Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից սպասարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը»

«Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից  սպասարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի և  Ռոբերտ Քոչարյանի շահերը»
22.03.2013 | 00:30

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ:

-Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը:
-Հայաստանում բացառիկ հնարավորություն էր ստեղծվել նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար, դժբախտաբար, գործընթացները գնացին միանգամայն այլ տրամաբանությամբ: Ես երբեք իշխանությանը չեմ պաշտպանել, բայց այն, ինչ հիմա տեսնում եմ Ազատության հրապարակում, ակամայից իշխանությանը սատարելու առիթ է տալիս:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Այն թատերական ներկայացումը, որ կատարվում է Ազատության հրապարակում: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ որևէ մեկը հացադուլով հայցի նախագահի պաշտոնը: Դա որևէ կապ չունի քաղաքական մրցակցության հետ: Ասեմ ավելին` մենք գործ ունենք ջիհադիզմի հետ, դիակի մասին հայտնի հիշատակումից հետո:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ այլընտրանքներ ուներ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ընդուներ ընտրության արդյունքները և իր ստացած քվեները հաշվի առնելով` պետք է ինստիտուցիոնալ տեսքի բերեր իր էլեկտորատը, իր քաղաքական կապիտալը:
-Ի՞նչ նպատակով:
-Որպեսզի Հայաստանում ձևավորվեր նոր քաղաքական մշակույթ: Երբ մարդը ընտրությունների ավարտից մի քանի րոպե հետո հայտարարում է, թե ինքը հաղթել է, առնվազն տարօրինակ է, և այդտեղ վերջանում է քաղաքականությունը: Դարձյալ կրկնեմ` ես Սերժ Սարգսյանի պաշտպանը չեմ, ավելին` խորշում եմ իշխանության բազմաթիվ արատներից, բայց, տվյալ դեպքում, խղճում եմ իշխանությանը նման խեղկատակ ընդդիմություն ունենալու համար:
-Ձեր գնահատականը շատ խիստ չէ՞:
-Շատ ուղիղ է:
-Ես, իհարկե, համաձայն եմ, որ այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, շատ է հիշեցնում վատ թատրոն, բայց ի՞նչ պիտի աներ, որ չի անում Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորից լավ գիտի, որ ընտրություններում ինքը չի հաղթել, Սերժ Սարգսյանն էլ հրաշալի գիտի, որ Հայաստանում իդեալական ընտրություններ չեն անցկացվել: Երկուսն էլ պիտի դադարեն թաքնվել տարբեր խոսնակների, ներկայացուցիչների թիկունքում և իրական երկխոսության միջոցով կազմեն ճանապարհային քարտեզ, որի միջոցով իրապես կբարեփոխվի ՀՀ քաղաքական համակարգը:
-Քաղաքական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում են տասնյակ տարիներ, որքան համակարգը կա, ի՞նչ սկզբունքով պիտի բարեփոխվի:
-Եթե նույնիսկ նոր ընտրություններ անցկացվեն, որակապես ոչինչ չեն փոխելու, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը 37-ի փոխարեն ստանա 27 տոկոս, Սերժ Սարգսյանն էլ 58-ի փոխարեն 68: Խնդիրը շատ պարզ է: Ես բարի թագավորի մասին լեգենդներին չեմ հավատում, բայց հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից սպասարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը: Այդ երկուսի նպատակը շատ ակնհայտ է` թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը որևէ կերպ ինքնադրսևորվի որպես օլիգարխիկ համակարգից անկախ նախագահ: Այս առումով Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն վերածել է քաղաքական միջնորդի կամ խոսափողի, որը հարկադրված է իրական քաղաքական օրակարգի փոխարեն դառնալ մի մեծ խավի սպասարկու:
-Ի՞նչ ելք եք առաջարկում:
-ՀՀ գործող նախագահը, որի լեգիտիմությունը բավականին խոցելի է, և բավականին մեծ քվեներ ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են ստորագրել համակարգային բարեփոխումների մասին հռչակագիր, որով գործող իշխանությունը ստանձնում է բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվություն, իսկ ընդդիմությունը ստանում է այդ բարեփոխումներին մասնակցելու և իրականացումը վերահսկելու շատ լուրջ գործառույթներ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է նման առաջարկը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես կորցրել է իրականության զգացումը: Ազատության հրապարակում, ըստ էության, գոյություն չունի համաժողովրդական շարժում: Այդտեղ հավաքվում են շատ հարգարժան հազարավոր քաղաքացիներ, սակայն հրապարակից 100 մետր հեռու որևէ մեկին չի հետաքրքրում այնտեղ կատարվողը` սա մեկ, և երկրորդ` ես չեմ տեսնում ձևավորվող քաղաքական օրակարգ:
-Րաֆֆի Հովհաննիսյանը կիրառում է փափուկ ուժի տեխնոլոգիա և առաջարկում է իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
-Ամենամեծ պրոբլեմը` ակնհայտորեն ֆավորիտ չհամարվող թեկնածուներից մեկը իրեն հայտարարեց և հիմա բոլորին համոզում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահ է: Հենց այդտեղ քաղաքականությունը վերջացավ և տեղը զիջեց թատրոնին:
-Եթե այդպես է, հանդիսասրահում ժողովուրդն էր, որին շատ բարեհաջող նորից տուն ուղարկեցին, ինչո՞ւ:
-Ի տարբերություն նախագահի բոլոր նախկին թեկնածուների, ովքեր վիճարկել են ընտրությունների արդյունքները, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական որևէ գնահատական չի տվել և քաղաքական պահանջ չի ներկայացնում: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպում էր իր ասելիքը, եթե Ստեփան Դեմիրճյանի անվան հետ կապվում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը, այս մարդը խոսում է մի Հայաստանի մասին, որի ստեղծմանն անգամ ինքը չի հավատում: Որտե՞ղ են նրա ստացած 80 տոկոս քվեները: Ինչո՞ւ Ազատության հրապարակը այդքան սակավամարդ է, ինչո՞ւ նա չի բարձրաձայնում, որ իր գերնպատակը ընդամենն ընդդիմության առաջնորդի օֆիցիոզ կարգավիճակի ստանձնումն է: Ասեմ ավելին` այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է գործոն, որի միջոցով, ասենք, Ռուսաստանը կարող է Սերժ Սարգսյանին պարտադրել Հայաստանի մաս կազմումը ինչ-որ նախագծերի, որոնք վտանգում են մեր երկրի ինքնիշխանությունը: Այս իմաստով ևս մեկ անգամ արձանագրեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիաների հետևում ես որոշակիորեն տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի թիմի շատ պլանավորված, հստակ գործողությունները, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությանը շատ կոնկրետ արտաքին և ներքաղաքական օրակարգի թելադրումն է: Եթե ավելի անկեղծ, հիմա չկա որևէ համաժողովրդական շարժում և չկա որևէ նոր իրավիճակ, հիմա որոշ մարդիկ փորձում են օգտվել այն քաղաքական ձնհալից, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը երեք տարի առաջ: Սերժ Սարգսյանի ողբերգությունն է, որ շարունակում է թաքնվել տարբեր անձանց հետևում և համարձակ քայլեր չի ձեռնարկում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ:
-Ռոբերտ Քոչարյանին շատ չե՞նք մեծարում` ամեն տեղ իրեն տեսնելով:
-Ոչ, նա ամեն տեղ չկա էլ, նա պարբերաբար փորձում է տարբեր նախագծերի միջոցով վերահաստատել իր ազդեցությունը իշխանության համակարգում: Քանի որ ես Ռոբերտ Քոչարյանին համարում եմ քաղաքական դիակ, ստացվում է, որ քաղաքական գործող որոշ սուբյեկտներ զբաղված են ահաբեկչության և դիակների քաղաքական ռեստավրացիայով:
-Եթե նույնիսկ դիակ է, բավականին ազդեցիկ է` ոչ միայն քաղաքական դաշտը, այլև կառավարման համակարգը իրար խառնելու համար:
-Դեռ տարիուկես առաջ ես նշել էի Սերժ Սարգսյանի երկու հնարավորությունները, նրա վերընտրվելը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում: Նա ուներ երկու հնարավորություն` գնալ արմատական բարեփոխումների կամ դառնալ այն համակարգի պատանդը, որը ծնողներից մեկն էլ ինքն է: Առաջին անգամ Հայաստանի ընդդիմությունն օգնում է ռեակցիոն համակարգին` պարտադրելու շատ որոշակի օրակարգ ընտրված կամ վերարտադրված նախագահին: Քաղաքական որևէ օրակարգ չառաջադրող և ընդամենը Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջող նախագահի թեկնածուն գործողությունների ազատություն է տալիս օլիգարխիային, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը մարդկանցից ազատելուց հետո գործող համակարգի պահպանման երաշխիքներ է պահանջելու Սերժ Սարգսյանից: Եթե սա է Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացրած Հայաստանը, ցավում եմ նման ընդդիմության առկայության համար։
-Երևանի ավագանու ընտրություններն ինչո՞ւ են մյուս քաղաքական ուժերը դարձնում օրակարգի գլխավոր խնդիր:
-Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, բայց ինձ համար ծիծաղելի են Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերի փաստարկները: Ի՞նչ փոխվեց վերջին երեք ամիսներին: Փաստորեն, նրանք հանկարծ հասկացան, որ ընտրական ինստիտուտները Հայաստանում վերականգնվել են, և փորձում են երեք ամիս հետո օրինական ընտրությունների միջոցով հասնել քաղաքային իշխանությա՞ն մայրաքաղաքում: Լևոն Զուրաբյանը կամ Վարդան Օսկանյանը արդյո՞ք համարում են, որ Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն: Եթե այդ վարկածը ճիշտ է, ուրեմն նրանք ճանաչում են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, եթե այդ վարկածը սխալ է, ուրեմն սկսվել է մեծ սիրախաղ, թե ով պետք է լինի Սերժ Սարգսյանի հետ երկխոսողը` Րաֆֆի՞ն, ԲՀԿ՞-ն, թե՞ ՀԱԿ-ը:
-Կարծում եք, որ ՀԱԿ կա՞:
-Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց ՀՀՇ-ն և կործանեց ՀՀՇ-ն: 88-ի շարժումը, որ ծնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և բազում գործիչների ջանքերով, գնդակահարվեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շատ փոքր քաղաքական շահերի պատճառով: Վանո Սիրադեղյանի բացակայությամբ հրաժարվել ՀՀՇ բառից, նշանակում է ոտնձգություն ոչ միայն 88-ի արժեքների նկատմամբ, այլև պարզ, բարոյական, ընկերական հարաբերությունների:
-Մի մոռացեք Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը և օբյեկտիվ իրականության զգացումը:
-Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը միշտ սպանել է համազգային շարժումը և նրա իդեալները: Առաջին անգամ համազգային շարժումը թաղվեց 1990-ին, երբ պրագմատիզմի պատճառով պետության երկրորդ դեմքի գործառույթները վստահվեցին կոմունիստական չինովնիկի, երկրորդ անգամ ԼՏՊ-ն արդեն համաժողովրդական շարժման սկզբունքներին դավաճանեց` ժողովրդի արդար ցասումն օգտագործելով քաղաքական առևտրի մեջ մտնելու համար օլիգարխիայի հետ` կոնկրետ Գագիկ Ծառուկյանի, ում համարում էր մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներից մեկը: Լևոն Տեր-Պետրոսյանն իր պրագմատիզմի պատճառով մոռացել է Եռաբլուրի արժեքը, իրեն զրկելով քաղաքական մեծ կարգավիճակից, որ կոչվում է ՀՀ առաջին նախագահ: Ինձ համար շատ ցավալի էին այն դրամատիկ իրադարձությունները, որ տեղի ունեցան Պարույր Հայրիկյանի անձի շուրջ: Երեք նախագահներից միայն մեկն այցի գնաց նրան, մյուս թեկնածուները տպավորություն ստեղծեցին, որ ոչինչ տեղի չի ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանն իր բարձունքից, ինչպես միշտ, չիջավ և այցի չգնաց մի մարդու, որի պայքարի շնորհիվ գուցե ՀՀ առաջին նախագահը լինելու պատիվ է ունեցել: Պարույր Հայրիկյանի դիրքորոշումների փոփոխականությունը հենց այսօրվա Հայաստանի նկարագիրն է իր ամբողջ թշվառությամբ:
-Եթե վերադառնանք Ազատության հրապարակ, ապրիլի 9-ին ի՞նչ եք կանխատեսում:
-Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդումով կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, հետևություններ անելու խնդիր կունենա: Նա պարտավոր է հաշվի առնել այն իրողությունները, որ կան Հայաստանում: Ես տխուր եմ Սերժ Սարգսյանի նման վերընտրության համար, տխուր եմ իր շրջապատի թշվառության համար, որ դարձյալ նա պիտի հենվի մարդկանց վրա, որ, մեղմ ասած, պետականության հետ աղերս չունեն, բայց այս իրավիճակում իրեն եմ տեսնում Հայաստանի նախագահի դերում և համոզված եմ, որ նա այնքան մեծահոգություն կունենա, որ Րաֆֆիին կառաջարկի արժանապատիվ երկխոսության քաղաքական օրակարգ: Թող իրատեսությունը Րաֆֆուն օգնի:
-Ձեզ չի՞ թվում, որ փոխհարաբերությունների պարզաբանման գործընթացում ստվերվեց գլխավորը` ժողովուրդը իրոք փոփոխության պահանջ է դնում:
-Եթե իմ շատ հարազատ ընկեր Էդուարդ Շարմազանովը շարունակի բարձրագոչ հայտարարություններ անել և դրան չհետևեն իրական բարեփոխումներ, եթե Րաֆֆին անիմաստ հացադուլի գործընթացում կորցնի քաղաքացու իրական սպասելիքը, եթե քաղաքական հիմնական սուբյեկտները մոռանան Եռաբլուրի ուժը, կստացվի այն, ինչ ասում է Վարդան Պետրոսյանը` մենք կդառնանք շակալների երկիր: ՈՒ այդ միջակայքում քաղաքացին իսկապես կկորցնի:
-Այդ միջակայքում ոչ միայն քաղաքացին է կորցնում, պետությունն է կորցնում, կորցնում է անկախության սերունդը, որ իր երկրում հեռանկար չի տեսնում:
-Երբ պետությունը շեղվում է բնական օրենքներից, միշտ լինում է նման իրավիճակ: Եթե պետությունն ապրեր իր բնականոն կյանքով, մեր նախագահը պետք է լիներ Վազգեն Սարգսյանը, բայց մեր հանրապետությունը շատ փոքրացել և ամփոփվել է Եռաբլուրի տիրույթում, մենք ապրում ենք հիմա և գնահատում ենք հանրապետությունից դուրս կատարվող իրադարձություններ: Եթե Սովետական Ադրբեջանի հիերարխիայում կայացած մարդը և ընդամենը բարևելու համար քվեներ ստացած մարդը ստանում են մոտավորապես 95 տոկոս ձայն, ես մտածում եմ, որ որակյալ 5 տոկոսը հավատում է Եռաբլուրի խորհրդին ու որոշելու է երկրի ճակատագիրը վաղ թե ուշ:
-Սովետական Հայաստանից եկողներս ի՞նչ անենք:
-Մենք բոլորս պիտի ապրենք որպես Հայաստանի քաղաքացի: Օգնենք, որ նախագահը բարեփոխումներ անի, Րաֆֆին չխեղի իր առողջությունը, ու թողություն խնդրենք մեր մեղքերի համար:
-Քաղաքական էլիտայի փոփոխության խնդի՞ր եք դնում:
-Այո, այդ ֆունկցիան դրված է Սերժ Սարգսյանի վրա, և թախանձագին խնդրում եմ լուսավոր մարդկանց կոմսոմոլ չդարձնել: Շատ լավ երիտասարդներ կային, որ չդարձան նոր իշխանության դեմք, այլ դարձան գործող իշխանության կոմսոմոլ: Ափսոս, որովհետև մեզ պետք է տեսակ, ոչ թե թութակ:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ