Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրասիական միություն` քննարկում քառակի դիտակետից

Եվրասիական միություն`  քննարկում քառակի դիտակետից
19.03.2013 | 00:38

Մարտի 16-ին «Ինտեգրում և զարգացում» հետազոտական, վերլուծական, հասարակական կազմակերպությունը քառակողմ կոնֆերանս էր կազմակերպել «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» թեմայով` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսին ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, չորս երկրների բարձրաստիճան պետական պաշտոնյաներ ու գիտնականներ: Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի խոսք ասացին Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանը, ունենալով ոչ մեծ տնտեսություն, պետք է գնա հնարավոր բոլոր ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ: Նախարարի գնահատմամբ` դա նախ և առաջ Եվրասիական միությունն է: «Մենք միշտ նշել ենք, որ Հայաստանն առանց ինտեգրման գործընթացների չի կարող համաքայլ ընթանալ 21-րդ դարի իրականությունների հետ: Այդ գործընթացները տքնաջան աշխատանք են պահանջում փորձագետների ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, իրավաբանների և այլ մասնագետների մակարդակով»,- ասաց պարոն Դավթյանը, հավելելով, որ, ներքին ոչ մեծ շուկա ունենալով, Հայաստանի տնտեսությունը պետք է արտահանումների կողմնորոշում ունենա, իսկ դա նշանակում է ելք դեպի արտաքին շուկաներ` հարևանների և միջազգային կազմակերպությունների: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում համաժողովի մասնակիցները մեկ երկրի քաղաքացիներ էին, ընտրելով անկախության դժվար ճանապարհը` նրանք անցան դժվար փորձությունների միջով, և հիմա համագործակցության առավել բարձր մակարդակի անցնելու անհրաժեշտություն է առաջացել: Պարոն Դավթյանն առաջարկեց պատասխանել մի քանի հարցերի` ի՞նչ է Եվրասիական միությունը, ենթադրո՞ւմ է հետագայում ընդհանուր պետության ստեղծում, թե ոչ, ինքնիշխանության ի՞նչ կորուստներ են հնարավոր, և ինչպե՞ս են փոխհատուցվելու, իրավունք ունի՞ Եվրասիական միության անդամ պետությունը անդամակցել պետությունների այլ համակարգի:
Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական նախագծի իրականացումը բազմամակարդակ է և մի քանի փուլեր է ենթադրում: Հայաստանի աշխարհաքաղաքական ու աշխարհագրական առանձնահատկությունները խնդիր են դնում Եվրասիական պետությունների հետ հարաբերությունների առանձնահատուկ ձևաչափ գտնել և պահանջում են ուշադիր ուսումնասիրել առավելություններն ու սահմանափակումները նախագծի այս փուլում և առաջիկայում: Եվրասիական ինտեգրման Հայաստանի ճանապարհին օբյեկտիվ տնտեսական և սուբյեկտիվ քաղաքական խոչընդոտներ կան. պետք է հաշվի առնել եվրոպական և եվրասիական նախագծերի անհամատեղելիության հայտարարությունները, որ այսօր արդեն ոչ այնքան կատեգորիկ են, որքան առաջ: Այնուհանդերձ, Մաքսային միության և միասնական եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի ԵՄ ինտեգրման և ազատ առևտի գոտու անդամակցման ճանապարհին: Դեսպանի կարծիքով` կարևոր է վերլուծել, թե ինչ խնդիրներ կառաջանան, եթե Հայաստանը վճռի անդամակցել Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին: ԵՄ և Եվրասիական միության միջև հակասությունների հաղթահարման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը իր համար մեծ օգուտով, ակտիվորեն ներգրավվի Եվրասիական միության ստեղծման գործընթացների բոլոր փուլերում:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցութան և ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Ցեմախովիչը ներկայացրեց Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները թվերով, տոկոսներով ու կառուցվածքով: Նա կարծում է, որ ինտեգրման հիմքը մշտապես զարգացող առևտրատնտեսական հարաբերություններն են: «Մենք կարողացանք հաղթահարել ճգնաժամային պիկը և վերականգնել տնտեսական աճը, որին նպաստեցին հակաճգնաժամային քայլերը և մակրոտնտեսական կայունության ապահովումը: Հատուկ ուշադրության է արժանի Հայաստանի կառավարության աշխատանքը, մասնավորապես ՀՆԱ-ի աճի տեմպերը 2012 թ., որ ամենաբարձրերից մեկն էր ԱՊՀ-ում ու նույնիսկ աշխարհում` կազմելով 7,6 տոկոս, երբ ԱՊՀ-ում միջինը 3-4 տոկոս է: Չի կարելի չգնահատել նաև ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի դերը այս հարցում: Մենք կարողացանք կատարել երկու նախագահների հանձնարարությունը և երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի»,- ասաց նա: Պարոն Ցեմախովիչը ուշադրություն հրավիրեց ներմուծվող և արտահանվող ապրանքների տեսականու վրա: Ըստ նրա` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլի առանձնահատկությունը մոդեռնացման և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման կողմնորոշվածությունն է, որ լիովին տեղավորվում է ռազմավարական գերակայությունների մեջ:
Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի քարտուղար Վլադիմիր Պերեբոևը շատ հանգամանալից ներկայացրեց Մաքսային միության և հարևան երկրների փոխշահավետ համագործակցության մոդելներն ու միջոցները: ՈՒսումնասիրությունը կատարվել է Հայաստանի, Մոլդովայի և Տաջիկստանի փորձի հիման վրա և ներկայացնում է խոշոր ինտեգրացիոն միավորումների և աշխարհագրորեն հեռու տնտեսությունների առևտրատնտեսական համագործակցության միջազգային փորձը, վերհանում է Հայաստանի, Մոլդովայի և Տաջիկստանի տնտեսությունների մրցակցայնության բարձրացման այլընտրանքային ձևերը, առաջարկում սերտ համագործակցության տարբերակներ:
Եվրոպական և միջազգային հետազոտությունների համակարգային կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը անդրադարձավ հարցի քաղաքական կողմին, որն ավելի բարդ որակեց ֆինանսատնտեսականից, քանի որ վերաբերում է այս կամ այն երկրի մասնակցությանը որոշումներ ընդունելու մեխանիզմին: Անդրադառնալով նախորդ զեկուցմանը` Զարգացման եվրասիական բանկի ուսումնասիրություններին, պարոն Բորդաչյովը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ առաջարկվող ձևերից ոչ մեկը չի նախատեսում գործընկեր երկրի մասնակցություն որոշումների մշակմանը և ընդունմանը: Ինտեգրացիոն ցանկացած ձևաչափի քննարկման ժամանակ, նրա կարծիքով, հարկ է հիշել, որ ինտեգրացիոն գործընթացը տնտեսական գործունեության մեջ պետության միջամտության միջազգային մեխանիզմ է, որ չի ներառում մասնակցություն որոշումների մշակմանն ու ընդունմանը և կարող է դժվար ռազմավարական խնդիրներ հարուցել թե՛ մեծ, թե՛ փոքր երկրների համար: Եվրոպական ինտեգրման խնդիրներով զբաղվող գիտնականները նշում են, որ զարգացման առավել հնարավոր տարբերակը նահանջն է այսօրվա դիրքերից և դժվար է ասել, թե 10-15 տարի հետո ինչպիսին կլինի Եվրոպան: Կարո՞ղ է պետությունն իր քաղաքական ու տնտեսական անկախությունը պահպանել` չմասնակցելով տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական միավորումներին. այս հարցը, ըստ պարոն Բորդաչյովի, դեռ պատասխան չունի, բայց գլոբալ տրոհումները միջազգային տարածքում ձևավորում են տարածաշրջանային միավորումներ: «Մենք ելնում ենք տնտեսական, ոչ երբեք քաղաքական նկատառումներից, հետխորհրդային Ռուսաստանի քաղաքականության գլխավոր բնորոշիչը որևէ գաղափարախոսության լիակատար բացակայությունն է` միայն ու միայն պրագմատիկ տնտեսական շահ` ուղղված տնտեսական շահերի բավարարմանը», պնդում է պարոն Բորդաչյովը և կարծում, որ Եվրոպան ելնում է հակառակ մեկնակետից և քաղաքական խնդիրները լուծում է տնտեսական միջոցներով: Ռուսաստանի և Եվրոպայի միջև մրցակցությունն անբնական համարելով` նա, Ռուսաստանի հետ, թե Եվրոպայի` ընտրությունը թողնում է համագործակցել ցանկացողներին:
Կոնֆերանսի ընդմիջման ժամանակ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ խնդրեցի իր կարծիքը հայտնել քննարկվող խնդիրների վերաբերյալ։
-Տնտեսական ինտեգրման հարցերը Հայաստանի պես երկրի համար միշտ տեղին են,- ասաց նա։- Ելնելով մեր աշխարհագրական դիրքից, տրանսպորտային կոմունիկացիաների հնարավորություններից, տնտեսության համակարգից` ամեն օր փնտրել մեկ, թեկուզ փոքր հնարավորություն համաշխարհային շուկաներում, տնտեսական դաշտում ինտեգրվելու համար` Հայաստանի օրակարգային հարցն է բոլոր ժամանակներում: Այսօր, երբ աշխարհում իշխում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տեռորը, այդ խնդիրը առավելապես կարևոր է: Բնական է, որ իր ավերածությունների ճանապարհին ճգնաժամը թույլերին ավելի շուտ է գտնում, քան ուժեղներին: Բնական է, որ թույլերը իրավիճակի թելադրանքով պարտադրված են լինել ավելի խելացի, գործունյա և նոր ճանապարհների որոնումը պահել իրենց օրակարգում:
-Ի՞նչ հեռանկարներ ունի այդ որոնումը:
-Այսօր աշխարհում ընթանում են աշխարհաքաղաքական ինտեգրման գործընթացներ, դուրս մնալ այդ գործընթացներից` անթույլատրելի է, հախուռն տուրք տալը կարող է լավագույն տարբերակը չլինել: Խորհելու և հաշվարկելու անհրաժեշտություն կա: ՈՒստի ես ողջունում եմ նման կոնֆերանսները և հետազոտությունները: Մենք պիտի ընդունենք, որ աշխարհը սևով ու սպիտակով չի գծված, նույն ինտեգրման գործընթացները չեն դիտվում կամ կամի մեջ` կա՛մ անդամ ես, կա՛մ ոչինչ, այլ բազմաթիվ, տարատեսակ հնարավորությունների շրջագծում են: Աշխարհի փորձը այդ հնարավորությունները տալիս է, այլ միությունները բազմաթիվ համագործակցությունների օրինակ են տալիս, որոնք այս կամ այն պետության համար առավել շահավետ են և այդ պատճառով` առավել նախընտրելի: Ես կարծում եմ, որ այսօր մեզ համար առավել կարևոր է հայտնի պոստուլատը` չկան հավերժական բարեկամներ և հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր: Փնտրենք, գտնենք` որտեղ և ինչպիսին են մեր շահերը և փորձենք մարմնավորել:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Արա Մարջանյանը ներկայացրեց Եվրասիական ինտեգրումը և էներգետիկ համագործակցության ներկան ու հեռանկարները: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էլ անդրադարձավ հետխորհրդային տնտեսության զգայունակության շեմերին: Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց Եվրասիական միության գլոբալ տնտեսական մրցակցայնության հնարավորությունները: Ղազախստանի տնտեսության ինստիտուտի բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Բուլատ Խուսաինովը անդրադարձավ ղազախական փորձին ու շահերին եվրասիական տնտեսական տարածքի ու կառույցի ձևավորման գործընթացում: Պատմական գիտությունների թեկնածու Վադիմ Գիգինը ներկայացրեց Բելառուսի անցած ճանապարհն ու փորձը:
Կոնֆերանսի կազմակերպիչ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ խնդրեցի ամփոփել առավոտյան ժամը 10-ից սկսված և մինչև 15-ը ու ավելի տևած կոնֆերանսի աշխատանքները, որտեղ հարցերը քննարկվում էին հայ-ռուս-բելառուս-ղազախական տեսանկյուններից.
-Կարծում եմ` ծավալվեց եզակի, քննարկման ծավալով ու խորությամբ աննախադեպ բանավեճ, որը վերաբերում էր ոչ միայն այս չորս, այլև ԱՊՀ մյուս երկրների եվրասիական ինտեգրմանն ավելի սերտ մասնակցելուն: Այս հարցի շուրջ մեր կառավարությունները բանակցում էին և շարունակելու են բանակցել: 2013 թվականը եզակի հնարավորություն է` լուրջ ուսումնասիրելու և հասարակությանը նախապատրաստելու այն հնարավորությանը, որ մենք կարող ենք ավելի մեծ օգուտ ունենալ եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելուց, եթե մեր առջև դրվի անցանկալի դիլեման` Եվրամիությա՞ն հետ լինել, թե՞ Եվրասիական միության: Եթե այդ դիլեման չպարտադրվի, իդեալական կլինի համատեղել երկու գործընթացներն այնպես, որ մենք Ռուսաստանի հետ հնարավորություն ստանանք բանակցել Եվրամիության հետ` համագործակցությունը ռազմավարական գործակցության հասցնելու վերաբերյալ:
-Հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Հաջորդ կոնֆերանսը:
Մինչև հաջորդ կոնֆերանսը մի քանի նկատառում: Զարմանալիորեն հստակ չէր կոնֆերանսի մեկնակետը` քառակողմ քննարկումը նպատակ ուներ արձանագրել վիճակը` Հայաստանը գնում է դեպի Եվրասիական միությո՞ւն, թե՞ հարց էր բարձրացնում` Հայաստանը գնո՞ւմ է դեպի Եվրասիական միություն: Ե՛վ ելույթների, և՛ մտքերի փոխանակության ժամանակ հնչած տեսակետների տրամաբանությունը մեկն էր` համեմատել տնտեսության տարբեր ոլորտները, տնտեսության կառուցվածքը, զարգացման տեմպերը և այլն, և այլն, որպեսզի բոլոր կտրվածքներով եզրակացվի` գլոբալացվող աշխարհում աննախադեպ մարտահրավերներին միայնակ չենք դիմակայի, եկեք միանանք: Սա` մեկ: Երկրորդ` միանանք, բայց` ո՞ւմ: Հարցերի հարցը` գոյություն ունեցող Եվրամիությա՞նը, որ մեզ գրկաբաց ու գլխաբաց չի սպասում, գոյություն չունեցող Եվրասիական միությա՞նը, որ կարող է փակել Եվրամիության ճանապարհը: Սպասենք այնքա՞ն, որ երկու միությունները փոխհարաբերությունները պարզեն, իսկ հիմա բոլորին «այո» ասենք, որովհետև «ոչ»-ը որոշակիություն է, իսկ «այո»-ն մանևրների ու սեփական խաղի դաշտ է թողնում: Եվ երրորդ` ե՞րբ և ո՞վ է շարքային քաղաքացուն բացատրելու, թե, համաշխարհային, համապետական, գլոբալ շահերի սպասարկումից զատ, այս միությունները իրեն կոնկրետ ի՞նչ ու ինչպե՞ս են տալու: Այսինքն` նորի՞ց տեղեկատվությունն ու քարոզչությունը պիտի ընդամենը հետևեն որևէ կարևոր հարցի ձևավորման ու լուծման ընթացքին, թե՞ դառնան մասնակից ու հավասարակողմ պատասխանատու: Եվ վերջապես` բոլոր ելույթները կազմված էին «Բոլորս դեպի Եվրասիական միություն» նշանաբանով, գործնականում չկար ընդդիմախոսություն, որը քննարկումը դարձնում էր կիսատ, ավելի շատ հարցեր էր թողնում, քան պատասխաններ էր տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Կոնֆերանսի հյուրերը բավականաչափ երիտասարդ էին` մինչև 30, մեկ-երկու բացառությամբ` մինչև 40 տարեկան, Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաստատ 40-ը, եթե ոչ 50-ն անց էին: Մտածելու տեղիք տալի՞ս է:

Դիտվել է՝ 3093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ