեցին» այլ կողմ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այս առումով խեղճացել է, որովհետև եթե առանձին մասնակցեն, շուտով կերևա, թե ինչ տոկոս ունի նա` հի՞նգ, վե՞ց, թե՞ յոթ: Քանի որ այս ընտրություններում մայրաքաղաքի ղեկավարության հարցն է, յուրաքանչյուր ուժ ուզում է իր ազդեցությունն ունենալ Երևանի զարգացման գործում: ՀՅԴ-ն է հայտարարում մասնակցության մասին, որոշակիորեն նաև ՀԱԿ-ը, այսինքն, ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերն էլ ցանկանում են մասնակցել ավագանու ընտրություններին: Լակմուսի թղթի նման պարզ կերևա, ով ինչքան ձայն ուներ ու հիմա ունի: Վստահ եմ, որ մենք մշտապես առաջին տեղում ենք լինելու: Մի կողմ թողնելով Տարոն Մարգարյանի աշխատանքը, բարձր վարկանիշը, նաև ՀՀԿ-ին են վստահում: Չմոռանանք` Երվանդ Զախարյանից սկսած Երևանը բարեկարգում, բարեփոխում է ՀՀԿ-ն, այսինքն, մենք անընդհատ աշխատում ենք քաղաքի համար, ու մեզ են ձայն տալիս: Մեր դիրքերն ամուր են, իսկ Տարոն Մարգարյանը և՛ «Գելափի», և՛ Ադիբեկյանի հարցումներով պիկում է:
-Քաղաքական որոշ ուժերի ցուցակները, գոնե առաջին եռյակների մասով, հայտնի են: ԲՀԿ-ն ներկայացվելու է Վարդան Օսկանյանի դեմքով: Նա ՀՀԿ-ի համար լո՞ւրջ մրցակից է:
-Մենք փորձում ենք մեր ցուցակով հասարակության մանրակերտը ներկայացնել, ասել է` տարբեր շերտերից ներկայացուցիչներ պետք է լինեն, որպեսզի Երևանը կառավարվի հասարակության կողմից: Երևանը բոլորինս է: Եթե դիտարկում ենք քաղաքը կառուցելու, բարեկարգելու առումով, Տարոն Մարգարյանը մեծ փորձ ունի` սկսած Ավանի թաղապետությունից մինչև հիմա: Օսկանյանին Տարոնի հետ չեն կարող համեմատել: Նա էլ այն անձն է, ով տասը տարի արտաքին հարաբերությունների ոլորտում է եղել: Պարզ է, որ Տարոնը արտաքին ոլորտում չի եղել ու այդ ոլորտին լավ չի տիրապետում, և հակառակը` Օսկանյանը քաղաքին չի «տիրապետում»: Օսկանյանին իրենք ներկայացնում են որպես վարկանիշային անձ, ով քաղաքականությունում է եղել, խնդիրներ է լուծել: Ի վերջո, հասարակությունն այնպիսի մարդ է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում, ով շատ արագ կարող է խնդիրները լուծել, ոչ թե մի երկու տարի պարապի, նոր հասկանա խնդիրների էությունը: Նաև պիտի մի քիչ էլ «սիրտդ կպնի» գործին, ոչ թե նշանակեցին` անես, այսինքն, պիտի սիրես աշխատանքդ: Տարոնը սիրում է իր գործը:
-Տեսակետ կա, որ ՀՀԿ-ի հույսն ընդդիմության չմիավորվելն է: Եթե ընդդիմությունը միավորվի, ՀՀԿ-ն կպարտվի՞:
-Երբ միավորվեն, մենք էլ կփորձենք էլ ավելի ուժեղանալ: Թող միավորվեն, բայց դա չլինի զուտ հաղթանակի համար, որ հետո չկարողանան միասին աշխատել ու վերածվեն հայտնի առակի հերոսներին` կարապ, խեցգետին, գայլաձուկ: Եթե միավորվում են, գոնե գաղափարական, ծրագրային դրույթներով մոտ լինեն: Թող հաղթեն, եթե հասարակությունը նրանց ձայն է տալիս: Միշտ հասարակությունն է ծնում թե՛ լավին, թե՛ վատին, թե՛ այլընտրանքին: Պետք չէ ժողովրդին երկու մասի բաժանել` հրապարակի մարդիկ և «հանրապետականի» ժողովուրդ: Ճիշտ չէ նաև, որ ասում են` հասարակությունն այն է, որ հրապարակում բողոքում է, իսկ ով ՀՀԿ-ի թեկնածուին է ձայն տվել, հասարակություն չէ: Հասարակությունն ամբողջն է` և՛ նա է, և՛ սա է, և՛ պասիվ մասն է, որ ոչ մի բանի չի ուզում մասնակցել:
-Անդրադառնանք «հրապարակի ժողովրդին». նրանց լիդերը հայտարարել է, որ «իր դիակի վրայով» կարող է Սերժ Սարգսյանը նախագահ հռչակվել:
-Երբ առաջին շաբաթվա և այսօրվա ելույթներն ենք համեմատում, լրիվ իրար հակասող են: Կարծես նույն շարժման բաղադրիչները չլինեն: Ի՞նչ է նշանակում` իմ դիակի վրա, սա վերջնագիր է: Խոսում է ժողովրդավարության ստեղծման մասին, ի՞նչ է, դա մինչև ապրիլի ինն է լինելու: Սա բարոյական առումով էլ նորմալ հնարավոր չէ համարել: Ճիշտ է, սա «մարտի 1» չէ, բայց հոգեբանությունը, կարծես, այդպիսին է` ընդհարում ստեղծել, ինքնահրկիզվել, երեսուն օր հացադուլի նստել: Կարծում եմ, այս ամենն այնքան էլ կապված չէ իշխանությունների հետ: ԲՀԿ-ն հայտարարեց, որ իր առանցքի շուրջը պետք է համախմբումը լինի, այսինքն, ասաց, եղբայր, ես իմ ձայները տանում եմ, չբարիշեցինք: Հովհաննիսյանը հասկացավ, որ իր տոկոսները վտանգված են, ուստի գնաց ծայրահեղ միջոցների: Սա այնքան էլ մեզ հետ կապված չէ, այլ իրար հետ չբարիշելու: Պատկերացրեք` 37 % ունեցող ուժը մայիսին հայտնաբերում է, որ ընդամենը վեց տոկոս ունի: Դրանից հետո էլ ի՞նչ կոչ պիտի անի: Հաղթիր ու ապացուցիր, որ իրոք այդքան ձայն ունես ու հետևում ես թողնում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին:
-Ի՞նչ է հետևելու Երևանի ավագանու ընտրություններին, երբ, ինչպես Դուք եք նշում, բոլորը կունենան իրենց հասանելիքը, այնքան ձայն, որքան իրականում ունեն:
-Մեր պես երկրներում մշտապես ընտրություններից հետո կեղծված ընտրությունների մասին խոսակցությունները լինում են, որոնք կշարունակվեն դեռ երկար ժամանակ: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ մենք միշտ լարված վիճակում ենք, քանի որ Ադրբեջանն ամեն պահի կարող է սրել իրավիճակը: Հիմա էլ նաև ներսից են լարում: Այս պարագայում ցանկացած պետություն գնում է նախ անվտանգության համակարգերի ուժեղացման: Րաֆֆին լավ կանի ոչ միայն իրավունքներից, ազատություններից խոսի, այլև իր երկրի ճակատագրից, որը սահմանում ամեն վայրկյան կարող է խախտվել: Գոնե ներքուստ պիտի հասկանալ, որ պետք չէ լարում ստեղծել, ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:
-Լարումը բացառելու համար գուցե արժե՞, որ Սերժ Սարգսյանը գնա հանդիպելու Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում:
-Թեման չենք քննարկել` գնա՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Կարող եմ հայտնել զուտ անձնական կարծիք: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի ընտրությունների արդյունքները, կվերացնի Ազատության հրապարակի արհեստական աժիոտաժը, գուցե Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ, նրա հետ ճեմի, զրուցի: Ի՞նչ է եղել, որ: Այլ բան, որ նախագահը միշտ երկխոսության կոչ է անում, պատրաստ է լսելու նրանց փաստարկները, գնալու որոշակի զիջումների: Բայց կանչել հրապարակ, այսինքն, դու այնքան ուժ ունես, որ նախագահին հրավիրում ես ու պարտադրում ես քո հաղթանա՞կը: Սա ոչ հասուն քաղաքական գործչի պահվածք է: Լոզունգային ելույթների ու պահանջների ժամանակը չէ, ի վերջո, սա կայացած պետություն է: Հիմա հաղթանակած նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, ով աշխարհի կողմից ընդունված է, պարտադրում ես, թե արի էս մի քանի կիթառ նվագողների մոտ ասա, որ պարտվել ես: Մանկական խաղերի է նման այս ամենը: Եթե մանկապարտեզում կամ դպրոցում լինեինք, գուցե այս ամենն ընդունվեր:
-Դուք «մանկական խաղեր» եք համարում, իսկ շատերը, այդ թվում` քաղաքագետները, արևմտյան տեխնոլոգիա:
-Ասել արևմտյան, ռուսական կամ եսիմինչական, միևնույն է, տեխնոլոգիան մնում է տեխնոլոգիա: Իսկ ո՞վ է ասել, որ մենք ծանոթ չենք արևմտյան, հնդկական, չինական տեխնոլոգիաներին: Մենք էլ ենք տեղյակ սոցիոհոգեբանություն գիտությանը, թե որ իրավիճակում հասարակությունն իրեն ինչպես է դրսևորում: Այդ տեխնոլոգիաները` «բարև», «ցտեսություն», «զադնի, սկոռոստ», ինչ էլ անես, եթե հասարակությունն իր մեջ համոզվածություն չունի, ոչ մի տեխնոլոգիա իր վրա ազդեցություն չի ունենա: Միշտ էլ կողմ եմ եղել քաղաքացիական հասարակության կայացմանը, բայց դա չպետք է լինի հինգերորդ շարասյուն, որ պետությունը տակից քանդի: Դե, փորձիր ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի առնչությամբ մի բան ասել, չեն թողի, որովհետև դեմոկրատիան` դեմոկրատիա, պաշտպանությունը` պաշտպանություն: Բա մե՞ր պաշտպանական համակարգը: Մենք էլ ընտրում ենք մի անձնավորության, որ կարող է արագ կողմնորոշվել պատերազմական իրավիճակում: Պատկերացնո՞ւմ եք, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրեինք գերագույն գլխավոր հրամանատար, ով պատերազմի ճանապարհն անգամ չի տեսել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ