Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ սպորտը զարգացնելու համար պետք է ուշադրություն դարձվի դպրոցական և ուսանողական սպորտին

Մեծ սպորտը զարգացնելու համար պետք է ուշադրություն դարձվի  դպրոցական և ուսանողական սպորտին
26.03.2013 | 12:57

«Ֆիզկուլտուրա» առարկան պետք է ուշադրության կենտրոնում լինի, քանի որ այն մեծ դեր ունի աշակերտների առողջության, ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի ձևավորման հարցերում։ Կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ, ֆիզկուլտուրայի և անվտանգ կենսագործունեության բաժնի վարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշում է, որ, ինչպես մյուս առարկաները, ֆիզկուլտուրան նույնպես մշտական զարգացման փուլում է։

Մասնավորապես, 2010 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դրվածքի ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագետները։ ՈՒսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են որոշ թերություններ, որոնք հիմնականում կապված են դպրոցների ունեցած նյութատեխնիկական բազայի (մարզադահլիճ, մարզահրապարակ, մարզագույք), ինչպես նաև առարկայի ուսումնական գործընթացի կազմակերպման հետ։
«ՈՒսումնական նյութատեխնիկական բազայի հետ կապված խնդիրների լուծումն առնչվում է մեծ գումարների հետ, և միանգամից հնարավոր չէ այն իրականացնել, սակայն հարկ է նշել, որ վերանորոգվել և կառուցվել են շատ դպրոցների մարզադահլիճներ, մարզահրապարակներ, հանդերձարաններ, ձեռք է բերվել որոշակի քանակությամբ մարզագույք»,- նշում է Հովհաննես Գաբրիելյանը։
Նկատի ունենալով «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական գործընթացում բացահայտված թերությունները՝ դրանց վերացման, ինչպես նաև դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ։ Նախ լրամշակվել են հիմնական դպրոցի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը, որոնք համապատասխանեցվել են առարկայի ներկա պահանջներին՝ 2-4-րդ դասարաններում ներդրվել է «Շախմատ» առարկան, 8-11-րդ դասարաններում՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացը, 5-12-րդ դասարաններում մտցվել է «Ֆուտբոլ» մարզախաղը՝ որպես առանձին բաժին։
Մշակվել են ավագ դպրոցի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագիրը։ Պատրաստվել են տարրական դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասագրքերը։ Տպագրվել և հանրակրթական դպրոցներ են ներդրվել մեթոդական և ուսուցչի մի շարք ձեռնարկներ։ Ելնելով առարկայի ծրագրային փոփոխություններից, ինչպես նաև հաշվի առնելով ուսուցիչների առաջարկությունները՝ լրամշակվել են «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ավարտական 9-րդ և 12-րդ դասարանների քննական ուսումնական նորմատիվները։
Այս ուսումնական տարում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների համար նախատեսված է մշակել նաև երկու մեթոդական ձեռնարկ՝ «Ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը 5-9-րդ դասարաններում», «Հատուկ բժշկական խմբերում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման կազմակերպումը»:
Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ յուրաքանչյուր ծրագրի մշակումից հետո իրականացվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինար պարապմունքներ, խորհրդակցություններ, որտեղ ուսուցիչներին տրվում են պարզաբանումներ ծրագրային նյութերի վերաբերյալ, ինչպես նաև դասերի պլանավորման և անցկացման, ֆիզիկական ծանրաբեռնվածության կարգավորման, ուսուցման մեթոդների և նրանց հուզող այլ հարցերի վերաբերյալ։ Միայն 2012-2013 թթ. ուսումնական տարվա համար կազմակերպված օգոստոսյան սեմինար-խորհրդակցություններին, որոնք անցկացվել են ՀՀ բոլոր մարզերում, մասնակցել է ֆիզիկական կուլտուրայի 297 ուսուցիչ։
Հ. Գաբրիելյանը նկատում է նաև, որ հանրակրթական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների շարունակական կրթությունն ունի պետական մոտեցում. «Ամեն տարի, սկսած 2011 թվականից, անցկացվում են ուսուցիչների որակավորման 80-ժամյա դասընթացներ (նախաատեստացիոն վերապատրաստումներ), որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների գործնական կարողությունների և մանկավարժական հմտությունների կատարելագործմանը։ 2011-2012 ուսումնական տարում վերապատրաստվել են 600 ուսուցիչներ»։ Նա նաև ավելացրեց, որ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի վերոհիշյալ ծրագրերը, մեթոդական ձեռնարկները, դասագրքերը, ուսումնական պաստառները, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մոդելներն ու ուսումնական նյութերը մշակվել են ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բարձր մասնագիտական ցենզ, փորձ և գիտական աստիճան ունեցող մասնագետների կողմից։
Հ. Գաբրիելյանը նշեց նաև, որ հայաստանյան սպորտի զարգացման հիմքը հենց դպրոցական և ուսանողական սպորտն է, մեզ մոտ փոքր տարիքից պետք է մշակվի ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մշակույթ, այն դարձվի հնարավորինս մասսայական, ինչը նաև առողջ հասարակություն ունենալու գրավականն է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ