Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև բարձրաճաշակ արվեստ

«Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև  բարձրաճաշակ արվեստ
22.03.2013 | 00:41

Վերջին քաղաքական իրադարձությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «կես միլիոն իրական ձայների» մասին պատեհ և անպատեհ առիթներով բարձրաձայնող ԲՀԿ-ն այնպիսի ոչ նախանձելի իրադրության մեջ է հայտնվել, որ փորձում է ծայրահեղ ընդդիմության դիրքերից շահել ընտրազանգվածի սրտերը: Մինչդեռ 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում հնարավոր է նախընտրական քարոզարշավ իրականացնել և կես միլիոնից ավելի ձայներ ստանալ առանց տրակտորների և «բարեգործության»: Քաղաքական լուսանցքից դուրս մնացած ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ փորձում են ավելի ընդդիմադիր երևալ, քան այսօրվա ընդդիմությունն է: Եվ, սա այն դեպքում, երբ ոմանց քաղաքական կենսագրությունն աղաղակում է, որ իրենց տեսակով այս մարդիկ չեն եղել և չեն էլ կարող լինել ընդդիմադիր` իշխանական կերակրատաշտին (ԲՀԿ-ի դեպքում այս եզրույթը տեղին է) հնարավորինս մոտ գտնվելու մոլուցքը վեր դասելով գաղափարների և գաղափարախոսության դավանումից: Երեսուն տարին տակավին վերջերս բոլորած ԲՀԿ մի շարք պատգամավորներ արդեն իսկ հասցրել են մեկը մյուսի հետ ոչ մի օրգանական և բովանդակային կապ չունեցող կուսակցություններ փոխել` ակներև դարձնելով ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը: Բնականաբար, այս երևույթը միայն ԲՀԿ-ին չէ բնորոշ, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցությունում հայտնված երիտկարիերիստները շատ ավելի զգայուն և դյուրագրգիռ են դարձել` հասկանալով այն պարզ իրողությունը, որ ԲՀԿ-ին մոտ չթողեցին կոալիցիային, ուստի և իրենք հնարավորություն չեն ունենալու մոտ ապագայում օգտվելու իշխանության բարիքներից:
Այդ պատճառով էլ պետք չէ զարմանալ. տրակտորներով և քաղաքական բարեգործությամբ ձեռք բերված հաջողությունը հօդս է ցնդում` վտանգ ստեղծելով վերջնականապես դիմակազերծվելու հասարակության աչքերում: Արտագաղթի պատճառներից խոսում են մի կուսակցության ներկայացուցիչներ, որի ղեկավարի կենսագործունեությունն ու թիկնազորի քանակը մարդկանց հասցնում են հուսալքության և նպաստում արտագաղթին: Սա ևս տեսակի խնդիր է, սա ևս քաղաքական անոմալիայի դրսևորում է: Պարզվում է, որ, չհանդիսանալով «Մանթաշովի թոռը», կարելի է հեքիաթային հարստություն դիզել, այնուհետև, «բարեգործության» և տրակտորների օգնությամբ քաղաքական վարձկանների խումբ տեղավորել ԱԺ-ում, 5 տարի կառավարության մաս կազմել, իսկ հետո քննադատել նույն կառավարության գործունեությունը` փորձելով ձեռք բերել էժանագին վարկանիշ: Ով ով, բայց ԲՀԿ-ականները չպետք է խոսեն տնտեսության մասին, քանզի տնտեսական զարգացման թիվ մեկ խոչընդոտը առկա մենաշնորհներն են և օլիգարխիան, որի ամենավառ ներկայացուցչի անձնական բիզնեսներից մեկը «Բարգավաճ Հայաստան» անվանումը կրող կուսակցությունն է: Ինչպե՞ս կարելի է շուտասելուկի պես կրկնել այն թեզը, թե «ԲՀԿ-ն միշտ ժողովրդի կողքին է», ո՞վ է հավատում նման հայտարարություններին, Հայաստանի բնակչությունն այդ աստիճանի միամի՞տ է, որ չտեսնի խոսքի և գործի տարբերությունը և հավատա «շաբլոնային» արտահայտություններին, կա՞ն Հայաստանում կուսակցություններ, որոնք ասում են, թե ժողովրդի կողքին չեն: Դժբախտաբար, ԲՀԿ-ի կոլեկտիվ մտածելակերպը զուրկ է այս պարզ իրողությունների ընկալման կարողությունից և, քաղաքականությունը շփոթելով ամբոխավարության հետ, փորձում է միավորներ հավաքել և վարկանիշ բարձրացնել կառավարությանն ու նրա ղեկավարին փնովելով և անխնա քննադատելով:
Պետք է նշել, որ կառավարությունը սուրբ չէ և պատասխանատու է բազմաթիվ արատավոր երևույթների համար, սակայն այդ երևույթների մի զգալի հատվածն էլ կապված է ԲՀԿ շարքերում ընդգրկված տեսակի հետ: Այս տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել առ այն, որ Հայաստանի զարգացման առանցքային խոչընդոտներից մեկը օլիգարխիայի ներկայությունն է պետական և քաղաքական համակարգերում: Իսկ ո՞րն է թիվ մեկ օլիգարխի կուսակցությունը, ի՞նչ նպատակով է ստեղծվել ԲՀԿ-ն և, բացի ամբոխավարական ճառերից, ի՞նչ նպատակային և ծրագրային խնդիրներ ունի դրված իր առջև: Հարցը մի փոքր հռետորական է, սակայն խիստ բովանդակային է, և ժամանակն է, որ իրերն անվանվեն իրենց անուններով: Ի դեպ, հասարակության իրավագիտակցության ակնհայտ բարձրացումն ուղեկցվում է նաև սոցիալական բևեռվածության դեմ ուղղված անհանդուրժողականության աճի տեմպերով: Հենց այդ է պատճառը, որ մոտ ապագայում ականատեսն ենք լինելու ԲՀԿ «կեղծ բարեպաշտության» փուչիկի պայթյունին, որովհետև հանրային քննարկման առարկա է դառնալու այն հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ոմանք Հայաստանում հեքիաթային հարստություն են դիզել, ինչպիսի՞ ճանապարհով է դա տեղի ունեցել, և ինչպիսի՞ «ինդուլգենցիաներ են» դրա համար դուրս գրվել: Վերջին ընտրությունները նաև ցույց տվեցին, որ ընտրազանգվածն այլևս առանձնակի ուշադրություն չի դարձնում ընտրակաշառքին և «քաղաքական բարեգործությանը»` ցանկանալով կյանքի որակի փոփոխություն և կենսամակարդակի շոշափելի բարձրացում: Այս հարցը պետք է ԲՀԿ-ին մտորելու տեղիք տա, քանզի առաջիկա ընտրություններին տրակտորներն ու ակնոցները կարող են չունենալ 2012-ի արդյունավետությունը:
Թերևս, սա է գլխավոր պատճառը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան ՈՒրիխանյանը կոշտ քննադատության թիրախ են ընտրել կառավարության ղեկավարին: Սա, ընդամենը, կենդանության նշաններ ցույց տալու փորձ է, «ներկա ստանալու» գործելաոճ: Պետք է նշել նաև, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այն աստիճանի են «թևավորվել», որ հրապարակային քննադատության առարկա են դարձրել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի ռոք-ակումբներ հաճախելու փաստը: Իհարկե, զարմանալի կլիներ ռոք-ակումբներում կամ դասական համերգներում տեսնել ԲՀԿ վերնախավին, սակայն լավ կլիներ, որ ԲՀԿ-ում գիտակցեին` «քյաբաբնոցներից», բրազիլական կառնավալների, ռուսաստանյան ցածրաճաշակ էստրադայի և «փթիրի» մշակութային այլ դրսևորումներից զատ, գոյություն ունի նաև բարձրաճաշակ արվեստ, որին ձգտելը միայն օգտակար է: Ինչպես ասում են` ինչպիսի մշակույթ սպառում ես, այնպիսին էլ դառնում ես: Իսկ, թե ինչպիսի՛ մշակույթ են սպառում ԲՀԿ-ական վերնախավի ներկայացուցիչները, դա արդեն քննարկման այլ խնդիր է, միգուցե նաև ենթամշակութային ուսումնասիրության այնպիսի թեմաներ, ինչպես, օրինակ, էմոների կամ գոթերի խնդիրը:
Ինչևէ, առաջիկայում կայանալիք Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն փորձելու է հանդես գալ «ժողովրդի հետ, ժողովրդի համար» դիրքերից` հերթական անգամ ընտրազանգվածին մոլորեցնելու փորձեր կատարելը համադրելով նաև կառավարությանն անխնա քննադատելու մարտավարական գործելաոճով: Սակայն Երևանը գյուղական համայնք չէ, այստեղ դժվար կլինի ընտրազանգվածին սիրաշահել տրակտորներով, էժանագին ակնոցներով և տարատեսակ այլ «նվերներով», այս քաղաքում պետք է այլ մարտավարություն կիրառել, որի մասին ԲՀԿ-ում պատկերացում անգամ չունեն: Բավարար է միայն մեկ հանգամանք. ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համարը, այսինքն` քաղաքապետի թեկնածուն, Վարդան Օսկանյանն է, որի փողերի լվացման քրեական պատմությունը դեռևս ավարտված չէ, և նա տեղական ինքնակառավարման զրո փորձ ունի: Օսկանյանը քաղաքական գործիչ է, ամբիոններից ճառասացության չեմպիոն, բայց նրան դժվար է պատկերացնել մայրաքաղաքի կառավարչի դերում, որի պայմաններում ամբիոններն ու ճառերը ոչինչ են, տեսանելի աշխատանքը` պարտադիր պայման:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ