Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հացադուլով դեպի կառափնարան

Հացադուլով դեպի կառափնարան
15.03.2013 | 12:55

«Մարդը, որ գլուխն ափերի մեջ է առել, և մարդը, որ ճակատով բախվում է մառախուղին, միևնույն մարդն է։
Փոխիր ուղղությունը»։

«Հրաշքներ և դառը հրաշքներ», Միշել ՓՈԼԱԴՅԱՆ

«ԹԱՏԵՐԱԿԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻ ՋՐՀԵՂԵՂԸ

(ֆելիետոնանման նախաճաշ)

Արմավիրի քաղաքապետի հրաժարականն այդպես էլ չընդունվեց։ Այնինչ քաղաքապետն առաջին հայրենասիրական քայլն էր կատարում։ Նրան չհասկացան և չգնահատեցին։ Կառավարությունը պարտադրեց տուրք չտալ զգացմունքներին և շարունակել Արմավիրի բռնադատումը։ Արմավի՜ր, հնագույն բնակավայր, ուր ժամանակը կանգ է առել։ Դուք կարող եք հայտնվել քաղաքում ձմեռնամուտին, երբ եղանակային անորոշություն է և տարվա միջօրեին, երբ կարիճներն են անգամ բողոքում անտերությունից, նաև աշնանը, երբ Արարատյան դաշտի մրգի ու պտղի խենթացնող խնկաբույրն անգամ փոշով է պատվում։ Արմավիրում, ինչպես նաև հանրապետության մյուս բոլոր ոստաններում, եղանակային անորոշություն է, ինչը, անշուշտ, փաստում է տեղական իշխանիկների անողնաշարությունը։

Արմավիրը եզակի չէ։ Բազմաթիվ քաղաքներում և շեներում կառավարիչ են չկայացած եզնարածներն ու կայացած կռապաշտները։ Վերջիններս, լավ գիտենք, որ մի կուռք ունեն` յուրյանց կերակրափողի ու որովայնի պարարտ ապահովությունը։ Եվ զանգվածները կրկին հրապարակում են։ Ցասումն է հորդում շեներից ու ոստաններից, և ելի՛ր, ում կյանքն անիծել է, ով չլուտ է և անոթի, և, բնականաբար, պիտի որ ճամփա բռնի դեպի հրապարակ։ Թատերական հրապարակ։ (Վրդովալից սրտով և առողջ բանականությամբ մերժում եմ թամանյանական հրաշակերտ կոթողին հարակից տափաստանի Ազատության հրապարակ անվանումը։ Ինչո՞ւ, մի՞թե հասկանալի չէ, չէ՞ որ հենց այս տափաստանում էր, որ ծլարձակեցին երրորդ հանրապետության մղձավանջները, երբ հրաձգարանի անշառ սպասավորը զավթում է մայրաքաղաքը լայնք-երկայնքով, երբ հաղթական հայոց բանակի սպային խեղանդամում են և ի վերին Երուսաղեմ ճամփում, և այսպես շարունակ ու անփառունակ։ Այնպես որ, ԼԼ-ում սույն տափաստանը կոչվելու է այսուհետև Թատերական հրապարակ` յուր «տրագիֆարսի» հարթակով հանդերձ)։

ԵԶՆԱՐԱԾ-ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

(պամֆլետով համեմված ճաշկերույթ)

Րաֆֆի՜, զարմանահրաշ քաղաքական յոգուրտ, անուշահամ, բուրումնավետ, բայց և այնպես յոգուրտ։ Հասկանալի է, յոգուրտը հիմնական կերակրատեսակ չէ, չի փոխարինում ո՛չ քրչիկին, ո՛չ էլ բադրիջանի խավիարին։ Էնպես որ, առնվազն անլրջություն է նրան լուրջ ընկալելը։ Եվ շատ եմ ցավում, որ «Սարդարապատ» նախաձեռնությունն է միանում Րաֆֆու անշարժությանը։ Այնինչ «Սարդարապատի» հետ պետք է լուրջ հույսեր կապել։ Նախ ապաքաղաքական է։ Այնուհետև պատվարժան այրերն են գլխադասում, Ժիրայրը Սեֆիլյան, Տիգրանը Խզմալյան, Գարեգինը Չուքասզյան։ Ասել է` «Սարդարապատը» պիտի դիտարկել որպես ղափամա, անուշ, մեղուշ և սննդարար։ Եվ ահավասիկ, ինչն է, որ միավորում է յոգուրտին և ղափամային, ընդհանուր թշնամի՞ն։ Սին է, քանզի բավական է մանչին այս աղվորիկ երեք-չորս նախարարական պորտֆել նվիրաբերել և «բարևի» հեղափոխությունը կշրջադարձվի «ՊՈՉՈռ ՊՏ րՉՌՊՈվՌÿ»-ի երազախաբության։ Էնպես որ, թող «Սարդարապատը» մնա յուր վեհ միայնության մեջ, ապաքաղաքական և ազգային-պետականաշնորհ։ (Եվ ԼԼ-ում հավերժ կնավարկի եռագույն առագաստանավով, կճաշակի կարմրախայտի ապուր և կըմպի շուստովյան կոնյակ)։

Իսկ այժմ գլխավորի մասին։ Ինչո՞ւ պետական (ընտրովի-նշանակովի) բոլոր պաշտոններից չազատել բոլոր այն եզնարած-արարածներին, ուր հաղթել է ժողովրդական ցասումը։ Չէ՞ որ Հանրապետության և «Հանրապետականի» ղեկապետն անում է հնարավորն ու անհնարը Խլղաթյանների երեսի մուրը մաքրելու ու նրանց ստեղծարար աշխատանքի հուն մղելու համար։ Զո՜ւր ջանքեր, քաղաքապետերի, գյուղապետերի մի զգալի մասի համար քաղաքն ու գյուղը հրաշալի բիզնես-նախագծեր են, անզուգական հնարավորություն մեկտեղելու պետական անկախությունն ու սեփական դրամապանակը։ Այսպիսով, Րաֆֆին «հաղթե՞ց», ամենևին, պարտվեց հանրապետությունը։ Եվ շարունակվելու է պարտությունների այս շարանը, քանի դեռ եզնարածները անբան քաղաք և գյուղ են կառավարում և պետականության մեր վերջին հույսերն ուղղորդում կառափնարան։ Չլինի Րաֆֆին, հրապարակում կբուսնեն, ահավասիկ, սույն քաղաքական թլպատումները. Արկադի Վարդանյան, Տիգրան Կարապետյան, Դավիթ Հակոբյան, Հրանտ Բագրատյան։ Եթե Արմավիր, Արարատ և այլ արիական նախածանցով քաղաքներում պետականաշինական տրագիֆարսն է դրության տերը, բնականաբար, հուսալքումը մոլախոտի պես բռնազավթում է հանրային բարոյականը և նրան ուղղորդում է Թատերական հրապարակ, արևածաղկի սերմեր վայելելու (այսինքն` չրթելու) և հայացքն ուղղելու դեպի «Տրագիֆարսի հարթակ»։ Եվ եթե հարթակում անգամ Երևանի կենդանաբանական այգու հնաբնակ արու օրանգուտանգը հայտնվի և հակակառավարական մռնչոցներ արձակի, հանրությունը ուշի ուշով կունկնդրի նրան։ Զի հանրությանը այլ բան չի մնում անելու։ Վանաձորի քաղաքապետն ավելի լավը կամ վատը չէ իր շատ նմանակներից։ Այս քաղաքում էլ անզուսպ հոռանում են տեղական իշխանիկները, գործազրկություն է, և այս քաղաքի կենտրոնական հրապարակում էլ կարելի է կերտել դարի հուշակոթողը` Պանդխտության գավազանը։ ՈՒ երբ նման պետական պաշտոնատարը անկեղծ ցինիզմով է վերաբերվում քաղաքի բնակչությանը (հիշենք նրա անդրադարձն ընտրության արդյունքներին) և շարունակում է պաշտոնավարել, բնականաբար, Րաֆֆին այսօր, Կարապետիչը վաղը, օրանգուտանգը մեկել օրը խիստ պահանջարկված կլինեն։

Եվ եկեք պատկերացնենք, որ Ծառուկյա՜նն է հարթակում։ Մեր շատ հուսալքված հայրենակիցների աչքում տիար Գագոն ազգի փրկիչն է և Սասնա ծուռը։ Այո՜, եզնարածները ահա թե ուր են հասցրել տառապած ու փառապանծ, Արցախն ազատագրած և դեմքով դեպի Մուշ ու Արդահան շրջված հայությանը։ Այո՜, արգո Ծառուկյանը հարմարավետ մի պահի, անշուշտ, կիջնի հրապարակ և կարշավի դեպի Բաղրամյան 26։ Անշուշտ, եզնարած-արարածների հոծ զանգվածի ցնծագին «հո՛ւռռա»-ի ներքո։ Բայց չէ՞ որ տիար Ծառուկյանը մեր անկախ պետականության բնականոն զարգացումը կանխարգելող և բացարձակապետություն հաստատած օլիգարխիատի ամենավառ ներկայացուցիչն է։ Այ, եթե նա երկու հաղթ ոտքերը դնի մի նրբագեղ մաշիկի մեջ և սեփական փողերով սկսի Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այնուհետև իր և մյուս մականունակիր օլիգոպոլիկների ողջ հարստությունը հայտարարի ազգային ունեցվածք, բնականաբար, նրա արձանը կտեղադրենք «Հանրապետության» հրապարակում։ Բայց նրանք արդյոք կկտրեն այն ադամանդահուռ ճյուղը, որին հեծնել են։

Այնուամենայնիվ, խելահաս այր է Վանաձորի քաղաքապետը։ Եվ նրա խելահասությունը հակադարձ-համեմատական է քաղաքաբնակների գիտակցության պակասորդին։ Չէ՞ որ Վանաձորի պատվարժան տիարք և տիկնայք (այս թվում նաև` անզուգական պոետներ ու նկարիչներ) ոչ մի կերպ չեն ըմբռնում, որ մինչ օրս մենք դեռևս գաղութապետության բնակիչներ ենք, անսահման-սահմանափակ ազատություններով երջանիկ։ Այսինքն` ազատ ենք վայելելու անկախ պետականության բարիքները, բայց չունենք հնարավորություն, բարիքները վանաձորյան վերնակույտի համար են։ Ահավասիկ, չգնահատելով պատմական այն օրինաչափությունը, ձայները անգիտակցաբար նվիրաբերեցին ընդդիմադիր գործչին։ Այո՜, ամենուր են տարբեր տրամաչափի չինովնիկները, որ երկիրն են ամորձատում։ Եվ թվաբանությունը զարհուրելի է, զի միևնույն անկախության ծնունդ սերնդի զավակները ամորձատված են և բարոյալքված գաղափարի եղբոր ձեռքով։ Մինչդեռ երեկ էր, որ ուս ուսի և հույս հույսի բռնեցին անկախության հրեղեն հավքը։ Բռնեցին ու վանդակեցին։ Եվ հրեղեն հավքը դարձավ հողեղեն մի սողուն։ Ասացեք, խնդրեմ, քանի՜ հազար դղյակ կա երկրում, վստահաբար` մի քանի հազար։ Նույնքան էլ պանդոկ, հյուրանոց, խաղատուն և շոգեբաղնիք։ Եվ ահավասիկ, աշխարհի ամենահարուստ հայորդին երրորդ հանրապետության ծնունդ է, ով մաքառեց հեռավոր մոսկովներում և հաղթեց։ Եվ ահավասիկ նրա հաղթանակը պտղակալեց և մի նոր առևտրազվարճանքային օազիս ի հայտ եկավ Դալմայի այգիներում։ Այո, Հայաստանն աշխարհին ձեռնոցներ է նետել և վստահ շեփորում է` այո՛, առաջինն ենք ամեն բանում, առաջինն է Քարահունջը, ամենահին գինու կարասն ու չարոխը։ Առաջինն ենք նաև, որ երկու բուռ (Արագածն ու Աժդահակը) և երեք ափ (Սևանը, Երևանյան և Կարապի լճերը) լեռ ու լճով սեղմված, այսուհանդերձ շախմատի գերտերություն ենք։ Նշանակում է` լիուլի արդարացված են մեր նորանկախ ոտնձգությունները։ Զի մի՞թե հարստություն չէ և հպարտության առարկա չէ մեր վերնակույտի ախորժակը, օրը յոթ անգամ սեղաններ են գերեվարում և ասպատակում լայնք-երկայնքով, հավատարիմ ազգային ավանդույթին` «յոթ օր և յոթ գիշեր հարսանիք անել», «յոթը որդով սեղան նստել» և այսպես շարունակ։ Այո, հրեղեն մեր հավքերը ճարպով լեցուն սողուններ են։ Եվ մենք շարունակ ճակատով մառախուղին ենք բախվում։ Զի եզնարած-արարածներն են դրության տերը։ Զի նրանց համար բացարձակապես նույնական է, թե ով է երկրի կառավարիչն ու գլխավոր հրամանատարը, դիմակայության և հաղթանակի մեջ լրջագույն հետագիծ թողած ներկա նախագահը, թե քաղաքական գունազարդ փասիանները։

ՉԱՎԵՍԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ, ՆԵԼՍՈՆԻ ՀՈՒՅՍՈՎ

(սարկաստիկ իրիկնահաց)

Այո՜, հավկուրությունը կուրացրել է մեզ։ Կեղծ քարոզիչները դարձյալ հրապարակում են և դարձյալ փառապանծ ու տառապած հայը փորձության է տարվում։ Զի լեշակերներն են գրավել երկիրը, գրավել, ամորձատել և պատրաստվում են հերթական ճաշկերույթին։ Այնպես որ, Սերժ Ազատիչը դաժան քաշելիք ունի։ Նախ և առաջ, բոլոր գերշահութաբեր տնտեսական ոլորտները պետք է դառնան պետական մենաշնորհ։ Խորհրդարանն ինքնալուծարվում է, և նոր, թափանցիկ և կառուցիկ ընտրություններով Օվալաձև դահլիճ են մուտքագրվում մտավորականները։ (Օլիգարխիատը, ինքնաբերաբար կուլակաթափության է ենթարկվում)։

Այո՜, այո՜, ՈՒգո Չավեսի ուրվականին եմ հանդիպել, շրջում էր և մտամոլոր մենախոսում, արդյոք սա՞ է աշխարհի ամենահին չարոխի հայրենիքը, արդյոք Նոյը, իսկապես, ձեզ է հյուր եկել, և արդյոք բնակա՞ն է «տարածաշրջանային վետերոկի» և շախմատային գերտերության արյունակցությունը։ Տարաբա՜խտ իմ ՈՒգո, սա Հայաստանն է, մի երկիր, ուր դրամաշնորհային ցորենը կանեփի բերք տվեց, ուր քաղաքական դուրսպրծուկները գլխաքանակով գերազանցում են խոշոր եղջերավորների ու մանր կճղակավորների գլխաքանակը և ուր լեգենդար Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակն է այսօր։ Օ՜, ինչ երանելի ժամանակներ էին, Վերմախտի աս օդաչուները մկան ծակին հարյուր թուման էին տալիս, օդում Նելսոնն էր։ Ո՞Ւր ես, Նելսոն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ