Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Անկախ ԻԻՀ նախագահի ընտրության արդյունքներից՝ հայ-իրանական հարաբերությունները կլինեն բարեկամական»

«Անկախ ԻԻՀ նախագահի ընտրության  արդյունքներից՝ հայ-իրանական  հարաբերությունները կլինեն բարեկամական»
19.03.2013 | 12:09

Ամառը տարածաշրջանում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի ընտրություններով։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են լինել հարևան Իրանում և տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ։
-Առաջիկայում Իրանի նախագահի ընտրություններն են, ի՞նչ հավանական թեկնածուներ կան։ Եվ նախատեսվո՞ւմ է արդյոք քաղաքական գծի փոփոխություն այդ երկրում։
-Այո՛, հունիսի 14-ին ԻԻՀ-ում տեղի կունենան 11-րդ նախագահական ընտրությունները։ Ընդհանրապես, ԻԻՀ-ի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը որոշում է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Համաձայն ԻԻՀ սահմանադրության՝ գործող նախագահն այլևս առաջադրվելու իրավունք չունի, սակայն նա ցանկանում է որպես իրավահաջորդ տեսնել իր խնամուն՝ քաղաքական գործիչ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, ով մինչև վերջերս նրա աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Սակայն այս թեկնածությունը միանշանակ չի ընդունում հոգևոր դասը, ուստի նրա հնարավորությունները շատ փոքր են։ Այս պահի տվյալներով, նախագահական ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել 7 քաղաքացի, ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 6-ն է։ Նախագահի թեկնածուներն են Իրանի Մեջլիսի փոխնախագահ Ռեզա Բահոնարը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին, նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Ղալիֆաբը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հըզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին։ Նրանք պաշտոնապես գրանցված թեկնածուներն են, որոնք իրականում քիչ շանսեր ունեն։ Ֆավորիտների շարքում են Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, նախկին արտգործնախարար, ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Մեջլիսի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, նա էլ հոգևոր առաջնորդի խնամին է, Սայիդ Ջալիլին։ Սակայն, կարծում ենք, որ այս վերջին թեկնածուներից մեկին կընտրի հոգևոր առաջնորդը, իսկ մյուսներին խորհուրդ կտա նրա շուրջը համախմբվել։ Ի դեպ, Ալի Աքբար Վելայաթին աշխատել է որպես արտգործնախարար Ալի Խամենեիի և Ռաֆսանջանիի օրոք` 1981-1997 թթ., և վայելում է հոգևոր առաջնորդի համակրանքը։ Ալի Լարիջանիի նկատմամբ վերջին օրերին սև PR կիրառվեց, ինչը մտածել է տալիս, որ նա կա՛մ ընդհանրապես չի դնի իր թեկնածությունը, կա՛մ դնելու դեպքում էլ, շանսերը մեծ չեն լինի։
-ԱՄՆ-ը չի՞ փորձի նոր ընտրությունների միջոցով ամրապնդել դիրքերն Իրանում կամ հեղափոխական տրամադրություններ ստեղծել։
-Կարծում եմ` Միացյալ Նահանգները ցանկություն կունենա նման բան անելու, սակայն հնարավորություններն ու ցանկությունները, ըստ իս, այս պահին չեն համապատասխանում իրար։
-Ընտրությունները Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնան։
-Անկախ նրանից, թե ով կընտրվի ԻԻՀ նախագահ, հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն ընթանալ բարեկամության, անկեղծության, վստահության և կառուցողականության ոգով:

Ճեպազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ