Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը
29.03.2013 | 12:40

Դեռևս 1992 թվականին տպագրված իմ մի հոդվածում գրել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը կախված է հայ ժողովրդից: Այդ խոսքերն ասել եմ այն ժամանակ, երբ համաշխարհային քաղաքական մտքում շրջանառվում էր ամերիկյան դիվանագետ Պոլ Գոբլի ղարաբաղյան հարցի լուծման տեսակետը, այն է` Մեղրու շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ:

Այն ծանր ու դժվարին տարիներին խեղճ ու կրակ հայ քաղաքական միտքը (եթե, իհարկե, այն կար) ծառայում էր երկրի քաղաքական ղեկավարության թալանչիական քաղաքականության սրբազան գործին: Չափազանց բարդ ու հակասական մի շրջան էր դա: Երկրում տիրում էին ցուրտն ու խավարը, ժողովուրդը լռելյայն հետևում էր իր հզոր ու հարուստ երկրի թալանին, մյուս կողմից` այդ նույն ժողովրդի անմոռաց նվիրված զավակների արյամբ ազատագրվում էր Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչով հիմք դրվեց հետագա մեկ-երկու տարում պատմական Հայաստանի մի մասի վերջնական ազատագրմանը: Միայն պետության, ազգի ապագայի բախտով նվիրյալ մեծերը կարող էին պատկերացնել, թե ինչպիսին կլինի անկախ, ազատ և միացյալ Հայաստանի վաղվա օրը: Բայց, ցավոք, այդ ժամանակվա տիրող քաղաքական վերնախավում մեկն ասում էր, թե նախնական կապիտալի կուտակման ժամանակն է, մյուսը երազում էր ընդամենը 100-հազարանոց Հայաստանի մասին, իսկ երկրի առաջին դեմքը Ղարաբաղի (գուցե նաև Հայաստանի) փրկությունը տեսնում էր Ադրբեջանի կազմում` ինչ-որ արտոնյալ կարգավիճակում: Պատմության մեջ շատ չեն նման դեպքերը, երբ զինվորի արյամբ ձեռք բերված հաղթանակի դիվանագիտական ամրապնդման համար երկրի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ քայլեր չի կատարում: Իսկ այդ կոնկրետ քայլերից ամենակարևորը և առաջնայինն էր Հայաստան բռնագաղթած հայ փախստականների հոսքն ամենայն ջերմությամբ և հոգատարությամբ ուղղել դեպի Ղարաբաղ, դեպի ազատագրված տարածքներ: Բայց մի՞թե նյութապես ապահով լենուբոլ երկրում (ԽՍՀՄ-ում) իրենց օրը միայն պոնչիկով ու պորտվեյնով անցկացրած և ակամայից քաղաքական, պետական գործիչ դարձածները կարող էին, թալանելուց բացի, ազգային, պետական այլ վեհ նպատակներ ունենալ: Հազիվ թե: Ցավոք, առաջին իշխանավորներից հետո եկածներն էլ ոչ միայն հետ չմնացին իրենց նախորդներից, այլև գերազանցեցին: Խոսք չկա` ուսյալ աշակերտներ էին: Երկրի առաջին կառավարողները շատ կուլտուրական ձևով հասկանալ տվեցին բռնագաղթվածներին, որ դուք ապագա չունեք այս երկրում, ուրիշ տեղ հայրենիք փնտրեք: Եվ կարճ ժամանակում այդ հսկայական զանգվածը լքեց հայրենիքը, իսկ որոշ ժամանակ անց հերթը հասավ բուն հայաստանցուն: Երկրի կառավարողն իր օլիգարխների միջոցով ոչ միայն թալանում էր երկիրը, այլև իր վարքագծով ժողովրդի ուղեղին շարունակ կաթեցնում էր երկրի աղքատ լինելու մասին: Զարմանալի բան է, ժողովրդին ասում են` գնա, որովհետև այս աղքատ երկրում դու ապագա չունես, իսկ մյուս կողմից` երկրում ծնվում էին ամեն կարգի մականունով միլիարդատերեր (իհարկե` ոչ դրամով): Բնական է, եթե կան մականունավոր միլիարդատերեր, ապա ինչո՞ւ չպիտի լինեն միլիարդատեր նախագահ, նախարար օլիգարխներ:
Մինսկի խումբը քսան տարի պահպանում է ստատուս քվոն: Ես չեմ կարող ասել, դա գիտակցաբար, թե անգիտակցաբար է արվում, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ քսան տարի ժամանակը գործել է ի նպաստ հայ ժողովրդի: Եթե քսան տարում մենք բնակեցնեինք ազատագրված տարածքները, ապա այսօր Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծված կլիներ: Ճիշտ է, այսօր ազատագրված տարածքներում մարդիկ ապրում են, բայց պետք է ասել, որ դա բավարար չէ: Ազատագրված տարածքները լրիվ բավարար են երկրի պարենային հարցը լուծելու և դրսից անորակ մսամթերք չբերելու համար: Ազատագրված տարածքներից մի պաշտոնյայի հետ ունեցած զրույցից ինձ պարզ դարձավ, որ կոռուպցիան, շահագրգիռ որոշ իշխողների մոնոպոլ դիրքը թույլ չեն տալիս այդ շրջաններում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացում: Օրինակ, որքա՞ն է տրամաբանական, որ Քարվաճառում տեղադրված զորամասի զինվորների համար կաթնամթերքը, միսը մատակարարվի Տաշիրից: Էստեղ Համլետը կասեր` ինչ-որ բան փտած է էս երկրում:
Ներկա հայ քաղաքական միտքը վարում է ոչ ինտենսիվ արտաքին քաղաքականություն: Վերցնենք կոնկրետ մեկ հարց. Նախիջևանն Ադրբեջանի տարածք չէ, այլ պրոտեկտորատ նրա հովանու ներքո, որի երաշխավորներն են ոչ միայն Ռուսաստանն ու Թուրքիան, այլև Կարսի պայմանագիրը ստորագրած մյուս երեք երկրները: Ես չեմ կարող հիշել միջազգային իրավունքում որևէ դեպք, որ պրոտեկտորատը շրջափակի իր երաշխավորներից մեկի սահմանը, մանավանդ որ այդ պրոտեկտորատի նկատմամբ երաշխավորը ագրեսիվ տրամադրված չէ: Մենք մեր ռազմավարական դաշնակցին ինչո՞ւ չենք ստիպում Նախիջևանի նկատմամբ նույնպիսի քաղաքականություն վարել, ինչպես Թուրքիան: Վերջապես, ինչո՞ւ չենք հարցնում` զորքն ինչու հանեցիր այդ տարածքից: Կարսի պայմանագրով խորհրդային զորքը գտնվում էր Նախիջևանում, ՌԴ-ն էլ Սովետի իրավահաջորդն էր: Ասվածը հաստատում է, որ ռուս հարբեցող կառավարողը տվյալ պահին գործում էր ոչ թե իր երկրի վաղվա շահի համար, այլ օրվա հարբածի հոգեբանությամբ, որից հիանալի էր օգտվում Բորիս Աբրամովիչը: Դեռևս տարիներ առաջ գրել եմ, որ ԱՊՀ-ն (հիմա` Եվրասիական միությունը) չի կարող լինել ԽՍՀՄ-ի այլ տեսակը: ԽՍՀՄ-ում կար կոմկուս, որն ապահովում էր իր անդամների հավասարության սկզբունքը, անկախ ազգային պատկանելությունից։ Կոմկուսը նույնիսկ ճնշում էր ռուսական նացիոնալիզմի զարգացումը: Այսօր նայեք ռուսական ցանկացած հեռուստաալիք և կտեսնեք, թե ինչպես են քարոզում և զարգացնում ռուսական նացիոնալիզմը: Եվրասիական միությունը ԽՍՀՄ չի լինելու և ոչ էլ Վարշավայի պայմանագրի երկրների միության պես մի բան:
Նախիջևանի ազատագրումը մենք բաց ենք թողել 1992-ին, որը դարձյալ էն ժամանակվա երկրի ղեկավարների մեղքն է: Ասում են, 1992-ին Նախիջանում համարյա մարդ չէր մնացել: Այլ էր հոգեբանությունը, իսկ այժմ` այլ: Ներկա քաղաքականապես, տնտեսապես բզկտվող Հայաստանը չի կարող գնալ պատերազմի, եթե այն մեզ չպարտադրվի: Իսկ պարտադրանքի դեպքում նորից կդրսևորվի ժողովրդի միասնության ոգին: Հզորանալու համար պետք չէ անպայման պատերազմել: Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից երկիրը չհարստացավ: Հզորանալու համար պետք է ոչնչացվի երկիր կառավարողի օլիգարխիկ հոգեբանությունը: Պարզ մի օրինակ: Ասում են, անցած տարի տեսախցիկների շնորհիվ կազմվել է 500 հազար արձանագրություն: Եթե միջին տուգանքը հաշվենք 10000 դրամ (մինչդեռ այն ավելի շատ է), ապա կստացվի 500000x10000=5000000000, որի միայն 20%-ն է գնում պետական բյուջե: Այ թե որտեղ է թաքնված շան գլուխը: Իսկական խրախճանք ժանտախտի պահին: Այդ հինգ միլիարդ դրամով, հավանաբար, կարելի էր Գյումրու փողոցներն ասֆալտապատել և ոչ թե արտասահմանյան շրջագայությունների ժամանակ (նկատի ունեմ օլիգարխներին) օրը 37 հազար եվրոյով հյուրանոցի համար վարձել: Նախիջևանը գրավելուց առաջ, մենք, առաջին հերթին իշխանավորը, պետք է սկզբում գրավենք մեր հոգին ազնիվ հայրենասիրությամբ, այլապես մնացած բոլոր դատողություններն ու ցանկությունները զառանցանքի ոլորտից են:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ