ReAnimania 2019
 

Աշխատատեղեր` գազ սպառողների հաշվին

Աշխատատեղեր`  գազ սպառողների հաշվին
22.03.2013 | 12:30

2005 թ. նոյեմբերի 1-ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց գազասպասարկման ներտնային աշխատանքների կատարման մենաշնորհը հանձնել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ «ՀայՌուսգազարդը», օգտվելով իր մենաշնորհային վիճակից, այդ ծառայությունը հանձնեց «Էյ-Ի-Ջի» սերվիս ՍՊ ընկերությանը, որը հանրապետությունում բացեց 17 մասնաճյուղ` 49 տեղամասերով, բազմաթիվ աշխատողներով և բարձր աշխատավարձերով, չնայած այն բանին, որ հանրապետությունում կային անհրաժեշտ թվով գազի գրասենյակներ, որոնք առանձնապես ծանրաբեռնված չէին, և ներքոհիշյալ սակագները կլինեին մի քանի անգամ ցածր։ Այնուհետև հաստատվեցին այդ ծառայության սակագները.
1 սարքավորման համար տարեկան 2400 դրամ
2 սարքավորման համար տարեկան 5700 դրամ
3 սարքավորման համար տարեկան 6900 դրամ
Այս սակագների նախնական հաշվարկները կատարվել են ոչ թե մատուցված ծառայությունները հաշվի առնելու, այլ այդ ձեռնարկություններում աշխատողների քանակն ու աշխատավարձերը, քանի որ ոչ մի սարքավորման փաստաթղթում չի նշված` քանի ժամ օգտագործելուց հետո հարկավոր է նորոգել կամ կարգավորել։ Ինչ վերաբերում է օդանցքի մաքրմանը, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բնական գազը այրվելուց ո՛չ ծուխ է անում, ո՛չ մուր։
Սպասարկման գանձումների պատճառով տուժեցին հիմնականում կարիքավոր ընտանիքները, որոնք տարվա ընթացքում եթե օգտագործում էին 700-1000 դրամի գազ, ապա սպասարկման համար վճարում էին 15-60 տոկոս, կախված սարքավորումների քանակից, այսինքն, գազն արդեն 1996 թ. նրանց համար թանկացել էր։
Եթե ներկայումս որևէ մեկը ցանկանում է իր բնակարանը գազիֆիկացնել, ապա մինչև սպասարկման գումարը չի փոխանցում, գազիֆիկացման աշխատանքները չեն սկսում։ Մի՞թե սա ռեկետ չէ։ Եթե նախկինում այս սպասարկման աշխատողները մտնելով գազսպառողների տները կամ բնակարանները սկզբից օճառի փրփուրի, այնուհետև ինչ-որ հատուկ սարքավորման միջոցով ստուգում էին գազի արտահոսքը, ապա ներկայումս դրա կարիքը չկա, քանի որ գազսպառողների տներում տեղադրվել են չինական արտադրության հարմարանքներ, որոնք գազի արտահոսքի և գազի ոչ նորմալ այրման դեպքում ավտոմատ կերպով անջատում են գազի մատակարարումը գազսպառողին։ Փաստորեն, այդ սպասարկման աշխատողին մնում է միայն ստուգել անօրինական միացումները։ Եթե ներկայումս ցանկացած բնակավայրում հարցում կատարեք, թե յոթ տարում ինչ սպասարկման աշխատանքներ են կատարել ձեզ մոտ, կպարզվի, որ շատ չնչին քանակությամբ աշխատանքներ են կատարվել ոչ թե ամեն տարի, այլ յոթ տարվա ընթացքում, քանի որ դրա կարիքը չկա։
Այս տարի նախատեսվում է գազի գների բարձրացում, բայց աշխատավարձերը և թոշակները չեն բարձրացվում, իսկ գազի թանկացման հետևանքով կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները` բնակչության մոտ 40 տոկոս անվճարունակության պայմաններում։ Առաջարկում եմ սպասարկման աշխատանքները բաժանել երկու մասի` անվտանգության, դրա արժեքը գումարելով գազի ծախսին, իսկ սպասարկումը դարձնել վճարովի միայն գազսպառողի մոտ համապատասխան աշխատանք կատարելու դեպքում, որի ժամանակ շահագրգռված կլինեն ինչպես աշխատանք կատարողները, այնպես էլ աշխատանքի դիմաց վճարողները։ Այդ ժամանակ կպարզվի, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչքան է ճիշտ գնահատել այդ ծառայությունները և կարող է այնուհետև պահպանել այդքան նորաստեղծ աշխատակիցների աշխատավարձերը, եթե ոչ, այդ հանձնաժողովը վերադարձնի գազսպառողների յոթ տարվա կողոպուտը։ Ի վերջո, մեր անկախ երկրում որևէ մեկն իր արածի ու չարածի համար պատասխանատվություն պետք է կրի՞, թե՞ ոչ։


Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao