Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դելֆինների և կետերի «խրախճանքը»

Դելֆինների և կետերի «խրախճանքը»
27.03.2013 | 15:01

Բրազիլիա։ Սանտա Մարիա քաղաք։ Kiss գիշերային ակումբ։ Հունվարի 27-ի գիշեր։ 250-ից ավելի զոհ։ Եվ սգո օրեր ֆուտբոլի և սուրճի, կառնավալների և Ամազոնի հայրենիքում։ Պատճառը մի քանի ստահակների մոլուցքն էր` գումարներ վաստակել ցանկացած գնով։ Այս պարագայում` հրավառության կազմակերպմամբ։ Բրազիլիան սգում էր, ցավը, սուգն ամոքել անկարող է անգամ ժամանակը։ Քանզի սա խոր ու արյունոտ խարան է բրազիլական իշխանությունների և որոշ գործամոլների ճակատին։ Սակայն դժվար է սպասել, թե մեր վերին օթյակներում գլխի կընկնեն և կսանձահարեն որոշ բարոյական մուտանտների կրքերը։ Դժվար է սպասել, զի հայրենի կառավարությունն առայժմ կանաչ լույս է վառել ոմանց վայրենի կրքերի առջև։ Այս մասին եղել են հրապարակումներ մեր թերթում։ Սկիզբ է առել լրագրողական ուշագրավ մի հետաքննություն, մենք փորձում ենք գլխի գցել գերարժանապատիվ մեր կառավարությանը, որ մենք, ՀՀ նորանկախ քաղաքացիներս, տոկունությամբ, իհարկե, գերազանցում ենք դելֆիններին և կետերին (ոմանք մեզնից շատ ավելի կայուն աշխարհայացք ունեն, քան, զորօրինակ, ավստրալիական կենգուրուները։ Կենգուրուն, ինչպես հայտնի է, ծայրահեղ վտանգի դեպքում սեփական ձագին նետում է գիշատչի բերանը, իսկ ինքը ճողոպրում է անվտանգ վայրեր), բայց և այնպես այն էլ կարող է սպառվել, ու մենք կարող ենք, այ քեզ անելանելի իրավիճակ, մենք` ոչինչ էլ չենք կարող։ Ստորջրյա ստոր պայթյուններից և սուզանավերի շարժիչների շորշոփահարող ղալմաղալից դելֆիններն ու կետերը կորցնում են հյուսիսն ու հարավը և հավատն ապագայի հանդեպ։ Մնացածը տեխնիկայի հարց է, նրանք ափ են նետվում, հետ չվերադառնալու վճռականությամբ, այսինքն` ինքնասպանության են դիմում։ Մենք, կարծես թե, ավելի բարվոք վիճակում ենք, կարող ենք դիմել Կառավարական տուն և պահանջել, հորդորել կամ էլ աղաչել, որ վերջ տրվի հրթիռակոծություններին, զի դրանք ոչ միայն վտանգավոր են առողջության համար, այլև անբարո են, որոշ տկարամիտներ զվարճանում են, մենք մեր հերթին ծայրահեղ զվարթանում ենք, այսինքն` կորցնում ենք քուն ու դադար, մոռանում ենք անելիքը, խոհանոցը շփոթում ենք ննջարանի, ննջարանն էլ` նկուղի հետ։ Ինչ կարող ենք անել, ափ նետվել չենք կարող, ինքնասպանության դիմելն էլ աններելի վրիպում կլինի. նախ քրիստոնեավայել չէ, և երկրորդ` պայքարը դեռ իր տրամաբանական վախճանին չի հասել։

***

Երբ սույն խնդրի շուրջ մտավորականներս դիմեցինք երկրի նախագահին, էապես նվազեց հրավառությունների քանակը։ Սակայն որոշ պանդոկ-սուզանավեր դեռևս շարունակում են իրենց հրթիռակոծությունը։ Ի մասնավորի` «Շանթ» ռեստորանը։ Հավանաբար անունն է նրանց պարտավորեցնում շանթահարել հասարակական բարոյականը։ Մի խոսքով այս ամենի մասին հիմնավոր հետաքննությունները կշարունակենք նոր կառավարության ձևավորումից հետո։ Ներկա կառավարությունը և նրա գործն իրականացնող մարմինը` ՀՀ ԱԻ նախարարությունը, 2011-ից սկսած ոչ մի կերպ չեն կողմնորոշվում ինչպես անել, որ վերջնավարտին հասնի անասնակերպի զվարճանքը, այսինքն` ափ չնետվեն ու ինքնասպանության չդիմեն կետերն ու դելֆինները, այսինքն` դադարի հանրային հուժկու դիվադադարը։ Տարաբախտ կառավարությունն ինչ անի, որ և՛ անասնակերպը զվարճանա, և՛ հանրային անդորրը չխաթարվի։ Նախ ԱԻՆ-ի ղեկավարությամբ ստեղծում է աշխատանքային խումբ, գործը գլուխ չի գալիս։ Հետո կառավարությունը, ձանձրացած ԱԻՆ-ի անգործությունից, ստեղծում է հույժ նշանակալից մի կառույց` ՀՀ կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտե։ Ավա՜ղ, սա ևս փուչիկ է, գույնզգույն ու փքուն, զի սայլը տեղից բնավ չի շարժվում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Ի դեպ, ուշագրավ են զարգացումները, այսօր արդեն յուրաքանչյուր «խուժան բուդկա» պատիվ ու պարտավորություն է համարում հրավառական նյութեր վաճառելը, ահա այսպիսի հայեցի գովազդով` «հրավառություններ և սալյուտներ»։

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ