Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել» (Մատթ. 15:26)

«Լավ չէ մանուկների հացն  առնել և շներին գցել»  (Մատթ. 15:26)
15.03.2013 | 12:25

Այս խոսքը ես վերցրել եմ Մատթեոսի Ավետարանի 15-րդ գլխի 26 համարից: Առաջին հայացքից, երբ լսում ենք այս խոսքը, պարզապես զարմանում ենք, թե Հիսուս ինչո՞ւ է այս օգտագործում, ի՞նչ է ուզում ասել կամ ի՞նչը նկատի ունի:
Եթե մի ակնարկ նետենք մեր Տիրոջ երեք տարվա առաքելության վրա, պիտի տեսնենք, որ Նրա գործունեության կարևոր մի մասը կազմում են բժշկությունները: Ղուկասը` հեթանոսությունից դարձի եկած անտիոքացի բժիշկը, իր արհեստի բերումով Ավետարանում լայնորեն անդրադարձել է մեր Տիրոջ կատարած բժշկություններին։
Հիսուս օժտված էր բժշկելու աստվածային զորությամբ: Նա հրաշագործելու ժամանակ կերպարանափոխվում էր, աստվածային ճառագայթը շողում էր Իր անձի մեջ: Նրանից բխող զորությունը ներգործում էր հիվանդի հոգեբանական աշխարհում և բարեփոխում նրա վիճակը:
Հիսուս Իր գործունեությունը հավատի վրա հիմնելով, հրաշք էր գործել միայն այն ժամանակ, երբ հավատ էր գտել ենթակայի կամ ժողովրդի մոտ: Եթե հավատի թերություն նկատեր, հրաշք չէր կատարում: Օրինակ, Մատթեոսի Ավետարանի 9-րդ գլխի 27-29 համարներում նկարագրվում է, թե Հիսուս ինչպե՛ս է բուժում երկու կույրի և մի համրի: Երբ նրանք խնդրում են իրենց բուժել, Հիսուս ասում է. «Հավատո՞ւմ եք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք պատասխանում են. «Այո՛, Տեր»: Այդ ժամանակ Նա դիպչում է նրանց աչքերին և ասում. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ. 9:27-29):
ՈՒրեմն, մեր Տերը հրաշք էր գործում կամ բուժում էր միայն այն ժամանակ, երբ անհատը հավատ ուներ: Ահա այսպիսի մի դեպք է նկարագրում Մատթեոս Ավետարանիչը «Փյունիկեցի կնոջ հավատը» անվան տակ (Մատթ. 15:21-28):
Առաջին պահին կարդացողին ընդվզեցուցիչ է թվում Ավետարանից վերցրած մեր այս խոսքը. «Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել», սակայն նրա իմաստը հասկանալու համար լավ կլիներ, որ ուղղակի կարդայինք Մատթեոս և Մարկոս ավետարանիչների միջադեպի նկարագրությունը:
«Հիսուս այդտեղից ելնելով` գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը: Եվ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի Որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»: Բայց նա նրան պատասխան չտվեց, և Նրա աշակերտները մոտենալով` աղաչում էին Նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»: Իսկ կինը մոտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Նա պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել»: Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես»։ Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց» (Մատթ. 15:21-28):
Հիշյալ դրվագը Հիսուսի կյանքում պատահած կարևոր նկարագրություններից մեկն է, այն խորհրդանշում է հրեաների մերժումը Վարդապետի քարոզության, որը հեթանոսներն ընդունեցին։ Հրեաներից մերժված ու մի կողմ նետված հացը` ուրախությամբ ընդունվեց հեթանոս ժողովուրդներից: Հիսուս զիջեց փյունիկեցի կնոջ խնդրանքը, տեսնելով նրա սերը իր հիվանդ դստեր նկատմամբ և մանավանդ նրա ունեցած խոր հավատը:
Գերմանիայի հայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճյանը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում իր քարոզի ժամանակ հետաքրքրորեն հիշում է իր մոր հավատի մասին. «Ես հիշում եմ իմ մոր հավատը, որը տարիներ առաջ, երբ իմ ձեռքից բռնած որպես փոքր երեխա տանում էր եկեղեցի առանց հայերեն մի բառ իսկ հասկանալու, առանց իմանալու արարողության տևողությունը և ամեն անգամ հինգ ժամ եկեղեցում ներկա լինելուց հետո, դուրս էինք գալիս այնտեղից, մայրս դառնում էր ինձ ու ասում. «Տղաս, այսօր նորից քահանան մի բան պակաս կարդաց»: Տեսեք մորս հավատը, այն անձը, որը մի բառ իսկ չէր հասկանում աղոթքներից, չգիտեր լեզուն, չգիտեր արարողության տևողությունը, բայց հինգ ժամ արարողության ներկա գտնվելուց հետո, ասում էր, որ մի բան պակաս կարդացվեց, սա նշանակում է, թե մայրս իր հավատով եկեղեցում միայն Աստծու ներկայության մեջ էր գտնվում, նրա հետ էր խոսում ու մի ներքին ցանկություն ուներ` Աստծու ներկայությամբ արդարորեն ապրել և Նրա հետ աղոթել, ահավասիկ կրոնի առաջին և հիմնական սկզբունքներից մեկը»:
Այո՛, իրապես ապրել հավատով Աստծու ներկայության մեջ:
«Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել» խոսքը հասկանալով, տեսնում ենք, որ Աստծու արքայությունը բաց է բոլորի առաջ, ովքեր սրտանց հավատում են մեր Տիրոջն ու հետևում Նրա ուսուցումներին, որպեսզի հավիտենապես վայելեն Նրա ներկայությունն իրենց կյանքում:
Երանի՜ հասկանանք, որ մեր ապրած ամբողջ կյանքը ծննդից մինչև մահ, երազի պես է, գալիս ենք ու գնում: Սակայն կան մարդիկ, ովքեր իրենց այս կյանքն այնպես են արժևորում և իմաստուն կերպով անցկացնում, որ գալիս են, բայց չեն մեռնում, այլ մնում են ու հավիտենապես հիշվում: Իսկ մենք չե՞նք ուզում հետևել այդպիսի մարդկանց օրինակին: Եթե այո՛, ուրեմն մեր այս կարճ կյանքում լինենք գթասիրտ, հավատով, բարի ու ազնիվ և Աստծու կամքով ու հրամանով արժանի լինենք Նրա Երկնային Թագավորությանը: Ամեն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ